Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՌԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որոնցով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: ՈՒստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը:

Քաղաքացիական բնակչության` ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլև բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում և դավանանքներում:

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները` միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը` անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող` Ադրբեջանի, այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:

Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը:

 

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                 ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈ3ԱՆ

2020 թվական, սեպտեմբերի 28

Երևան Հ-001

 

Հրապարակման օրը` 28 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
28.09.2020
N Հ-001
Հայտարարություն