ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 1563-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբետ գետի վրա նոր կամրջի կառուցման բաղադրիչի (այսուհետ` Ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների օտարվող մասերի նկատմամբ, որոնք նշված են սույն որոշման N 2 հավելվածում (այսուհետ` օտարվող սեփականություն), ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրականացումը նպատակաուղղված է ճանապարհաշինական ծրագրի ապահովմանը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանը, ինչի արդյունքում կստեղծվի առավել արդյունավետ գործող տնտեսական տրանսպորտային միջանցք, կնվազեն փոխադրումների ծախսը և ժամանակը, կմեծանա տարածաշրջանի առևտրի և ուղևորների հոսքը` ամրապնդելով միջազգային համագործակցությունը հարավկովկասյան երկրների միջև.
2) Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գոյություն ունեցող մաքսային անցակետերի արդիականացմանն ու սահմանային ենթակառուցվածքներից օգտվելու արդյունավետության բարձրացմանը` ապահովելով անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետով, նպաստելով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանը` դյուրինացնելով առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ.
3) Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականությունների օտարման, քանի որ օտարվող սեփականությունները գտնվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի օտարման գոտու սահմաններում.
4) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված հանրային գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գոտին` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
2) օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 25-ն է.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
4) օտարվող սեփականության դիմաց տրամադրվող փոխհատուցումը և Ծրագրի այլ ազդեցությունների համար վերականգնման օժանդակության տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները» վերտառությամբ N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.
5) սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 24-ի
N 1563-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN|Հողամասի գտնվելու վայրը |Հողամասի կադաստրային ծածկագիրը |
| |(մարզ, համայնք) | |
|__|_________________________________|________________________________|
|1.|ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքի|11-016-0251-0017 |
| |Բագրատաշեն գյուղ | |
|__|_________________________________|________________________________|
|2.|ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքի|11-016-0250-0003 |
| |Բագրատաշեն գյուղ | |
|__|_________________________________|________________________________|
|3.|ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքի|11-016-0250-0016 |
| |Բագրատաշեն գյուղ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 24-ի
N 1563-Ն որոշման
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
____________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2020 թվական: