Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ԵՎ 371-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԿԴ/0848/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0848/02/18    2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գրիշա Գրիգորյանի հայցի ընդդեմ Ծովինար Մաթևոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Գրիշա Գրիգորյանը պահանջել է Ծովինար Մաթևոսյանից բռնագանձել 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 10.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 12.12.2017 թվականից, 15.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 28.12.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.08.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 371-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է Ծովինար Մաթևոսյանի դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության իրավունքները:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերաքննիչ բողոքն ստորագրված է, նշել է, որ բողոքը ներկայացնելիս չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և փոփոխել այն` կայացնել որոշում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի և 371-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը` գործին կցելով դրանց պատճենները: Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու վերաքննիչ դատարան:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Ի հավելումն վերը նշվածին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը` խախտումները վերացնելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու մատնանշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնել դատարան: Ընդ որում, օրենսդիրը, վերաքննիչ վարույթում սահմանելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաքննիչ դատարանի լիազորությունը, միաժամանակ նախատեսել է պարտականություն` բողոք բերած անձին ուղարկելու վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից բողոք բերած անձին պետք է ուղարկվեն միայն վերը նշված փաստաթղթերի բնօրինակները` գործին կցելով դրանց պատճենները: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է վերաքննիչ վարույթի առանձնահատկությամբ: Վերաքննության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից է` վերաքննիչ վարույթի հարուցման փուլը, ինչն իր մեջ ներառում է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուն ուղղված դատավարական գործողությունների ամբողջությունը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում վերաքննության վարույթն այդպես էլ չի հարուցվում, ինչն իր հերթին պահանջում է վերաքննիչ բողոքարկման իրավունքից օգտված անձին վերադարձնելու այն բոլոր փաստաթղթերի բնօրինակները, որոնք անհրաժեշտ են նրան հետագայում` օրենքով սահմանված ժամկետում և կարգով իր բողոքարկման իրավունքը կրկին իրացնելու համար:

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել վերը նշված օրենսդրական պահանջը, դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները (տե՛ս, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ընդդեմ Սարգիս Նաջարյանի և Սևակ Տոնոյանի թիվ ԱՐԴ/2077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.12.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչը Դատարանի 29.05.2019 թվականի վճռի դեմ փոստային ծառայության միջոցով 26.07.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-18):

Վերաքննիչ դատարանի 29.08.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացուցիչը չի ներկայացրել պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, ինչպես նաև` պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն: Վերաքննիչ դատարանի կողմից սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 20-22):

Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչը փոստային ծառայության միջոցով սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` մասնավորապես ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից բողոք բերած անձի ներկայացուցիչը ներկայացրել է նաև «Պետական տուրքի վճարման պարտավորությունը տարաժամկետելու և այն վերջնական դատական ակտով լուծելու մասին» միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 30-38, 63):

Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «20.09.2019 թվականին մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից 20.09.2019 թվականին կազմվել է համապատասխան ակտ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ բողոքը վերադարձնելուց հետո կողմը այն ներկայացնում է պատճենի տեսքով, բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 29.08.2019 որոշմամբ բողոք բերող անձին տեղեկացվել է կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու պարտականության մասին, որի պարագայում պետք է պահպանված լինեն վերաքննիչ բողոքին ներկայացվող բոլոր պահանջները»: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման այն հիմնավորմամբ, որ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից Դատարանի 29.05.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 29.08.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացրած անձին ուղարկվել է վերաքննիչ բողոքի պատճենը, իսկ գործին կցվել է այդ փաստաթղթի բնօրինակը (հատոր 2-րդ, գ.թ. 3-6): Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից Դատարանի 29.05.2019 թվականի վճռի դեմ կրկին սահմանված ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատճենը (հատոր 2-րդ, գ.թ. 30-37):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, այն է` 29.08.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձին չի ուղարկել դրա բնօրինակը, այն պահել է գործում` բողոք բերած անձին ուղարկելով դրա պատճենը:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները` կապված նաև բողոքի վրա առկա ստորագրությունը պատճենի ձևով լինելու հիմքով այն չստորագրված համարվելու հետ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր պարտականությունը չկատարելու հետևանքով Ծովինար Մաթևոսյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԿԴ/0848/02/18 քաղաքացիական գործով 22.05.2020

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ Գրիշա Գրիգորյանի հայցի ընդդեմ Ծովինար Մաթևոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, 2020 թվականի մայիսի 22-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս և Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 22.05.2020 թվականին թիվ ԿԴ/0848/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Դիմելով դատարան` Գրիշա Գրիգորյանը պահանջել է Ծովինար Մաթևոսյանից բռնագանձել 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 10.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 12.12.2017 թվականից, 15.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 28.12.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.08.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 371-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է Ծովինար Մաթևոսյանի դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության իրավունքները:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերաքննիչ բողոքն ստորագրված է, նշել է, որ բողոքը ներկայացնելիս չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և փոփոխել այն` կայացնել որոշում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչը Դատարանի 29.05.2019 թվականի վճռի դեմ փոստային ծառայության միջոցով 26.07.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-18):

Վերաքննիչ դատարանի 29.08.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացուցիչը չի ներկայացրել պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, ինչպես նաև` պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն: Վերաքննիչ դատարանի կողմից սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 20-22):

Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցիչը փոստային ծառայության միջոցով սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` մասնավորապես ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից բողոք բերած անձի ներկայացուցիչը ներկայացրել է նաև «Պետական տուրքի վճարման պարտավորությունը տարաժամկետելու և այն վերջնական դատական ակտով լուծելու մասին» միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 30-38, 63):

Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի որոշմամբ Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «20.09.2019 թվականին մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից 20.09.2019 թվականին կազմվել է համապատասխան ակտ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ բողոքը վերադարձնելուց հետո կողմը այն ներկայացնում է պատճենի տեսքով, բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 29.08.2019 որոշմամբ բողոք բերող անձին տեղեկացվել է կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու պարտականության մասին, որի պարագայում պետք է պահպանված լինեն վերաքննիչ բողոքին ներկայացվող բոլոր պահանջները»: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման այն հիմնավորմամբ, որ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից Դատարանի 29.05.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 29.08.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացրած անձին ուղարկվել է վերաքննիչ բողոքի պատճենը, իսկ գործին կցվել է այդ փաստաթղթի բնօրինակը (հատոր 2-րդ, գ.թ. 3-6): Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից Դատարանի 29.05.2019 թվականի վճռի դեմ կրկին սահմանված ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատճենը (հատոր 2-րդ, գ.թ. 30-37):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, այն է` 29.08.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Ծովինար Մաթևոսյանի ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձին չի ուղարկել դրա բնօրինակը, այն պահել է գործում` բողոք բերած անձին ուղարկելով դրա պատճենը:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները` կապված նաև բողոքի վրա առկա ստորագրությունը պատճենի ձևով լինելու հիմքով այն չստորագրված համարվելու հետ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր պարտականությունը չկատարելու հետևանքով Ծովինար Մաթևոսյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չենք, գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ 20.09.2019 թվականին մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից 20.09.2019 թվականին կազմվել է համապատասխան ակտ:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման այն հիմնավորմամբ, որ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է):

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել բողոք բերած անձի պատճառաբանությունները այն մասին, որ վերաքննիչ բողոքը պատճենի ձևով ներկայացնելը պայմանավորված է եղել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտավորությունը չկատարելու հետևանքով:

Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, ինչի հետևանքով բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքը բնօրինակի ձևով կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թերությունները շտկված նոր բողոքը ներկայացվել է պատճենի ձևով` չի ստորագրվել, Վերաքննիչ դատարանի կողմից սկզբնական բողոքի ու կից փաստաթղթերի բնագրերը չվերադարձնելու պատճառով, բավարար հիմքեր չեն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու համար, քանի որ թերությունները շտկված նոր վերաքննիչ բողոքը ստորագրելու համար և օրենքի պահանջին համապատասխան ստորագրված բողոքը Վերաքննիչ դատարան կրկին ներկայացնելու համար չի կարող էական լինել վերաքննիչ դատարանի կողմից վերադարձված բողոքի բնօրինակի գտնվելու վայրը:

Այլ հարց կարող էր լինել, եթե Վերաքննիչ դատարանը բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները չվերադարձնելով, կրկին ներկայացված բողոքը վերադարձներ, որպես թերություն նշելով դրանց բնօրինակների բացակայությունը, ինչը չենք կարող ասել բողոքը չստորագրելու դեպքում:

Վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձի ստորագրության պատճենի ձևով ներկայացնելը (չստորագրելը) թույլ չի տալիս դատարանին եզրահանգելու դատական ակտի դատավարական կողմի բողոքարկելու դատավարական իրավունքն իրացնելու հստակ ցանկության մասին, որն իրականացվում է բացառապես բողոքը ստորագրելով (այդ թվում նաև օրենքով թույլատրելի էլեկտրոնային ձևով): Ինչ վերաբերում է որոշման մեջ հիշատակված թիվ ԱՐԴ/2077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը, ապա պետք է նշել, որ տվյալ գործով գնահատվել է Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումները չպահպանելու բացասական հետևանքները, մինչդեռ սույն գործով իրավական հարցը վերաբերում է բացառապես բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքը չստորագրելու իրավական հետևանքներին: Այսինքն, ինչպես վերը նշված քաղաքացիական գործով, այնպես էլ սույն գործով պարզվել է վերաքննչի բողոքը պատճենի ձևով (չստորագրված) ներկայացնելու պատճառը:

Մինչդեռ վերաքննիչ բողոքը չստորագրելու պատճառը հարգելի կամ անհարգելի դիտելու իրավական ռեժիմ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ԱՐԴ/2077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը չի վերաբերվում բողոք բերող անձի կողմից վերաքննիչ բողոքը չստորագրելու իրավական հետևանքներին, ուստի նշված որոշումը չէր կարող վկայակոչվել:

Հետևաբար` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.05.2020
N ԿԴ/0848/02/18
Որոշում