ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
31 օգոստոսի 2020 թվականի N 58
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը գյուղատնտեսական մթերքների (խաղող, ծիրան) արտադրությունից ստացել է եկամուտներ: Ստացվող եկամուտների որքա՞ն գումարից հետո այն կհամարվի հարկվող, կամ ֆիզիկական անձը պե՞տք է արդյոք հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում` գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց` գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները` օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն,
- 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց` օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները,
- 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես` պարտեզների, խաղողի այգիների, պտղատու այգիների, հատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքը,
- 407-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածը չի կիրառվում անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն օրենքով սահմանված կարգով կարող է իրականացվել առանց պետական հաշվառման` գործունեության այդ մասով:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր չէ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձի` գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները, եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով, համարվում են նվազեցվող եկամուտներ, այսինքն` նշված եկամուտների մասով եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ