Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՄՆԱՎՈՐ ԵՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՄՆԱՎՈՐ ԵՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                ՍԴ3/0026/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ3/0026/01/17

Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Մնացականյանի

                   մասնակցությամբ դատախազ`    Վ. Հարությունյանի

                   ամբաստանյալ`               Ռ. Կարապետյանի

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռիտա Սերյոժայի Կարապետյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 90974016 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 22-ի որոշումներով Ռիտա Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նույն օրը Ռ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի մարտի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, քրեական գործի դատական քննության ընթացքում, 2017 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ, Ռ.Կարապետյանի` քննությունից թաքնվելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցրել է, և նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:

2017 թվականի օգոստոսի 23-ին ամբաստանյալ Ռ.Կարապետյանը հայտնաբերվել է, և Առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Ռ.Կարապետյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխարինվել է կալանավորում խափանման միջոցով, հայտարարվել է հետախուզում, և քրեական գործի վարույթը, ամբաստանյալի` քննությունից թաքնվելու հիմքով, կասեցվել է:

2018 թվականի հունվարի 23-ին Ռ.Կարապետյանը հայտնաբերվել է և Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է:

3. 2018 թվականի փետրվարի 16-ին ամբաստանյալ Ռ.Կարապետյանը միջնորդել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի: Ներկայացված միջնորդությունը բավարարվել է, և կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի` գրավի չափ սահմանելով 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը:

4. Ռ.Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի մարտի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշումը:

5. Վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ռ.Կարապետյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Նախաքննական մարմնի կողմից Ռ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով այն բանի համար, որ նա, 2016 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ն զորամասի շարահրապարակի մոտ, բռնի գործողություն է կատարել նախկին ամուսնու կնոջ` Հրածին Հարությունյանի նկատմամբ, ձեռքի պայուսակով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` քթի մեջքի և զույգ ստորակնակապիճային շրջանների արյունազեղման ձևով(1):

____________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 104:

 

7. 2017 թվականի ապրիլի 19-ին ծանուցագիր է ուղարկվել Ռ.Կարապետյանին` 2017 թվականի ապրիլի 25-ին կայանալիք նիստի վերաբերյալ: Ըստ փոստային ծրարի վրա առկա նշման` այն ստացվել է 2017 թվականի ապրիլի 28-ին: Նշանակված դատական նիստը չի կայացել` դատավորի կողմից վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2017 թվականի մայիսի 20-ին(2):

____________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 7-8:

 

7.1 2017 թվականի մայիսի 2-ին ծանուցագիր է ուղարկվել Ռ.Կարապետյանին` 2017 թվականի մայիսի 20-ին կայանալիք նիստի վերաբերյալ, և ըստ փոստային ծրարի վրա առկա նշման` Ռ.Կարապետյանն այն ստացել է նույն թվականի մայիսի 15-ին: Ամբաստանյալի բացակայության պատճառաբանությամբ նիստը հետաձգվել է և նշանակվել 2017 թվականի հունիսի 6-ին(3):

____________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 10-11:

 

7.2 2017 թվականի հունիսի 6-ի դատական նիստի մասին, ըստ գործի նյութերի, Ռ.Կարապետյանը չի ծանուցվել: Դատական նիստը կրկին հետաձգվել է և նշանակվել նույն թվականի հուլիսի 7-ին` ամբաստանյալի բացակայության պատճառաբանությամբ: Միաժամանակ, որոշում է կայացվել Ռ.Կարապետյանին բերման ենթարկելու մասին(4):

____________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 14-17:

 

7.3 2017 թվականի հուլիսի 7-ի նիստը հետաձգվել է` դատավարության մասնակիցների բացակայության պատճառով և նշանակվել նույն թվականի հուլիսի 11-ին, միաժամանակ, գրություն է ուղարկվել ոստիկանություն` ամբաստանյալին բերման ենթարկելու մասին որոշման պահանջները կատարելու համար: Բացի այդ, Ռ.Կարապետյանին ծանուցագիր է ուղարկվել` նույն թվականի հուլիսի 11-ին կայանալիք նիստի մասին, որը հետ է վերադարձվել(5):

____________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 22-24:

 

7.4 2017 թվականի հուլիսի 11-ի դատական նիստը հետաձգվել է և նշանակվել նույն թվականի հուլիսի 25-ին: Միաժամանակ, որոշում է կայացվել Ռ.Կարապետյանին բերման ենթարկելու մասին: Նրան ուղարկված ծանուցագիրը կրկին հետ է վերադարձվել: Բացի այդ, 2017 թվականի հուլիսի 25-ին ոստիկանությունից գրություն է ստացվել այն մասին, որ Ռ.Կարապետյանի բնակության վայրի դուռը գտնվում է փակ վիճակում, և հարևանությամբ բնակվող անձը հայտնել է, որ Ռ.Կարապետյանը 2017 թվականի հուլիսի 24-ից տանից դուրս է եկել և նրա գտնվելու, բնակվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի(6):

____________________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 34-36:

 

7.5 2017 թվականի հուլիսի 25-ի դատական նիստը հետաձգվել է և նշանակվել նույն թվականի օգոստոսի 14-ին, որի վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվել Ռ.Կարապետյանին: Այդ օրը նշանակված դատական նիստը, ամբաստանյալի բացակայության պատճառով, չի կայացել(7):

____________________________

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 36-40:

 

7.6 2017 թվականի հոկտեմբերի 2-ին դատական նիստը, ամբաստանյալի բացակայության պատճառաբանությամբ, հետաձգվել է և նշանակվել 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, միաժամանակ կայանալիք նիստի մասին ծանուցագիր է ուղարկվել Ռ.Կարապետյանին, որն ըստ փոստային ծրարի վրա առկա նշման, ամբաստանյալը ստացել է նիստի օրը` 2017 թվականի հոկտեմբերի 16-ին(8):

____________________________

8) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 66-67:

 

8. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշման համաձայն` «(...) Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ռիտա Սերյոժայի Կարապետյանը, 25.04.2017թ., 20.05.2017թ., 06.06.2017թ., 03.07.2017թ., 11.07.2017թ., 25.07.2017թ., 14.08.2017թ. դատական նիստերի մասին պատշաճ ծանուցված է եղել, սակայն քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով խոչընդոտում է դատարանում գործի քննությանը, ինչպես նաև թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, դատարանը գտնում է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է փոխարինել ավելի ծանրով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը»(9):

____________________________

9) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 108:

 

9. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 14-ի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները դիտարկելով իրավական նորմերի լույսի ներքո` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: (...)

Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն Ռիտա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել է ավելի ծանրով` կալանավորմամբ, քանի որ դրանից ավելի մեղմ խափանման միջոցը չի ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը (...)»(10):

____________________________

10) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 32-38:

 

10. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ բավարարվել է ամբաստանյալ Ռ.Կարապետյանի միջնորդությունը` քրեական գործի տարածքային ընդդատությունը փոխելու վերաբերյալ, և գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ Ռիտա Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործի վարույթը` կարճվել` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել է(11):

____________________________

11) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքի հեղինակի կարծիքով, ստորադաս դատարանները, իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս, թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Բողոքաբերը նշել է, որ իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումն անօրինական է և հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին:

11.1 Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ իր արարքին տրված քրեաիրավական գնահատականը սխալ է, որովհետև իր գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշները:

12. Վերոնշյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ստորադաս դատարանների դատական ակտերը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավոր են Ռ.Կարապետյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (...)»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

Մինչև 2018 թվականի հունվարի 16-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր անձ ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով (...)»:

Նույն խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները: (...)»:

Նույն օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում նա դատարանի որոշմամբ կարող է բերման ենթարկվել և սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով»:

15. Մինչև 2018 թվականի հունվարի 16-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը Վճռաբեկ դատարանն իրավական վերլուծության է ենթարկել Վահագն Պողոսյանի վերաբերյալ որոշմամբ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «Խափանման միջոց կալանավորում կիրառելու, ինչպես նաև կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցը դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում: Մասնավորապես, որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի, որ եթե մեղադրյալին մեղսագրվել է այնպիսի արարք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում մեկ տարին, ապա կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս կամ գրավի կիրառումը մերժելիս դատարանը պետք է ներկայացնի ծանրակշիռ, գործի նյութերից բխող փաստարկներ մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու բարձր հավանականության վերաբերյալ: Այլ խոսքով` դատարանը պետք է կիրառի դատական ակտի պատճառաբանվածության ավելի բարձր չափանիշ և հիմնավորի, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը:

Վերոշարադրյալը բխում է անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից: Հակառակ պարագայում կխախտվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի անհարկի սահմանափակման»(12):

____________________________

12) Տե՛ս Վահագն Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի` թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը, 14-րդ կետ:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Ռ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ն զորամասի շարահրապարակի մոտ, բռնի գործողություն է կատարել նախկին ամուսնու կնոջ` Հրածին Հարությունյանի նկատմամբ, ձեռքի պայուսակով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` քթի մեջքի և զույգ ստորակնակապիճային շրջանների արյունազեղման ձևով(13),

____________________________

13) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ արձանագրելով, որ ամբաստանյալ Ռ.Կարապետյանը 2017 թվականի ապրիլի 25-ի, մայիսի 20-ի, հունիսի 6-ի, հուլիսի 3-ի, հուլիսի 11-ի, հուլիսի 25-ի, օգոստոսի 14-ի դատական նիստերի մասին պատշաճ ծանուցված է եղել, սակայն քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով խոչընդոտում է դատարանում գործի քննությանը, ինչպես նաև թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, գտել է, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է փոխարինել ավելի խստով և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը(14),

____________________________

14) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, 2018 թվականի մարտի 14-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, նշել է, որ ստորադաս դատարանի հիմնավորումները բխում են իրավական նորմերից և ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար(15):

____________________________

15) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումները համադրելով սույն որոշման 7-7.6-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքների հետ, դրանք գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող Ռ.Կարապետյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցն առավել խիստ` կալանավորում խափանման միջոցով փոխարինելիս ստորադաս դատարաններն իրենց որոշումները չեն պատճառաբանել ծանրակշիռ փաստական տվյալներով, որոնք կհիմնավորեին նրա` ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի սահմանափակման բացարձակ անհրաժեշտությունը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշանակված բոլոր դատական նիստերի մասին ամբաստանյալի պատշաճ ծանուցված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պնդումները հիմնավոր չեն: Այսպես, 2017 թվականի ապրիլի 25-ին կայանալիք դատական նիստի մասին ծանուցագիրն ամբաստանյալը ստացել է նիստի օրվանից հետո` 2017 թվականի ապրիլի 28-ին: Բացի այդ, 2017 թվականի հունիսի 6-ին նշանակված դատական նիստի մասին, ըստ գործի նյութերի, ամբաստանյալը չի ծանուցվել: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ ամբաստանյալին բերման ենթարկելու մասին 2017 թվականի հուլիսի 11-ի որոշման կապակցությամբ ոստիկանությունից 2017 թվականի հուլիսի 25-ին ստացված գրությամբ հայտնվել է, որ ըստ հարևանության բնակվող անձի հայտարարության` Ռ.Կարապետյանը 2017 թվականի հուլիսի 24-ից բացակայում է բնակության վայրից(16):

____________________________

16) Տե՛ս սույն որոշման 7-7.6-րդ կետերը:

 

Բացի այդ, հարկ է փաստել, որ մինչ ամբաստանյալին կալանավորելու մասին որոշում կայացնելը, 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրն ամբաստանյալը ստացել է նույն օրը` 2017 թվականի հոկտեմբերի 16-ին: Թեև այս դատական նիստի մասին Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ չի հիշատակել, սակայն վերոնշյալ հանգամանքների հետ մեկտեղ, այն հիմք է տալիս եզրահանգելու, որ ամբաստանյալը նախապես, պատշաճ ծանուցված չի եղել կայանալիք բոլոր դատական նիստերի մասին(17):

____________________________

17) Տե՛ս նույն տեղում:

 

Ավելին, տվյալ պարագայում համակողմանի գնահատման չի ենթարկվել Ռ.Կարապետյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նրա անձը: Մասնավորապես այն, որ Ռ.Կարապետյանը մեղադրվել է ազատազրկման ձևով պատիժ չնախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցանքի կատարման մեջ, նախկինում դատապարտված չի եղել, 56 տարեկան կին է, բարձրագույն կրթությամբ, ունի մշտական բնակության վայր(18):

____________________________

18) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նաև փաստել, որ ամբաստանյալ Ռ.Կարապետյանը, մշտապես բնակվելով Շիրակի մարզում, գործի դատական քննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` գործի տարածքային ընդդատությունը փոխելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ իր բնակավայրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ ընթանում է գործի քննությունը, գտնվում է բավականին հեռու և դժվարանում է դատական նիստերին ներկայանալ: Նշված միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը բավարարել է և քրեական գործի ընդդատությունը փոխել` այն ուղարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան(19):

____________________________

19) Տե՛ս նույն տեղում:

 

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից չեն ներկայացվել ծանրակշիռ փաստական հանգամանքներ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված` ոչ մեծ ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորում խափանման միջոցով փոխարինելու անհրաժեշտության վերաբերյալ: Այլ կերպ, Ռ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց` կալանավորման ընտրությունը, վերը շարադրված հանգամանքների առկայության պայմաններում, չի հանդիսացել որպես բացառիկ, ծայրահեղ և վերջին միջոց (last resort)` ուղղված նրա պատշաճ վարքագծի ապահովմանը:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ռ.Կարապետյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Ռ.Կարապետյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելիս ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ուժով Ռ.Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը` կարճվել, իսկ կիրառված խափանման միջոցը` վերացվել(20), ուստի վիճարկվող դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք եղել են ժամանակավոր և ներկայումս կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

____________________________

20) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել Ռ.Կարապետյանի` անձնական ազատության իրավունքի խախտման փաստը:

19. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վճռաբեկ բողոքի առարկան, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն որոշման 11.1-րդ կետում բողոքաբերի կողմից բարձրացված փաստարկին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Ռիտա Սերյոժայի Կարապետյանի իրավունքի խախտման փաստը:

3. Ռիտա Սերյոժայի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ՍԴ3/0026/01/17
Որոշում