Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 243-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 243-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԿԴ/1159/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1159/02/17    2020 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գառնի ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Մուրադյանի ընդդեմ Ընկերության, երրորդ անձինք Արթուր և Գեղամ Պետրոսյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ներկայումս` ՀՀ կադաստրի կոմիտե)` գրավի դադարեցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Մուրադյանը պահանջել է դադարեցնել Ընկերության գրավի իրավունքը Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 27.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2019 թվականի որոշմամբ Արմեն Մուրադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, 135-րդ հոդվածի 1-ին կետը, 228-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Արթուր Պետրոսյանը անշարժ գույքի գրավի պայմանագրերը կնքելիս հանդիսացել է գրավի առարկայի` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի միակ սեփականատերը, ինչը հիմք է տվել Ընկերությանը, վստահելով սեփականության իրավունքի պետական գրանցման վարչական ակտի գոյությանը, ի ապահովումն վարկային պարտավորությունների կատարման` օրենքով սահմանված կարգով կնքելու գրավի պայմանագրերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը գրավի պայմանագրերի կնքման ժամանակ չգիտեր և պարտավոր էլ չէր իմանալ գրավի առարկայի նկատմամբ այլ անձանց հավակնությունների մասին:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «առգրավել» եզրույթը և անտեսել է այն հանգամանքը, որ դատական ակտով գրավատուի սեփականության իրավունքն անվավեր ճանաչելը և մեկ այլ անձի սեփականության իրավունքը վերականգնելն անձի փաստացի տիրապետությունից գույքը վերցնելու գործողություններ չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.06.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 30.11.2010 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2671710 վկայականի պատճենի համաձայն` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Գեղամ Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 58):

2) 30.08.2011 թվականին Գեղամ Պետրոսյանի և Իրինա Սիմոնյանի միջև կնքված և նոտար Ա. Աբրահամյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պատճենի համաձայն` Գեղամ Պետրոսյանը Իրինա Սիմոնյանին վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանը (գրանցվել է սեղանամատյանում` 6189) (հատոր 1-ին, գ.թ. 57):

3) 30.09.2011 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2805261 վկայականի պատճենի համաձայն` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Իրինա Սիմոնյանին (հատոր 1-ին, գ.թ. 55):

4) 27.12.2012 թվականին Իրինա Սիմոնյանի և Արթուր Պետրոսյանի միջև կնքված և նոտար Ա. Աբրահամյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պատճենի համաձայն` Իրինա Սիմոնյանը Արթուր Պետրոսյանին է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանը (գրանցվել է սեղանամատյանում` 8942) (հատոր 1-ին, գ.թ. 54):

5) 09.01.2013 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09012013-01-1302 վկայականի պատճենի համաձայն` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ գրանցվել է Արթուր Պետրոսյանի սեփականության իրավունքը (հիմք` 27.12.2012 թվականի թիվ 8942 առուվաճառքի պայմանագիրը) (հատոր 1-ին, գ.թ. 83):

6) 08.05.2013 թվականին Ընկերության և Արթուր Պետրոսյանի միջև կնքված և նոտար Ա. Աբրահամյանի կողմից վավերացված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ Գ068-13 պայմանագրի պատճենի համաձայն` Արթուր Պետրոսյանը, ի ապահովումն իր և Ընկերության միջև 08.05.2013 թվականին կնքված թիվ Վ068-13 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարման, գրավադրել է Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանը (գրանցվել է սեղանամատյանում` 1966) (հատոր 1-ին, գ.թ. 78-82):

7) 13.05.2013 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13052013-01-0004 վկայականի պատճենի համաձայն` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հիմք` 08.05.2013 թվականի թիվ 1966 գրավի, հիփոթեքի պայմանագիրը) (հատոր 1-ին, գ.թ. 87-88):

8) 13.09.2013 թվականին Ընկերության և Արթուր Պետրոսյանի միջև կնքված և նոտար Ա. Աբրահամյանի կողմից վավերացված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ Գ150-13 պայմանագրի պատճենի համաձայն` Արթուր Պետրոսյանը, ի ապահովումն իր և Ընկերության միջև 13.09.2013 թվականին կնքված թիվ Վ150-13 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարման, գրավադրել է Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանը (գրանցվել է սեղանամատյանում` 4891) (հատոր 1-ին, գ.թ. 73-77):

9) 17.09.2013 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092013-01-0004 վկայականի պատճենի համաձայն` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հիմք` 13.09.2013 թվականի թիվ 4891 հաջորդող գրավի, հիփոթեքի պայմանագիրը) (հատոր 1-ին, գ.թ. 85-86):

10) Թիվ ԵԿԴ/2202/02/14 քաղաքացիական գործով` ըստ հայցի Արմեն Մուրադյանի ընդդեմ Գեղամ Պետրոսյանի, երրորդ անձինք Արթուր Պետրոսյանի, Իրինա Սիմոնյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ընկերության` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, հաստատվել են հետևյալ փաստական հանգամանքները.

10.1) Արմեն Մուրադյանի և Գեղամ Պետրոսյանի միջև 19.08.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Արմեն Մուրադյանը Գեղամ Պետրոսյանին առանց տոկոսի տվել է 56.000.000 ՀՀ դրամ, որը Գեղամ Պետրոսյանը պարտավորվել է վերադարձնել 19.09.2011 թվականին:

10.2) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արձակվել է թիվ ԱՎԴ/0599/03/11 վճարման կարգադրությունը, որի համաձայն Գեղամ Պետրոսյանին կարգադրվել է կատարել հօգուտ Արմեն Մուրադյանի 56.000.000 ՀՀ դրամ վճարելու պահանջը (հատոր 2-րդ, գ.թ. 65-80):

11) Թիվ ԵԿԴ/2202/02/14 քաղաքացիական գործով` ըստ հայցի Արմեն Մուրադյանի ընդդեմ Գեղամ Պետրոսյանի, երրորդ անձինք Արթուր Պետրոսյանի, Իրինա Սիմոնյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ընկերության` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2015 թվականի վճռով վճռվել է Արմեն Մուրադյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել 30.08.2011 թվականին Գեղամ Պետրոսյանի և Իրինա Սիմոնյանի միջև և 27.12.2012 թվականին Իրինա Սիմոնյանի և Արթուր Պետրոսյանի միջև կնքված` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի առուվաճառքի պայմանագրերը, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 30.09.2011 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-3 մատյանի թիվ 000234 համարի տակ գրանցված` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ Իրինա Սիմոնյանի սեփականության իրավունքը և 09.01.2013 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված Արթուր Պետրոսյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 65-80):

12) Թիվ ԵԿԴ/2202/02/14 քաղաքացիական գործով` ըստ հայցի Արմեն Մուրադյանի ընդդեմ Գեղամ Պետրոսյանի, երրորդ անձինք Արթուր Պետրոսյանի, Իրինա Սիմոնյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ընկերության` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2015 թվականի որոշմամբ որոշվել է Գեղամ և Արթուր Պետրոսյանների վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն, մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2015 թվականին կայացված վճիռը` 30.08.2011 թվականին Գեղամ Պետրոսյանի և Իրինա Սիմոնյանի միջև և 27.12.2012 թվականին Իրինա Սիմոնյանի և Արթուր Պետրոսյանի միջև կնքված` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի պայմանագրերը անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 30.09.2011 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-3 մատյանի թիվ 000234 համարի տակ գրանցված` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ Իրինա Սիմոնյանի սեփականության իրավունքը և 09.01.2013 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված Արթուր Պետրոսյանի սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու մասերով, և այդ մասերը փոփոխել հետևյալ կերպ. որպես առոչինչ (կեղծ) գործարքի իրավական հետևանք` անվավեր ճանաչել 30.08.2011 թվականին Գեղամ Պետրոսյանի և Իրինա Սերգեյի Սիմոնյանի միջև կնքված` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի առուվաճառքի պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես առոչինչ (կեղծ) գործարքի իրավական հետևանք` անվավեր ճանաչել 27.12.2012 թվականին Իրինա Սիմոնյանի և Արթուր Պետրոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի հիմքով` Արթուր Պետրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ, վճիռը` մնացած մասով, թողնել անփոփոխ: Վերոհիշյալ որոշումը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 85-103):

13) Թիվ ԵԿԴ/2202/02/14 քաղաքացիական գործով` ըստ հայցի Արմեն Մուրադյանի ընդդեմ Գեղամ Պետրոսյանի, երրորդ անձինք Արթուր Պետրոսյանի, Իրինա Սիմոնյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ընկերության` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.05.2016 թվականի որոշմամբ Արթուր Պետրոսյանի և նրա ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության (հատոր 2-րդ, գ.թ. 61-63):

14) Թիվ ԵԿԴ/1979/02/16 քաղաքացիական գործով` ըստ հայցի Գեղամ Պետրոսյանի ընդդեմ Ընկերության, Արթուր Պետրոսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Արմեն Մուրադյանի` անշարժ գույքի գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2017 թվականի վճռով վճռվել է Գեղամ Պետրոսյանի հայցը մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է մերժել Գեղամ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը` վերոհիշյալ վճիռը թողնելով անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 47-58, տե՛ս նաև «datalex.am»):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետի միատեսակ կիրառության համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. գրավի իրավունքն արդյո՞ք ենթակա է դադարման այն դեպքում, երբ գրավի պայմանագիրը կնքելուց հետո գրավի առարկայի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անվավեր է ճանաչվում` որպես կեղծ գործարքների անվավերության հետևանք:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` (...) 4) գրավի (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից այն հիմքով, որ իրականում այդ գույքի սեփականատերն ուրիշ անձ է, այդ գույքի նկատմամբ գրավը դադարում է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավը դադարում է` գրավով ապահովված պարտավորությունը դադարելով, գրավատուի պահանջով` նույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով, գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել նույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից, գրավ դրված գույքը նույն օրենսգրքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գրավի ինստիտուտի առանձնահատկություններին:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.

- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը` ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ):

i

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետի առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների, այդ թվում նաև` գրավի իրավունքի դադարման համար: Այս կանոնից բացառությունները պետք է սահմանված լինեն բացառապես օրենքով:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթի իրավական վերլուծությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված իրավական նորմով, ի լրումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի, սահմանված է գրավի դադարման ևս մեկ հիմք, այն է` գրավը դադարում է այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից այն հիմքով, որ իրականում այդ գույքի սեփականատերն ուրիշ անձ է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոհիշյալ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ փաստական հանգամանքի առկայությունը` գրավի առարկա գույքը պետք է օրենքով սահմանված կարգով առգրավված լինի այն այլ անձի սեփականությունը հանդիսանալու փաստով: Այսինքն` առգրավման հիմքը բացառապես պետք է պայմանավորված լինի գրավադրված գույքն այլ անձին սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքով:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գրավի առարկայի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքը պետք է առկա լինի հենց գրավադրման պահին, հակառակ պարագայում, երբ խոսքը գնում է գրավի պայմանագրի կնքումից հետո գրավի առարկայի սեփականատիրոջ փոփոխության մասին, ապա նման իրավիճակներում կիրառման են ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ և 242-րդ հոդվածի 1-ին կետերը, այսինքն` գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով անդրադառնալով «առգրավվել» եզրույթի բովանդակության բացահայտմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դա կարող է վերաբերվել ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով նախատեսված դեպքերում գույքը սեփականատիրոջը վերադարձնելու, այնպես էլ քրեական դատավարության կարգով առգրավված գույքն օրինական սեփականատիրոջը վերադարձնելու դեպքերին: Այսինքն` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ «առգրավում» եզրույթը վերաբերում է այն դեպքերին, երբ իրական սեփականատիրոջ սեփականության իրավունքը պաշտպանվում է առանց գործարքների վիճարկման:

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում հարկ է համարում անդրադառնալ կեղծ գործարքի` որպես առոչինչ գործարքի իրավական հետևանքների կիրառման արդյունքում առանց գրավի պայմանագիրը վիճարկելու գրավը դադարեցնելու իրավական հարցին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով` բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք` քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած` կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց` գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար (օրինակ` պարտավորության կատարումից խուսափելու համար գույքն առերևույթ օտարելը` պարտատիրոջ մոտ գույքի անբավարարության տպավորություն ստեղծելու համար):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը` ներքին կամքը, ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ` կնքելու գործարք` իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է` իրական կամքը թաքցնելու նպատակով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործարքը կեղծ որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, հակառակ դեպքում, եթե գործարքի կողմերից միայն մեկն է նման նպատակ հետապնդում, ապա առկա կլինի կամքի արատով այլ գործարք, քանի որ երկկողմ գործարքը համաձայնեցված կամքի արտահայտություն է, և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ չնայած կեղծ գործարքի կողմերը ձևակերպվող գործարքի որևէ իրավական հետևանք փաստացի առաջացնելու մտադրություն չունեն, այդուհանդերձ, որպեսզի երրորդ անձինք հնարավորություն ունենան վստահելու կեղծ գործարքին, գործարքի կողմերը, որպես կանոն, ստեղծում են փաստացի հարաբերության առկայության պատրանք` այդ թվում ձևականորեն առաջացնելով այն հետևանքները, որոնք պետք է առաջանային, եթե կնքվեր իրական գործարք (այդ թվում նաև` գործարքից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելով):

ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները` հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը` կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը:

i

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ կեղծ գործարքի դեպքում գործարքի փաստացի կատարում, որպես կանոն, տեղի չի ունենում (տե՛ս, Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման դեպքում առուվաճառքի պայմանագրի առարկայի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի գրանցումը տեղի է ունենում իրական սեփականատիրոջ կամքով և ցանկությամբ, հետևաբար վերջինս կեղծ առուվաճառքի պայմանագիրը կնքելիս կանխատեսում է, որ գնորդը առուվաճառքի պայմանագրի առարկայի նկատմամբ կարող է կատարել սեփականության իրավունքից բխող ցանկացած գործողություն, այդ թվում նաև` որպես պարտավորության կատարման ապահովման միջոց` գրավ դնել առուվաճառքի պայմանագրի առարկան:

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավակարգավորման հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս հիմքով գրավը դադարած ճանաչելու պահանջի իրավունքը պատկանում է բացառապես գրավադրված գույքի սեփականատիրոջը, իսկ այլ շահագրգիռ անձինք իրենց խախտված իրավունքները կարող են վերականգնել բացառապես օրենքով սահմանված կարգով գրավի գործարքը վիճարկելով:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Արմեն Մուրադյանը Գեղամ Պետրոսյանին տվել է 56.000.000 ՀՀ դրամ, որը Գեղամ Պետրոսյանը պարտավորվել է վերադարձնել 19.09.2011 թվականին:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արձակված թիվ ԱՎԴ/0599/03/11 վճարման կարգադրությամբ Գեղամ Պետրոսյանին կարգադրվել է Արմեն Մուրադյանին վճարել 56.000.000 ՀՀ դրամ:

Գեղամ Պետրոսյանն Իրինա Սիմոնյանին է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանը, ինչի հիման վրա նշված բնակարանի նկատմամբ պետական գրանցման է ենթարկվել Իրինա Սիմոնյանի սեփականության իրավունքը:

Վերոհիշյալ բնակարանը Իրինա Սիմոնյանի կողմից վաճառվել է Արթուր Պետրոսյանին, ինչի հիման վրա նշված բնակարանի նկատմամբ պետական գրանցման է ենթարկվել Արթուր Պետրոսյանի սեփականության իրավունքը:

Այնուհետև Արթուր Պետրոսյանը նույն բնակարանը գրավադրել է Ընկերությունում` ի ապահովումն իր և Ընկերության միջև կնքված վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման:

Ընկերությունն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման է ենթարկել գրավի պայմանագրերի հիման վրա Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ ծագած` Ընկերության գրավի իրավունքը:

Թիվ ԵԿԴ/2202/02/14 քաղաքացիական գործով հաստատվել է Գեղամ Պետրոսյանի և Իրինա Սիմոնյանի, ինչպես նաև Իրինա Սիմոնյանի և Արթուր Պետրոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերի կեղծ լինելու հանգամանքը, և այդ գործարքների նկատմամբ կիրառվել են անվավերության հետևանքներ, մասնավորապես` անվավեր են ճանաչվել Իրինա Սիմոնյանի և Արթուր Պետրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Սույն գործով Արմեն Մուրադյանը, ում հանդեպ Գեղամ Պետրոսյանն ունի չկատարված դրամական պարտավորություն, դիմել է դատարան` պահանջելով գրավի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ դադարեցնել Ընկերության գրավի իրավունքը:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ Գեղամ Պետրոսյանը, լինելով կեղծ գործարքի մասնակից (անբարեխիղճ սեփականատեր), չի կարող նախապատվության իրավունք ունենալ բարեխիղճ գործած գրավառուի` Ընկերության համեմատությամբ (հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2017 թվականի թիվ ԵԿԴ/1979/02/16 վճռով հաստատվել է, որ Արթուր Պետրոսյանը վիճելի պայմանագրերը կնքելիս եղել է գրավի առարկայի` Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի միակ սեփականատերը, ինչը հիմք է տվել Ընկերությանը վստահելու վարչական ակտի գոյությանը և ի ապահովումն Արթուր Պետրոսյանի վարկային պարտավորության կատարման` օրենքով սահմանված կարգով կնքելու վիճելի հիփոթեքի պայմանագրերը): Դատարանը գտել է, որ սույն դեպքում գործում է գրավի իրավունքի «հետևելու» հատկանիշը և, անկախ սեփականատերերի փոփոխությունից, գույքի նկատմամբ գրավի իրավունքը պահպանվում է:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշումը դիտարկելով նաև Գեղամ Պետրոսյանի պարտատեր Արմեն Մուրադյանի իրավունքների պաշտպանության տեսանկյունից` Դատարանը հարկ է համարել նշել, որ Գեղամ Պետրոսյանի` իր գույքը գրավադրելու (այդ թվում նաև ի կատարումն երրորդ անձի պարտավորությունների) իրավունքը Արմեն Մուրադյանի հանդեպ ունեցած պարտավորությամբ որևէ կերպ սահմանափակված չէր: Այսինքն` Արմեն Մուրադյանը որևէ իրավական կամ պայմանագրային հիմք չի ունեցել ենթադրելու, որ Գեղամ Պետրոսյանն իր գույքը չի գրավադրի կամ այլ կերպ օտարի, հետևաբար Դատարանի գնահատմամբ նման իրավիճակում Արմեն Մուրադյանի իրավունքները որևէ կերպ չեն խախտվել:

Վերաքննիչ դատարանը Արմեն Մուրադյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ սույն պարագայում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետը, քանի որ օրինական ուժի մեջ մտած վճռով կիրառվել են կեղծ գործարքի անվավերության հետևանքներ, ինչի արդյունքում Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ վերականգնվել է Գեղամ Պետրոսյանի սեփականության իրավունքը և անվավեր է ճանաչվել Արթուր Պետրոսյանի գրանցված իրավունքը, ով այդ ընթացքում գրավադրել է վերոնշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը, հետևաբար գույքը հարկադրաբար վերցվել է Արթուր Պետրոսյանից կամ, այլ կերպ ասած, առգրավվել է նրանից և հանձնվել սեփականատիրոջը` Գեղամ Պետրոսյանին:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի 19-րդ շենքի թիվ 13 բնակարանի առգրավվումը տեղի է ունեցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, այսինքն` օրենքով սահմանված կարգով, և իրականում վերոնշյալ գույքի սեփականատերը հանդիսանում է Գեղամ Պետրոսյանը, մինչդեռ այն գրավադրվել է այլ անձի կողմից:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետից հետևում է, որ գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության մասով օրենսդիրը որևէ վերապահում չի կատարել, դրանով հանդերձ` գրավառուի շահերի պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումներ ևս նախատեսված չեն, հետևաբար Դատարանի այն հետևությունները, որ այն ուղղված է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, Վերաքննիչ դատարանը համարել է անհիմն: Վերաքննիչ դատարանը նաև հարկ է համարել նշել, որ թեև տվյալ դեպքում ակնհայտ է գրավառուի բարեխղճությունը, այնուամենայնիվ, այդ մասով ևս հոդվածը վերապահում չի պարունակում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետով գրավը դադարեցնելու հարցը որևէ կերպ չի առնչվում սեփականատիրոջ բարեխղճությանը, քանի որ այն հանդիսանում է գույքն առգրավվելու հետևանք, ինչն էլ հստակ սահմանված է օրենսդրի կողմից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարքի վիճարկումը կամ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելը չի կարող նույնացվել առգրավման հետ, ապա սույն գործով բացակայում է գրավ դրված գույքի «առգրավման» փաստը, քանի որ դատարան է ներկայացվել կեղծ գործարքի հետևանքներ կիրառելու պահանջ, և դրա հետ միաժամանակ չի հաստատվել որ գրավառու ընկերությունը կեղծ գործարքի մասնակից է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերոհիշյալ հանգամանքները և եկել է սխալ եզրահանգման առ այն, որ Ընկերության գրավի իրավունքը ենթակա է դադարման` գրավադրված գույքն այլ անձին պատկանելու հիմքով առգրավվելու հիմքով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ, հանգել է ճիշտ հետևության առ այն, որ Ընկերության գրավի իրավունքը ենթակա չէ դադարման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Արթուր Պետրոսյանի սեփականության իրավունքի գրանցման անվավերության հիմք հանդիսացող Գեղամ Պետրոսյանի անբարեխղճության հանգամանքը, իսկ Ընկերության գրավի իրավունքի ծագման հիմքում վերջինիս բարեխղճության առկայությունը, եկել է սխալ եզրահանգման` Ընկերության գրավի իրավունքը դադարման ենթակա լինելու վերաբերյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.01.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 27.06.2018 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Մուրադյանը նախապես վճարել է ներկայացված հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումարները: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից նախապես վճարվել է 20.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, գտնում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման ենթակա լինելու պայմաններում վերոհիշյալ գումարն Արմեն Մուրադյանից պետք է բռնագանձել հօգուտ Ընկերության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2018 թվականի վճռին:

2. Արմեն Մուրադյանից հօգուտ «Գառնի ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵԿԴ/1159/02/17
Որոշում