20.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1475-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ պարբերության և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը' համաձայն հավելվածի:
(նախաբանը փոփ. 20.06.2024 թիվ 828-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թ. սեպտեմբերի 3-ի
N 1475-Ա որոշման
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ պարբերությամբ և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 20.06.2024 թիվ 828-Ա որոշում)
2. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 9 անդամից, այդ թվում` նախագահից և 8 անդամից: Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի կողմից: Քարտուղարը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:
3. Հանձնաժողովի նախագահը պետք է լինի մաքսային կամ հարկային մարմնում վարչական պաշտոն զբաղեցնող:
4. Սույն կարգի համաձայն հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, կոմիտեի նախագահի տեղակալները և կոմիտեի գլխավոր քարտուղարը կոմիտեի նախագահին են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված չափանիշները բավարարող առավելագույնը երեքական թեկնածու, իսկ կոմիտեի նախագահի անմիջական ենթակայության տակ գտնվող կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` մեկական թեկնածու:
(4-րդ կետը փոփ. 20.06.2024 թիվ 828-Ա որոշում)
5. Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի գլխավոր քարտուղարը և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կարող են ներկայացնել նաև իրենց թեկնածությունները:
(5-րդ կետը փոփ. 20.06.2024 թիվ 828-Ա որոշում)
6. Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին`
1) ներկայացման պահին նախորդող 10 տարվա ընթացքում պետք է ունենա մաքսային կամ հարկային ծառայության առնվազն 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ հանրային այլ ծառայության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ.
2) ներկայացման պահին պետք է զբաղեցնի մաքսային կամ հարկային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն կամ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն.
3) ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում է թեկնածուի ծառայողական բնութագիրը: