Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ` ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵԱՔԴ/0157/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0157/11/17

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

 

                         մասնակցությամբ    Հ. Ասատրյանի

                         դատավորներ`

                                           Ս. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ` Մ. Մնացականյանի

 

                         մասնակցությամբ    Վ. Դոլմազյանի

                         դատախազ`

 

    2019 թվականի սեպտեմբերի 18-ին              ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշման դեմ դիմող Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի ներկայացուցիչ Տ. Եգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Գ. Սաղոյանը 2017 թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացրել Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի ներկայացուցիչ Տ. Եգորյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Գ. Սաֆարյանի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի և Դ. Գյուրջյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մերժվել է:

2. Նշված որոշման դեմ դիմող Գ. Սաֆարյանի ներկայացուցիչ Դ. Գյուրջյանի բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հունվարի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է:

3. Դիմողի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի և Դ. Գյուրջյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 24-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Գ. Սաֆարյանի ներկայացուցիչ Տ. Եգորյանը: Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Գ. Սաղոյանի` 2017 թվականի հուլիսի 31-ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման եզրափակիչ մասի համաձայն` «(...) Նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել` ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների արարքում հանցակազմի բացակայության հիմքով: (...)»:(1)

____________________________________

1. Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 32-35:

 

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Սույն բողոքի շրջանակներում ստացված` նախապատրաստված նյութերի ուսումնասիրությունը Առաջին ատյանի դատարանի համոզմամբ վկայում է այն մասին, որ քննարկված հանցակազմերի հատկանիշների առկայությունը չի հիմնավորվել հանցագործության հիմքերի «բավարարության» այն նվազագույն «շեմի» հաղթահարմամբ, որն անհրաժեշտ կլիներ քրեական գործ հարուցելու համար: Այսինքն, «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 2017 թվականի հուլիսի 31-ին կայացված որոշումն օրինական է և հիմնավոր: (...)»:(2)

_____________________________

2. Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 70-74:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում դատական ստուգման ենթարկելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Գ. Սաղոյանի`2017 թվականի հուլիսի 31-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` իրավացիորեն գտել է, որ փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Եգորյանի հանցագործության մասին հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, իսկ վիճարկվող որոշումը կայացվել է նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան:

(...)

Վերաքննիչ դատարանը, (...) գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Սաղոյանի` 2017 թվականի հուլիսի 31-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ անձի իրավունքները խախտված չեն, արձանագրում է, որ Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի բողոքը մերժելով` Առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական և հիմնավորված որոշում: (...)»:(3)

_________________________________

3. Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 111-116:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչի արդյունքում` կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:

8.1 Վերլուծելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, և համադրելով դրանք գործի փաստական հանգամանքների հետ` բողոքաբերը եզրահանգել է, որ Գ. Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու մասին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի` 2017 թվականի հուլիսի 1-ի և 11-ի որոշումներն իրավաչափ չեն, ինչի արդյունքում խախտվել են Գ. Սաֆարյանի անձնական ազատության, խոշտանգման, անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի չենթարկվելու իրավունքները:

Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի` 2017 թվականի հուլիսի 11-ի որոշմանը` բողոքաբերը փաստարկել է, որ Գ. Սաֆարյանին տասը օր ժամկետով պատժախուց տեղափոխելու ձևով տույժը կիրառվել է քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենք տեղափոխվելու պահանջը կատարելուց հրաժարվելու հիմքով, այնինչ, նշված մասնաշենք տեղափոխվելու պահանջի կապակցությամբ առարկությունը Գ. Սաֆարյանը հիմնավորել է իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգով: Բողոքաբերը հիմնավոր չի համարել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման հիմքում դրված այն հետևությունը, որ Գ. Սաֆարյանին որևէ վտանգ չի սպառնացել հիմնական մասնաշենքում` փաստելով, որ այն հիմնված է եղել բացառապես քրեակատարողական հիմնարկի աշխատակցի բացատրության վրա, այնինչ, նշված վտանգի առկայությունը ոչ թե Գ. Սաֆարյանի ենթադրության արդյունքն էր, այլ սկսած 2015 թվականից` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ կիրառված բռնության և ճնշումների դեպքերի վրա հիմնված համոզմունք:

Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը գտել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի արարքում առկա են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ:

8.2 Բողոքաբերը նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինն անդրադարձ չի կատարել հանցագործության մասին հաղորդման մեջ նշված այն հանգամանքին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը պաշտոնեական կեղծիք է կատարել:

8.3 Վերոգրյալի արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն պարզվել քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական որոշում:

9. Արդյունքում, վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Գ. Սաղոյանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման` օրինական և հիմնավորված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` քրեական հետապնդումն այն բոլոր դատավարական գործողություններն են, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` քրեական հետապնդման հարուցումը քրեական հետապնդման մարմնի որոշումն է անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:

2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` «Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին»:

12. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախկինում արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, իսկ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու ինստիտուտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ: Անձին դատավարական կարգավիճակ տալու կամ մեղադրանք առաջադրելու հիմքերի պարզումը (ամբողջ ծավալով ապացուցում իրականացնելը) արդեն իսկ հարուցված քրեական գործով իրականացվող հետագա վարույթի խնդիր է, որի շրջանակներում թույլատրվում է կատարել տարբեր քննչական և դատավարական գործողություններ, կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ և այլն: Այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը:(4) Նշված եզրահանգումը հիմնված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող` «քրեական մեղադրանք» հասկացության կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի վրա, որի համաձայն` «քրեական մեղադրանք» եզրույթը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով: «Մեղադրանք» հասկացությունը կարող է սահմանվել որպես իրավասու մարմնի կողմից անձին պաշտոնապես արված տեղեկացում այն մասին, որ առկա է նրա կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու վերաբերյալ ենթադրություն:(5) Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա:(6)

___________________________________________

4. Տե՛ս, mutatis mutandis, Լևիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշումը:

5. Տե՛ս Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgiսm) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետեր 44, 46:

6. Տե՛ս Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germaոy) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Subinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62, Գ. Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G. K. v. Poland) գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98:

 

13. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն կերպ` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ արձանագրվում է ոչ թե անձի նկատմամբ, այլ կոնկրետ փաստի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի բացակայությունը: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն իրենից ներկայացնում է քրեական գործ հարուցելու փուլը եզրափակող և դատավարության հետագա ընթացքը բացառող որոշում: Այն կայացվում է ենթադրյալ հանցանքի հիմքերի բավարարության ստուգման ուղղությամբ իրականացվող դատավարական և (կամ) այլ գործողությունների արդյունքում, ընդ որում, դրա կայացման համար իրավական նշանակություն չունի ենթադրաբար հանցանք կատարած անձի փաստացի առկայությունը:(7)

________________________________

7. Տե՛ս, mutatis mutandis, Սամվել Շահնազարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵՇԴ/0002/11/14 որոշման 19-րդ կետը:

 

14. Վճռաբեկ դատարանն այս առնչությամբ կրկնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող նույնացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հետ, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են տարբեր իրավական բնույթ, բովանդակություն, նպատակ և հետևանքներ ունեցող դատավարական որոշումներ: Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կայացվում է կոնկրետ անձի նկատմամբ` բացառելով տվյալ անձի նկատմամբ կոնկրետ դեպքի առթիվ քրեական հետապնդում իրականացնելը, այլ ոչ թե այդ դեպքի առթիվ իրականացվող վարույթի ընթացքը, որն ուղղված է մեղավոր անձին (անձանց) բացահայտելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:(8) Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մեջ որոշակի անձի մատնանշումը նշված որոշումն իրավական հետևանքների մասով հավասարեցնում է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշմանը:

___________________________________

8. Տե՛ս, նույն տեղում:

 

15. Իսկ ինչ վերաբերում է քրեական հետապնդման դատավարական ինստիտուտին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գաղափարախոսության համաձայն` քրեական հետապնդումը վերաբերում է և ուղղված է որոշակի անձի, հետևաբար, քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկումը նույնպես հնարավոր է որոշակի անձի առկայության դեպքում, որը կարող է հանգեցնել այդ անձի նկատմամբ` քրեական հետապնդում հարուցելուն կամ այդպիսին չիրականացնելուն: Այլ խոսքով` քրեական հետապնդումը կարող է հարուցվել, կամ քրեական հետապնդում չիրականացվել միայն որոշակի անձի նկատմամբ: Հակառակ մեկնաբանումը ոչ միայն չի համապատասխանի վկայակոչված նորմերի տրամաբանությանը, այլև կ հանգեցնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդում չիրականացնելու արդարացնող և ոչ արդարացնող հիմքերի իրավական հետևանքների բովանդակազրկման, ինչն անթույլատրելի է:(9)

_____________________________

9. Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Աշոտ Մալխասյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԱՔԴ/0051/11/14 որոշման 48-րդ կետը:

 

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը մեջբերված իրավական դիրքորոշումը վերաբերելի է ենթադրյալ հանցանքի հիմքերի բավարարության ստուգման ուղղությամբ իրականացվող դատավարական և (կամ) այլ գործողությունների արդյունքում կայացվող քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմանը, եթե այն կայացվել է ոչ թե փաստի առթիվ, այլ անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող` արդարացնող կամ ոչ արդարացնող որևէ հիմքով:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Գ. Սաղոյանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշման եզրափակիչ մասի համաձայն` քրեական գործ հարուցելը մերժվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ծառայողների արարքում հանցակազմի բացակայության հիմքով:(10)

_________________________________

10. Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, գտել է, որ վիճարկվող որոշումը օրինական և հիմնավորված է:(11)

_____________________________

11. Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը ևս, վերանայելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, գտել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում թույլ չեն տրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Արդյունքում եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը, կայացրել է օրինական և հիմնավորված որոշում:(12)

___________________________

12. Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաստատելով դիմող Գ. Սաֆարյանի իրավունքների և օրինական շահերի խախտման բացակայության փաստը, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ վիճարկվող որոշմամբ ոչ թե մերժվել է քրեական գործ հարուցելը միայն հանցագործության դեպքի առթիվ, այլ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների նկատմամբ, ընդ որում, ոչ թե կոնկրետ ծառայողի կամ ծառայողների, այլ վերջիններիս անորոշ շրջանակի նկատմամբ:

Ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ քննարկվող որոշման եզրափակիչ մասում առկա նման ձևակերպումը բացառում է քրեակատարողական հիմնարկի որևէ ծառայողի կամ պաշտոնատար անձի արարքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատկանիշները մատնանշող բավարար տվյալների բացակայության մասին վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումների իրավաչափության վերաբերյալ իրավական գնահատականներ տալու հնարավորությունը, ինչը խոչընդոտ է ստեղծում մինչդատական վարույթի նկատմամբ հետագա (post factum) դատական վերահսկողության սահմաններում` անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցում:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում ներկայացված այն փաստարկներին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել հաղորդման մեջ նշված հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

19. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման` օրինական և հիմնավոր լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

20. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Սաֆարյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Գ. Սաղոյանի` 2017 թվականի հուլիսի 31-ի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

21. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ նախաքննության մարմինը հարուցված քրեական գործով վարույթի շրջանակում պետք է համարժեք անդրադարձ կատարի բողոքաբերի բարձրացրած` սույն որոշման 8.1-րդ կետում ներկայացված փաստարկներին: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է քննության առարկա դարձվեն բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ պատշաճ քննություն չի կատարվել քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենք տեղափոխվելու պահանջից իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի հիմքով հրաժարվելու հանգամանքը պարզելու ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի ներկայացուցիչ Դ. Գյուրջյանի բողոքի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 24-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դիմող Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի ներկայացուցչի բողոքը բավարարել` վերացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Գ. Սաղոյանի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2017 թվականի հուլիսի 31-ի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                         Նախագահող`        Լ. Թադևոսյան

 

                         Դատավորներ`       Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ԵԱՔԴ/0157/11/17
Որոշում