Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ԵՎ 368-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ՍԴ2/0037/04/16

    Սնանկության գործ թիվ ՍԴ2/0037/04/16    2020 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյան) 03.05.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյան) 17.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը` ըստ համապատասխան առաջնահերթության և ապահովվածության:

i

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 15.05.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումը` պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսվող հերթում ընդգրկելու մասին, բավարարվել է մասնակիորեն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումը` պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասով, մերժվել է, իսկ դատական ծախսի պահանջը` 500.000 ՀՀ դրամի չափով, ընդգրկվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին համապատասխանող հերթում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2018 թվականի որոշմամբ Դատարանի «Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին» 15.05.2018 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անունից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է` վերացվել է Վերաքննիչ դատարանի 09.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Վերաքննիչ դատարանի 01.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի «Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին» 15.05.2018 թվականի որոշման դեմ Կոմիտեի անունից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է և այն վերականգնվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի «Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին» 15.05.2018 թվականի որոշման դեմ Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը, 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս դրան կցվել է Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը` վավերացված Կոմիտեի գլխավոր քարտուղար Է. Գևորգյանի կողմից և կնքված Կոմիտեի կնիքի բնօրինակով: Ընդ որում, վերջինս ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության» համաձայն` իրավասու է կնքելու Կոմիտեի նախագահի հրամանները:

Վերաքննիչ դատարանը լիազորագրի վրա առկա վերը նշված գրառումների ու բնօրինակ կնիքների առկայության պայմաններում հաստատված չի համարել Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորությունները հավաստված լինելու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի, 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ Կոմիտեի կողմից տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները` այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

i

Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից լիազորագիր հասարակ գրավոր ձևով կարող է տրվել նրա ղեկավարի կամ վերջինիս տեղակալի (տվյալ դեպքում` Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի) կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գեթսեմանի այգի» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.02.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի «Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին» 15.05.2018 թվականի որոշման դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` դրան կցելով Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի պատճենը: Նշված հրամանը ստորագրված է եղել Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի կողմից, վավերացված է եղել Կոմիտեի կնիքով, վրան կատարված է եղել գրառում «Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետ` Ս. Մարտիրոսյան (ստորագրություն)», ինչպես նաև վավերացված է եղել Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կնիքով, որոնք ևս պատճենի տեսքով են եղել (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 28-36, 45-47):

Վերաքննիչ դատարանը 01.04.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Սնանկության գործի հավելվածում առկա են Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի պատճենները (հիմք` գործի հավելված, հատոր 2, թերթ 45-47, 90-92), որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ 25.06.2018 թվականին Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է դրա լիազորությունը չունեցող անձ, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման: Այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ վերոնշյալ հրամանի պատճենների վրա առկա են քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող, «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքներ, որպիսի պայմաններում հրամանի պատճենները չեն կարող գնահատվել նաև որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի` Կոմիտեի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը կամ Կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ»:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ գործում առկա հրամանի պատճենները Կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույցներ գնահատվել չեն կարող: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է եռօրյա ժամկետ` բողոքում թույլ տրված այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 2-5):

Կոմիտեի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` բողոքին կցելով Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը` վավերացված Կոմիտեի` բնօրինակ կնիքով: Նշված հրամանը ստորագրված է Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի կողմից և վրան կատարված է նաև ձեռագիր գրառում «Իսկականի հետ ճիշտ է, ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղար Է. Գևորգյան (ստորագրություն)», ինչպես նաև այն վավերացված է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կնիքով, որը պատճենի տեսքով է (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 39-41):

i

Վերաքննիչ դատարանը, 19.04.2019 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրելով, որ մատնանշված խախտումը վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի վերացվել: Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելիս մասնավորապես նշել է, որ «ներկայացված վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Բողոքին կից ներկայացվել է Կոմիտեի գլխավոր քարտուղար Է. Գևորգյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքով կնքված Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է, իսկ պատճենի համապատասխանությունը բնօրինակին կատարված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կանոնների խախտմամբ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ 12.04.2019 թվականին Կոմիտեի անունից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է դրա լիազորությունը չունեցող անձը» (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 48-50):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության»` «Կոմիտեի կառավարումը և ղեկավարումը» վերտառությամբ 4-րդ բաժնի 17-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի ղեկավարը` իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր, իսկ նույն կետի 14-րդ ենթակետի համաձայն` իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և ընդունում որոշումներ, տալիս է հանձնարարականներ, ցուցումներ: Նույն բաժնի 24-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն` գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև և (կամ) կոմիտեի ղեկավարի, և (կամ) կոմիտեի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Վերը նշվածից հետևում է, որ Կոմիտեի կանոնադրությամբ նույնպես Կոմիտեի ղեկավարին (տվյալ դեպքում` նախագահին) է վերապահված առանց լիազորագրի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը, ինչպես նաև լիազորագրեր տալը, այդ թվում` վերալիազորման իրավունքով: Միաժամանակ նույն կանոնադրությամբ Կոմիտեի գլխավոր քարտուղարին իրավունք է վերապահվել կնքելու Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում` նախագահի) կամ նրա տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան օրենքով այլ բան է սահմանված:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրած անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի, լիազորությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի և Կոմիտեի կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի ղեկավարին (տվյալ դեպքում` նախագահին), որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ` տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի ղեկավարի, ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ: Ավելին` լիազորագիրը պետք է նշում պարունակի ներկայացուցչին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված հատուկ լիազորությունների (տվյալ դեպքում` դատական ակտը բողոքարկելու լիազորության) վերապահման մասին:

Քննարկվող պարագայում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի նախագահը 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանով` օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ վարչապետի վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Նշված լիազորագիրն ստորագրված է Կոմիտեի նախագահի կողմից: Ավելին` այդ լիազորագրի վրա առկա են Կոմիտեի բնօրինակ կնիքները: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, ինչպես նաև լիազորագրի 6-րդ կետում նշված է, որ (...) հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով (...) (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 39-41):

Կոմիտեի անունից վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 12.04.2019 թվականին (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 47):

Գործում առկա` Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 39-41) ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագրի (հրամանի) յուրաքանչյուր էջի վրա առկա է Կոմիտեի բնօրինակ կնիքը, որպիսի հանգամանքը վիճարկված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի անունից տրված լիազորագիրը ներկայացվել է բնօրինակով: Բացի այդ, լիազորագիրը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին: Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրվել է դրա իրավասությունն ունեցող անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նույն լիազորագրի պատճենը, որը բովանդակում է նաև Կոմիտեի գլխավոր քարտուղար Է. Գևորգյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, գտնում է, որ գործում առկա նույն լիազորագրի բնօրինակի առկայության պայմաններում Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը լուծելու համար Վերաքննիչ դատարանի այդ փաստարկն էական նշանակություն ունենալ չի կարող:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է մերժել Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 15.05.2018 թվականի «Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2020
N ՍԴ2/0037/04/16
Որոշում