Սեղմել Esc փակելու համար:
17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 09.0...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 09.04.2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/2705/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2705/02/13   2020 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էլվիրա Ստեփանովայի ներկայացուցիչ Սարգիս Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էլվիրա Ստեփանովայի ընդդեմ Հռիփսիմե Սարկիսյանի, երրորդ անձ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի` 18.11.2008 թվականի կտակն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, և ըստ Հռիփսիմե Սարկիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Էլվիրա Ստեփանովայի` վտարման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էլվիրա Ստեփանովան պահանջել է անվավեր ճանաչել 18.11.2008 թվականի թիվ 8896 սեղանամատյանում գրանցված կտակը, ինչպես նաև անվավեր ճանաչել Հռիփսիմե Սարկիսյանի անվամբ Երևան քաղաքի Տպագրիչների 9-րդ շենքի թիվ 5 բնակարանի, Երևան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի թիվ 7 բնակարանի սեփականության իրավունքի գրանցումները և իրեն ճանաչել հանգուցյալ Կարինե Հակոբյանի փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հռիփսիմե Սարկիսյանը պահանջել է Էլվիրա Ստեփանովային վտարել Երևան քաղաքի Տպագրիչների 9-րդ շենքի թիվ 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 08.06.2015 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ա. Սմբատյան, մասնակցությամբ դատավորներ` Կ. Հակոբյան, Ա. Հունանյան) 07.04.2016 թվականի որոշմամբ Հռիփսիմե Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2015 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.07.2016 թվականի որոշմամբ Էլվիրա Ստեփանովայի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 29.11.2017 թվականի վճռով սկզբնական հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.04.2018 թվականի որոշմամբ Էլվիրա Ստեփանովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.11.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլվիրա Ստեփանովայի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ, 311-րդ հոդվածները, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, 208-րդ հոդվածի 3-րդ մասը, 220-րդ հոդվածը, 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ՀՀ դատական օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, կանխորոշելով ապացուցման միջոցները, հաշվի չի առել, որ հետմահու փորձաքննությունները դասվում են ամենաբարդ փորձաքննությունների շարքին` փորձաքննության ենթակա սուբյեկտի բացակայության պատճառով: Հաշվի չի առնվել այն փաստը, որ նշված փորձաքննություններն իրականացվում են բավականին երկար ժամանակահատվածում և որ նշված փորձաքննությունների հիման վրա տրվում է հավանական եզրակացություն, որն ապացուցողական ուժ չունի:

Բացի այդ, առկա է առերևույթ դատական սխալ, քանի որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական և ապացուցումը կարգավորող դատավարության նորմերի պահանջները, գործի բոլոր հանգամանքները չի քննարկել համակցության մեջ, ավելին` Վերաքննիչ դատարանը քննության առարկա է դարձրել վերաքննիչ բողոքում այն հարցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը, որը չի հայտնվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, որն էլ իր հերթին ազդել է գործի ելքի վրա, ինչը հիմք է հանդիսանում սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 18.11.2008 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված և համար 8896 սեղանամատյանում գրանցված կտակի համաձայն` Կարինե Հակոբյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ և շարժական գույքը` այդ թվում Երևան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի թիվ 7 բնակարանի մասը և Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի թիվ 5 բնակարանը կտակել է Հռիփսիմե Սարկիսյանին (հատոր 1-ին գ.թ. 14).

2. Թիվ 030190 մահվան վկայականի համաձայն` Կարինե Ռուբենի Հակոբյանը մահացել է 16.04.2010 թվականին (հատոր 3-րդ գ.թ. 21).

3. Կարինե Ռուբենի Հակոբյանի ԱՊՓԲԸ թիվ 4 պոլիկլինիկայի ամբուլատոր հիվանդի բժշկական քարտի համաձայն` Կարինե Ռուբենի Հակոբյանը տառապել է կախեքսիայով (հատոր 1-ին, գ.թ. 122).

4. Հայաստանի Հանրապետության Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից տրված և տնօրեն Ա. Մ. Մինասյանի կողմից ստորագրված մասնագիտական կարծիքի համաձայն` կախեքսիան` օրգանիզմի ծայրահեղ հյուծումն է, որին բնորոշ են ընդհանուր թուլություն, քաշի կտրուկ անկում, ֆիզիոլոգիական պրոցեսների ակտիվության իջեցում, հիվանդի հոգեկան վիճակի փոփոխություններ: Կախեքսիայի սիմպտոմները` արտահայտված ընդհանուր թուլություն, աշխատունակության կորուստ, քաշի կտրուկ անկում, որը կարող է հասնել մինչև ընդհանուր քաշի 50 տոկոսը, հիպովիտամինոզ, մազերի և եղունգների տրոֆիկ փոփոխություններ, կանանց մոտ` ամենորեա, անեմիա: Կախեքսիայի ժամանակ հաճախ նկատվում են հոգեկան խանգարումներ: Սկզբում նկատվում են աստենիա (դյուրագրգռություն, քնկոտություն, սուբդեպրեսիվ վիճակ) հետագայում գումարվում է ադիանամիկ կոմպոնենտը: Հիմնական հիվանդության սրացումների ժամանակ, որը կախեքսիայի պատճառ է հանդիսացել, կարող են առաջանալ գիտակցության մթագնումներ, դելիրի, ապաթիկ ստուպոր, պսևդոպարալիտիկ սինդրոմ (հատոր 4-րդ գ.թ. 106).

5. Դատարանի 27.10.2016 որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին. փորձագետներին առաջադրվել է հետևյալ հարցերը. 1) արդյո՞ք Կարինե Հակոբյանը կենդանության օրոք որևէ հիվանդությամբ տառապել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ է տառապել և երբվանից, 2) արդյո՞ք այդ հիվանդությունը զրկել է Կարինե Հակոբյանին իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ընդունակություններից, 3) արդյո՞ք Կարինե Հակոբյանը 18.11.2008 թվականի դրությամբ տառապել է հոգեկան հիվանդությամբ թե ոչ (հատոր 4-րդ գ.թ. 114-116).

6. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը 04.11.2016 թվականին թիվ 16-0469դ գրությամբ հայտնել է Դատարանին, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դատահոգեբուժական փորձաքննություններ չի իրականացնում, ինչպես նաև որոշման մեջ առաջադրված հարցերը դուրս են հոգեբան-փորձագետի իրավասության սահմաններից, ուստի վերոնշյալ փորձաքննության իրականացումը հնարավոր չէ, և Դատարանի 27.10.2016 թվականի որոշման պահանջները թողնվում են անկատար (հատոր 4-րդ գ.թ. 121).

7. Դատարանը 07.12.2016 թվականի որոշմամբ նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին: Փորձագետներին առաջադրվել է հետևյալ հարցերը. 1) արդյո՞ք Կարինե Հակոբյանը կենդանության օրոք որևէ հիվանդությամբ տառապել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ է տառապել և երբվանից, 2) արդյո՞ք այդ հիվանդությունը զրկել է Կարինե Հակոբյանին իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ընդունակություններից, 3) արդյո՞ք Կարինե Հակոբյանը 18.11.2008 թվականի դրությամբ տառապել է հոգեկան հիվանդությամբ թե ոչ (հատոր 4-րդ գ.թ. 132-135).

i

8. 21.12.2016 թվականի թիվ 1482/16 գրությամբ ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի ժ/պ Լուսինե Արզումանյանը հայտնել է, որ. «ի պատասխան թիվ ԵԿԴ/2705/02/13 քաղաքացիական գործով հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին Ձեր 07.12.2016 թվականի որոշման հայտնում եմ, որ Կարինե Հակոբյանի վերաբերյալ տրամադրված քաղաքացիական գործում բացակայում են հանգուցյալի հոգեկան վիճակի մասին տեղեկությունները, նկարագրությունները, եզրակացությունները, ախտորոշումները: Քանի որ հիշյալ փորձաքննությունը պետք է անցկացվի փաստաթղթային կարգով, իսկ մասնագիտական բուժփաստաթղթերը /հոգեբուժական կաբինետից ամբուլատոր քարտ, հոգեկան հիվանդության և/կամ դրա բացակայության մասին վկայող հիվանդության պատմագրեր, հոգեբուժական վկայարկումներ, հոգեբուժական փորձաքննությունների ենթարկման, մասնագիտական հանձնաժողովային զննումների վերաբերյալ փաստաթղթեր/ Ձեր կողմից տրամադրված նյութերում առկա չեն, ուստի հիշյալ համալիր փորձաքննության դատահոգեբուժական մասն իրականացնելն անհնար է» (հատոր 5-րդ գ.թ. 16).

9. Դատարանը 15.05.2017 թվականի որոշմամբ նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին փորձագետներին և առաջադրվել է հետևյալ հարցերը. 1) արդյո՞ք Կարինե Հակոբյանը կենդանության օրոք որևէ հիվանդությամբ տառապել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ է տառապել և երբվանից, 2) արդյո՞ք այդ հիվանդությունը զրկել է Կարինե Հակոբյանին իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ընդունակություններից, 3) արդյո՞ք Կարինե Հակոբյանը գործարքի կատարման պահին 18.11.2008 թվականին տառապել է որևէ հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է անձին իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու դրանք, 4) արդյո՞ք կեխեսիա հիվանդությունը կարող է զրկել անձին գիտակցել և/կամ ղեկավարել իր գործողությունները, 5) արդյո՞ք «ագոնալ վիճակ»-ը անձին կարող է զրկել իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ունակությունից, եթե այո, ապա 6) արդյո՞ք Կարինե Հակոբյանը գործարքի կատարման պահին` 18.11.2008 թվականին գտնվել է «ագոնալ վիճակ»-ում, որը զրկել է վերջինիս իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ունակությունից (հատոր 5-րդ գ.թ. 70-71).

10. 30.05.2017 թվականին թիվ 578/17 գրությամբ ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի ժ/պ Լուսինե Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ` Ա. Ռ. Հակոբյանը և Գ. Ռ. Վարդազարյանը հայտնել են, որ «Ի պատասխան թիվ ԵԿԴ/2705/02/13 քաղաքացիական գործով դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հետմահու փորձաքննություն նշանակելու մասին Ձեր 15.05.2017 թվականի որոշման հայտնում ենք, որ հիշյալ որոշման մեջ պարզաբանման համար առաջադրված հարցերում բացակայում են հոգեբան-փորձագետի իրավասության մեջ մտնող հարցերը: Բացի այդ, ՀՀ ԱՆ կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական միջգերատեսչական հանձնաժողովի կազմում հոգեբան-փորձագետ ընդգրկված չէ, և այն իրավասու չէ կատարել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություններ:

Ագոնալ վիճակը մահվանն անմիջապես նախորդող վիճակն է, որի ժամանակ իսպառ բացակայում են գիտակցության որևէ էլեմենտները, հետևաբար, անձն ի վիճակի չէ այդ վիճակում որևէ գործողություն կատարել, առավել ևս գործարք կնքել:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվելուց հետո, թե արդյոք Կարինե Հակոբյանը գործարքը կատարելու ժամանակահատվածում ունեցել է կախեքսիա, ունենալու դեպքում ինչ աստիճանի և ինչ ծագման` հոգեբույժ-փորձագետը կարող է եզրահանգումներ կատարել, թե արդյոք գործարքի կատարման պահին Կ. Հակոբյանը կարող էր իր գործողությունները գիտակցել և/կամ ղեկավարել դրանք» (հատոր 5-րդ գ.թ. 80).

11. Դատարանի 14.06.2017 թվականի որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է (հատոր 5-րդ, գ.թ. 82-84).

12. Դատարանի 20.09.2017 թվականի որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքննության (հատոր 6-րդ, գ.թ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դատարանի կողմից առաջադրված բոլոր հարցերի հիմնավորված պատասխանները չպարունակելու պայմաններում փորձագետի եզրակացությունը կարող է համարվել բավարար ապացույց, որի հիման վրա դատարանը կարող է գնահատական տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերին:

i

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

i

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

i

Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

i

Նախկին օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն:

i

Նախկին օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակել լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, նաև որ նման սխալից խուսափելու նպատակով դատարանը պետք է ակտիվորեն օգտագործի իր դատավարական լիազորությունները` գործով լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասով: Մասնավորապես` Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լրացուցիչ փորձաքննության նշանակումը, թեև դատարանի բացառիկ լիազորությունն է, սակայն դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել և երաշխավորել նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմանը հանգելու պարտականության լիարժեք իրականացումը: Հակառակ դեպքում` փորձաքննություն նշանակելու հիմքով մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը գործի վարույթի կասեցումն ըստ էության կկրի ձևական բնույթ և չի ծառայի իր նպատակին: Արդյունքում նման իրավիճակը կարող է հանգեցնել անձի` ողջամիտ ժամկետում իր գործի քննության սահմանադրորեն երաշխավորված իրավունքի խախտմանը (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները, գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը գործի նոր քննության ընթացքում ի կատարումը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2016 թվականի որոշմամբ գործի նոր քննության ծավալում նշել էր «պարզելու թե կտակարար Կարինե Հակոբյանը տառապելով կախեքսիա հիվանդությամբ, գործարքի կնքման պահին ընդունակ է եղել արդյոք հասկանալու վիճելի գործարքի կնքմանն ուղղված իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք», նշանակել է թվով երկու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություններ:

Այսպես` Դատարանի 07.12.2016 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին, և փորձագետներին առաջադրվել է հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք Կարինե Հակոբյանը կենդանության օրոք որևէ հիվանդությամբ տառապել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ է տառապել և երբվանից,

2) արդյո՞ք այդ հիվանդությունը զրկել է Կարինե Հակոբյանին իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ընդունակություններից,

3) արդյո՞ք Կարինե Հակոբյանը 18.11.2008 թվականի դրությամբ տառապել է հոգեկան հիվանդությամբ թե ոչ:

ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը 21.12.2016 թվականին թիվ 1482/16 գրությամբ հայտնել է Դատարանին, որ Կարինե Հակոբյանի վերաբերյալ տրամադրված քաղաքացիական գործում բացակայում են հանգուցյալի հոգեկան վիճակի մասին տեղեկությունները, նկարագրությունները, եզրակացությունները, ախտորոշումները: Քանի որ հիշյալ փորձաքննությունը պետք է անցկացվի փաստաթղթային կարգով, իսկ մասնագիտական բուժփաստաթղթեր (հոգեբուժական կաբինետից ամբուլատոր քարտ, հոգեկան հիվանդության և/կամ դրա բացակայության մասին վկայող հիվանդության պատմագրեր, հոգեբուժական վկայարկումներ, հոգեբուժական փորձաքննությունների ենթարկման, մասնագիտական հանձնաժողովային զննումների վերաբերյալ փաստաթղթեր) տրամադրված նյութերում առկա չեն, ուստի հիշյալ համալիր փորձաքննության դատահոգեբուժական մասն իրականացնելն անհնար է:

Դատարանի 15.05.2017 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին, և փորձագետներին առաջադրվել է հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք Կարինե Հակոբյանը կենդանության օրոք որևէ հիվանդությամբ տառապել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ է տառապել և երբվանից,

2) արդյո՞ք այդ հիվանդությունը զրկել է Կարինե Հակոբյանին իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ընդունակություններից,

3) արդյո՞ք Կարինե Հակոբյանը գործարքի կատարման պահին 18.11.2008 թվականին տառապել է որևէ հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է անձին իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու դրանք,

4) արդյո՞ք կեխեսիա հիվանդությունը կարող է զրկել անձին գիտակցել և/կամ ղեկավարել իր գործողությունները,

5) արդյո՞ք «ագոնալ վիճակ»-ը անձին կարող է զրկել իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ունակությունից, եթե այո, ապա

6) արդյո՞ք Կարինե Հակոբյանը գործարքի կատարման պահին` 18.11.2008 թվականին գտնվել է «ագոնալ վիճակ»-ում, որը զրկել է վերջինիս իր գործողությունները գիտակցելու և/կամ ղեկավարելու ունակությունից:

Ի պատասխան Դատարանի 15.05.2017 թվականի որոշման ՀՀ ԱՆ կից «Միջգերատեսչական ամբուլատոր» դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի ժ/պ Լուսինե Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ` Ա. Ռ. Հակոբյանը և Գ. Ռ. Վարդազարյանը 30.05.2017 թվականին թիվ 578/17 գրությամբ հայտնել են, որ հիշյալ որոշման մեջ պարզաբանման համար առաջադրված հարցերում բացակայում են հոգեբան-փորձագետի իրավասության մեջ մտնող հարցերը: Բացի այդ, ՀՀ ԱՆ կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական միջգերատեսչական հանձնաժողովի կազմում հոգեբան-փորձագետ ընդգրկված չէ, և այն իրավասու չէ կատարել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություններ:

Ագոնալ վիճակը մահվանն անմիջապես նախորդող վիճակն է, որի ժամանակ իսպառ բացակայում են գիտակցության որևէ էլեմենտները, հետևաբար, անձն ի վիճակի չէ այդ վիճակում որևէ գործողություն կատարել, առավել ևս գործարք կնքել: Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվելուց հետո, թե արդյոք Կարինե Հակոբյանը գործարքը կատարելու ժամանակահատվածում ունեցել է կախեքսիա, ունենալու դեպքում ինչ աստիճանի և ինչ ծագման` հոգեբույժ-փորձագետը կարող է եզրահանգումներ կատարել, թե արդյոք գործարքի կատարմանը պահին Կարինե Հակոբյանը կարող էր իր գործողությունները գիտակցել և/կամ ղեկավարել դրանք:

Դատարանը սկզբնական հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով ապացուցված չէ փաստական հանգամանքն առ այն, որ հանգուցյալ Կարինե Հակոբյանը վիճելի գործարքի կնքման պահին` 18.11.2008 թվականին, ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, որպիսի փաստերի ապացուցման բացասական հետևանքների ռիսկը պետք է կրի հայցվոր կողմը` հիմք ընդունելով Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասը, ուստիև սկզբնական հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը մերժել է Էլվիրա Ստեփանովայի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հետ:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործի փաստերին և վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, իր իսկ կայացրած որոշմամբ նշանակելով փորձաքննություն և այդ նպատակից ելնելով փորձագետներին պարզաբանման համար առաջադրելով որոշակի հարցեր, փորձաքննության արդյունքների նկատմամբ չի եղել հետևողական, որն ազդել է գործի ելքի վրա, քանի որ քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանված չլինելու պայմաններում սույն գործով հնարավոր չէ պարզել գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Տվյալ դեպքում փորձագետի կողմից փորձաքննության չիրականացումը և փորձագիտական եզրակացության չտրամադրումը պայմանավորված է եղել Դատարանի կողմից փորձագետ ճանաչված անձին փորձաքննության իրականացման համար ելակետային տվյալների ոչ բավարար տրամադրման հետ, որպիսի հանգամանքը չէր բացառում Դատարանի կողմից լրացուցիչ ելակետային տվյալների տրամադրելը կամ փորձաքննության իրականացումն այլ անձի կամ կազմակերպության հանձնարարելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետի կողմից փորձագիտական եզրակացություն չտրամադրելու պայմաններում Դատարանը կարող էր ավարտել գործի վարույթը միայն այն դեպքում, երբ անհնարին էր փորձագետին անհրաժեշտ ելակետային տվյալների տրամադրումը կամ չկային համապատասխան փորձագետներ:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը, վերսկսելով գործի վարույթը, հետամուտ չի եղել համոզվելու, թե արդյոք փորձագետին անհրաժեշտ տվյալները հնարավոր է տրամադրել, թե՛ ոչ, կամ առկա տվյալներով այլ փորձագետ կարող է տալ փորձագիտական եզրակացություն, թե՛ ոչ, ու այդ պայմաններում ավարտել է գործի քննությունը` գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները որոշելով թերի ապացույցներով, որպիսի հանգամանքներն էլ անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու վերը նշված հանգամանքները պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵԿԴ/2705/02/13
Որոշում