Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/12139/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/12139/05/18       2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 08-ին

քննելով ըստ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության հայցի ընդդեմ Ավետիք Միքայելյանի ու Յուրիկ Ավագյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության (այսուհետ` նաև Կազմակերպություն) ներկայացուցիչներ Գենյա Պետրոսյանի, Երանուհի Թումանյանցի և Դավիթ Գյուրջյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունը և Կազմակերպությունը պահանջել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածով Համապատասխանողներին ենթարկել վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության կողմից ներկայացված մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է, իսկ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված մասով հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցիչների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.12.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը` հայցադիմումի ընդունումը մասով մերժելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 6-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 214-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը որպես առանձին զանցանքներով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումով ՀՀ վարչական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտ սահմանել է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին. օրենսդրի կողմից որևէ վերապահում կամ սահմանափակում չի նախատեսվել ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպության համար հիմք հանդիսացած տեղեկատվության աղբյուրի վերաբերյալ: Այսինքն` անկախ այն հանգամանքից, թե հայցադիմումի համար հիմք հանդիսացած փաստն արձանագրվել է անմիջականորեն հայցվոր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության դիտորդի, թե այլ կազմակերպության դիտորդի կողմից, թե միանգամայն այլ տեղեկատվության աղբյուրի միջոցով` ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունն իրավասու է դիմելու ՀՀ վարչական դատարան` համապատասխան իրավախախտումը կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Տվյալ դեպքում Ազգային ժողովի 09.12.2018 թվականի արտահերթ ընտրությունների ընթացքում «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և Կազմակերպության կողմից հավատարմագրված դիտորդները, ինչպես նաև «www.asparez.am» և «Ասպարեզ» օրաթերթ լրատվամիջոցների ներկայացուցիչները «Ականատես» դիտորդական նախաձեռնության շրջանակներում դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում ընդգրկված մի շարք տեղամասերում, այդ թվում` թիվ 26/10 տեղամասում, իսկ հայցադիմումը ներկայացվել է Կազմակերպության և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության կողմից համատեղ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 18.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների` անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան դիմելու իրավունքի իրացման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական դատարանն իրավասու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել ընտրությունների ժամանակ նույն ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպության կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի կարգով ներկայացված` ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ այդ խախտումը դիտարկվել է նույն ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած այլ կազմակերպության դիտորդի կողմից:

i

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

i

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով (...):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 23.04.2010 թվականի թիվ ՍԴՈ-880 որոշմամբ արձանագրել է, որ «ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածի 2-րդ մասը սահմանում է ժողովրդի կողմից իրեն պատկանող իշխանության իրականացման ձևերը: Այսինքն` 2-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման առարկան 1-ին մասում հռչակված ժողովրդաիշխանության սկզբունքի կոնկրետացումն է դրա իրականացման ձևերի առնչությամբ:

Ընդ որում, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է`

ա) ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով,

բ) ինչպես նաև` Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սահմանադրության այս վերջին դրույթը սահմանում է, որ ներկայացուցչական հիմունքներով ժողովրդի իշխանությունն իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, որոնք պետք է նախատեսված լինեն Սահմանադրությամբ:

Ժողովրդաիշխանության սահմանադրական իմաստից, մասնավորապես, բխում են ժողովրդի հետևյալ հիմնական իրավունքները. 1) լինել գերագույն իշխանության աղբյուր և կրող, 2) ձևավորել իշխանության ներկայացուցչական մարմիններ, 3) պատվիրակել սեփական լիազորություններն իշխանության ներկայացուցչական մարմիններին, 4) ունենալ իր այդ իրավունքների սահմանադրորեն ամրագրված կարգավիճակ:

Ժողովուրդն իր իշխանությունը ներկայացուցչական մարմինների միջոցով իրականացնելու դեպքում իր կամքն արտահայտում է ոչ թե ուղղակիորեն, այլ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով (...), որոնց հանձնարարում է իր լիազորությունների իրականացումը որոշակի ժամկետով: Ներկայացուցչական մարմինները պետք է արտահայտեն ժողովրդի կամքը և շահերը, հաշվետու լինեն ժողովրդի, ընտրողների առջև»:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընտրությունները` որպես ժողովրդի իշխանության արտահայտման ուղղակի (անմիջական) ձև, ունեն կարևոր իրավական և քաղաքական նշանակություն: Դրանք ապահովում են ժողովրդի մասնակցությունը պետական գործերի կառավարմանը` ներկայացուցչական մարմինների ձևավորման միջոցով: Ժողովրդավարական պետությունում ընտրությունների դերը և նշանակությունը հաշվի առնելով` ՀՀ Սահմանադրությունը ոչ միայն հստակ սահմանել է, թե որ մարմիններն են ձևավորվում ընտրությունների միջոցով, այլև ամրագրել է այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում է ընտրական իրավունքի համակարգը: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Ժողովրդավարական ընտրությունների չափանիշներից է դրանց թափանցիկությունը, քանի որ միայն թափանցիկ ընտրությունները կարող են ապահովել ընտրական իրավունքի` վերը նշված սկզբունքների կիրառումը և արտահայտել ժողովրդի կամքը: Նշված չափանիշը, օրինակ, սահմանված է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» 07.10.2002 թվականի կոնվենցիայում, որը վավերացնելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է 28.02.2005 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընտրությունների թափանցիկությունը և հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանել է նաև դիտորդական առաքելության իրավունքը: Այսպես`

i

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիտորդական առաքելությունը ընտրությունների թափանցիկությունը և հրապարակայնությունն ապահովելու արդյունավետ միջոց է, որը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել ընտրությունների կազմակերպման և անցկացման նկատմամբ: Դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ի թիվս այլնի, կարող է նպաստել ընտրությունների ժամանակ օրինականության ապահովմանը, ապահովել ընտրական գործընթացի վերաբերյալ անկախ և անկողմնակալ տեսակետի տրամադրումը, կանխել ընտրախախտումները, խթանել ընտրական գործընթացի թափանցիկությունը և նպաստել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության աճին:

Օրենսդիրը դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումն ապահովելու համար սահմանել է մի շարք իրավական միջոցներ և երաշխիքներ` նախատեսված ինչպես «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, այնպես էլ այլ իրավական ակտերով: Այս համատեքստում օրենսդիրն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին նաև օժտել է օրենքով սահմանված դեպքերում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան դիմելու հնարավորությամբ: Այսպես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարող են դիմել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ` քարոզչության կողմը` նույն օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխում ներառված 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված անձանց հայցադիմումով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 246-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը (...) դատարաններում որոշվում է (...) նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանները քննում են նույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն` նույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածի համաձայն` ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ինչպես նաև այդ հոդվածների կարգավորման համատեքստից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթի համար սահմանել է որոշակի կարգ, որի համաձայն` այդ գործերը քննելու իրավասությունը վերապահել է ՀՀ վարչական դատարանին, իսկ այդ գործերը հարուցելու նպատակով վարչական դատարան դիմելու` հայցադիմումներ ներկայացնելու իրավունք է վերապահել նաև այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմված լինելու հանգամանքից: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շարքում նախատեսելով նաև այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` օրենսդիրը վերջիններիս նշված իրավունքի իրացումը որևէ ձևով չի պայմանավորել համապատասխան վարչական իրավախախտումը հենց իրենց դիտորդի կողմից դիտարկված լինելու հանգամանքով: Ավելին, եթե օրենսդիրը նույն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի վարչական դատարան դիմելու իրավունք է վերապահել նույն մասում նշված հիմքերից որևէ մեկի պարտադիր առկայության պայմաններում, ապա 2.1-րդ մասով նախատեսված` ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների` դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայման է համարել միայն օրենքով նախատեսված դեպքը` կոնկրետ դեպքում օրենքով այդ սուբյեկտներին դատարան դիմելու իրավունքի վերապահումը (տվյալ դեպքում նման հնարավորություն նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 6-րդ կետով): Այսինքն` ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների` անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան դիմելու իրավունքը ծագում է այդ ընտրությունների ժամանակ հայցվոր կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացվելու փաստի ուժով, իսկ համապատասխան խախտումը հենց հայցվոր հասարակական կազմակերպության դիտորդի կողմից դիտարկված լինելը այդ կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի իրացման պայման չէ:

Վերը նշված եզրահանգումը բխում է նաև ժողովրդավարական հասարակությունում ընտրությունների ժամանակ իրականացվող դիտորդական առաքելության դերից և նշանակությունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված իրենց իրավունքն իրացնում են ընտրությունների ժամանակ իրենց առջև դրված խնդիրները (օրինակ` ընտրությունների ժամանակ օրինականության ապահովմանը նպաստելը, ընտրախախտումները կանխելը, ընտրական գործընթացի թափանցիկությունը խթանելը) իրականացնելու շրջանակներում, ուստի պետք է հնարավորություն ունենան օրենքով սահմանված ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունների տիրապետելու դեպքում համապատասխան իրավախախտումը կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել դատարան` անկախ այն հանգամանքից, թե որն է (ով է) այդ ընտրախախտման վերաբերյալ հայցվորի տեղեկատվության աղբյուրը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն գործի փաստերը, արձանագրում է, որ ընտրությունների ժամանակ նույն ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունն ունի ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան դիմելու իրավունք` անկախ այն հանգամանքից, թե այդ խախտումը դիտարկվել է հենց հայցվոր հասարակական կազմակերպության դիտորդի, թե` նույն ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած այլ կազմակերպության դիտորդի կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն` 09.12.2018 թվականին տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Այդ ընտրություններին որպես տեղական հասարակական կազմակերպություններ` դիտորդական առաքելություն են իրականացրել նաև «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունը և Կազմակերպությունը: 09.12.2018 թվականին ժամը 13.21-ին թիվ 26/10 տեղամասում գրանցվել է միջադեպ` «քվեարկողը քվեախցիկից դուրս է քվեարկել` բացահայտ: (...) Հանձնաժողովի նախագահը հրաժարվեց գրանցել գրանցամատյանում (...)»: Միջադեպի վերաբերյալ ձևաթուղթը լրացվել է Նելլի Ղուլյանի կողմից, իսկ որպես այլ անձի տվյալներ նշվել են Հասմիկ Ռաֆայելյանի տվյալները (հավելված, գ.թ. 20, 21):

Դիմելով դատարան` «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունը և Կազմակերպությունը պահանջել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածով Համապատասխանողներին ենթարկել վարչական պատասխանատվության:

Հայցադիմումով «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունը և Կազմակերպությունը հայտնել են, որ «Հասմիկ Ռաֆայելյանը 09.12.2018 թվականին գտնվել է թիվ 26/10 տեղամասում` որպես «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդ: Վերջինը դիտարկել է հետևյալ խախտումները (...): Դիտորդը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիք Միքայելյանին և տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Յուրիկ Ավագյանին խնդրել է խախտումը գրանցել գրանցամատյանում, սակայն վերջինները հրաժարվել են խախտումը գրանցել (...)»:

i

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 19.12.2018 թվականին նաև որոշում է կայացրել Կազմակերպության կողմից ներկայացված մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին այն պատճառաբանությամբ, որ «(...) պահանջի հիմքում դրված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Հասմիկ Ռաֆայելյանի կողմից դիտարկված խախտումը, որպիսի պայմաններում (...) հայցադիմումը` «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված պահանջի մասով, ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից»:

Վերաքննիչ դատարանի 18.02.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցիչների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանություններով, որ «(...) ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ` քարոզչության կողմը, հայցելով վարչական արդարադատություն, պետք է հիմնավորի գործով իր շահագրգիռ անձ լինելը», «(...) Ավետիք Միքայելյանին և Յուրիկ Ավագյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմքում դրված է Հասմիկ Ռաֆայելյանի կողմից դիտարկված խախտումը, ով հանդիսանում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ: Ստացվում է, որ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացվել է Ավետիք Միքայելյանին և Յուրիկ Ավագյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցապահանջ այն պարագայում, երբ ենթադրյալ խախտման փաստն արձանագրվել է այլ կազմակերպության` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդի կողմից: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, որ «հայցադիմումը` «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված պահանջի մասով, ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից»:

Վերոգրյալ դիրքորոշումների ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

i

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ այդ հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար անհրաժեշտ պայման է, որ հայցադիմումը ներկայացված լինի դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից: Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն: Այսինքն` սույն իրավական նորմում տեղ գտած կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ իրավունք չունենալուն (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ 09.12.2018 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Կազմակերպությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա իրավունք ուներ դիմել դատարան` անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով` անկախ այն հանգամանքից, թե այդ խախտումը դիտարկվել է հենց իր դիտորդի, թե նույն ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդի կողմից: Ընդ որում, ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված իր իրավունքն իրացնում է դիտորդական առաքելության նպատակների շրջանակներում, ուստի այդ դատական գործով իր իրավական շահը հիմնավորելու լրացուցիչ պարտականություն չի կրում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցադիմումը` Կազմակերպության կողմից ներկայացված պահանջի մասով, չի կարող համարվել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված, հետևաբար այդ մասով հայցադիմումի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, Կազմակերպության կողմից ներկայացված պահանջի մասով մերժելով հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով Կազմակերպության ներկայացուցիչների բերած վերաքննիչ բողոքը, և Դատարանի 19.12.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը` հայցադիմումի ընդունումը մասով մերժելու մասով, թողնելով անփոփոխ, թույլ են տվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` Կազմակերպությանը զրկել են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված` անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքից, որը տվյալ դեպքում դրսևորվել է դատական ակտը կայացնելիս, մի դեպքում, վերը նշված դատավարական իրավունքի նորմերը խախտելու, իսկ, մյուս դեպքում, դրանք սխալ կիրառելու եղանակով` խաթարելով արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 19.12.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման` «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.07.2020
N ՎԴ/12139/05/18
Որոշում