Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(1-ին մաս)

 

    Հայաստանի Հանրապետության                ԵԱՔԴ/0172/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0172/11/17

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև`

Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Մնացականյանի

                   մասնակցությամբ դատախազ`    Վ. Դոլմազյանի

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ դիմողներ Ալբերտ Ասլանի Հակոբջանյանի և Գագիկ Դավիթի Կարապետյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի, և դիմող Գագիկ Դավիթի Կարապետյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017 թվականի մայիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62209617 քրեական գործը: Նույն օրն Ա.Հակոբջանյանը և Գ.Կարապետյանը ճանաչվել են տուժողներ:

1.1. Գագիկ Կարապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017 թվականի մայիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62210417 քրեական գործը, որը նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել է թիվ 62209617 քրեական գործին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանը 2017 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել Արամ Ղազարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, Սարգիս Այվազյանի և Արամ Չթչյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ և 341-րդ հոդվածներով, Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով, Կարեն Սիմոնյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309.1-րդ և 314-րդ հոդվածներով, Արմեն Իսրայելյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309.1-րդ և 137-րդ հոդվածներով, Մանվել Ասոյանի և Խաչիկ Ակուլյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309.1-րդ հոդվածներով, Լևոն Պառավյանի և Էդուարդ Վերմիշյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 349-րդ հոդվածներով, Հարություն Վարոսյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով, Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2. Վերոգրյալ որոշման դեմ դիմողներ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մարտի 7-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի և դիմող Գ.Կարապետյանի բողոքը մերժվել է:

4. Դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի և դիմող Գ.Կարապետյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանը և դիմող Գ.Կարապետյանը, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Տուժող Ա.Հակոբջանյանը 2017 թվականի մայիսի 3-ին ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ իր հիշելով 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ հերթական անգամ գտնվել է Ստեփանավան քաղաքում, ժամը 09-ից 10-ի սահմաններում, Գ.Կարապետյանը, իրեն Ալավերդի քաղաք ճանապարհելու նպատակով, պատահական տաքսի ավտոմեքենայով ուղեկցել է Ստեփանավան քաղաքի ավտոկայան: Ճանապարհին 3-4 ավտոմեքենաներ, որոնցից հիշում է «Ֆոլկսվագեն գոլֆ», «BMW» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները, շրջափակել և կանգնեցրել են տաքսին: Ավտոմեքենաներից իջել են մոտ 10 հոգի տղաներ, որոնք թեև չեն ներկայացել, սակայն նրանց մոտեցումից հասկացել են, որ ոստիկանության աշխատակիցներ են: Նրանցից «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ատրճանակն ուղղել է դեպի տաքսի ավտոմեքենան և պահանջել դուրս գալ ավտոմեքենայից: Այդ գործողություններին զուգահեռ նրանք տաքսի ավտոմեքենայի դռները բացել, իրեն և Գ.Կարապետյանին քաշելով իջեցրել, վերջինիս ձեռքերը դեպի ետ ոլորելով` տարել են մի կողմ, իսկ իր ձեռքերը դեպի ետ ոլորելով ձեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ետնամասում: Առանց պատճառը հայտնելու, թվով 4 աշխատակիցներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին, տարել 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը: Իր ձեռնաշղթաները հանելուց հետո քրեական հետախուզության բաժնի պետը հարցրել է, թե որտեղից է Գ.Կարապետյանի հետ գողություն կատարել: Երբ ինքը պատասխանել է, որ գողություն չի կատարել, Վ.Հովհաննիսյանն աջ ձեռքով ուժգին ապտակել և հայհոյել է` պահանջելով խոստովանել Գ.Կարապետյանի հետ գողություն կատարելու հանգամանքը: Ինքը կրկին պատասխանել է, որ որևէ մեկի հետ գողություն չի կատարել, որից հետո մոտ 5 րոպե տևողությամբ, ընդմիջումներով, աշխատասենյակում գտնվող ոստիկանները սկսել են անկանոն ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ(1):

____________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 265-271:

 

6.1. Տուժող Գ.Կարապետյանը 2017 թվականի մայիսի 4-ին տուժող Ա.Հակոբջանյանի ցուցմունքին մասամբ նույնաբովանդակ ցուցմունք է տվել` ըստ էության հավելելով նաև, որ Ա.Հակոբջանյանին բերման ենթարկելուց քիչ հետո գնացել է այնտեղ, ցանկացել ներս մտնել, սակայն հերթապահ մասի աշխատակիցը թույլ չի տվել: Շուրջ 4-5 ժամ սպասել է ընկերոջը, տեսնելով, որ բաց չեն թողնում, կրկին փորձել է մուտք գործել բաժին, և քանի որ կրկին թույլ չեն տվել, վիճաբանության է բռնվել այնտեղ գտնվող աշխատակիցների հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել են միմյանց, քրեական հետախուզության բաժնի պետ Վ.Հովհաննիսյանը ապտակել է, աշխատակիցներից մեկն ատրճանակով սպանության սպառնալիք է տվել: Այնուհետև բարձրացել է բաժին, իրեն ուղեկցել են պետի տեղակալ Ա.Չթչյանի աշխատասենյակ, ով մեկ անգամ ապտակել է` պատճառելով ֆիզիկական ցավ(2):

____________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 277-283:

 

7. ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներ Կարեն Սիմոնյանը և Արմեն Իսրայելյանը ցուցմունք են տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիս ամսին Ստեփանավան քաղաքում կատարված գողության դեպքով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ այդ գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում գողության համար դատապարտված Գագիկ Կարապետյանի ընկեր Ալբերտ Հակոբջանյանը: 2016 թվականի օգոստոսի սկզբներին, օրը հստակ չեն հիշում, տեղեկացել են նաև, որ Ալբերտը գտնվում է Գագիկ Կարապետյանի տանը: Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վալերի Հովհաննիսյանի հանձնարարությամբ նրան գողություն կատարելու կասկածանքով պետք է բերման ենթարկեին ոստիկանության Ստեփանավանի բաժին: Հնարավոր կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու նպատակով, որոշել են Ա.Հակոբջանյանին բերման ենթարկել Գագիկի բնակարանից դուրս գալուց հետո: 2016 թվականի օգոստոս ամսվա սկզբներին, օրը հստակ չեն հիշում, երբ Ա.Իսրայելյանի հետ վերջինիս «Ֆոլկսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էին քաղաքում, տեսել են, որ Ալբերտն ու Գագիկը վերջինիս բնակության վայրից դուրս եկան, նստեցին ինչ-որ «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենա: Որքան հիշում են, իրենք այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել են Վ.Հովհաննիսյանին, ով ասել է, որ կմոտենա: Երբ տաքսին հեռացել է Գագիկենց շենքի մոտից և հասել էին, իրենց հիշելով Ստեփանավան քաղաքի Մեղապարտ և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկի մոտ, ազդանշան տալով կանգնեցրել են տաքսի ավտոմեքենան: Իջել են ավտոմեքենայից, մոտեցել տաքսուն, այդ ժամանակ հասել է նաև Վ.Հովհաննիսյանը և նրանց ներկայանալով որպես ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներ` Ա.Հակոբջանյանին պահանջել են իջնել տաքսի ավտոմեքենայից: Վերջինս, առանց խնդիրներ առաջացնելու իջել է, իսկ առջևում գտնվող ուղևոր Գագիկ Կարապետյանը սկսել է բղավել և դժգոհություններ հայտնել` ասելով, թե ինչ են ուզում իր ընկերոջից, ինչու են նրան բաժին բերման ենթարկում: Վ.Հովհաննիսյանը փորձել է նրան կարգի հրավիրել` ասելով, որ իրենց աշխատանքն են իրականացնում և կարիք չկա նման վարքագիծ դրսևորել և ասել է, որ կարող է գնալ: Իրենց ավտոմեքենայով Ա.Հակոբջանյանին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Որքանով տեղյակ են, բաժնի աշխատակիցներից ոչ ոք, իսկ քրեական հետախուզության բաժնում առավելապես, «Ֆոլկսվագեն գոլֆ», կամ հին տարեթվի «BMW» մակնիշի ավտոմեքենաներ ունեցողներ չկան: Արմեն Իսրայելյանին պատկանող կանաչ գույնի «Ֆոլկսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայով Ա.Հակոբջանյանին բերման են ենթարկել ոստիկանություն, «Ֆոլկսվագեն գոլֆ» կամ «BMW» մակնիշի ավտոմեքենաներով չեն եղել, իսկ Վալերի Հովհաննիսյանն ընդամենը այդ գործողություններին ներկա է գտնվել և այնտեղ է եկել իր «Նիվա» ավտոմեքենայով(3):

_____________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 294-307:

 

ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի մյուս աշխատակիցների կողմից «Ֆոլկսվագեն գոլֆ» կամ «BMW» մակնիշի ավտոմեքենաներ չունենալու առնչությամբ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի մյուս աշխատակիցները:

7.1. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալի` 2016 թվականի օգոստոսի 5-ի ծառայողական ուսումնասիրության եզրակացության համաձայն` նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողներ Կ.Սիմոնյանը և Ա.Իսրայելյանը նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 4-ին առավոտյան Ա.Հակոբջանյանին հրավիրել են ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, սակայն վերջինս առանց որևէ պատճառաբանության հրաժարվել է ներկայանալ նախաքննություն իրականացնող մարմին և նույն օրը ժամը` 15:45-ին Ստեփանավան քաղաքի Հ.Մեղապարտի և Սուրբ-Նշան փողոցների խաչմերուկից իրենք Ա.Հակոբջանյանին բերել են ոստիկանության Ստեփանավանի բաժին(4):

_____________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 12-14:

 

8. Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ս.Այվազյանը Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետին ուղղված 2016 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 63/2-5245 գրությամբ խնդրել է, որպեսզի թույլատրեն իրեն և Լոռու մարզային վարչության պետ Ա.Ղազարյանին 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Գ.Կարապետյանի հետ «ՕՀ բնույթի հարցազրույց» ունենալու նպատակով մուտք գործել Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր (այսուհետ նաև` ՁՊՎ)(5): Նշված գրությանն ի պատասխան` ավագ քննիչ Լ.Պառավյանի` նույն օրվա թիվ 533-3025-16 գրությամբ թույլատրվել է Գ.Կարապետյանի հետ իրականացնել «ՕՀ միջոցառումներ»(6): Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա.Ղազարյանի` 2017 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 57/3-3221 գրության համաձայն` 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետ Ս.Այվազյանի հետ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ-ում տեսակցել են Գագիկ Կարապետյանին, որտեղ Ս.Այվազյանը Գ.Կարապետյանի նկատմամբ իրականացրել է «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն(7):

_____________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 111:

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 112:

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 128:

 

8.1. Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա.Ղազարյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի կողմից ձերբակալված Գ.Կարապետյանի կողմից հնարավոր այլ գողություններ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով, վերջինիս հետ օպերատիվ հարցազրույցներ ունենալու համար` 2016 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբներին, համապատասխան թույլտվությամբ ինքն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ս.Այվազյանը մուտք են գործել ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ և հարցազրույց ունեցել Գ.Կարապետյանի հետ: Հարցեր են տվել ինչպես տվյալ գողության դեպքի, այնպես էլ հնարավոր այլ գողություններ կատարելու վերաբերյալ: Ո՛չ ինքը, ո՛չ էլ Ս.Այվազյանը նրան չեն առաջարկել որոշակի գումարի դիմաց գողության 3 դեպք ընդունել: Առհասարակ իրենց միջև նման բովանդակությամբ խոսակցություններ չեն եղել(8):

_____________________

8) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 146-149:

 

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ս.Այվազյանը(9):

_____________________

9) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 26-33:

 

9. Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի պետի` 2016 թվականի նոյեմբերի 30-ի գրությանը կից «իրազեկման» համաձայն` ձերբակալված Գ.Կարապետյանը գանգատվում էր գլխացավերից, ականջների շրջանում այրոցի զգացողությունից, ինչի կապակցությամբ բժշկական կենտրոնից հրավիրվել է բժիշկ, որն էլ իր հերթին բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ցուցաբերել է առաջին բուժօգնություն և նշում կատարել ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության` «Ձև 12» գրանցամատյանում(10):

_____________________

10) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 108-109:

 

9.1. Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Ս.Ավետիսյանի 2016 թվականի դեկտեմբերի 1-ի գրության համաձայն` ձերբակալված Գ.Կարապետյանը ՁՊՎ ընդունվելուց հետո` դեկտեմբերի 1-ին ժամը 00:25-ին, բողոք է հայտնել գլխացավից, մարմնի ընդհանուր թուլությունից, ինչի կապակցությամբ հրավիրվել է շտապօգնության բրիգադ, որի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն(11):

_____________________

11) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 113:

 

9.2. Ըստ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության գրանցման մատյանի տվյալների. «Կարապետյան Գագիկ Դավիթի, 01.12.2016 թվական, ժամը 24:25, գանգատվում է ընդհանուր թուլությունից, գլխացավից, վերին վերջույթում թմրածության զգացողությունից, սրտի շրջանում ծակող բնույթի ցավերից: Օբյեկտիվ մաշկը և տեսանելի լորձաթաղանթները նորմալ գունավորման, սրտի տոները ռիթմիկ, պուլսը ռիթմիկ, լեցուն, թոքերում կոշտ շնչառություն, պուլսը 86 զ/ր, զ/ճ-130/80 մմ. սս.: Ախտորոշում` վեգետատիվ կրիզ, անհրաժեշտ է նյարդաբանի կոնսուլտացիա: Բժիշկ-ստորագրություն: Գրառում առ 02.12.2016 թվական ժամը 10:10 գանգատվում է սրտի շրջանի ծակող սուր ցավերից, որոնք տարածվում են ձախ ուսին, շնչարգելությունից, զ/ճ-130/80 մմ. սս., ախտորոշում` վեգետատիվ կրիզ, կատարվել է անալգին, դիմեդրոլ: ՇԲՈ-հերթապահ բժիշկ` Մ.Սերոբյան»(12):

_____________________

12) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 114-115, 122-123:

 

10. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանի` թիվ 62209617 քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ 2017 թվականի մայիսի 11-ի հանձնարարության համաձայն` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ` պարզելու քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ(13):

_____________________

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 20-25:

 

10.1. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս.Ասատրյանի` 2017 թվականի հունիսի 15-ի գրության համաձայն` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանի` թիվ 62209617 քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին տրված հանձնարարությամբ արծարծված հարցերի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի նկատմամբ 2016 թվականի օգոստոսի 4-ին բռնություն չի գործադրվել, Ա.Հակոբջանյանին և Գ.Կարապետյանին ուղեկցող տաքսու վարորդը հանդիսացել է Ստեփանավան քաղաքի Պրոմեթևս 15Ա/5 հասցեի բնակիչ, 1992 թվականի մարտի 23-ին ծնված Նարեկ Սամվելի Բարխուդարյանը, ով բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ՌԴ-ում(14):

_____________________

14) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 116-118:

 

10.2. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Հովսեփյանի` 2017 թվականի ապրիլի 28-ի գրության համաձայն` Նարեկ Բարխուդարյանը 2016 թվականի օգոստոսի 20-ին` ժամը 14:28-ին Բագրատաշենի սահմանային անցակետով մեկնել է ՀՀ-ից(15):

_____________________

15) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 10:

 

10.3. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի` 2017 թվականի հուլիսի 17-ի գրության համաձայն` 2017 թվականի մայիսի 3-ից մինչև 2017 թվականի հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Ալբերտ Հակոբջանյան (ծնված` 28.07.1970 թ-ին) տվյալներով անձի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում տեղեկություններ չկան(16):

_____________________

16) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 190:

 

10.4. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ է տրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը` պարզելու Ա.Հակոբջանյանի փաստացի բնակության հասցեն և նրան հայտնաբերելու դեպքում պարտավորեցնելու ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որոնց արդյունքներով Ա.Հակոբջանյանը չի հայտնաբերվել(17):

_____________________

17) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 105-106, 117, 119-123, 129-130:

 

11. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը պատճառաբանվել է հետևյալ կերպ. «(...) Նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

(...) Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի հայտնած տեղեկությունները` ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, հայհոյելու և սպառնալիքներ տալու, Ա.Հակոբջանյանին առավոտյան ժամի բերման ենթարկելու, սակայն նրան ապօրինի ազատությունից զրկելու և բերման ենթարկելու մասին կազմված արձանագրությունում ժամը 15:45-ն արձանագրելու, Գագիկ Կարապետյանին սպանության սպառնալիք տալու, Հարություն Վարոսյանին ցուցմունք տալուն հարկադրելու, վերջինիցս գումար պահանջելու, Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների կողմից վկային և տուժողին ցուցմունք տալուն հարկադրելու, պաշտոնեական կեղծիք կատարելու կամ ապացույց կեղծելու վերաբերյալ, կատարված նախաքննության ընթացքում բացի շահագրգիռ անձանց ցուցմունքներից, այլ ապացույցներով չեն հաստատվել, հետևաբար, չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ պաշտոնատար անձանց: (...)»(18):

_____________________

18) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 131-146:

 

12. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի բողոքը` արձանագրելով, ի թիվս այլնի, հետևյալը. «(...) Քրեական գործի նախաքննության ընթացքում, բացի քրեական գործով շահագրգռված Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի ցուցմունքներից, այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, միաժամանակ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Նման պայմաններում առկա է չփարատված կասկած, որպիսի կասկածն անմեղության կանխավարկածի սկզբունքի ուժով ենթակա է մեկնաբանման հօգուտ ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի (...) պաշտոնատար անձանց (...)»(19):

_____________________

19) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6-13:

 

13. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշման համաձայն` «(...) թիվ 62209617 քրեական գործի վարույթի շրջանակներում իրականացվել է արդյունավետ քննություն, քննչական և դատավարական գործողությունները քննիչի կողմից կատարվել են օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգին համապատասխան և կայացվել է օրինական և հիմնավոր որոշում:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս.Ավետիսյանի` «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու» 15.09.2017թ. որոշումն օրինական է և հիմնավորված, իսկ բողոքում բերված փաստարկները հիմնավոր չեն, ուստի բողոքը ենթակա է մերժման: (...)»(20):

_____________________

20) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 114-130:

 

14. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ փաստել է. «(...) Վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու պահանջները, մասնավորապես գործով իրականացվել են մի շարք քննչական ու դատավարական գործողություններ` արդյունքում կայացնելով օրինական և հիմնավոր որոշում (...)»(21):

 

_____________________

21) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 58-71:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

15. Բողոքների հեղինակների պնդմամբ` վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեին հանցագործությունը և մեղավորներին բացահայտելուն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է տուժողների իրավունքների և ազատությունների խախտման:

Վարույթն իրականացնող մարմինը ձեռքի տակ ունենալով երկու անձի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մասին տվյալներ, դրանց համարժեք գնահատական չի տվել, չի կատարել արդյունավետ քննություն:

16. Մասնավորապես, ըստ բողոքաբերների` վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի հայտնած տեղեկատվության հիման վրա գտնելու և հարցաքննելու տաքսի ավտոմեքենայի վարորդին, ով դեպքի օրն ականատես է եղել ոստիկանության աշխատակիցների կողմից Ա.Հակոբջանյանի ու Գ.Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու, այնուհետև բերման ենթարկելու ողջ ընթացքին:

Ըստ բողոքների հեղինակների` ստորադաս դատարանների կողմից իրավական գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, թե արդյո՞ք օրինական էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի մուտքը ոստիկանության Տարոնի բաժին: Չի քննարկվել նաև այն հարցը, թե արդյոք նշված անձինք իրավունք ունեին մուտք գործել ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայր:

17. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 31-ի որոշումը` վերացնելով դիմողների իրավունքների խախտումները կամ գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումը վերացնելու սահմանադրական գործառույթի իրացումն է: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքում կատարվող քննության արդյունավետության չափանիշի վերաբերյալ արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են նպաստել նաև այդ կապակցությամբ ձևավորված իրավունքի զարգացմանը:

19. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի հաղորդումների հիման վրա իրականացված քննությունը եղել է արդյունավետ:

20. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

20.1. Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի` արդյունավետ քննության մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից պետության պոզիտիվ պարտականությունն է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության իրականացումը(22): Դատարանը շեշտել է, որ այդ մասին վկայող բողոքների քննությունը պետք է լինի մանրակրկիտ և ամբողջական: Իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը` կատարվածի հետ կապված ապացույցների ամրագրման համար(23):

______________________

22) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Jeronovics v. Latvia գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103:

23) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123:

 

20.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված մի շարք վճիռներում արձանագրվել է, որ պետությունն իր պոզիտիվ պարտականության շրջանակներում չի կատարել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտման(24): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քննությունը չի իրականացվել անհրաժեշտ անհապաղությամբ, ապացույցները ձեռք են բերվել, բժշկական զննություններն իրականացվել են ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո տևական ժամանակ անց, ինչը հանգեցրել է կարևոր ապացուցողական տվյալների կորստի(25):

______________________

24) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nalbandyan v. Armenia գոծով 2015 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատներ թիվ 9935/06, 23339/06, Zalyan and others v. Armenia գործով 2016 թվականի մարտի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 36894/04 և 3521/07, Matevosyan v. Armenia գործով 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 52316/09 և այլն:

25) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նույն վճիռները:

 

20.3. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն` «(...) պետությունն ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ քննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգում է կիրառվել իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում»:

Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «(...) պետությունն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք (...)»:

20.4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի (...)»:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)»:

21. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բացարձակ բնույթը(26): Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը: Մասնավորապես, արձանագրվել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վիճելի բողոքի» կամ «վստահելի հայտարարության» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների(27) առկայության դեպքում ծագում է պետության պոզիտիվ պարտականությունը` կատարելու քննություն, որի արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Այսպես, Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են.

_______________________

26) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը, Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետը:

27) Նշված հատկանիշների մասին տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետում:

 

ա) քննություն իրականացնող մարմինների անկախությունը և անաչառությունը(28),

_______________________

28) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ogur v. Turkey գործով Մեծ պալատի` 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետեր 91-92, Mehmet Emin Yuksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 40154/98, կետ 37, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, կետեր 83-84:

 

բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ(29),

_______________________

29) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mikheev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, կետ 109:

 

գ) քննություն իրականացնող մարմինները պետք է օժտված լինեն համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ(30),

_______________________

30) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hugh Jordan v. the UK գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետեր 125-130, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136, Amine Guzel v. Turkey գործով 2013 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 41844/09, կետ 39:

 

դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար(31),

_______________________

31 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 134:

 

ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը(32):

_______________________

32) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Օthers v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 137, mutatis mutandis, Ogur v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետ 92, Ognyanova and Choban v. Bulgaria գործով 2006 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 46317/99, կետ 107, Khadzhialiyev and Others v. Russia գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 3013/04, կետ 106:

 

Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը ենթադրում է, որ քննությունը պետք է լինի արագ և մանրամասն: Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա(33): Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները(34): Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը(35):

___________________________

33) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետ 103, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136

34) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tanrkulu v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 104, Gul v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89:

35) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123:

 

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով քննության մանրամասն լինելու չափանիշին համապատասխանելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունների սպառիչ սահմանման անհնարինությունը, որպես այդպիսի քննության չափանիշներ են հանդիսանում «լուրջ ջանքեր գործադրելը» կամ «բոլոր ողջամիտ քայլերն իրականացնելը»(36):

___________________________

36 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 23-25-րդ կետերը:

 

22. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննություն կատարելու անհրաժեշտությանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև` ՄԻՊ)` որպես ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության վերաբերյալ վերջին տարիներին հրապարակվող տարեկան զեկույցներում: Մասնավորապես, ՄԻՊ-ը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դեմ մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները, ինչպես նաև խոշտանգման դեպքերի քննության վիճակագրական տվյալները` խոշտանգման դեպքերում պետության պոզիտիվ պարտականության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի խոշտանգման դեպքերի արդյունավետ քննությունը(37): Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և վերջինիս խոցելիությունն ու իրավունքների չապահովման ռիսկն ավելի մեծ է հենց գործի քննության սկզբնական փուլում: Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի` Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում իրականացված ուսումնասիրության արդյունքում կատարված դիտարկման համաձայն` անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և վերջինիս խոցելիությունն ու իրավունքների չապահովման ռիսկի գործոնը մեծ է հանցանքի կատարման մեջ կասկածվող անձին արգելանքի վերցնելու ժամանակահատվածում(38): Նշվածն արձանագրել է նաև Միավորված ազգերի կազմակերպության` Խոշտանգումների դեմ կոմիտեն` Հայաստանի վերաբերյալ 4-րդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկումներում և իր մտահոգությունը հայտնել անձին արգելանքի վերցնելիս խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու պնդումների առնչությամբ(39):

_____________________________

37) Տե՛ս Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի` 2017 թվականի գործունեության վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, ինչպես նաև 2018 թվականի գործունեության վերաբերյալ 2019 թվականի զեկույցը:

38) Տե՛ս Preventing police torture and other forms of ill-treatment - reflections on good practices and emerging approaches, 28th General Report of the CPT, CPT/Inf(2019)9-part, April 26, 2019, կետ 64:

39) Տե՛ս Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, CAT/C/ARM/CO/4, Adopted by the Committee at its fifty-ninth session (7 November-7 December 2016), կետ 17:

 

Միևնույն ժամանակ, Խոշտանգումների դեմ կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներում հայտնել է, որ Հայաստանում խոշտանգման և վատ վերաբերմունքի ենթարկվելու դեպքերի քննության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ապահովել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ զոհերի օպերատիվ բժշկական զննումը, որպեսզի ճշգրիտ արձանագրվեն նրանց վնասվածքները և ստացվեն կարևոր ապացույցներ` հետագա քննության համար,

բ) ենթադրյալ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի քննության նպատակահարմարությունը որոշելիս ապահովել ապացուցման վերաբերելի և ողջամիտ չափորոշիչներ,

գ) ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված միջոցառումները, որոնք կարող են խոչընդոտել արդյունավետ քննությանը, հետապնդմանը և պատժմանը` կապված խոշտանգման և վատ վերաբերմունքի գործողությունների հետ,

դ) ամրապնդել Հատուկ քննչական ծառայության քննչական կարողություններն ու անկախությունը` ապահովելու համար, որ անհապաղ իրեն տրամադրվեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր բողոքները, ներառյալ ազատությունից զրկված անձանց նման պնդումները, և որ բոլոր պնդումները խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ քննվեն, իսկ դրանց կատարման մեջ կասկածվողները պատշաճ կերպով ներկայացվեն դատարան, և նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում պատժվեն իրենց գործողությունների ծանրությանը համաչափ ձևով, և որ Հատուկ քննչական ծառայությունը հրապարակավ տեղեկություններ հաղորդի ոչ միայն հարուցված քրեական գործերի, այլև հետապնդման արդյունքի մասին,

ե) առանց վտանգելու անմեղության կանխավարկածի սկզբունքը` ապահովել, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի դրսևորման համար քննության ներքո գտնվող բոլոր անձանց պարտականությունների կատարումը քննության ընթացքում անմիջապես կասեցվի(40):

____________________________

40) Տե՛ս Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, կետ 18:

 

23. Սույն որոշման 20-22-րդ կետերում վկայակոչված դրույթների և մեջբերված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը և վկայակոչված միջազգային չափանիշների հաշվառմամբ կարևորում խոշտանգումների և վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքում իրականացվող քննության արդյունավետությունը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ դեպքերի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը մեծապես պայմանավորված են վարույթն իրականացնող մարմնի օպերատիվությամբ: Մասնավորապես, «տաք հետքերով» տարվող քննության մեթոդիկայի կիրառմամբ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում «լուրջ միջոցներ» ձեռնարկել կազմակերպելու համար`

ա) ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկված զոհի անկախ բժշկական զննությունը և վերաբերելի ժամանակահատվածի բժշկական անամնեզի(41) հավաքագրումը, քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ-ում և դրանից դուրս նրա վերաբերյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից կազմված զննության արձանագրությունների և բժշկական այլ փաստաթղթերի ձեռքբերումը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դատաբժշկական փորձաքննության նշանակումը,

______________________

41) Տեղեկությունների ամբողջություն է, որոնք ստացվում են բժշկական հետազոտության ընթացքում հենց հետազոտվողի կամ նրա հարազատների հարցման արդյունքում:

 

բ) ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքի մասին ուղղակի կամ անուղղակի տեղեկություններ ունեցող` դեպքի վայրում գտնված, բժշկական օգնություն կամ իրավաբանական օգնություն ցույց տված անձանց կամ վերաբերելի ժամանակահատվածում ենթադրյալ զոհի հետ շփում ունեցած, արգելանքի տակ պահելու վայր նրան ուղեկցած անձանց հնարավորինս սեղմ ժամկետում հարցաքննությունը(42): Այս համատեքստում, Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարում ընդգծել ականատես վկաների հարցաքննության ապահովումը և անհրաժեշտ տվյալների ձեռքբերումը: Այդ վկաների հաղորդած տվյալները գործի ելքի համար կարող են ունենալ վճռորոշ նշանակություն և հնարավորություն տալ ստուգելու ինչպես ենթադրյալ զոհի, այնպես էլ ենթադրյալ ոտնձգություն կատարած անձի հայտնած տվյալները: Վերոգրյալի շրջանակներում Վճռաբեկ դատարանը նաև կարևոր է համարում նշել, որ ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերով քննության արդյունավետության ցուցիչ է նաև այն, որ այդ գործերով վերջնական որոշումները չհիմնվեն բացառապես ենթադրյալ ոտնձգություն կատարած անձանց ցուցմունքների վրա և վերջիններս անվերապահ հիմք չընդունվեն ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հերքելու համար: Նշված գործերով յուրաքանչյուր ողջամիտ հնարավորության օգտագործմամբ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի իրադարձություններում ներգրավված անձանց ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու համար(43),

______________________

42) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, կետեր 176-177:

43) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 206, Zalyan and others v. Armenia գործով նշված վճիռը, կետ 269:

 

գ) ըստ ենթադրյալ զոհի` խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած անձանց մեկուսացումը` նվազագույնի հասցնելով նրանց կողմից իրենց ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցնելու հնարավորությունը: Օրինակ` Ramsahai and others v. Netherlandsգործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով անցնող ոստիկանները չեն պահվել մեկուսի և չեն հարցաքննվել երեք օր, որպիսի պայմաններում թեև չկա որևէ ապացույց այն մասին, որ նրանք գաղտնի համաձայնության են եկել միմյանց կամ Ամստերդամի ոստիկանական ուժերի իրենց գործընկերների հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախնական քննության պատշաճության ապահովման էական թերություն(44): Նշվածի համատեքստում, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ինչպես ենթադրաբար խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած անձանց մեկուսացումը, այնպես էլ խոշտանգում կատարելու կամ վատ վերաբերմունք դրսևորելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց նկատմամբ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը` բացառելով նրանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը,

_______________________

44) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ramsahai and others v. Netherlands գործով 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 52391/99, կետ 330:

 

դ) այլ ապացույցների հավաքումը, որոնք հնարավորություն կտան լիարժեք պատկերացում կազմել ենթադրյալ զոհի` խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ փաստարկված հայտարարությունների կապակցությամբ: Այս առումով հատկանշական կարող է լինել անձին բերման ենթարկելու կամ նրան արգելանքի տակ պահելու վայրերի տեսաձայնագրությունների առգրավումը: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության արդյունավետության տեսանկյունից այդ ապացույցների կարևորությունն ընդգծել է նաև Միավորված ազգերի կազմակերպության` Խոշտանգումների դեմ կոմիտեն(45):

_______________________

45) Տե՛ս Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, կետ 12:

 

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու գործերով քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն` ձեռնպահ մնալով ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելուց: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ` միջոցների». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ ավարտվի այն եզրակացությամբ, որը համապատասխանում է դիմումատուի նշած դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը, և հայտարարությունների արժանահավատությունը հաստատվելու դեպքում, այն նաև պետք է հանգեցնի հանցանքի համար պատասխանատուների բացահայտմանն ու հիմնավորելու դեպքում` նրանց պատժելուն(46): Այսինքն` խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործերով առանցքային նշանակություն ունի ոչ թե ենթադրյալ զոհի կողմից ներկայացված տեղեկատվության հաստատումը, այլ այդ տեղեկատվության մանրամասն պարզման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համալիրը, որն օբյեկտիվ դիտորդի մոտ համոզիչ կերպով հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել դեպքի հանգամանքների վերաբերյալ: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաև քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով(47): Օրինակ` Nalbandyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ պետական մարմինները ներգրավվել էին քննելու միևնույն դատախազության աշխատակիցների և տեղական ոստիկանության բաժնի նրանց ենթակաների գործողությունները, որպիսի քննությունը դատարանը չէր կարողացել համարել անկախության և անկողմնակալության պահանջներին բավարարող(48): Այսինքն` անհրաժեշտ է նաև պատշաճ ուշադրության արժանացնել գործի քննության մեջ ներգրավված մարմինների անկախության և անաչառության ապահովումը` միջոցներ ձեռնարկելով բացառելու գերատեսչական շահերի հնարավոր բախումները:

______________________

46) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Zalyan and others v. Armenia գործով նշված վճիռը, կետ 268:

47) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Zalyan and others v. Armenia գործով նշված վճիռը, կետ 269:

48) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nalbandyan v. Armenia գործով նշված վճիռը, կետեր 120 և 123:

 

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը կարող է համարվել արդյունավետ և համահունչ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- քրեական գործի վարույթը նախաքննության մարմնի որոշմամբ կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները(49),

_____________________

49) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը մերժել է դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի բողոքն այն պատճառաբանությամբ, որ քրեական գործի նախաքննության ընթացքում, բացի քրեական գործով շահագրգռված Գ.Կարապետյանի և Ա.Հակոբջանյանի ցուցմունքներից, այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, միաժամանակ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները(50),

_____________________

50) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Գ.Կարապետյանի և դիմողներ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի բողոքները, այն մերժել է` նշելով, որ քրեական գործի շրջանակներում իրականացվել է արդյունավետ քննություն, քննչական և դատավարական գործողությունները քննիչի կողմից կատարվել են օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգին համապատասխան և կայացվել է օրինական և հիմնավոր որոշում(51),

_____________________

51) Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, մերժելով Գ.Կարապետյանի և դիմողներ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի վերաքննիչ բողոքները, արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու պահանջները, գործով իրականացվել են մի շարք քննչական ու դատավարական գործողություններ` արդյունքում կայացնելով օրինական և հիմնավոր որոշում(52):

_____________________

52) Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ԵԱՔԴ/0172/11/17
Որոշում