Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    Հայաստանի Հանրապետության                ԵԱՔԴ/0172/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0172/11/17

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև`

Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Մնացականյանի

                   մասնակցությամբ դատախազ`    Վ. Դոլմազյանի

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ք. Երևանում

 

25. Նախորդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 21-23-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքերի առթիվ իրականացված քննության արդյունավետությունը գնահատելիս համակողմանի ուշադրության չեն արժանացրել գործի փաստական հանգամանքները: Մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի համատեքստում ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ`

- նախաքննության մարմինը «լուրջ ջանքեր» չի գործադրել հայտնաբերելու և հարցաքննելու ենթադրյալ բռնության գործադրմանն ականատես վկա` Գ.Կարապետյանին և Ա.Հակոբջանյանին ուղեկցող տաքսի ավտոմեքենայի վարորդին այն դեպքում, երբ վերջինիս հայտնած տվյալները կարող էին վճռորոշ նշանակություն ունենալ գործի ելքի համար: Հաշվի առնելով ենթադրյալ բռնության գործադրման դեպքերին նշված վկայի ականատես լինելու հանգամանքը` վարույթն իրականացնող մարմինը պետք է հատուկ ջանասիրությամբ միջոցներ ձեռնարկեր նրանից գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Ունենալով տաքսու վարորդ` Նարեկ Բարխուդարյանի տվյալները և Ռուսաստանի Դաշնությունում վերջինիս գտնվելու մասին տեղեկություն, վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում նաև` միջազգային իրավական օգնության շրջանակներում(53), այդ անձից գործի համար առանցքային նշանակություն ունեցող տվյալներ ձեռքբերելու ուղղությամբ: Նշված տվյալները նաև էական նշանակություն կարող էին ունենալ տուժողների և ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներում առկա հակասությունները հաղթահարելու համար: Հարկ է նկատել, որ նախաքննության մարմինը նույնիսկ միջոցներ չի ձեռնարկել տաքսի ավտոմեքենայի վարորդի` Հայաստանի Հանրապետություն վերադարձի հնարավոր ժամկետները պարզելու ուղղությամբ, այդ կապակցությամբ տեղեկություններ չի ստացել մերձավոր ազգականներից, ձեռք չի բերել նրա սահմանահատումների` գործին վերաբերելի ժամանակահատվածի ամբողջական պատմությունը, որը կարող էր օգտակար լինել Ն.Բարխուդարյանի գտնվելու վայրի մասին հնարավոր պատկերացում կազմելու համար,

_____________________

53) Տե՛ս, mutatis mutandis, Արտուշ Ղուլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ) 2/0037/01/15 որոշումը, կետ 21:

 

- նախաքննության մարմինը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ ծառայողական քննության ընթացքում Կ.Սիմոնյանը և Ա.Իսրայելյանը նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 4-ի առավոտյան Ա.Հակոբջանյանին հրավիրել են ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, սակայն վերջինս առանց որևէ պատճառաբանության հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին(54): Մինչդեռ, նշված փաստական տվյալի առկայության պայմաններում, այդ կապակցությամբ քննություն չի կատարվել, քննիչը կատարված նախաքննության ընթացքում այդ կապակցությամբ անհրաժեշտ հարցեր չի ուղղել Կ.Սիմոնյանին և Ա.Իսրայելյանին(55),

_____________________

54) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

55) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- գողության դեպքով հարուցված քրեական գործով ընթացող նախաքննության պայմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետը սեփական նախաձեռնությամբ դիմել է վարույթն իրականացնող մարմնին` ձերբակալվածներին պահելու վայր մուտք գործելու և Գ.Կարապետյանի հետ, ի թիվս այլնի, տվյալ գործով կատարված գողության դեպքի առնչությամբ «ՕՀ բնույթի հարցազրույց» ունենալու թույլտվություն ստանալու համար, ինչը քննիչի կողմից թույլատրվել է(56): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ կրկնում է, որ նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն օժանդակում է քննիչի դատավարական գործունեությանը, երբ քրեադատավարական գործիքակազմը բավարար չէ քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար(57): Այսինքն` ընթացքի մեջ գտնվող նախաքննությանը զուգահեռ ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ ինքնուրույն քննություն իրականացնել չի կարող, քանի դեռ քննիչի գործունեությանն օժանդակելու անհրաժեշտությունը չի հիմնավորվել քրեադատավարական համապատասխան ռեսուրսների սակավությամբ: Նշված անհրաժեշտությունը հիմնավորող տվյալների բացակայության դեպքում Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում սկսված նախաքննության պայմաններում ոստիկանության աշխատակիցների կողմից միաժամանակյա քննության նախաձեռնումն ու իրականացումը: Ոստիկանությունը օրենսդրությամբ հստակ նախատեսված միջոցառումների շրջանակներում քննիչին կարող է օժանդակություն ցուցաբերել միայն նախաքննության իրականացման գործիքակազմի պակասի դեպքում, և երբ հանրային շահը պահանջում է գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդների և միջոցների կիրառում(58):

________________________

56) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

57) Տե՛ս Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը, կետ 17.1:

58) Տե՛ս նույն տեղում:

 

Մինչդեռ տվյալ դեպքում, սկսված նախաքննության պայմաններում, ոստիկանության բաժնի պետը դիմել է քննիչին` ձերբակալվածի հետ «ՕՀ բնույթի հարցազրույց» անցկացնելու թույլտվություն ստանալու համար և ստացել այն, երբ ոստիկանության կողմից այդպիսի վերտառությամբ «հարցազրույց» վարելու լիազորությունը չի համապատասխանում օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակներին: Ավելին, հարկ է նկատել, որ ենթադրյալ հանցավոր դեպքի բացահայտված լինելու, ձերբակալված անձի առկայության պայմաններում առնվազն այդ նույն դեպքով քննիչի կողմից քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ անհրաժեշտ գործողությունների, այդ թվում` անձի իրավունքների լիարժեք երաշխավորմամբ հարցաքննության անցկացման հնարավորության բացակայությունը տվյալ դեպքում չի հիմնավորվել:

Նման պայմաններում, նկատի ունենալով նաև, որ միջազգային կառույցների կողմից նշվող` գործի քննության սկզբնական փուլում անձի խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի աստիճանը բարձր է, ոստիկանության աշխատակիցների վերը նկարագրված այցելությունը ձերբակալվածի մոտ և նրա նկատմամբ «ՕՀ բնույթի հարցազրույց» միջոցառման իրականացումը Վճռաբեկ դատարանի համար մտահոգիչ է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ այցելության ժամանակաշրջանում ձերբակալվածն ունեցել է գանգատներ և բժշկական օգնության կարիք: Ուստի, նշվածը պետք է դառնար մանրամասն քննության առարկա և պարզվեր այդ միջոցառման նպատակը, բովանդակությունը, իրականացման ժամը, տևողությունը և այլ վերաբերելի հանգամանքներ, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դրա վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ քննություն չի իրականացվել նաև այդ հարցազրույցի արդյունքում կազմված արձանագրության առնչությամբ(59): Ավելին, պետք է փաստել, որ ոստիկանության աշխատակիցներ Ա.Ղազարյանը և Ս.Այվազյանը որպես վկա հարցաքննվելիս նշել են, որ ՁՊՎ-ում հարցեր են տվել ձերբակալված Գ.Կարապետյանին, մինչդեռ Ա.Ղազարյանի գրության համաձայն` Գ.Կարապետյանի նկատմամբ «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացրել է միայն Ս.Այվազյանը(60), որպիսի հանգամանքը ևս քննության առարկա չի դարձվել,

_______________________

59) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

60) Տե՛ս սույն որոշման 8-8.1-րդ կետերը:

 

- նախաքննության մարմնի կողմից մանրամասն քննություն չի տարվել նաև Գ.Կարապետյանի` ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ընթացքում մի քանի անգամ բժշկական օգնություն ստանալու հանգամանքների շուրջ, այն պարագայում, երբ ինչպես վերը նշվեց, Գ.Կարապետյանի` գանգատվելու առնվազն մեկ դեպքը հաջորդել է ոստիկանության աշխատակիցների այցին(61): Այս առումով չեն կատարվել անհրաժեշտ գործողություններ, տեղեկություններ ձեռք չեն բերվել Գ.Կարապետյանի` ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ընթացքում նրան բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկներից, իրավաբանական օգնություն ցույց տված անձից, ինչպես նաև վերաբերելի ժամանակահատվածում Գ.Կարապետյանի հետ շփում ունեցած այլ անձանցից, ձերբակալվածների պահման վայրի վարչակազմի աշխատակիցներից, ովքեր կարող էին տեղեկություններ հայտնել Գ.Կարապետյանի առողջական վիճակի մասին,

_______________________

61) Տե՛ս սույն որոշման 9-9.2-րդ կետերը:

 

- նախաքննության մարմնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել անմիջապես մեկուսացնելու և հարցաքննելու ըստ ենթադրյալ զոհի` խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած ոստիկաններին: Արդյունքում, ոստիկանների կողմից իրենց ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցնելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել: Ըստ գործի փաստական հանգամանքների` միևնույն վարչության ոստիկանության աշխատակիցները հիմնականում հարցաքննվել են տարբեր օրերի, ընդ որում` հարկ է նկատել, որ մոտ մեկ տասնյակ ոստիկանության աշխատակիցները 2017 թվականի մայիսի 2-ին քրեական գործ հարուցելուց հետո հարցաքննվել են շուրջ երկու ամսվա ընթացքում, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ խնդրահարույց է ինչպես գործի համար առանցքային նշանակություն ունեցող տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ձեռքբերելու, այնպես էլ հարցաքննվող անձանց միջև հնարավոր համաձայնությունը բացառելու տեսանկյունից: Այս առումով սույն որոշման 23-րդ կետում վկայակոչված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ramsahai and others v. Netherlandsգործով արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև առկա չեն ապացույցներ այն մասին, որ ոստիկանության ծառայողները միմյանց հետ համաձայնեցրել են իրենց ցուցմունքները, այնուամենայնիվ, հաշվի առնելով նաև ոստիկանության աշխատակիցների հարցաքննությունների միջև ընկած հարաբերականորեն երկար ժամանակահատվածները, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նրանց միջև նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախնական քննության պատշաճության ապահովման էական թերություն,

- քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև` Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու հանգամանքը պարզաբանելու, Ա.Հակոբջանյանի փաստացի բնակության հասցեն պարզելու և ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայանալ պարտավորեցնելու վերաբերյալ, նախաքննության մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին, այդ թվում` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը(62): Սույն որոշման 23-րդ կետում վկայակոչված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nalbandyan v. Armeniaգործով արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու առնչությամբ տարվող քննության անկախության ու անաչառության ապահովման տեսանկյունից անընդունելի էր անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալը ՀՀ ոստիկանության առնվազն նույն վարչությանը, որի աշխատակիցներին առնչվում էր քննվող գործը, այն է` ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ դեպքերին: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև առկա չեն փաստական տվյալներ այն մասին, որ հանձնարարված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվել են անբարեխղճորեն և ոչ պատշաճ կարգով, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ քննվող քրեական գործն առնչվել է ոստիկանության աշխատակիցների շահերին, տվյալ պարագայում նրանց կողմից պատշաճ կերպով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման պահանջն օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից ողջամտորեն ապահովված չի եղել: Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալիս չի ապահովվել դրանք կատարող մարմնի` տվյալ գործի նկատմամբ գերատեսչական հետաքրքրության բացակայությունը, կողմերից մեկի և օպերատիվ-հետախուզական միջոցառումները կատարող կառույցի շահերի համընկնման անթույլատրելիությունը(63): Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում անհրաժեշտ էր ապահովել նաև գործի քննության շրջանակներում հանձնարարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնող մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը:

_______________________

62) Տե՛ս սույն որոշման 10-10.1-րդ, 10.4-րդ կետերը:

63) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրաչյա Ներսիսյանի և Էդգար Ամիրյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0005/01/16 որոշումը, կետ 20:

 

26. Նախորդ կետում վկայակոչված հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու կապակցությամբ չեն ձեռնարկվել բոլոր ողջամիտ քայլերը, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ: Այսինքն` վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունավետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից: Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի հաղորդումների հիման վրա իրականացված քննությունը եղել է արդյունավետ, հիմնավոր չէ:

27. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, ստորադաս դատարանները թույլ են տվել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 17-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերոշարադրյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու, դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի ու դիմող Գ.Կարապետյանի բողոքները բավարարելու և վարույթն իրականացնող մարմնին` Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի իրավունքների` սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու պարտականություն սահմանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դիմողներ Ալբերտ Ասլանի Հակոբջանյանի և Գագիկ Դավիթի Կարապետյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի և դիմող Գ.Կարապետյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանել և փոփոխել: Դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի և դիմող Գ.Կարապետյանի բողոքը բավարարել` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Ալբերտ Ասլանի Հակոբջանյանի և Գագիկ Դավիթի Կարապետյանի իրավունքների խախտումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2019
N ԵԱՔԴ/0172/11/17
Որոշում