Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵԴ/0034/06/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0034/06/19

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

 

                         մասնակցությամբ    Հ. Ասատրյանի

                         դատավորներ`

                                           Ս. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ` Մ. Մնացականյանի

 

                         մասնակցությամբ    Վ. Դոլմազյանի

                         դատախազ`

 

    2019 թվականի սեպտեմբերի 18-ին              ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 62225318 քրեական գործը:

Նախաքննական մարմնի` 2019 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Արթուր Արամի Եգանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Ա. Եգանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ բավարարվել է Ա. Եգանյանի նկատմամբ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին մեղադրյալ Ա. Եգանյանի և նրա պաշտպան Հ. Սարգսյանի միջնորդությունը:

3. Վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ. Դոլմազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մարտի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հունվարի 26-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Արթուր Եգանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքների կատարման համար, որ «(...) Նա 2014 թվականի մարտի 26-ից ՀՀ ոստիկանության պետի N 940-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պետի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2015 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց կազմում նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը, իսկ վատնման եղանակով` իրեն վստահված խոշոր չափերով ուրիշի գույքը:

Այսպես.

Արթուր Եգանյանն ունենալով բաժնի ղեկավարման, բաժնին սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բաժնի անունով բացված բյուջետային և արտաբյուջետային հաշվարկների դրամական միջոցների տնօրինման լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, 2015 թվականի սկզբին բաժնի հաշվապահ Անահիտ Գասպարյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն` իրեն վստահված բաժնի ֆինանսական միջոցներից ինչպես իրենց, այնպես էլ բաժնի մի շարք աշխատակիցներին որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ առանց օրինական հիմքերի ավել գումարներ փոխանցելու, կանխիկացնելու և յուրացնելու շուրջ` այդ գումարներից Անահիտ Գասպարյանին մասնաբաժին հատկացնելու պայմանով: Ի կատարումն ձեռքբերված պայմանավորվածության` 2015 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Անահիտ Գասպարյանը բաժնի ֆինանսական միջոցներից իր, Արթուր Եգանյանի և բաժնի մի շարք աշխատակիցների բանկային քարտերի հաշիվներին առանց օրինական հիմքերի որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ ընդհանուր` 135.574.388 ՀՀ դրամի չափով ավել գումար է փոխանցել, որից հետո աշխատակիցներին հայտնելով, որ ավել գումարների փոխանցումը թյուրիմացության և տեխնիկական սխալմունքի արդյունք է, խնդրել է կանխիկացնել հիշյալ գումարները և վերադարձնել իրեն:

Հետագայում, ավել գումար ստացած բաժնի աշխատակիցների մի մասը Անահիտ Գասպարյանին առձեռն վերադարձրել են յուրաքանչյուր անգամ ավել ստացած ամբողջ գումարը, իսկ աշխատակիցների մի մասն էլ Անահիտ Գասպարյանի խնդրանքով նրան են տրամադրել իրենց բանկային քարտերը, որոնց միջոցով վերջինս կանխիկացրել և ստացել է իր կողմից նրանց ավել փոխանցված ամբողջ գումարը: Անահիտ Գասպարյանն ընդհանուր 135.574.388 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել բաժնի դրամարկղային հաշվին, այլ մաս-մաս առձեռն հանձնել է Արթուր Եգանյանին, իսկ վերջինս էլ որպես մասնաբաժին նրան հատկացրել է յուրաքանչյուր աշխատակցին ավել փոխանցված գումարից 5.000-15.000 ՀՀ դրամ` տիրանալով մնացած գումարին:

Ի կատարումն Արթուր Եգանյանի հետ ունեցած նախնական համաձայնության` Անահիտ Գասպարյանը 2015 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում բաժնի ֆինանսական միջոցներից բաժնի աշխատակից չհանդիսացող Մարգարիտա Պապինյանի, Մուշեղ Գևորգյանի, Անահիտ Հովհաննիսյանի և Մարո Ղուկասյանի բանկային քարտերի հաշիվներին առանց օրինական հիմքերի փոխանցել է ընդհանուր` 7.194.705 ՀՀ դրամի չափով գումար` վերջիններիս չհայտնելով այդ մասին:

Հետագայում, Անահիտ Գասպարյանն իր մոտ գտնվող նշված անձանց բանկային քարտերի միջոցով կանխիկացրել և ստացել է իր կողմից նրանց փոխանցված 7.194.705 ՀՀ դրամ գումարը, որը չի մուտքագրել բաժնի դրամարկղային հաշվին, այլ մաս-մաս առձեռն հանձնել է Արթուր Եգանյանին, իսկ վերջինս էլ որպես մասնաբաժին նրան է հատկացրել յուրաքանչյուր անձին անօրինական փոխանցված գումարից 5.000-15.000 ՀՀ դրամ` տիրանալով մնացած գումարին:

Բացի այդ, Արթուր Եգանյանը նախնական համաձայնության գալով Անահիտ Գասպարյանի հետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում բաժնի աշխատակիցների միջոցով բաժնի կողմից պահպանվող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից կանխիկ եղանակով հավաքագրել է պահպանության ծառայության դիմաց վճարված ընդհանուր` 28.164.786 ՀՀ դրամ գումարը, որը չի մուտքագրել բաժնի արտաբյուջետային գանձապետական հաշվեհամարին` տիրանալով այդ գումարին:

Արդյունքում` նշված ժամանակահատվածում Արթուր Եգանյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնությամբ խմբի կազմում յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր` 170.933.879 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Արթուր Եգանյանն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով Անահիտ Գասպարյանի հետ, 2015-2017թթ. ընթացքում բաժնի արտաբյուջետային հաստիքներ զբաղեցնող և սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող 5 աշխատակիցների, մասնավորապես, իր, Անահիտ Գասպարյանի, Արտյոմ Ալեքսանյանի, Վահան Սիմոնյանի և Լյուդվիգ Սահակյանի համապատասխան հաշվեհամարներին Անահիտ Գասպարյանի միջոցով անհիմն փոխանցել է պետական բյուջեից որպես սոցիալական փաթեթի գումար պահանջված, բաժնի հաշվին փոխանցված և իրեն վստահված ընդհանուր`740.000 ՀՀ դրամ, այսինքն` վատնման եղանակով հափշտակել է խոշոր չափերով նշված գումարը»:(1)

________________________________

1. Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 70-72:

 

6.1 Անահիտ Գասպարյանը, 2018 թվականի օգոստոսի 25-ին որպես վկա հարցաքննվելիս, ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) 2018 թվականի հուլիսին, երբ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցները եկան մեր բաժին` ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու համար, (...) ինչից էլ մտահոգված և վախեցած գնացի բաժնի պետ Արթուր Եգանյանի աշխատասենյակ և այդ հարցով դիմեցի նրան, սակայն նա ինձ հանգստացնելով հավաստիացրեց, որ որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է (...) անհանգստանալու ոչինչ չկա, թող ձևական ստուգեն, բոլոր հարցերը լուծել է, «կջրեն կգնա»: (...) Տեսնելով, որ գտնվում եմ անելանելի վիճակում, ինձ առաջարկեց մոտ 10-15 օրով բոլորից թաքնվել, մինչև ինքը ստուգման հետ կապված հարցերը կարգավորի: Թաքնվելու հարցում նա ինձ առաջարկում էր իր օգնությունը, ասում էր, որ ճիշտ կլինի Հայաստանից մեկնեմ ՌԴ` Սոչի քաղաք` իր ընկերների մոտ, որպեսզի ինձ այնտեղ պահեն, մինչև ինքը կասի, թե երբ վերադառնամ, ասում, որ գնալ գալու հետ կապված բոլոր ծախսերը ինքը կհոգա: Ես չհամաձայնվեցի Արթուր Եգանյանի առաջարկին և հրաժարվեցի մեկնել Հայաստանից, ինչի համար Արթուր Եգանյանն ինձ առաջարկեց երկրորդ տարբերակը, այն է` թաքնվել Սևանա լճի ափին գտնվող իրենց դաչայում, որին նույնպես չհամաձայնվեցի: (...) Դրանից հետո Արթուր Եգանյանը սկսեց արդեն ինձ համոզել, որ թաքնվեմ (...): Բացի այդ, խորհուրդ տվեց, որ եթե հանկարծ խնդիրներ առաջանան, ապա` որևէ դեպքում անուններ չտամ»:(2)

_____________________________

2. Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-54:

 

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Անդրադառնալով կալանավորման հիմքերին` դատարանը փաստում է, որ գործի նյութերը բավարար հնարավորություն են տալիս գալու եզրահանգման, որ Արթուր Եգանյանն ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

Ինչ վերաբերում է մինչդատական վարույթում` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հիմքին, դատարանը գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից այդ մասով դատարանին բավարար փաստական տվյալներ և հիմնավորումներ չներկայացվեց:

(...) Դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արթուր Եգանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով, և տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար:

(...)

Այսպիսով, դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրյալ Արթուր Եգանյանի անձը հայտնի է, նա Հայաստանի Հանրապետությունում ունի մշտական բնակության վայր, երիտասարդ է, նախկինում արատավորված չի եղել, հարևանների կողմից բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, ընտանիքի միակ կերակրողն է, խնամքին են գտնվում վատառողջ կինը (տառապում է կրծքագեղձի երկու կողմից դիֆուզ ֆիբրոզ-կիստոզ մասթոպատիա հիվանդությամբ) և 2 անչափահաս վատառողջ երեխաները, որոնք հաշվառված են Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, ուստի դատարանի համոզմամբ Արթուր Եգանյանն ազատության մեջ մնալով չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, հետևաբար դատարանը գտնում է, որ Արթուր Եգանյանի միջնորդությունը պետք է բավարարել` մեղադրյալ Արթուր Եգանյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և նրան կալանավորումից ազատելու համար սահմանել գրավ` 4.000.000 ՀՀ դրամ: Դատարանը գտնում է, որ 4.000.000 ՀՀ դրամի չափով վճարումն ի զորու է գործուն երաշխիք հանդիսանալ կանխելու վերջինիս ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում` վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ նրա գտնվելն ապահովելու համար»:(8)

___________________________________

3. Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 101-109:

 

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի` մնալով ազատության մեջ Արթուր Եգանյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

(...)

Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է նաև առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի` նախաքննական մարմնի կողմից բավարար փաստական տվյալներ և հիմնավորումներ չեն ներկայացվել` մեղադրյալ Արթուր Եգանյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության մասին:

Ինչ վերաբերում է դատախազի կողմից մատնանշված` վկա Անահիտ Գասպարյանի ցուցմունքին` որպես մեղադրյալ Արթուր Եգանյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտադրության առկայություն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վկա Անահիտ Գասպարյանը նշված ցուցմունքը տվել է դեռևս 2018 թվականի օգոստոսի 25-ին, իսկ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննիչն առաջին ատյանի դատարան ներկայացրել է 2019 թվականի հունվարի 24-ին, այսինքն` շուրջ հինգ ամիս անց:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա չէ որևէ փաստական տվյալ, որը թույլ կտար փաստել, որ վերը նշված հինգ ամիսների ընթացքում մեղադրյալը որևէ կերպ անօրինական ազդեցություն է գործադրել կամ փորձել է գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում չկան այնպիսի տեղեկություններ, փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ տվյալ պահին կանխել մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում»:(4)

________________________________

4. Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 16-28:

 

9. 2019 թվականի հուլիսի 31-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Ա. Եգանյանի վերաբերյալ քրեական գործը` ըստ էության քննության համար:(5)

__________________________________

5. Տե՛ս www. datalex. am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0558/01/19 քրեական գործը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է, անհիմն, և դրանով թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ բավարար չափով ներկայացվել ու պատճառաբանվել է նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը: Մինչդեռ ստորադաս դատարանները, ըստ բողոքաբերի, առանց պատճառաբանության մերժելով հիշյալ հիմքի առկայությունը և հաշվի չառնելով քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, Ա. Եգանյանի նկատմամբ գրավի կիրառման հարցի կապակցությամբ եկել են սխալ եզրահանգման:

Ամփոփելով ասվածը` բողոքի հեղինակը գտել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների հետևությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից, և մեղադրյալ Ա. Եգանյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը, անկախ դրա չափից, չի կարող պատշաճ ու բավարար երաշխիք լինել վերջինիս ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 27-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. մեղադրյալ Արթուր Եգանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը` միաժամանակ առկա գնահատելով մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, իսկ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա. Եգանյանի` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար են հիմք տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

14. Վերոշարադրյալ դրույթների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Արամ Ճուղուրյանի գործով որոշմամբ` արձանագրելով, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(...) Կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»:(6)

_________________________________

6. Տե՛ս Արամ Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը, կետ 4:

 

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Ա. Եգանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պետի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2015 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց կազմում նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված` առանձնապես խոշոր չափերով` 170.933.879 ՀՀ դրամ գումարը, իսկ վատնման եղանակով` իրեն վստահված` խոշոր չափերով` 740.000 ՀՀ դրամ գումարը,(7)

______________________________________

7. Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նախաքննական մարմնի կողմից մինչդատական վարույթում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ դատարանին բավարար փաստական տվյալներ և հիմնավորումներ չեն ներկայացվել,(8)

_______________________________

8. Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն իր հերթին հանգել է այն հետևության, որ նախաքննական մարմնի կողմից բավարար փաստական տվյալներ և հիմնավորումներ չեն ներկայացվել` մեղադրյալ Ա. Եգանյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության վերաբերյալ: Անդրադառնալով վկա Ա. Գասպարյանի ցուցմունքին` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վկայակոչված ցուցմունքը տրվել է դեռևս 2018 թվականի օգոստոսի 25-ին, իսկ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննիչն առաջին ատյանի դատարան ներկայացրել է 2019 թվականի հունվարի 24-ին, այսինքն` շուրջ հինգ ամիս անց: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ներկայացված նյութերում առկա չէ որևէ փաստական տվյալ, որը թույլ կտար փաստել, որ վերը նշված հինգ ամիսների ընթացքում մեղադրյալը որևէ կերպ անօրինական ազդեցություն է գործադրել կամ փորձել է գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա:(9)

_________________________________

9. Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ա. Եգանյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալու հավանականությունը ստորադաս դատարանների կողմից պատշաճ իրավական գնահատման չի արժանացվել:

Մասնավորապես, ստորադաս դատարանները, գտնելով, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նշված հիմքը հաստատող բավարար փաստական տվյալներ և հիմնավորումներ չեն ներկայացվել, հաշվի չեն առել որպես վկա հարցաքննված Ա. Գասպարյանի ցուցմունքն այն մասին, որ Ա. Եգանյանն իրեն առաջարկել է թաքնվել, մեկնել ՌԴ Սոչի քաղաք` իր ընկերների մոտ, որպեսզի իրեն այնտեղ պահեն, մինչև ինքը կասի, թե երբ վերադառնա, միաժամանակ խոստանալով հոգալ դրա հետ կապված բոլոր ծախսերը: Բացի այդ, Ա. Եգանյանն առաջարկել է նաև թաքնվել Սևանա լճի ափին գտնվող իրենց ամառանոցում, և խորհուրդ տվել, որ խնդիրներ առաջանալու դեպքում ինքն անուններ չտա:(10) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված ցուցմունքի բովանդակությունը ողջամտորեն հիմք է տալիս ենթադրելու, որ Ա. Եգանյանը փորձել է անօրինական ազդեցություն ունենալ գործով պարզման ենթակա հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող Ա. Գասպարյանի նկատմամբ: Գործի նյութերում առկա սույն փաստական տվյալը, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում, առերևույթ բավարար էր Ա. Եգանյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր հավանականության մասին ողջամիտ հետևություն անելու համար:

______________________________

10. Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում վերոնշյալ փաստական տվյալը հիմք չընդունելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե վկայակոչված ցուցմունքը տրվել է 2018 թվականի օգոստոսի 25-ին, իսկ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննիչն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել շուրջ հինգ ամիս անց` 2019 թվականի հունվարի 24-ին, և այդ ընթացքում մեղադրյալը որևէ կերպ անօրինական ազդեցություն չի գործադրել կամ չի փորձել գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա. Գասպարյանի հարցաքննությունից հետո Ա. Եգանյանի դրսևորած վարքագիծն ինքնին չի կարող չեզոքացնել Ա. Գասպարյանի նկատմամբ գործադրված ենթադրաբար ոչ իրավաչափ գործողությունների կատարման փաստը և արդարացված պատճառ հանդիսանալ` խափանման միջոցի կիրառման հիմքի առկայությունը քննարկելիս և մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը գնահատելիս այն անտեսելու համար: Ա. Եգանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հիմքերի առկայության հարցը քննարկելիս Ա. Գասպարյանի ցուցմունքն ուներ առանցքային նշանակություն և ստորադաս դատարանների կողմից պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանանար` կանխատեսելու համար Ա. Եգանյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը:

Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ա. Եգանյանի` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա. Եգանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի է առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

19. Կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ասլան Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «(...) Անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (...):

(...) Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար:

(...) Գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև` մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը»:(11)

_______________________________

11. Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը, կետեր 34-36:

 

Կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սամվել Մարգարյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(...) Գրավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: Այլ խոսքով` (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները: (...)»:(12)

________________________________

12. Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:

 

Զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը` Վճռաբեկ դատարանը Դավիթ Վարդանյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) Մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի` դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, «15), վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, «14) կամ կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, «9) կամ կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, «51): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ըստ էության նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Միևնույն ժամանակ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի ուսումնասիրությունից հետևում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը: (...)»:(13)

______________________________

13. Տե՛ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշումը, կետ 16:

 

Վերահաստատելով և զարգացնելով Ասլան Ավետիսյանի և Դավիթ Վարդանյանի վերաբերյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Անդրեաս Ղուկասյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով` կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելիս դատարանը կարող է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, որոնք.

ա) վերաբերում են քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելուն և բարձրացնում ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը,

բ) չեն հանգեցնում անձի այլ հիմնական իրավունքների խախտման (վերջինիս հրամայականը բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներից, (...)»:(14)

_____________________________

14. Տե՛ս Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը:

 

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին որոշմամբ փաստել է, որ գործի նյութերը բավարար հնարավորություն են տալիս գալու եզրահանգման, որ մեղադրյալ Ա. Եգանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով և հաշվի առնելով մեղադրյալի անձը, նրան վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, գտել է, որ Ա. Եգանյանի նկատմամբ գրավի կիրառումը պետք է ճանաչել թույլատրելի,(15)

___________________________

15. Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը` արձանագրել է, որ գործում չկան այնպիսի տեղեկություններ, փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ տվյալ պահին կանխել մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում:(16)

_________________________________

16. Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 18-19-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Ա. Եգանյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել վերջինիս անձը: Մասնավորապես այն, որ Ա. Եգանյանը հանդիսացել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ում ենթակայության ներքո են աշխատել գործով պարզման ենթակա հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձինք: Այսպես, ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Եգանյանն ունենալով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ղեկավարման, բաժնին սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բաժնի անունով բացված բյուջետային և արտաբյուջետային հաշվարկների դրամական միջոցների տնօրինման լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, բաժնի հաշվապահ Ա. Գասպարյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն` իրեն վստահված բաժնի ֆինանսական միջոցներից ինչպես իրենց, այնպես էլ բաժնի մի շարք աշխատակիցներին որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ առանց օրինական հիմքերի ավել գումարներ փոխանցելու, կանխիկացնելու և յուրացնելու շուրջ` այդ գումարներից Ա. Գասպարյանին մասնաբաժին հատկացնելու պայմանով:

Վերոնշյալի գնահատմամբ, գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս, սույն որոշման 16-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ստորադաս դատարանների կողմից պետք է հաշվի առնվեր նաև վկա Ա. Գասպարյանի ցուցմունքը, որը վկայում էր Ա. Եգանյանի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին:

Նման պայմաններում, Սամվել Մարգարյանի որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համատեքստում, հաշվի առնելով նաև Ա. Եգանյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ստորադաս դատարանները 4.000.000 ՀՀ դրամի չափով գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելիս պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոց գրավն ի զորու չէ հակակշռելու Ա. Եգանյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը: Այսինքն` ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել այն, որ Ա. Եգանյանին մեղսագրվող արարքի բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի, զբաղեցրած պաշտոնի և դրսևորած վարքագծի համատեքստում գրավը չէր կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր Ա. Եգանյանին դրսևորել պատշաճ վարքագիծ և գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից որպես Ա. Եգանյանի անձը բնութագրող տվյալներ նշված հանգամանքներին, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ի զորու չեն երաշխավորելու նրա պատշաճ վարքագիծը` ազատության մեջ գտնվելու դեպքում:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ա. Եգանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

22. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է և Ա. Եգանյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,(17) ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

_________________________________

17. Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արթուր Արամի Եգանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 27-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                         Նախագահող`        Լ. Թադևոսյան

                         

                         Դատավորներ`       Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ԵԴ/0034/06/19
Որոշում