Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 174-ՐԴ, 380-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵԷԴ/0007/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0007/01/17

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

Մ. Պապոյան

Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ս. Ավետիսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ` Մ. Մնացականյանի

 

մասնակցությամբ`  Ք. Մալխասյանի

ամբաստանյալ

 

    2019 թվականի սեպտեմբերի 18-ին              ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 11-ի որոշման դեմ Քնարիկ Բագրատի Մալխասյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մարտի 5-ի դատավճռով Քնարիկ Բագրատի Մալխասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ք. Մալխասյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

Նույն դատավճռով մեղավոր է ճանաչվել նաև Անաիդա Լյուդվիգի Շահնազարյանը:

2. Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի մայիսի 11-ի որոշմամբ 2018 թվականի ապրիլի 11-ին և մայիսի 3-ին Ա. Շահնազարյանի և վերջինիս պաշտպանների ներկայացրած` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունները բավարարվել են, բողոքներն ընդունվել են վարույթ և գործը նշանակվել է դատական քննության:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ 2018 թվականի հունիսի 6-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Ք. Մալխասյանը` միջնորդելով վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը: Վերջինիս վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ք. Մալխասյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ առանց քննության թողնելով ամբաստանյալ Ք. Մալխասյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Ք. Մալխասյանը, հարգելի պատճառներով Առաջին ատյանի Դատարանի 2018 թվականի մարտի 05-ի դատավճռի բողոքարկման համար սահմանված ժամկետը վերականգնելու համար միջնորդություն չի ներկայացրել Առաջին ատյանի Դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջ է: Այսինքն` ամբաստանյալի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական ընթացակարգը, հետևաբար Վերաքննիչ դատարանն այդ մասով իրավասու չէ քննարկել Ք. Մալխասյանի վերաքննիչ բողոքը և դրա արդյունքում կատարել եզրահանգումներ:

Այսպիսով Վերաքննիչ դատարանը նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ք. Մալխասյանը` մինչև 07.05.2018 թվականը, ունեցել է իր շահերին առնչվող Առաջին ատյանի Դատարանի 05.03.2018 թվականի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն, և չնայած դրան` վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետի խախտմամբ, այն է` 06.06.2018 թվականին, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամբաստանյալ Քնարիկ Բագրատի Մալխասյանի վերաքննիչ բողոքը` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, պետք է թողնել առանց քննության»:(1)

______________________________________

1. Տե՛ս հավելված, թերթեր 33-34:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

6. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ և 380.1-րդ հոդվածների պահանջները` կայացնելով անհիմն դատական ակտ:

7. Բողոքի հեղինակը նշել է, որ վերաքննիչ բողոքի հետ միասին ներկայացրել է նաև բողոք բերելու բացթողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդություն, որի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը դիրքորոշում չի հայտնել և արդյունքում կայացրել է բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վերականգնել վերաքննիչ բողոք բերելու բացթողնված ժամկետը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Ք. Մալխասյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի կողմից առանց քննության թողնելը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի մասի համաձայն` «2. Իր կողմից բաց թողնված ժամկետի վերականգնման համար դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները կամ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում են վարույթն իրականացնող մարմնին: (...):

3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից (...)»:

11. Նախորդ կետում վկայակոչված քրեադատավարական դրույթներից հետևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնի վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ: Անդրադառնալով կոնկրետ դեպքում Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման խնդրին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան ժամկետը վերականգնելու պահանջի իրացմանն ուղղված տարբեր իրավական ընթացակարգեր, երբ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը կարող է ներկայացվել կա՛մ վերաքննիչ, կա՛մ դատական ակտը կայացրած դատարան: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդությունը վերաքննիչ դատարան ներկայացնելու կանոնը գործում է, երբ դատավարության այլ մասնակիցների բողոքների հիման վրա գործն արդեն գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում: Մինչդեռ, վերաքննիչ դատարանի կողմից գործը վարույթ ընդունված չլինելու պայմաններում ենթակա է կիրառման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասը, որի դեպքում վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդությունը ենթակա է ներկայացման դատական ակտը կայացրած դատարան:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի դատավճռով դատապարտվել են Ք. Մալխասյանը և Ա. Շահնազարյանը,(2)

__________________________________

2. Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

 

- Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 11-ի որոշմամբ վերոնշյալ դատավճռի դեմ 2018 թվականի ապրիլի 11-ին և մայիսի 3-ին Ա. Շահնազարյանի և վերջինիս պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետ վերականգնելու մասին միջնորդությունները բավարարվել են, բողոքներն ընդունվել են վարույթ և նշանակվել դատական քննության,(3)

_________________________________

3. Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ 2018 թվականի հունիսի 6-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Ք. Մալխասյանը` միջնորդելով վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը,(4)

____________________________

4. Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ առանց քննարկելու Ք. Մալխասյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով, այն թողել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ Ք. Մալխասյանը դատավճռի բողոքարկման համար սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացրել Առաջին ատյանի դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջ է:(5)

___________________________

5. Տե՛ս սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասին և նշելով, որ Ք. Մալխասյանը վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացրել Առաջին ատյանի դատարան` հաշվի չի առել, որ տվյալ դեպքում ենթակա էր կիրառման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել այն հանգամանքը, որ Ա. Շահնազարյանի և վերջինիս պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա գործն արդեն իսկ գտնվում էր իր վարույթում, և նման պայմաններում Ք. Մալխասյանի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ենթակա էր ներկայացման ոչ թե դատական ակտը կայացրած, այլ Վերաքննիչ դատարան, ուստի և պետք է քննության առնվեր Վերաքննիչ դատարանի կողմից:

14. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավաչափ չէ Ք. Մալխասյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի կողմից առանց քննության թողնելը:

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի` հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի Ք. Մալխասյանի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Քնարիկ Բագրատի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                         Նախագահող`        Լ. Թադևոսյան

                         

                         Դատավորներ`       Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ԵԷԴ/0007/01/17
Որոշում