Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0134/01/10

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև

Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Մնացականյանի

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Մանվել Մարտիկի Ասատրյանի և պաշտպան Կ.Գրեյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2011 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով Մանվել Մարտիկի Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Մ.Ասատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով, գույքի 1/2 մասի բռնագրավմամբ` հօգուտ պետության, սակայն ոչ ավելի, քան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` նշանակված պատժին` 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը և գույքի 1/2 մասի բռնագրավմանը գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում պատժից` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը և Մ.Ասատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով, գույքի 1/2 մասի բռնագրավմամբ` հօգուտ պետության, սակայն ոչ ավելի, քան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափը և տուգանք` 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի հոկտեմբերի 14-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Խդր Մամոյի Բրոյանը և Սամվել Մարտիկի Ասատրյանը:

2. Պաշտպան Հ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Մ.Ասատրյանի նկատմամբ նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը փոխարինվել է 500 (հինգ հարյուր) ժամ հանրային աշխատանքներով:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ պաշտպան Հ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունվարի 23-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Դատապարտյալ Մանվել Ասատրյանի և պաշտպան Կ.Գրեյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

6. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մ.Ասատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա 2009 թվականի օգոստոսի վերջերից մինչև նույն թվականի հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում Խդր Բրոյանից 3 դեպքով` դրանցից 2-ը` 14-ական գրամ, իսկ 1 անգամ` 15գ քանակներով, յուրաքանչյուր գրամը` 10.000-ական ՀՀ դրամով գնելու եղանակով, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր` 43գ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Բացի այդ, Մանվել Ասատրյանը, նույն ժամանակահատվածում, Խդր Բրոյանին հյուրասիրության կարգով, անվճար, ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերի` 12գ «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Դրանից բացի, Մ.Ասատրյանը, խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի իրացնելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Սամվել Ասատրյանի հետ, 2009 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևան քաղաքի Միրաքյան փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ, Արմեն Ալեքսանյանի միջոցով Վասիլի Բաբաջանյանին 60.000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է խոշոր չափերի` 1.4գ «ափիոն» տեսակի թմրամիջոց և 2.2 մլ. պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ»(1):

___________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 150-151:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել են, որ նշված փոփոխություններով բարելավվել է Մ.Ասատրյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման վերջինիս նկատմամբ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են Մ.Ասատրյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել վերջինիս նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մանվել Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունվարի 23-ի որոշումը վերանայելու համար:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա`մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(2):

___________________

2) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»(3):

___________________

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(4):

___________________

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

(...),

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(...)

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 10.0 գրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Ասատրյանը դատապարտվել է`

1) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-ին մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի 12 գրամ և խոշոր չափի 1.4 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

2) ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` առանձնապես խոշոր չափի 43 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

3) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` 2.2 մլ «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի իրացնելու համար(5):

___________________

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Մ.Ասատրյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Մ.Ասատրյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի առանձնապես խոշոր և խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 12 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափի է, իսկ 1.4 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի` դատապարտյալ Մ.Ասատրյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Մ.Ասատրյանի կողմից կատարված արարքի վրա:

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մանվել Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունվարի 23-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

20. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Մ.Ասատրյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը:

Մ.Ասատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքն անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` գույքի 1/2-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ` Մ.Ասատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունվարի 20-ի որոշմամբ նշանակված 500 (հինգ հարյուր) ժամ հանրային աշխատանքները, և Մ.Ասատրյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով` գույքի 1/2-ի բռնագրավմամբ. սակայն ոչ ավելի, քան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամը և 500 (հինգ հարյուր) ժամ հանրային աշխատանքներ:

Միևնույն ժամանակ պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի հոկտեմբերի 14-ից` Մանվել Ասատրյանին պետք է անհապաղ ազատ արձակել` ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Մանվել Մարտիկի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունվարի 23-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Մանվել Մարտիկի Ասատրյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Մանվել Մարտիկի Ասատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` գույքի 1/2-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ` Մանվել Մարտիկի Ասատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունվարի 20-ի որոշմամբ նշանակված 500 (հինգ հարյուր) ժամ հանրային աշխատանքները, և Մանվել Մարտիկի Ասատրյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով` գույքի 1/2-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամը և 500 (հինգ հարյուր) ժամ հանրային աշխատանքներ:

4. Պատժի սկիզբը հաշվել 2009 թվականի հոկտեմբերի 14-ից և Մանվել Մարտիկի Ասատրյանին անհապաղ ազատ արձակել` ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրած լինելու հիմքով:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ԵԿԴ/0134/01/10
Որոշում