Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ, 17-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ, 17-ՐԴ, 331-ՐԴ, 332-ՐԴ, 335-ՐԴ, 337-ՐԴ, 345-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

    դատարանի որոշում                       Քաղաքացիական գործ

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1765/02/17   թիվ ԵԿԴ/1765/02/17

    Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան        2020 թ.

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԼՈՒՍԱԿՈՒՆՔ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կազմակերպության` վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 11.164.605 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 27.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ, 347-րդ, 409-րդ, 417-րդ և 1058-րդ հոդվածները, 1998 թվականի հունիսի 17-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շեղում թույլ տրված լինելու փաստը Դատարանն արձանագրել է հաշվարկային սարքի խափանման փաստը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց ներկայացված չլինելու պայմաններում: Ինչ վերաբերում է ի հաստատումն այդ փաստի ներկայացված միակողմանի տեղեկանքներին և այլ ակտերին, ապա դրանք չեն ներկայացվել Կազմակերպությանը և չեն հաստատվել վերջինիս կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով «առանցքային դերակատարություն ունեցող» «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին որևէ դատավարական կարգավիճակ չի տրվել, մինչդեռ նախկինում մատակարարված էլեկտրական էներգիայի մասով հենց նույն կենտրոնն է համապատասխան հաշվարկներ ներկայացրել, իսկ այժմ անհասկանալի հիմքով դրանք փոփոխում է` հիմքում չդնելով որևէ մասնագիտական եզրակացություն կամ ուսումնասիրություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ենթադրյալ շեղումն առաջանալու ժամանակահատվածի սկզբի վերաբերյալ Ընկերության կողմից ապացույց ներկայացված չլինելու պայմաններում Դատարանը հաստատված է համարել, որ այն առաջացել է 2013 թվականից, մինչդեռ կայանները գործել են 2006 թվականից: Այսինքն` հայցվոր կողմը չի ներկայացրել ապացույցներ առ այն, թե որ պահից կարող էր ենթադրյալ շեղումն առաջանալ, մինչդեռ դատարանը շեղումը հաստատված է համարել 2013 թվականից:

Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության վերաբերյալ իրավական նորմերի պահանջները խախտելու արդյունքում սխալ է որոշել Ընկերության` ենթադրյալ խախտված իրավունքի մասին տեղեկանալու «փաստը»:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ընկերության և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից 21.06.2016 թվականին կազմված ակտով արձանագրվել է, որ գրանցված էլեկտրաէներգիայի քանակի և փաստացի արտադրվածի միջև առկա է 16,5 տոկոսի շեղում: Կազմված ակտի համաձայն` Կազմակերպությանը պատկանող «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի առևտրային հաշվիչի սնուցումն իրականացվել է 6 կՎ լարման տրանսֆորմատորից` 10 կՎ լարման տրանսֆորմատորի փոխարեն: Այլ կերպ ասած` 01.01.2011 թվականից մինչև 01.07.2016 թվականն ընկած ժամանակահատվածում Կազմակերպության «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի ուժային տրանսֆորմատորի 10 կՎ լարման կողմում տեղակայված առևտրային հաշվիչի լարման շղթաները սնվել են 6 կՎ լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներից, որի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի հաշվառման խախտում, և Ընկերությանն առաքված էլեկտրաէներգիայի քանակը գրանցվել է իրականից ավելի: ՈՒստի, նշված ժամանակահատվածի համար ամսական ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտերը ենթակա են փոփոխման:

Սույն քաղաքացիական գործում առկա ապացույցներով միանշանակ հիմնավորվում է Ընկերության կողմից 11.164.605 ՀՀ դրամի չափով կրած վնասի, Կազմակերպության կողմից ոչ իրավաչափ վարքագծի և դրանց միջև պատճառահետևանքային կապի ու դրանում Կազմակերպության մեղքի առկայությունը:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից սույն գործով հայցային վաղեմություն չկիրառելու հարցին, ապա Ընկերությունն իր խախտված իրավունքների մասին իմացել է 21.06.2016 թվականին, երբ Ընկերության և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ստեղծված աշխատանքային խումբն արձանագրել է, որ գրանցված և փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակների միջև առկա է 16,5 տոկոս շեղում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կազմակերպության («Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ) (այսուհետ` նաև Վաճառող) և Ընկերության (այսուհետ` նաև Գնորդ) միջև 02.02.2011 թվականին կնքվել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի թիվ ENA-11-01 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի 2.1 կետի համաձայն` Վաճառողը վաճառում, իսկ Գնորդն ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` նույն պայմանագրով սահմանված կարգով:

Պայմանագրի 4.3 կետի «բ» ենթակետի համաձայն` Գնորդը պարտավորվում է վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար` նույն պայմանագրով սահմանված կարգով:

Պայմանագրի 5.3 կետի համաձայն` հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-ը:

Պայմանագրի 6.1 կետի համաձայն` վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը ստորագրելուց հետո մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում գնորդին:

Պայմանագրի 6.2 կետի համաձայն` Գնորդը հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը` հատուկ հաշվից:

Պայմանագրի 9.2 կետի համաձայն` եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարում, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

2) 21.06.2016 թվականին Ընկերության, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի և «Էներգետիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ նաև այն մասին, որ Ընկերության կողմից «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի քանակի վերահսկման նպատակով, սահմանազատման կետում տեղադրված թիվ 02540044 հաշվիչի գրանցված էլեկտրաէներգիայի ծախսը կեսժամյա ինտերվալներով համեմատվել է ՓՀԷԿ-ում տեղադրված թիվ 05009445 առևտրային հաշվիչի գրանցված տվյալների հետ, որի արդյունքում արձանագրվել է 16,5% շեղում` գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է փաստացի արտադրածին: «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ի առևտրային և վերստուգիչ հաշվիչների անհամապատասխանության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ առևտրային հաշվիչը միացված է ՓՀԷԿ-ի 10կՎ կողմում տեղադրված 150/5 հոսանքի տրանսֆորմատորին, իսկ հաշվիչի լարման սնումն իրականացվում է ՓՀԷԿ-ի 6 կՎ լարման կողմում տեղադրված լարման տրանսֆորմատորից, ինչը համարվում է սխալ միացում և հակասում է ԵՄԿ տեխնիկական կանոնների պահանջներին: Նշված սխալանքը բերում է էլեկտրաէներգիայի քանակների շեղման` գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակը: ՓՀԷԿ-ում տեղակայված առևտրային հաշվառման սարքի կողմից գրանցված էլեկտրաէներգիայի քանակով հաշվարկված հզորությունը գերազանցում է ՓՀԷԿ-ում տեղակայված գեներատորների դրվածքային հզորությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության ընդունակությանը, ինչը պրակտիկորեն հնարավոր չէ: Արդյունքում արձանագրվել է, որ ՓՀԷԿ-ում առևտրային հաշվիչը գրանցում է միջինը շուրջ 16,5% ավել էլեկտրաէներգիա, և առաջարկվել է ուղղել «Այրք-2» ՓՀԷԿ-ի սարքի ուրվակն ու կատարել նախորդ ժամանակահատվածում առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել (հատոր 1-ին, գ.թ. 46).

3) 23.08.2016 թվականին Ընկերության և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ այն մասին, որ 01.01.2011 թվականից մինչև 01.06.2016 թվականը Կազմակերպության «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի ուժային տրանսֆորմատորի 10կՎ լարման կողմում տեղակայված առևտրային հաշվիչի լարման շղթաները սնվել են 6 կՎ լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներից, որի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի հաշվառման խախտում և Ընկերությանն առաքված էլեկտրաէներգիայի քանակը գրանցվել է իրականից ավելի: Կատարվել է էլեկտրաէներգիայի վերահաշվարկ` սկսած 01.01.2013 թվականից մինչև 01.06.2016 թվականը: Նշված ժամանակահատվածում իրական արժեքը գերազանցող էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 778.704 կվտ/ժ, որն անհրաժեշտ է պակասեցնել նույն թվականի օգոստոս ամսվա Ընկերության բաշխիչ ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակից: Նշված ժամանակահատվածի համար ամսական ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտերը ենթակա են փոփոխման: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել (հատոր 1-ին, գ.թ. 47).

4) «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված` առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկի արդյունքների հիման վրա Ընկերությունը կազմել է վերստուգիչ հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկի ակտ, որի համաձայն` Կազմակերպության կողմից 2013 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ավել հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 11.164.605 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 44-45).

5) Ընկերությունը 28.04.2017 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կազմակերպության` վերը նշված 11.164.605 ՀՀ դրամը` որպես վնասի հատուցում, բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 5-11, հատոր 2, գ.թ. 105-128, «www.haypost.am» կայքում առկա տեղեկատվություն).

6) Կազմակերպությունը գրավոր «առարկություն» է ներկայացրել Դատարան` միաժամանակ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն (հատոր 2, գ.թ. 95-98):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ, 347-րդ, 409-րդ և 1058-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու հարցին, ինչպես նաև պայմանագրային հարաբերություններից ծագող վնասի հատուցման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, որի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով հայցային վաղեմության վերաբերյալ վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով 04.06.2019 թվականի որոշմամբ նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, որի համաձայն` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին: Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած` շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում` անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է: Դատական պաշտպանության իրավունքն ունի իրացման որոշակի պայմաններ, որոնց չարաշահումը կարող է անբարենպաստ հետևանքներ առաջացնել այդ իրավունքից անբարեխիղճ օգտված անձի համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետում օրենսդրի կողմից կիրառված «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» արտահայտությունը չպետք է սխալմամբ մեկնաբանվի այնպես, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կարող է սկսվել հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորություն ունենալու օրվանից, ընդհակառակը` «պետք է իմացած լիներ» ձևակերպմամբ, ինչպես և «իմացել է» ձևակերպման պարագայում օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն` եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:

Նշված եզրահանգումը ՀՀ վճռաբեկ դատարանը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ հայց հարուցելով` շահագրգիռ անձը չի կարող պահանջել իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում, քանի որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությունը շահագրգիռ անձին իրավունք է վերապահել համապատասխան հայցով դիմելու դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` անձը կարող է պահանջել և դատարանն էլ իրականացնել անձի ոչ թե «վերացական», այլ կոնկրետ խախտված իրավունքի պաշտպանություն կամ այլ խոսքով` հայցով խախտված իրավունքի պաշտպանության համար հայցվորն առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը) և ինչում է կայանում իր իրավունքի խախտումը, որպեսզի պատասխանողից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ և պիտանի հայցապահանջը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարել ընդգծել, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի հոսքի հարցում իր իրավակարգավորումներով հատուկ նշանակություն է տվել հետևյալ հանգամանքներին. հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է կոնկրետ իրավունքի պաշտպանության համար անհրաժեշտ և պիտանի այն հայցով, որը հարուցվել է դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով հայց հարուցելու համար հայցվորին պետք է հայտնի լինեն այն նվազագույն տեղեկությունները, որոնք օրենքին համապատասխան պարտադիր կերպով պետք է նշվեն հայցադիմումում, իսկ դրամական պահանջի դեպքում այդ պարտադիր տեղեկություններն ընդգրկում են պահանջվող գումարի չափը և հաշվարկը: Այդ տեղեկություններին չտիրապետելու դեպքում հայցվորը չի կարող սահմանված կարգով հարուցել անհրաժեշտ և պիտանի հայցը` պահանջել կոնկրետ չափի գումարի բռնագանձում, հետևաբար գումարի չափին և հաշվարկին վերաբերող տեղեկություններին չտիրապետելը նշանակություն ունի նաև հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու հարցում: Եթե պատասխանողի կողմից իր պայմանագրային պարտավորությունը չկատարելու, մասնավորապես` միայն իր կողմից տիրապետվող անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով հայցվորը հնարավորություն չի ունեցել բացահայտել իր իրավունքի իրապես խախտված լինելու փաստը, արդյունքում նաև չի տիրապետել դրամական պահանջի գործով պահանջվող գումարի չափի և հաշվարկի վերաբերյալ տեղեկություններին, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ համապատասխան փաստերը հասանելի չեն դարձել շահագրգիռ անձին:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոգրյալ հետևությունն ամենևին չի նշանակում, որ հայցվորը դրամական պահանջով հայց ներկայացնելիս պետք է տիրապետի իր պահանջը հիմնավորող բոլոր տեղեկություններին, դրանք հաստատող բոլոր ապացույցներին: Հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների` պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը, այս հարցում կարևորելով նաև կողմերի վարքագծի բացահայտումը և գնահատումը, արձանագրել է, որ եթե հայցվորն իր իրավունքի խախտված լինելու մասին ունի որոշակի, սակայն դատարան պատշաճ հայց հարուցելու համար ոչ բավարար տեղեկություններ, ապա նա պարտավոր է ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները` պարզելու, թե իր իրավունքի խախտում իրականում տեղի ունեցել է, թե` ոչ: Եթե հայցվորն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, ապա սկսում է գործել «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» կանոնը: Իրավունքի խախտված լինելու մասին իմացած լինելու կանխավարկածը գործում է այն դեպքում, երբ իր իրավունքի խախտման մասին ենթադրություններ ունեցող հայցվորն օրենքին, այլ նորմատիվ իրավական ակտերին, պայմանագրին համապատասխան իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու ուղղությամբ չի ձեռնարկում իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները: Այդպիսի միջոցների բավարար կամ անբավարար լինելը, դրանք ողջամիտ ժամկետում հայցվորի կողմից ձեռնարկած լինելը յուրաքանչյուր գործով պետք է պարզեն և գնահատեն դատարանները, քանի որ այդ հանգամանքներից կախված միայն հնարավոր կլինի որոշել, թե երբվանից հայցվորը պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, այսինքն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը, համաձայն «www.haypost.am» կայքում առկա տեղեկատվության, հայցադիմումը «Հայփոստ» ՓԲԸ-ին է հանձնել 2017 թվականի ապրիլի 28-ին: Ընկերությունը հայցի հիմքում դրել է «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված` առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկի արդյունքների հիման վրա Ընկերության կողմից կազմված վերստուգիչ հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկի ակտը, որի համաձայն` Կազմակերպության կողմից 2013 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ավել հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 11.164.605 ՀՀ դրամ:

Պատասխանող Կազմակերպությունը գրավոր «առարկություն» է ներկայացրել Դատարան` միաժամանակ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն:

Դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու մասին Կազմակերպության դիմումին, նշել է, որ «խախտումների մասին ակտերը 21.06.2016 թվականի հրամանի հիմքով կազմվել են 2016 թվականի ընթացքում, և խախտումներն արձանագրվել են 2016 թվականին, ուստիև պատասխանողը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ հայցվորն ավելի վաղ գիտեր կամ պարտավոր էր իմանալ պատասխանող Կազմակերպության հսկողության և պահպանության ներքո գտնվող հաշվիչ սարքերի սխալանքի, և դրա հետևանքով փաստացի վաճառվածից ավել էլեկտրաէներգիա հաշվառելու մասին, որպիսի պայմաններում հայցային վաղեմության ժամկետի կիրառման միջնորդությունը դառնում է անհիմն»:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոք ներկայացրած անձի այն պնդմանը, որ Դատարանը սխալ է հաշվարկել ենթադրյալ խախտման մասին հայցվորի տեղեկանալու ժամանակը, նշել է, որ «բողոքում վկայակոչված նյութական և դատավարական նորմերի խախտման վերաբերյալ բողոքում բերվել են պնդումներ, որոնք չեն բովանդակում ինչպես հիմնավորում, այնպես էլ չեն ուղեկցվում որևէ ապացույցի մատնանշմամբ, որի հետազոտման և գնահատման կապակցությամբ Դատարանը, ըստ բողոք բերած անձի, խախտում է թույլ տվել, իսկ բողոքում բերված փաստարկները չեն ուղեկցվում գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներով, ուստի այդ հայտարարությունների հիմնավորվածության աստիճանը գնահատել հնարավոր չէ»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` իրավահարաբերության ծագման պահին գործող 03.05.2006 թվականի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգը հաստատելու մասին» թիվ 72-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 2.1-րդ կետի համաձայն` էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում (այսուհետ` ԷՄՇ) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման գործընթացների կոորդինացումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը:

Հավելվածի 2.2-րդ կետի համաձայն` Հաշվարկային կենտրոնը ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառումն իրականացնում է Հաշվառման համակարգի (ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգ) միջոցով:

Հավելվածի 3.1-րդ կետի համաձայն` Հաշվառման համակարգը կիրառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառումն իրականացնելու նպատակով: Նույն կարգի համաձայն` հաշվառման համակարգի միջոցով ստացված հաշվառման տվյալներն օգտագործվում են գնված, հաղորդված և (կամ) վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի հաշվառման գործընթացում:

Հավելվածի 3.5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` հաշվառման համակարգն ընդգրկում է տվյալների մշակման և հաշվարկման սերվերը (այսուհետև` գլխավոր սերվեր):

Հավելվածի 3.6-րդ կետի համաձայն` հաշվառման համակարգն ապահովում է «բ» էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը դեպի հաշվառման տվյալների բազա, իսկ «դ» ենթակետի համաձայն` էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի գրանցումը յուրաքանչյուր Հաշվառքի կետում և հաշվարկումը սահմանազատման կետի համար:

Հավելվածի 3.7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` հաշվառման տվյալների բազան պարունակում է գրանցումներ հաշվառքի կետով անցած էլեկտրաէներգիայի և հզորության մասին` հիմնված 30 րոպեանոց միջակայքի համադրումով ստացված տվյալներից:

Հավելվածի 4.3-րդ կետի 4.3.3 ենթակետի համաձայն` Հաշվարկային կենտրոնը պարտավոր է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել շուկայի մասնակիցներից յուրաքանչյուրին` իրեն վերաբերող տվյալներում կատարված փոփոխությունների և գլխավոր սերվերում դրանց մուտքագրման փաստի վերաբերյալ:

Հավելվածի 4.4-րդ կետի 4.4.2 ենթակետի համաձայն` շուկայի մասնակիցները (ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության կամ բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձ) պարտավոր են հետևել իրենց սպասարկման շրջանակներում ընդգրկված հաշվառքի սարքերի (հաշվիչներ, հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքեր, ներքին կապի գծեր, համակարգիչներ) աշխատունակությանը:

Հավելվածի 5.1-րդ կետի համաձայն` հաշվառման տվյալների հավաքագրումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` հաշվառման համակարգի միջոցով: Հաշվարկային կենտրոնը պատասխանատվություն է կրում իր անգործության հետևանքով հաշվառման տվյալների սահմանված ժամանակից ուշ և սխալ հավաքագրման համար:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման գործընթացների կոորդինացումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը, որը էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառումն իրականացնում է հաշվառման համակարգի միջոցով: Այդ համակարգը կիրառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառումն իրականացնելու նպատակով, որի միջոցով ստացված հաշվառման տվյալներն օգտագործվում են նաև հաղորդված և (կամ) վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի հաշվառման գործընթացում: Ընդ որում, հաշվառման համակարգն ապահովում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը դեպի հաշվառման տվյալների բազա, էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի գրանցումը յուրաքանչյուր հաշվառքի կետում և հաշվարկումը սահմանազատման կետի համար: Նշված բազան պարունակում է գրանցումներ հաշվառքի կետով անցած էլեկտրաէներգիայի և հզորության մասին: Հաշվարկային կենտրոնը պարտավոր է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել շուկայի մասնակիցներից յուրաքանչյուրին` իրեն վերաբերող տվյալներում կատարված փոփոխությունների և գլխավոր սերվերում դրանց մուտքագրման փաստի վերաբերյալ: Իր հերթին շուկայի մասնակիցները պարտավոր են հետևել իրենց սպասարկման շրջանակներում ընդգրկված հաշվառքի սարքերի, այդ թվում` հաշվիչների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքերի աշխատունակությանը: Միևնույն ժամանակ օրենսդիրը Հաշվարկային կենտրոնի կողմից ցուցաբերած անգործության հետևանքով հաշվառման տվյալների սահմանված ժամանակից ուշ և սխալ հավաքագրման համար պատասխանատվությունը դրել է վերջինիս վրա:

Նշված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները սխալ են հաշվարկել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը` այն հաշվելով համապատասխան ակտերը կազմելու տարեթվից` 2016 թվականից: Խնդիր ունենալով պարզելու, թե որն է այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը կարող էր հետամուտ լինել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը, և երբ է «իմացել» կամ «պետք է իմացած լիներ» իր իրավունքի խախտման մասին, հաշվի առնելով նաև այն, որ Ընկերությունը` որպես շուկայի մասնակից, ունի իր սպասարկման շրջանակներում ընդգրկված հաշվառքի սարքերի, այդ թվում` հաշվիչների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքերի աշխատունակությանը հետևելու պարտականություն` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությանը, որպես վաճառողի, համապատասխան շեղումների վերաբերյալ տեղեկությունները պետք է հասանելի դարձած լինեին գոնե մինչև շեղումները թույլ տալուն հաջորդող ամսվա 15-ը` հիմք ընդունելով այն հանգամանքները, որ, ինչպես արդեն իսկ նշվեց գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերի մեջ`

1. Հաշվարկային կենտրոնն իր հերթին պարտավոր էր հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը կազմել և Կողմերի ստորագրմանը ներկայացնել մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-ը, իսկ

2. Վաճառողն իր հերթին իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար հաշիվ-ապրանքագիրը պարտավոր էր կազմել և գնորդին ներկայացնել վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն ստորագրելուց հետո մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը, 2013 թվականի փետրվար ամսից սկսած ունենալով դեռևս նույն տարվա հունվար ամսին տեղի ունեցած իրավունքի ենթադրյալ խախտումը բացահայտելու նպատակով իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները ձեռնարկելու և այդ նպատակով համապատասխան վարքագիծ ցուցաբերելու հնարավորություն, գոնե մինչև 2013 թվականի փետրվար ամսվա 15-ը պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին: Հաշվի առնելով այն, որ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է 2017 թվականի ապրիլի 28-ին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դիրքորոշումների համատեքստում հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ենթակա էր բավարարման մասնակիորեն` 2013 թվականի հունվար ամսից մինչև 2014 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված հայցագնի մասով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, իսկ 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի, 17-րդ հոդվածի 1-ին կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

- վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված մեղավորության կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը (տե՛ս «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵՔԴ/0086/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորական իրավահարաբերություններն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու հետ: Պարտավորությունները` որպես քաղաքացիական իրավահարաբերությունների տարատեսակ, կարող են ծագել ոչ միայն պայմանագրերից, այլև վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից (տե՛ս Լիլիթ Գրիգորյանն ընդդեմ Աղվան Կարապետյանի թիվ ԳԴ4/0019/02/16 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վնասի հատուցման պարտականություն կարող է ծագել նաև պայմանագրային հարաբերություններից: Ընդ որում` պայմանագրային հարաբերություններից ծագած վնասի հատուցման նկատմամբ ևս կիրառելի են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, մասնավորապես` պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանների, այդ պայմանների առկայության կամ բացակայության ապացուցման բեռի բաշխման հարցերի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Վաճառողի և Գնորդի միջև 02.02.2011 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` Վաճառողը վաճառում, իսկ Գնորդն ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` պարտավորվելով վճարել դրա համար: 21.06.2016 թվականին Գնորդի, «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի և «Էներգետիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ այն մասին, որ Գնորդի կողմից «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի քանակի վերահսկման նպատակով, սահմանազատման կետում տեղադրված թիվ 02540044 հաշվիչի գրանցված էլեկտրաէներգիայի ծախսը կեսժամյա ինտերվալներով համեմատվել է ՓՀԷԿ-ում տեղադրված թիվ 05009445 առևտրային հաշվիչի գրանցված տվյալների հետ, որի արդյունքում արձանագրվել է 16,5% շեղում` գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցել է փաստացի արտադրածին: Այդ կապակցությամբ առաջարկվել է ուղղել «Այրք-2» ՓՀԷԿ-ի սարքի ուրվակն ու կատարել նախորդ ժամանակահատվածում առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել: Սկսած 01.01.2013 թվականից մինչև 01.06.2016 թվականն էլեկտրաէներգիայի վերահաշվարկ կատարելու արդյունքում պարզվել է, որ իրական արժեքը գերազանցող էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 778.704 կվտ/ժ: «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված` առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկի արդյունքների հիման վրա Ընկերությունը կազմել է վերստուգիչ հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկի ակտ, որի համաձայն` Կազմակերպության կողմից 2013 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ավել հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 11.164.605 ՀՀ դրամ:

Այլ կերպ ասած, ըստ Ընկերության, իրեն մատակարարվող էլեկտրաէներգիայի հաշվիչի սնուցումը սխալ տեղից միացնելով (ավելի թույլ լարման շղթայից միացնելով)` Կազմակերպության կողմից Ընկերությանը մատակարարվել է էլեկտրաէներգիայի գրանցված քանակից քիչ քանակությամբ էլեկտրաէներգիա, մինչդեռ դրա դիմաց ստացել է էլեկտրաէներգիայի գրանցված քանակության համար սահմանված վճար: ՈՒստի, Ընկերությունը գտել է, որ սահմանված քանակից քիչ էլեկտրաէներգիա մատակարարելով և դրա դիմաց ավել վճարներ ստանալով` Կազմակերպությունն իրեն պատճառել է վնաս:

Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը, գտել է, որ հայցվորի կողմից ներկայացվել են բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ պետական իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի համաձայն` հայտնաբերվել են խախտումներ, որոնց արդյունքում փաստացի վաճառված էլեկտրաէներգիայի քանակից ավելի էլեկտրաէներգիա է հաշվառվել, և դրա դիմաց կատարվել է վճարում հայցվորի կողմից, ինչի արդյունքում վերջինս կրել է վնաս:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ բողոքում վկայակոչված նյութական և դատավարական նորմերի խախտման վերաբերյալ բողոքում բերվել են բացառապես պնդումներ, որոնք չեն բովանդակում ինչպես հիմնավորում, այնպես էլ չեն ուղեկցվում որևէ ապացույցի մատնանշմամբ, որի հետազոտման և գնահատման կապակցությամբ Դատարանը, ըստ բողոք բերած անձի, խախտում է թույլ տվել, իսկ բողոքում բերված փաստարկները չեն ուղեկցվում գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներով, գտել է, որ այդ հայտարարությունների հիմնավորվածության աստիճանը գնահատել հնարավոր չէ:

Համադրելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունը վերաբերում է պայմանագրային հարաբերություններից ծագած վնասին, որի նկատմամբ կիրառելի են վնասի հատուցման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկին, որ ենթադրյալ շեղումն առաջանալու ժամանակահատվածի սկզբի վերաբերյալ Ընկերության կողմից ապացույց ներկայացված չլինելու պայմաններում է Դատարանը հաստատված համարել շեղումը հենց 2013 թվականից առաջանալու փաստը` անտեսելով կայանները դեռևս 2006 թվականից գործելու հանգամանքը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` խախտումն արձանագրվել է 21.06.2016 թվականին, դրա վերաբերյալ կազմվել է համապատասխան ակտ այն մասին, որ խախտումը տևել է 2011 թվականից մինչև 2016 թվականը, Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 11.164.605 ՀՀ դրամ` որպես հենց 2013 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ավել հաշվառված էլեկտրաէներգիայի գումար: Փաստորեն, վերոնշյալ ակտով Կազմակերպությանը վերագրվել է տևող բնույթ ունեցող խախտում (2011 թվականից մինչև 2016 թվականը), որի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տևող խախտման համար որոշակի վնասի հատուցում պահանջելու գործերով անհրաժեշտ է պարզել նաև, թե որ պահից է առաջացել այդ խախտումը, և որքանով է վնասի հատուցում պահանջող անձը հիմնավորում հենց այդ պահից խախտումն առաջանալու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անհրաժեշտ է պարզել նաև հետևյալ հարցերը.

1) ո՞ր պահից սկսած է առաջացել սույն հայցապահանջում նշված ենթադրյալ շեղումը, և արդյո՞ք այն տևել է մինչև 2016 թվականի հունիս ամիսը: Ընդ որում, նշված հարցերի պարզումն էական նշանակություն ունի գործի նոր քննության ժամանակ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը քննելիս.

2) սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվու՞մ է արդյոք Կազմակերպությանն ուղղված` վնասի հատուցման պահանջը բավարարելու համար պարտադիր համարվող վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները լրիվ և բազմակողմանի քննություն չեն իրականացրել գործի լուծման համար նշանակություն ունեցող վերը նշված փաստերը պարզելու ուղղությամբ: Հետևաբար առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո նաև վերը նշված հարցերը պարզելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԿԴ/1765/02/17 քաղաքացիական գործով 29.06.2020

թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի

վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «ԼՈՒՍԱԿՈՒՆՔ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության` վնասը հատուցելու պահանջի մասին, 29.06.2020 թվականին որոշել է «1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Տ. Պետրոսյանս, Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս և Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 29.06.2020 թվականին թիվ ԵԿԴ/1765/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 11.164.605 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 27.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ, 347-րդ, 409-րդ, 417-րդ և 1058-րդ հոդվածները, 1998 թվականի հունիսի 17-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շեղում թույլ տրված լինելու փաստը Դատարանն արձանագրել է հաշվարկային սարքի խափանման փաստը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց ներկայացված չլինելու պայմաններում: Ինչ վերաբերում է ի հաստատումն այդ փաստի ներկայացված միակողմանի տեղեկանքներին և այլ ակտերին, ապա դրանք չեն ներկայացվել Կազմակերպությանը և չեն հաստատվել վերջինիս կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով «առանցքային դերակատարություն ունեցող» «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին որևէ դատավարական կարգավիճակ չի տրվել, մինչդեռ նախկինում մատակարարված էլեկտրական էներգիայի մասով հենց նույն կենտրոնն է համապատասխան հաշվարկներ ներկայացրել, իսկ այժմ անհասկանալի հիմքով դրանք փոփոխում է` հիմքում չդնելով որևէ մասնագիտական եզրակացություն կամ ուսումնասիրություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ենթադրյալ շեղումն առաջանալու ժամանակահատվածի սկզբի վերաբերյալ Ընկերության կողմից ապացույց ներկայացված չլինելու պայմաններում Դատարանը հաստատված է համարել, որ այն առաջացել է 2013 թվականից, մինչդեռ կայանները գործել են 2006 թվականից: Այսինքն` հայցվոր կողմը չի ներկայացրել ապացույցներ առ այն, թե որ պահից կարող էր ենթադրյալ շեղումն առաջանալ, մինչդեռ դատարանը շեղումը հաստատված է համարել 2013 թվականից:

Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության վերաբերյալ իրավական նորմերի պահանջները խախտելու արդյունքում սխալ է որոշել Ընկերության` ենթադրյալ խախտված իրավունքի մասին տեղեկանալու «փաստը»:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ընկերության և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից 21.06.2016 թվականին կազմված ակտով արձանագրվել է, որ գրանցված էլեկտրաէներգիայի քանակի և փաստացի արտադրվածի միջև առկա է 16,5 տոկոսի շեղում: Կազմված ակտի համաձայն` Կազմակերպությանը պատկանող «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի առևտրային հաշվիչի սնուցումն իրականացվել է 6 կՎ լարման տրանսֆորմատորից` 10կՎ լարման տրանսֆորմատորի փոխարեն: Այլ կերպ ասած` 01.01.2011 թվականից մինչև 01.07.2016 թվականն ընկած ժամանակահատվածում Կազմակերպության «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի ուժային տրանսֆորմատորի 10կՎ լարման կողմում տեղակայված առևտրային հաշվիչի լարման շղթաները սնվել են 6 կՎ լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներից, որի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի հաշվառման խախտում, և Ընկերությանն առաքված էլեկտրաէներգիայի քանակը գրանցվել է իրականից ավելի: ՈՒստի, նշված ժամանակահատվածի համար ամսական ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտերը ենթակա են փոփոխման:

Սույն քաղաքացիական գործում առկա ապացույցներով միանշանակ հիմնավորվում է Ընկերության կողմից 11.164.605 ՀՀ դրամի չափով կրած վնասի, Կազմակերպության կողմից ոչ իրավաչափ վարքագծի և դրանց միջև պատճառահետևանքային կապի ու դրանում Կազմակերպության մեղքի առկայությունը:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից սույն գործով հայցային վաղեմություն չկիրառելու հարցին, ապա Ընկերությունն իր խախտված իրավունքների մասին իմացել է 21.06.2016 թվականին, երբ Ընկերության և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ստեղծված աշխատանքային խումբն արձանագրել է, որ գրանցված և փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակների միջև առկա է 16,5 տոկոս շեղում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կազմակերպության («Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ) (այսուհետ` նաև Վաճառող) և Ընկերության (այսուհետ` նաև Գնորդ) միջև 02.02.2011 թվականին կնքվել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի թիվ ENA-11-01 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի 2.1 կետի համաձայն` Վաճառողը վաճառում, իսկ Գնորդն ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` նույն պայմանագրով սահմանված կարգով:

Պայմանագրի 4.3 կետի «բ» ենթակետի համաձայն` Գնորդը պարտավորվում է վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար` նույն պայմանագրով սահմանված կարգով:

Պայմանագրի 5.3 կետի համաձայն` հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-ը:

Պայմանագրի 6.1 կետի համաձայն` վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը ստորագրելուց հետո մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում գնորդին:

Պայմանագրի 6.2 կետի համաձայն` Գնորդը հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը` հատուկ հաշվից:

Պայմանագրի 9.2 կետի համաձայն` եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարում, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

2) 21.06.2016 թվականին Ընկերության, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի և «Էներգետիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ նաև այն մասին, որ Ընկերության կողմից «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի քանակի վերահսկման նպատակով, սահմանազատման կետում տեղադրված թիվ 02540044 հաշվիչի գրանցված էլեկտրաէներգիայի ծախսը կեսժամյա ինտերվալներով համեմատվել է ՓՀԷԿ-ում տեղադրված թիվ 05009445 առևտրային հաշվիչի գրանցված տվյալների հետ, որի արդյունքում արձանագրվել է 16,5% շեղում` գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է փաստացի արտադրածին: «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ի առևտրային և վերստուգիչ հաշվիչների անհամապատասխանության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ առևտրային հաշվիչը միացված է ՓՀԷԿ-ի 10կՎ կողմում տեղադրված 150/5 հոսանքի տրանսֆորմատորին, իսկ հաշվիչի լարման սնումն իրականացվում է ՓՀԷԿ-ի 6 կՎ լարման կողմում տեղադրված լարման տրանսֆորմատորից, ինչը համարվում է սխալ միացում և հակասում է ԵՄԿ տեխնիկական կանոնների պահանջներին: Նշված սխալանքը բերում է էլեկտրաէներգիայի քանակների շեղման` գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակը: ՓՀԷԿ-ում տեղակայված առևտրային հաշվառման սարքի կողմից գրանցված էլեկտրաէներգիայի քանակով հաշվարկված հզորությունը գերազանցում է ՓՀԷԿ-ում տեղակայված գեներատորների դրվածքային հզորությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության ընդունակությանը, ինչը պրակտիկորեն հնարավոր չէ: Արդյունքում արձանագրվել է, որ ՓՀԷԿ-ում առևտրային հաշվիչը գրանցում է միջինը շուրջ 16,5% ավել էլեկտրաէներգիա, և առաջարկվել է ուղղել «Այրք-2» ՓՀԷԿ-ի սարքի ուրվակն ու կատարել նախորդ ժամանակահատվածում առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել (հատոր 1-ին, գ.թ. 46).

3) 23.08.2016 թվականին Ընկերության և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ այն մասին, որ 01.01.2011 թվականից մինչև 01.06.2016 թվականը Կազմակերպության «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի ուժային տրանսֆորմատորի 10կՎ լարման կողմում տեղակայված առևտրային հաշվիչի լարման շղթաները սնվել են 6 կՎ լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներից, որի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի հաշվառման խախտում և Ընկերությանն առաքված էլեկտրաէներգիայի քանակը գրանցվել է իրականից ավելի: Կատարվել է էլեկտրաէներգիայի վերահաշվարկ` սկսած 01.01.2013 թվականից մինչև 01.06.2016 թվականը: Նշված ժամանակահատվածում իրական արժեքը գերազանցող էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 778.704 կվտ/ժ, որն անհրաժեշտ է պակասեցնել նույն թվականի օգոստոս ամսվա Ընկերության բաշխիչ ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակից: Նշված ժամանակահատվածի համար ամսական ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտերը ենթակա են փոփոխման: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել (հատոր 1-ին, գ.թ. 47).

4) «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված` առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկի արդյունքների հիման վրա Ընկերությունը կազմել է վերստուգիչ հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկի ակտ, որի համաձայն` Կազմակերպության կողմից 2013 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ավել հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 11.164.605 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 44-45).

5) Ընկերությունը 28.04.2017 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կազմակերպության` վերը նշված 11.164.605 ՀՀ դրամը` որպես վնասի հատուցում, բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 5-11, հատոր 2, գ.թ. 105-128, «www.haypost.am» կայքում առկա տեղեկատվություն).

6) Կազմակերպությունը գրավոր «առարկություն» է ներկայացրել Դատարան` միաժամանակ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն (հատոր 2, գ.թ. 95-98):

 

4. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ, 347-րդ, 409-րդ և 1058-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու հարցին, ինչպես նաև պայմանագրային հարաբերություններից ծագող վնասի հատուցման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Այնուհետև ի կատարումն առաջադրված հարցերին անդրադառնալու անհրաժեշտության` վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներում հայցային վաղեմության կիրառման, մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվելու վերաբերյալ իրավական դիրքորոշումները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ.

ա) սույն գործով դատարանները սխալ են հաշվարկել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը` այն հաշվելով ակտերը կազմելու ամսաթվից` 2016 թվականից,

բ) որ ընկերությունը մինչև 2013 թվականի փետրվար ամսվա 15-ը պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին, ուստի հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ենթակա էր բավարարման մասնակիորեն` 2013 թվականի հունվար ամսից մինչև 2014 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված հայցագնի մասով:

Այնուհետև արձանագրելով, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունը վերաբերում է պայմանագրային հարաբերություններից ծագած վնասին, որի նկատմամբ կիրառելի են վնասի հատուցման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը սույն գործով էական է համարել պարզելու այն հանգամանքը, թե որ պահից է առաջացել Կազմակերպության կողմից թույլ տրված տևող խախտումը` դա կարևորելով նաև գործի նոր քննության ժամանակ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը քննելիս, ինչպես նաև գործի նոր քննության ծավալ է սահմանել վնասի հատուցման պահանջը բավարարելու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը պարզելը:

Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի եզրահանգումները չեն բխում ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներից և սույն գործի փաստերից հետևյալ պատճառներով:

Սույն որոշմամբ վկայակոչված «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով 04.06.2019 թվականի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Շարունակելով իր դատողությունները, ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ եզրահանգել է, որ եթե պատասխանողի կողմից իր պայմանագրային պարտավորությունը չկատարելու, մասնավորապես` միայն իր կողմից տիրապետվող անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով հայցվորը հնարավորություն չի ունեցել բացահայտել իր իրավունքի իրապես խախտված լինելու փաստը, արդյունքում նաև չի տիրապետել դրամական պահանջի գործով պահանջվող գումարի չափի և հաշվարկի վերաբերյալ պատշաճ, պիտանի հայց ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար տեղեկությունների, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի մասին խոսք լինել չի կարող: Այլ խոսքով` գումարի բռնագանձման վերաբերյալ հայցերով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ հայցվորին հայտնի են դառնում հայց ներկայացնելու համար անհրաժեշտ գումարի չափին և հաշվարկին վերաբերող նվազագույն տեղեկությունները:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը վերլուծելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` իրավահարաբերության ծագման պահին գործող 03.05.2006 թվականի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգը հաստատելու մասին» թիվ 72-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) կետերը, եկել է այն եզրահանգման, որ Ընկերությունը դեռևս 2013 թվականի փետրվար ամսից նույն տարվա հունվար ամսին տեղի ունեցած իրավունքի ենթադրյալ խախտումը բացահայտելու նպատակով համապատասխան վարքագիծ ցուցաբերելու հնարավորություն է ունեցել, ուստի մինչև 2013 թվականի փետրվար ամսի 15-ը պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին: Գտնում ենք, որ նշված եզրահանգումը չի բխում սույն գործով հաստատված փաստերից, քանի որ Հավելվածի 4.4 կետի 4.4.2 ենթակետի համաձայն Ընկերությունն ուներ միայն իր սպասարկման շրջանակներում ընդգրկված հաշվառքի սարքերի աշխատունակությանը հետևելու պարտականություն, մինչդեռ սույն որոշմամբ հաստատված թիվ 2 և թիվ 3 փաստերից բխում է, որ Կազմակերպությունը հաշվիչի լարման սնուցումը սխալ է իրականացրել ՓՀԷԿ-ում, ինչին հետևելու պարտականություն Ընկերությունը որևէ կանոնով չունի, հետևաբար նա զրկված է եղել «համապատասխան վարքագիծ» ցուցաբերելու հնարավորությունից: Նշվածից բխում է, որ Ընկերությունը 2013 թվականի փետրվար ամսին չեր կարող իմացած լինել իր իրավունքների խախտման մասին: Սույն որոշմամբ հաստատված թիվ 2, թիվ 3 և թիվ 4 փաստերից բխում է, որ Ընկերությունն իր իրավունքների խախտման մասին հաստատապես իմացել է և Դատարան պիտանի հայց ներկայացնելու հնարավորություն է ստացել 2016 թվականի հունիսի 21-ից, երբ հնարավորություն է ստեղծվել հաշվարկել ավել հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքը (որոշմամբ հաստատված թիվ 2 փաստ): Միայն այդ ժամանակահատվածից է սկսվել հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, իսկ Ընկերությունն իր իրավունքների պաշտպանության հայցով Դատարան կարող էր դիմել այդ ժամանակահատվածից սկսած եռամյա ժամկետում, ինչը և արել է:

Միաժամանակ այլևս ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, թե երբվանից է սկսվել Ընկերության իրավունքների խախտումը, քանի որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշվում է ոչ թե խախտումը կատարվելու, այլ դրա մասին իրավունքը խախտված անձի` հաստատապես իմանալու պահից: Նման պայմաններում ստորադաս դատարանների հետևությունը, որ հայցը մերժման ենթակա չէ հայցային վաղեմության կիրառման հիմքով, հիմնավոր է:

Հարկ է նշել նաև, որ հայցային վաղեմության կիրառումը չի նշանակում, որ անձը կարող է պահանջել մինչև 3 տարի առաջ պատճառված վնասի հատուցում. եթե անձն իր իրավունքի խախտման մասին իմացել է որոշակի, կոնկրետ ժամանակ, ապա նա իր իրավունքի պաշտպանության հայցով կարող է պահանջել նաև այդ ժամանակից երեք տարուց ավելի վաղ պատճառված վնասի հատուցում` առանց զգուշանալու հայցային վաղեմության կիրառումից: Ասվածը մասնավորեցնելով սույն գործի փաստերի նկատմամբ, հարկ է նշել, որ Ընկերությունը հայցը ներկայացրել է 2017 թվականին ապրիլի 28-ին` հայցային վաղեմության եռամյա ժամկետում, ուստի կարող էր պահանջել ինչպես 2013 թվականից սկսած, այնպես էլ դրանից առաջ պատճառված վնասի հատուցում: Նման պայմաններում հիմնավոր չէ նաև 2013 թվականի հունվար ամսից մինչև 2014 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված հայցագնի մասով հայցային վաղեմությունը կիրառելի լինելու մասին Վճռաբեկ դատարանի հետևությունը:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն եզրահանգմանը, թե անհրաժեշտ է պարզել` որ պահից սկսած է առաջացել «ենթադրյալ շեղումը» և արդյոք այն տևել է մինչև 2016 թվականի հունիս ամիսը, ապա այն ևս անհիմն է, քանի որ սույն գործով հաստատված փաստերից բխում է, որ «շեղումը» կարող էր ավելի վաղ առաջացած լինել, քան այն ժամանակահատվածը, որի համար հայցվորը պահանջել է վնասի հատուցում, «շեղումը» 2013 թվականից ավելի ուշ առաջացած լինելու հնարավորության փաստը կողմերը չեն վիճարկել, իսկ էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի արձանագրած անհամապատասխանությունը գրավոր ապացույցով հաստատվել է 21.06.2016 թվականին (որոշմամբ հաստատված թիվ 2 փաստ), հետևաբար ակնհայտ է, որ «շեղումը» տևել է մինչև 2016 թվականի հունիս ամիսը, այսինքն` առաջադրված հարցը սույն գործի քննությամբ պարզված է:

Տեղին չէ նաև վնասի հատուցման նախապայմանների առկայությունը ձեռք բերված ապացույցներով հաստատված լինելը պարզելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հարցադրումը, քանի որ այդ հանգամանքների վերաբերյալ «ձեռք բերված» ապացույցները գտնվում են սույն գործում, դրանք գնահատվել են ստորադաս դատարանների կողմից և ենթակա են գնահատման նաև Վճռաբեկ դատարանի կողմից:

Այդ տեսակետից անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, գտնում ենք, որ դրանք ևս անհիմն են և չեն կարող հանգեցնել Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բեկանմանը, հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես, բողոք բերած անձը փաստարկել է, որ միակողմանի կազմված, Կազմակերպության կողմից չստորագրված ակտերը էլեկտրաէներգիայի հաշվառքի «շեղման» փաստը հաստատող թույլատրելի ապացույցներ չեն: Նշված փաստարկն անհիմն է, քանի որ գործում գտնվող ակտերից ակնհայտ է, որ «շեղումն» արձանագրելուն ուղղված ուսումնասիրություններին մասնակցել է ինչպես «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի, այնպես էլ Կազմակերպության կոնկրետ ներկայացուցիչը: Նման պայմաններում Կազմակերպության համար բացասական արդյունք արձանագրած ակտերը վերջինիս ներկայացուցչի կողմից չստորագրելը չի կարող այդ ապացույցները դարձնել անթույլատրելի, քանի որ ակտերը կազմած մյուս բոլոր անձինք ստորագրել են դրանք, իսկ Կազմակերպությունն էլ սույն գործով որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ արձանագրված «շեղումները» չեն համապատասխանել իրականությանը:

Բողոք բերած անձի հաջորդ փաստարկն այն է, որ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին սույն գործով չի տրվել որևէ դատավարական կարգավիճակ, այդ ՓԲԸ-ն ինքն է նախկինում էլեկտրաէներգիայի համապատասխան հաշվարկներ ներկայացրել, իսկ սույն գործով անհասկանալիորեն փոխել է իր հաշվարկները` հիմքում չդնելով որևէ մասնագիտական եզրակացություն կամ ուսումնասիրություն: Մինչդեռ սույն որոշմամբ հաստատված փաստերից բխում է, որ էլեկտրաէներգիայի վերահաշվարկի հիմք են հանդիսացել երեք կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ ուսումնասիրությունների արդյունքները: Ինչ վերաբերում է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին դատավարական որևէ կարգավիճակ տալուն, ապա բողոք բերած անձը չի հիմնավորել դրա դատավարական անհրաժեշտությունը, հետևաբար և դրա հետ կապված` հայցվորի կամ ստորադաս դատարանների սխալը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացնելիս թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրած լինեն դատական սխալի, ուստի Վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը պետք է թողնել անփոփոխ` սույն հատուկ կարծիքի պատճառաբանություններով:

 

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

ԷԴ. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2020
N ԵԿԴ/1765/02/17
Որոշում