Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 95-Ն

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, 7-րդ մասի, 52-րդ հոդվածի 7-րդ մասի և «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

1) մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

    հանձնաժողովի նախագահ                   Տ. Հակոբյան

 

2020 թ. սեպտեմբերի 8

ք. Երևան

 

Հավելված N 1

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի

2020 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 95-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման ընթացակարգը:

2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

3. Հանձնաժողովը իր կառավարմանը հանձնված ազատ հաճախականությունների առկայության դեպքում հայտարարում է մրցույթ:

4. Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում այն հայտարարելուց 10 օր հետո Հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:

5. Մրցույթին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնց հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո իրավաբանական անձի օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի մուլտիպլեքս օպերատորի որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

6. Մասնավոր մուլտիպլեքսի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան մեկ մարզի կամ Երևան քաղաքի տարածքը:

7. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

8. Մրցույթը հայտարարվում է Հանձնաժողովի որոշմամբ:

9. Մրցույթի մասին տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www. azdarar. am պաշտոնական ինտերնետային կայքում և իր` www. tvradio. am պաշտոնական ինտերնետային կայքում:

10. Մրցույթի մասին տեղեկատվությունը պետք է ներառի`

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

2) սփռման տարածքը,

3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

4) հայտերի ընդունման ժամանակահատվածը և վայրը,

5) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

6) հայտի ձևը:

 

3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ` Հայտ)` համաձայն Ձև N 1-ի և անհրաժեշտ փաստաթղթեր:

12. Հայտին կցվում են`

1) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.

2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.

3) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր.

4) հայտատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները:

13. Հայտը և կից փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կարգով սահմանված պահանջներին:

14. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

15. Հայտը և կից փաստաթղթերը Հանձնաժողով են ներկայացվում մրցույթ հայտարարելուց հետո` վեց ամսվա ընթացքում` առձեռն կամ փոստով:

16. Հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են երկու նույնական փաթեթով` յուրաքանչյուրը թելակարված, համարակալված, վերջին թերթի հետնամասում, կարի վրա փակցված պիտակով` «Բաղկացած է... թերթից» գրառմամբ («...» նշվում է թերթերի քանակը), ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում), ընդ որում փաթեթներում ներառված մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը և ցանցի գործարկման ժամանակացույցը պետք է ներկայացվեն առանձին թելակարված: Փաթեթները ներկայացվում են փակ ծրարով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում):

 

4. ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Հանձնաժողովը Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը:

18. Մրցույթի մասնակիցների հայտերը և կից փաստաթղթերը հրապարակվում են Հանձնաժողովի դռնբաց նիստում` ըստ հայտերի գրանցման հերթականության, հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:

19. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում Հայտը և կից փաստաթղթերը` փակ ծրարով: Հայտի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

20. Նիստում անցկացվում է նաև փորձագետների ընտրություն` ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննություն իրականացնելու համար:

21. Մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությունը պետք է իրականացվի առավելագույնը երկու ամսվա ընթացքում: Եթե երկու ամսվա ընթացքում փորձագիտական խումբը չի տալիս տեխնիկական եզրակացություն, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

 

5. ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

22. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, Հանձնաժողովը հրավիրում է նիստ և բաց քվեարկության արդյունքում` հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ Հայտը մերժելու մասին:

23. Քվեարկությունն իրականացվում է ըստ մասնակիցների հայտերի գրանցման հերթականության` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`

1) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը,

2) մասնակցի կողմից առաջարկվող ծառայությունների որակը,

3) հայտատուի տեխնիկական հնարավորությունները,

4) հայտատուի ֆինանսական հնարավորությունները:

24. Մինչև քվեարկությունը Հանձնաժողովի անդամները հայտերի և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:

25. Լիցենզիա տրամադրելու կամ Հայտը մերժելու մասին որոշումն ընդունվում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

26. Հայտը մերժվում է, եթե ստացվել է տեխնիկական փորձաքննության բացասական եզրակացություն կամ ներկայացված Հայտը չի բավարարում սույն կարգի 23-րդ կետում ներկայացված չափանիշներին:

 

6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

27. Հանձնաժողովի որոշումը մրցույթի մասնակիցներին ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

28. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում` որոշումն ընդունելու օրվանից հետո` 20-օրյա ժամկետում:

29. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

7. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

30. Հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի Հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված պահանջին:

 

Ձև N 1

Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի

գործունեության լիցենզավորման

մրցույթի անցկացման կարգի

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

____________________ին

(անուն, ազգանուն)

 

ՀԱՅՏ

 

Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության

լիցենզավորման մրցույթին մասնակցելու

 

Հայտատուի անվանումը

________________________________________________________________

 

Գտնվելու/հաշվառման վայրը

__________________________________________________________________

 

Հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

_________________________________________________________

 

Սփռման տարածքը

______________________________________________________________

 

Կից փաստաթղթեր` ________ թերթ:

 

Հայտատու _______________________________  _________________

                   (անուն, ազգանուն)            (ստորագրություն)

                             

     ___ _______ _________              Կ. Տ. (կնիքի առկայության դեպքում)

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Հավելված N 2

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի

2020 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 95-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԼԻՑԵՆԶԻԱ __________________

(լիցենզիայի սերիան և համարը)

 

    ք. ___________             ___ _______________ _______

                            (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

տրվում է ___________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը,

ազգանունը)

___________________________________________________________

             (իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի

             հաշվառման վայրը)

 

գործունեության տեսակը_______________________________________________

 

սփռման տարածքը _____________________________________________________

 

    լիցենզիայի     ______________________________________________________

գործողության

ժամկետը

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          _______________  Կ. Տ. _________________

                                  (ստորագրություն)       (անուն, ազգանուն)

                                   

Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
08.09.2020
N 95-Ն
Որոշում