Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԿԱՐՈՂ Է Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ   

    դատարանի որոշում                        թիվ ԵԿԴ/2677/02/15  

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2677/02/15    2020 թ.             

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող  Ռ. Հակոբյան

                         զեկուցող    Է. Սեդրակյան

                                     Ս. Անտոնյան

                                     Վ. Ավանեսյան

                                     Ա. Բարսեղյան

                                     Մ. Դրմեյան

                                     Ե. Խունդկարյան

                                     Գ. Հակոբյան

                                     Տ. Պետրոսյան

                                     Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2019 թվականի որոշման դեմ ըստ հայցի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Արթուր Մնացականյանի, անհատ ձեռնարկատեր Լիանա Աբրահամյանի (այսուհետ` Ձեռնարկատեր)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն պահանջել է Ձեռնարկատիրոջից և Արթուր Մնացականյանից համապարտության կարգով բռնագանձել 3.695.563.90 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 03.06.2015 թվականից մինչև ենթավարկային պայմանագրի ավարտը` 27.03.2018 թվականը, ենթավարկային պայմանագրի 2-րդ կետով սահմանված տարեկան 20 տոկոս դրույքաչափով հաշվեգրման ենթակա տոկոսագումարը, իսկ մինչև վարկային պայմանագրի ժամկետի ավարտը` 27.03.2018 թվականը, պարտավորության կատարման դեպքում` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև սկսած 03.06.2015 թվականից մինչև գումարները «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ փաստացի մարման օրը` ենթավարկային պայմանագրի 6-րդ կետով սահմանված ժամկետանց գումարների վրա հաշվեգրման ենթակա տույժի գումարը` հաշվարկված յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.2 տոկոս տոկոսադրույքով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) 05.07.2016 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Մ. Հարթենյան) 04.11.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.07.2016 թվականի վճիռը` Արթուր Մնացականյանից գումար բռնագանձելու պահանջի մասով բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 20.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2019 թվականի որոշմամբ Բանկի բողոքը մերժվել է, և Դատարանի 20.09.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ և 423-րդ հոդվածները, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարկառու Ձեռնարկատերը և երաշխավոր Արթուր Մնացականյանը համապարտ պատասխանատվություն են կրել Բանկի հանդեպ Ձեռնարկատիրոջ ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է տարանջատել «պարտավորությունից ազատել» և «պարտավորությունը դադարել» իրավական հասկացությունները, մասնավորապես` պարտատիրոջ առջև համապարտ պարտավորություն ունեցող պարտապաններից մեկին ազատելը տվյալ պարտավորության կատարումից չի կարող մեկնաբանվել որպես ամբողջ պարտավորության դադարում և այդ պարտավորության կատարման համար համապարտ պարտավորություն ունեցող մյուս անձանց ևս ազատել պարտավորության կատարումից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, կամ փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակի պետի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին ուղղված զեկուցագրի համաձայն` Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ծրագրի կողմից 25.12.2018 թվականին մակագրվել է հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Պետրոսյան, Ա. Մխիթարյան: Քանի որ դատավոր Ա. Մխիթարյանը 24.12.2018 թվականից, իսկ դատավոր Ա. Պետրոսյանը 25.12.2018 թվականից գտնվել են ամենամյա հերթական արձակուրդում, դատական կազմը համալրված չի եղել երկրորդ և երրորդ դատավորներով: Գործի հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է եղել կատարել վերամակագրություն (հատոր 4-րդ, գ.թ 2):

2) Դատարանի 20.09.2018 թվականի վճռի դեմ 14.12.2018 թվականին Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի կողմից 26.12.2018 թվականին վերամակագրվել է հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Հ. Ենոքյան, Ա. Մկրտչյան (հատոր 4-րդ, գ.թ 1):

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 4-րդ, գ.թ. 33-34):

4) Բանկի կողմից 01.02.2019 թվականին կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի կողմից 05.02.2019 թվականին ստորագրված մակագրության թերթիկի համաձայն, մակագրվել է հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Ա. Պետրոսյան (հատոր 4-րդ, գ.թ. 47):

5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Դ. Սերոբյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Հ. Ենոքյան) 18.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննելու մասին» որոշմամբ Բանկի բողոքն ընդունվել է վարույթ, և դատական նիստը նշանակվել է 26.03.2019 թվականին` ժամը 11:45-ին (հատոր 4-րդ, գ.թ. 72):

6) Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Դ. Սերոբյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Հ. Ենոքյան) 16.04.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.09.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Դատավոր Հ. Ենոքյանը ներկայացրել է հատուկ կարծիք (հատոր 4-րդ, գ.թ. 97-104):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքը կարող է վարույթ ընդունվել և քննվել այն դատական կազմի կողմից, որին նշված բողոքը չի մակագրվել:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բոլոր անձինք հավասար են դատարանների և տրիբունալների առջև: Յուրաքանչյուր ոք իր դեմ ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքների ու պարտականությունների որոշման ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակային քննության իրավունք:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները` միանձնյա:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև նույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում` այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, նույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին.

3) դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ.

4) դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կողմից.

5) դատական ակտը կայացրել է այն դատավորը, որը տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չէ.

6) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը.

7) դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը.

8) գործի քննության ընթացքում չի ապահովվել գործին մասնակցող անձի` թարգմանիչ ունենալու իրավունքը.

9) դատական ակտը չունի պատճառաբանական մաս.

10) դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.

11) ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք.

12) ստորադաս դատարանում առկա է եղել հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենք» հասկացությունը ներառում է, մասնավորապես, դատական մարմինների ստեղծումը և դրանց իրավասությունը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև ներպետական օրենսդրության ցանկացած այլ դրույթ, որի խախտման դեպքում մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը կհակասեր օրենքին (տե՛ս Pandjikidze and others v. Georgia (30323/02) Եվրոպական դատարանի 27.10.2009 թվականի վճիռը, կետ 104):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով վերահաստատել է, որ «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթն ինքնին արտացոլում է օրինականության սկզբունքը, որը բնորոշ է Կոնվենցիայով և կից Արձանագրություններով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Հետևաբար այն պարագայում, երբ ներպետական օրենսդրության կիրառելի դրույթների համաձայն դատարանն իրավասու չէ քննել տվյալ գործը, այն չի համարվում «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (տե՛ս Jorgic v. Germany (74613/01) գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, կետ 64, Richert v. Poland (54809/07) գործով Եվրոպական դատարանի 25.10.2011 թվականի վճիռը, կետ 41):

Ընդ որում, «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթը ոչ միայն կազմում է «դատարանի»` առհասարակ գոյության իրավական հիմքը, այլև այն ներառում է յուրաքանչյուր գործով դատարանի կազմը (տե՛ս Posokhov v. Russia (63486/00) գործով Եվրոպական դատարանի 04.03.2003 թվականի վճիռը, կետ 39, Yegorychev v. Russia (8026/04) գործով Եվրոպական դատարանի 17.05.2016 թվականի վճիռը, կետ 64):

Դեռ ավելին, Կոնվենցիայի համակարգին բնորոշ օրինականության սկզբունքի լույսի ներքո Եվրոպական դատարանն արձանագրել է, որ համապատասխան գործը ենթակա է քննության միայն «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից, քանի որ հակառակ դեպքում այն չի կարող ունենալ գործեր քննելու համար ժողովրդավարական հասարակությունում պահանջվող լեգիտիմություն (տե՛ս Lavents v. Latvia (58442/00) գործով Եվրոպական դատարանի 28.11.2002 թվականի վճիռը, կետ 81):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերին, նշել է, որ վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե՛ս Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը քննող դատարանի կազմում չընդգրկված դատավորի (դատավորների) կողմից դատական ակտ կայացնելը սերտորեն կապված է Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված` արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության սկզբունքի խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտը չի կարող լինել օրինական, համոզիչ և հեղինակավոր: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը` անկախ բողոքում նշված հիմքի վկայակոչումից: Նշված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք բոլոր դեպքերում հանգեցնում են դատական ակտի բեկանման` առանց համապատասխան բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակի պետի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին ուղղված զեկուցագրի համաձայն` Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ծրագրի կողմից 25.12.2018 թվականին մակագրվել է հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Պետրոսյան, Ա. Մխիթարյան: Քանի որ դատավոր Ա. Մխիթարյանը 24.12.2018 թվականից, իսկ դատավոր Ա. Պետրոսյանը 25.12.2018 թվականից գտնվել են ամենամյա հերթական արձակուրդում, դատական կազմը համալրված չի եղել երկրորդ և երրորդ դատավորներով: Գործի հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է եղել կատարել վերամակագրություն: Դատարանի 20.09.2018 թվականի վճռի դեմ 14.12.2018 թվականին Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի կողմից 26.12.2018 թվականին վերամակագրվել է հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Հ. Ենոքյան, Ա. Մկրտչյան: Վերաքննիչ դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: Բանկի կողմից 01.02.2019 թվականին կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի կողմից 05.02.2019 թվականին ստորագրված մակագրության թերթիկի համաձայն, մակագրվել է հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Ա. Պետրոսյան:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ դատական կազմով` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Մկրտչյան, Հ. Ենոքյան, 18.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննելու մասին» որոշմամբ Բանկի բողոքն ընդունել է վարույթ և դատական նիստը նշանակել է 26.03.2019 թվականին` ժամը 11:45-ին: Վերաքննիչ դատարանի (վերոնշյալ դատական կազմով` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Մկրտչյան, Հ. Ենոքյան) 16.04.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.09.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Դատավոր Հ. Ենոքյանը ներկայացրել է հատուկ կարծիք:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի կողմից Վերաքննիչ դատարան կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել և քննվել այնպիսի դատական կազմի` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Մկրտչյան, Հ. Ենոքյան կողմից, որին այն մակագրված չի եղել: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի կողմից 05.02.2019 թվականին ստորագրված մակագրության թերթիկի համաձայն` Բանկի կողմից 01.02.2019 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրված է եղել հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Ա. Պետրոսյան:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով դատական ակտը կայացվել է այն դատավորների կողմից, որոնք ընդգրկված չեն եղել սույն գործը քննելու համար ձևավորված դատական կազմում, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը խաթարել է օրինականության սկզբունքը` անձին զրկելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի (դատական կազմի) կողմից գործի քննության իրավունքից:

Այսպիսով, անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Մկրտչյանի և Հ. Ենոքյանի կողմից դատական կազմում ընդգրկված չլինելու պարագայում նշված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քննելու հանգամանքը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է` դատական ակտը կայացրել են այն դատավորները, որոնք տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չեն, որպիսի պայմաններում բողոքի ըստ էության քննության արդյունքում արված հետևությունները ևս օրինական համարվել չեն կարող, ուստի Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ փաստարկների գնահատմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Դատարանի 20.09.2018 թվականի վճռի դեմ Բանկի վերաքննիչ բողոքը կրկին քննելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման արդյունքում սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող  Ռ. Հակոբյան

                         Զեկուցող    Է. Սեդրակյան

                                     Ս. Անտոնյան

                                     Վ. Ավանեսյան

                                     Ա. Բարսեղյան

                                     Մ. Դրմեյան

                                     Ե. Խունդկարյան

                                     Գ. Հակոբյան

                                     Տ. Պետրոսյան

                                     Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.05.2020
N ԵԿԴ/2677/02/15
Որոշում