Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱ ...

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                   ԲԴԽ-39-Ո-Կ-10

27 հուլիսի 2020 թ.

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

i

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում սահմանելով «Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում»` օրենսդիրը հետապնդել է դատավորների անփոփոխելիության բաղադրիչի ներդրման նպատակը` այն ողջամիտ ընկալմամբ, որ երբ դատավորը թույլ է տալիս խախտումներ, որոնց հիմքում ընկած է իրավունքի կոնկրետ նորմի ոչ ճիշտ մեկնաբանումը և/կամ սխալ պրակտիկայի արմատավորմանը տանող անհատական որևէ մոտեցում, ապա դա համարվում է մեկ սխալ, քանի դեռ իրավասու մարմնի կողմից կայացված որոշմամբ չի արձանագրվել դատավորի` տվյալ մոտեցման սխալ լինելը և նա չի ենթարկվել այդ հիմքով կարգապահական պատասխանատվության: Եվ դատավորի կողմից մինչ այդ դրսևորած նույն վարքագիծը չի կարող գնահատվել որպես կրկին թույլ տրված սխալ, քանի որ դրանք հենված են եղել դատավորի միևնույն իրավագնահատողական վերաբերմունքի վրա` հատկապես, երբ խոսքը գնում է գնահատողական տիրույթում իրավասու մարմնի կողմից վարքագծի կանոնին տրված իրավական մեկնաբանության մասին:

i

Նշվածի տրամաբանությունը համահունչ է նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի, այն է` «էական կարգապահական խախտում է երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը» տրամաբանությանը, ինչը նշանակում է, որ որպեսզի դատավորի արարքը գնահատվի Օրենսգրքի իմաստով` որպես Էական կարգապահական խախտում, անհրաժեշտ է, որ նա այդ արարքը կատարած լինի երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունենալուց հետո:

i

Դատավորն իրավունք ունի իրավանորմերը մեկնաբանել և հանգամանքները գնահատել իր իրավական պատկերացումների և ներքին համոզմունքի հիման վրա: Այդ կապակցությամբ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է. «Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ»: Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանվում է. «Դատարանը գործը կամ հարցը քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան` գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ»:

Երբ դատարանը գործը կամ հարցը Սահմանադրությանը և օրենքին համապատասխան քննելիս և լուծելիս թույլ է տվել այնպիսի դրսևորումներ, որոնք հանգեցրել են կարգապահական պատասխանատվության, ապա կարգապահական պատասխանատվության նպատակը դատավորին օգնել-աջակցելն է` դրանից հետո վերանայելու իրավանորմերի մեկնաբանման և իր կողմից ձևավորած պրակտիկայի նկատմամբ անընդունելի մոտեցումները: Երբ ավելի վաղ թույլ տրված խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց հետո դատավորի նկատմամբ նույնանման արարքի համար և միևնույն հիմքով հարուցվում է կարգապահական վարույթ, աներկբա է, որ կասկածի տակ է առնվում նրա կողմից այլևս պատշաճ արդարադատություն իրականացնելու նրա ունակությունը, քանի որ կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց հետո, փաստորեն, դատավորը չի արել անհրաժեշտ հետևություններ: Բայց երբ որևէ հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելով դատավորն ունենում է կանխատեսելի վարքագիծ ցուցաբերելու հնարավորություն` վերանայելու իրավանորմերի մեկնաբանման և իր ձևավորած անընդունելի պրակտիկայի նկատմամբ մոտեցումները, և շարունակելու իրականացնել պատշաճ արդարադատություն, ապա որևէ այլ տրամաբանությամբ նրան այդպիսի հնարավորությունից զրկելը չի կարող համարվել արդարացված:

Եթե կարգապահական վարույթ է հարուցվում նախորդ կարգապահական վարույթի հիմքում ընկած խախտմանը նույնական` ավելի վաղ թույլ տրված խախտման հիմքով, դա նշանակում է` այդ կարգապահական վարույթն այլևս որևէ նպատակի չի ծառայելու, այսինքն` կարգապահական պատասխանատվության ենթարկելը դառնում է, ըստ էության, ինքնանպատակ:

Եթե մենք չենք շարժվում Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում ամրագրված դրույթն այսկերպ մեկնաբանելու ուղղությամբ, ապա այդքանով չենք ելնում դատավորների անկախությունը երաշխավորելու դիրքերից:

Վերոգրյալից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ձևավորված իրավական պրակտիկայով է հաղթահարվում կարգապահական վարույթին առնչվող օրենսդրական անորոշ ձևակերպումների հստակեցման արդյունքում դատավորի վարքագծի կանխատեսելիության ապահովումը, տարաբնույթ խախտումների, դրանց և դրանց որակյալ, այսինքն` կարգապահական պատասխանատվություն առաջացնող, հատկանիշների թույլատրելի հարաբերակցության սահմանների ամրագրումը:

Գտնում ենք, որ ցանկացած դեպքում, երբ դատավորի համար արարքի կատարման պահի դրությամբ կանխատեսելի չեն եղել արարքը` որպես կարգապահական խախտում գնահատելու հիմքի որակյալ հատկանիշների բովանդակային բաղադրիչները, ապա դատավորը նման արարքի համար չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այդ դեպքերը չեն կարող գնահատվել Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի իրավական կարգավորման տրամաբանությունից դուրս և կրկին նույն այդ կարգապահական խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հնարավորություն առաջացնել` ընդհուպ մինչև էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման ծայրահեղ ձևով:

Ի զարգացումն մեր դիրքորոշման` ցանկանում ենք նշել, որ եթե նույնիսկ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդված 6-րդ մասի 4-րդ կետի գործող խմբագրության պայմաններում չի բացառվում այն մեկնաբանությունը, որ հենց միայն նույն կարգապահական խախտման հիմքի առերևույթ առկայությունը բավարար է համապատասխան իրավական հետևանքի վրա հասնելու համար, այդուհանդերձ հարում ենք այն կարծիքին, որ «նույն կարգապահական խախտման հիմք» հասկացությունը պետք է ունենա անհատականացման հնարավորություն, ինչը կարող է ապահովվել հիմքի երկու բաղադրիչների` իրավական և փաստական ենթահիմքերի բովանդակային բացահայտման միջոցով, որոնց համակցությունն ուղղակիորեն հնարավորություն է տալու յուրաքանչյուր դեպքում նույնականացնելու կարգապահական խախտման հիմքերը: Իրավական ենթահիմքը դա իրավանորմերն են կամ դրանց համակցությունը, իսկ փաստական ենթահիմքը` կատարված արարքներն են կամ դրանց համակցությունը:

Քննարկվող դեպքում Դատավորի նկատմամբ հարուցված ներկա և նախորդ կարգապահական վարույթներով` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կարգապահական խախտման հիմքերը նույնն են իրենց թե՛ իրավական, և թե՛ փաստական ենթահիմքերով:

Երկու պարագայում էլ իրավական ենթահիմքերը նույնն են` Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով ամրագրված իրավանորմերը (համակցությամբ` Օրենսգրքի 69-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված իրավանորմերի).

1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Երկու պարագայում էլ փաստական ենթահիմքերը նույնն են` չպատճառաբանված որոշում կայացնելը և այն օրենքով սահմանված ժամկետում դատավարության կողմին չուղարկելը, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտումը:

Կրկին շեշտադրում ենք, որ ցանկացած այն դեպքում, երբ ձևավորված իրավակիրառական պրակտիկայով կանխատեսելի է դատավորի համար իր դրսևորած վարքագիծը, առիթն ստեղծվելու դեպքում, կարգապահական խախտում գնահատվելու անխուսափելիությունը, ապա որևէ խոսք գնալ չի կարող տվյալ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարուցված միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու համար` Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի կիրառմամբ, քանզի այդ նորմի` սույն Հատուկ կարծիքում բերված վերլուծության տրամաբանությունից դուրս ցանկացած մեկնաբանություն ողջամիտ չէ:

Վերոգրյալից ելնելով` գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա պետք է մերժեր Արդարադատության նախարարի միջնորդությունը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի անդամներ          Արմեն հայկյանց

                              Անի Մխիթարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
27.07.2020
N ԲԴԽ-39-Ո-Կ-10
Որոշում