Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԴԱԴԱՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԱԴԱՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԴ/0195/01/10

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

դատավորներ

Ս. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ` Մ. Մնացականյանի

 

    2019 թվականի սեպտեմբերի 18-ին              ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գարիկ Հմայակի Դադայանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման դեմ Գ. Դադայանի պաշտպան Կ. Սարդարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2011 թվականի մայիսի 25-ի դատավճռով Գարիկ Հմայակի Դադայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 233-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով Գ. Դադայանը դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1(մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գ. Դադայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2010 թվականի ապրիլի 22-ից:

2. Ամբաստանյալ Գ. Դադայանի պաշտպաններ Կ. Սարդարյանի և Ա. Սարդարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքաննիչ դատարան) 2011 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի մայիսի 25-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

3. Վճռաբեկ դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ամբաստանյալ Գ. Դադայանի պաշտպաններ Կ. Սարդարյանի և Ա. Սարդարյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

3.1. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 0710 հրահանգի թիվ 3 հավելվածի համաձայն` 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Գ. Դադայանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետը, նշանակված պատժաչափը կրճատվել է 6 (վեց) ամիս ժամկետով և թողնվել է կրելու ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3.2. ՀՀ Նախագահի` 2015 թվականի սեպտեմբերի 24-ի` ՆՀ-697Ա հրամանագրով Գ. Դադայանին շնորհվել է ներում, նշանակված պատժաչափը կրճատվել է 1 (մեկ) տարի ժամկետով և թողնվել է կրելու ազատազրկում` 5(հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3.3. 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Գ. Դադայանն ազատ է արձակվել` ամբողջությամբ կրելով նշանակված պատիժը:

4. Գ. Դադայանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 6-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Գ. Դադայանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված իրավունքների խախտման փաստը:(1)

___________________________

1. Տե՛ս Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14078/12:

 

5. Որպես նոր հանգամանք, վկայակոչելով Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Գ. Դադայանի պաշտպան Կ. Սարդարյանը 2019 թվականի մարտի 6-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

6. Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման վերանայման վարույթ, և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Գ. Դադայանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ, «(...) 2010 թվականի մարտ ամսվա սկզբներին գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում, Երևան քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Հրանտ Օհանյանից և Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով ստանալով առաջարկ` Վրաստանում գերհարստացված «ՈՒրան» ռադիոակտիվ նյութ իրացնելու նպատակով այն հայթայթելու և իրենց տրամադրելու վերաբերյալ` գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով, հանցավոր համաձայնության է եկել վերջիններիս հետ` հանցավոր մտահղացման իրագործմանը մասնակցելու և օժանդակելու հարցում և «Յունիստրիմ» բանկային փոխանցման համակարգով ստանալով իր կողմից որպես ճանապարհածախս պահանջված և Սումբատ Տոնոյանի անունից ուղարկված 1000 (հազար) ԱՄՆ դոլար գումարը, 2010 թվականի մարտի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել է Երևան, և նույն օրը, Հրանտ Օհանյանին տրամադրել ապօրինի ձեռք բերված` ծխախոտի տուփի մեջ տեղադրված 17 (տասնյոթ) գրամ կշռով գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ, որից հետո, վերջինս` Սումբատ Տոնոյանի հետ 2010 թվականի մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Վրաստանի Թբիլիսի քաղաք և նույն օրը փորձել իրացնել այն, սակայն հայտնաբերվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Այսինքն` Գարիկ Հմայակի Դադայանը 2010 թվականի մարտի 11-ին օժանդակել է Սումբատ Տոնոյանին և Հրանտ Օհանյանին` ՀՀ մաքսային հսկողությունից թաքցնելով 17 (տասնյոթ) գրամ կշռով գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութը տեղափոխել Վրաստանի Հանրապետություն, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել և պահել վերը նշված ռադիոակտիվ նյութը (...):(2)

_______________________________

2. Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 224-225:

 

8. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2011 թվականի մայիսի 25-ի դատավճռով արձանագրել է. «(...) Հետազոտելով, բազմակողմանի վերլուծության ենթարկելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, դրանց վերաբերելիության և թույլատրելիության, ինչպես նաև գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, եկավ այն համոզման, որ ամբաստանյալ Գարիկ Հմայակի Դադայանը կատարել է հանցագործություններ, որի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերին:

Ամբաստանյալ Գարիկ Հմայակի Դադայանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիաներում նկարագրված արարքների կատարումը հաստատված է նախաքննության ընթացքում Վրաստանի Հանրապետությունում հարցաքննված վկաներ Սումբատ Տոնոյանի և Հրանտ Օհանյանի ցուցմունքներով, Քրիստինե Օհանյանի` դատաքննության և Ոսկան Գյուլումյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով և դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցներով:

Այսպիսով, դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Գարիկ Հմայակի Դադայանը կատարել է հանցագործություններ, որոնց համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով: (...)»:(3)

_________________________________

3. Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 227-228:

 

9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի մայիսի 25-ի դատավճիռը թողնելով անփոփոխ, 2011 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ փաստել է. «(...) Ստուգելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները` յուրաքանչյուր ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Գարիկ Դադայանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 233-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ:

Նախաքննության մարմինը և ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ Գարիկ Դադայանի արարքը գնահատելիս` պահպանել են ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները, ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 233-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելը, և նրա մեղքը հիմնավորում են քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: (...)

Քննության առնելով վերը նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 25-ի դատավճիռն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանմամբ, հետևաբար, այն պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոքը` մերժել (...)»:(4)

______________________________

4. Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 271-273:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Գ. Դադայանի պաշտպան Կ. Սարդարյանը փաստել է, որ Եվրոպական դատարանի` Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով վճռով ճանաչվել է Գ. Դադայանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված իրավունքների խախտման փաստը:

10.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է հարուցել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի մայիսի 25-ի, Վերաքննիչ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի դատական ակտերը, և Գ. Դադայանին արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը վերանայելու հիմք է:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած, կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած, կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում. (...)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը. (...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանքը հաստատված է համարվում (...) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ` դրա ուժի մեջ մտնելու պահից: (...)»:

13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:(5)

___________________________

5. Տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

 

14. Այսպես, Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները,(6) դրանք կիրառել է կոնկրետ գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

_____________________________

6. Տե՛ս Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 40-43-րդ կետերը:

 

14.1 Այսպես, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կոնկրետ գործով առկա են եղել վկաների չներկայանալու համար հիմնավոր պատճառներ` Եվրոպական դատարանը նշել է, որ. «(...) Ս. Թ.-ի և Հ. Օ.-ի` դատական քննությանը չներկայանալու պատճառը Վրաստանի արդարադատության նախարարության կողմից նրանց փոխադրումը մերժելն էր այն պատճառով, որ այդ ժամանակ նրանց մեղադրական դատավճիռները դեռևս ենթակա էին վճռաբեկ կարգով բողոքարկման: Այդուհանդերձ, Դատարանն ուշագրավ է համարում այն փաստը, որ այդ տեղեկատվությունն ստանալուց հետո առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել որևէ այլ փորձ, օրինակ, պարզելու համար, թե արդյոք Ս. Թ.-ի և Հ. Օ.-ի մեղադրական դատավճիռները կդառնան վերջնական, և, եթե այո, ապա երբ, և արդյո՞ք նրանք կարող են, համաձայն Ստրասբուրգի` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի կոնվենցիայի, ավելի ուշ փուլում փոխադրվել Հայաստան` դատական քննության համար: Ըստ երևույթին, նաև չեն դիտարկվել դիմումատուին` վկաներին հարցաքննելու հնարավորություն տալու այլ միջոցներ, օրինակ` Վրաստանում նրանցից բանավոր ցուցմունք վերցնելը կամ տեսակապը: Վերջին նշվածի առնչությամբ Դատարանը նշում է, որ Կառավարությունը պնդել է, որ սա հնարավոր չի եղել, քանի որ համապատասխան մարմինները պատշաճ սարքավորումներ չեն ունեցել: Սակայն, հաշվի առնելով կողմերի կողմից ներկայացված փաստերը` տպավորություն չի ստեղծվում, որ առաջին ատյանի դատարանը երբևէ դիտարկել է այդ միջոցի կիրառումը:

Նույնիսկ ենթադրելով, որ նիստին այս անձանց չհարցաքննելու հիմնավոր պատճառ չի եղել` հիմնավոր պատճառի բացակայությունը դեռևս ոչինչ չի նշանակում: Չնայած այն հանդիսանում է շատ կարևոր գործոն` այլ համապատասխան նկատառումների հետ մեկտեղ ընդհանուր հավասարակշռությունը որոշելու համար, այն, այնուամենայնիվ, մի նկատառում է, որն ինքնին վերջնականորեն չի վկայում քրեական վարույթի արդարացիության բացակայության մասին»:(7)

______________________________

7. Տե՛ս Դադայանն ընդդեմ Հայաստանի վճռի 48-49-րդ կետերը:

 

14.2 Անդրադառնալով վկայի ցուցմունքի` «միակ կամ վճռորոշը» լինելու խնդրին` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ. «(...) Մարզային դատարանի վճիռը, որը Վերաքննիչ քրեական դատարանը հետագայում լիովին անփոփոխ է թողել, բացի Ս. Թ.-ի և Հ. Օ.-ի ցուցմունքներից, նաև հղում է կատարել այլ ապացույցների: Մարզային դատարանը նաև որպես հիմք է ընդունել վկաներ Գ. Դ.-ի և Ք. Օ.-ի` համապատասխանաբար դիմումատուի ընկերոջ և Հ. Օ.-ի դստեր ցուցմունքները, Վրաստանում և Հայաստանում կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են, որ հայտնաբերված նյութը պարունակել է հարստացված ուրան, դիմումատուի և Հ. Օ.-ի միջև կանոնավոր հեռախոսային խոսակցությունները և դիմումատուի անձնագրում համապատասխան ելքի և մուտքի դրոշմակնիքները, որոնք ապացուցում են, որ նա Մոսկվայից ժամանել է Երևան 2010 թվականի մարտի 10-ին:

Սակայն Դատարանը գտնում է, որ Ս. Թ.-ի և Հ. Օ.-ի ցուցմունքները էականորեն վերաբերելի են գործին: Այս ցուցմունքների հիման վրա ներպետական դատարանները պետք է որոշեին, թե արդյոք դիմումատուն է Ս. Թ.-ին և Հ. Օ.-ին հարստացված ուրան վաճառել: Չնայած այս ցուցմունքը գործի միակ ապացույցը չէր, սակայն այն միակն էր կամ առնվազն վճռորոշն այնքանով, որքանով դա վերաբերում էր դիմումատուի ներգրավվածությանը: Ավելին, այդ ապացույցների մասով Մարզային դատարանը պարտավոր էր մեղադրյալին իր պաշտպանությունը պատշաճ կերպով կազմակերպելու և իր բոլոր համապատասխան փաստարկները ներկայացնելու հնարավորություն ընձեռել: Փոխարենը դատարանն իր եզրակացություններում հիմնվել է վկաների այն ցուցմունքների վրա, որոնք երբևէ չեն ստուգվել, Քաշլեվն ընդդեմ Էստոնիայի): Նման հանգամանքներում, Մարզային դատարանի կողմից Ս. Թ.-ին և Հ. Օ.-ին, որոնց ցուցմունքները հետագայում օգտագործվել են դիմումատուի դեմ, անձամբ չլսելը կարող էր էականորեն ազդել դիմումատուի պաշտպանության իրավունքների վրա»:(8)

______________________________

8. Տե՛ս Դադայանն ընդդեմ Հայաստանի վճռի 51-52-րդ կետերը:

 

14.3 Ինչ վերաբերում է կոնկրետ գործով բավարար հակակշռող գործոնների առկայությանը, Եվրոպական դատարանը նշել է, որ «(...) Առկա էին որոշակի դատավարական երաշխիքներ` պաշտպանության կողմի սահմանափակումները փոխհատուցելու համար, ինչպես, օրինակ, Ս. Թ.-ի և Հ. Օ.-ի կողմից տրված ցուցմունքների ընդունելիությունը վիճարկելու հնարավորությունը: Սակայն, Դատարանի կարծիքով, դրանք բավարար չէին փոխհատուցելու այն փաստի համար, որ դիմումատուն քննության փուլում նույնիսկ չի ունեցել վկաների ցուցմունքները վիճարկելու հնարավորություն: Այս վկաների նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվել, և նրանց դատապարտել էին Վրաստանում, մինչդեռ դիմումատուն, ով մեղադրվում էր նրանց օժանդակելու մեջ, ձերբակալվել էր, և նրա հանդեպ քրեական հետապնդում էր իրականացվել Հայաստանում: Ամեն դեպքում, բոլոր ապացույցները պետք է ստուգվեին դատարաններում: Ավելին, Մարզային դատարանի վճռում ոչինչ չի մատնանշում, որ այն առանձնահատուկ զգուշավորություն է դրսևորել չստուգված ապացույցների նկատմամբ, կամ, որ այն ավելի քիչ նշանակություն է տվել նման ցուցմունքներին»:(9)

_________________________________

9. Տե՛ս Դադայանն ընդդեմ Հայաստանի վճռի 54-րդ կետը:

 

15. Արդյունքում Եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում»:(10)

_________________________________

10. Տե՛ս Դադայանն ընդդեմ Հայաստանի վճռի 56-րդ կետը:

 

16. Հաշվի առնելով սույն որոշման 14.1-14.3-րդ կետերում ներկայացված փաստերը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը վերանայելու հիմք է:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյոք Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

18. Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար Եվրոպական դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա, արդարացի փոխհատուցման կարգով գումարների տրամադրման նպատակը բացառապես կրած վնասի համար հատուցում տալն է այնքանով, որքանով որ այդ վնասը հետևանք է խախտման, որն այլ կերպ վերականգնվել չի կարող»:(11)

______________________________________

11. Տե՛ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի` 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250:

 

19. Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Եվրոպական դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (...)»:(12)

______________________________

12. Տե՛ս Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի` 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125:

 

20. Հաշվի առնելով Եվրոպական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ժ. `Սեֆիլյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1) վճարել նշանակված փոխհատուցումը,

2) անհրաժեշտության դեպքում` հօգուտ դիմումատուի, ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է`

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում` Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը,

3) ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ` կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»:(13)

_______________________________________

13. Տե՛ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

 

21. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ` յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա` գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum» ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա:(14)

_______________________________

14. Տե՛ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը:

 

22. Վերոշարադրյալ վերլուծության լույսի ներքո` գնահատելով Դադայանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումները կոնկրետ դեպքերով վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

23. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման վերանայման արդյունքում` Առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի մայիսի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Անդրադառնալով Գ. Դադայանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում են վերջինիս նկատմամբ այդպիսի միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության արդյունքում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումներն ու արդյունքում հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գարիկ Հմայակի Դադայանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում` Գարիկ Հմայակի Դադայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 233-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի մայիսի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                         Նախագահող`        Լ. Թադևոսյան

 

                         Դատավորներ`       Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ՏԴ/0195/01/10
Որոշում