Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-44-Ո-Կ-124

2020թ.

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Նախագահությամբ

Բարձրագույն

դատական խորհրդի նախագահ  Ռ. Վարդազարյանի,

 

մասնակցությամբ` անդամներ Գ. Բեքմեզյանի,

 

Ա. Հայկյանցի,

 

Հ. Հովհաննիսյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

 

Ա. Մխիթարյանի,

 

Վ. Քոչարյանի,

 

Դատավորների ընդհանուր

ժողովի էթիկայի և

կարգապահական հարցերի

                         հանձնաժողովի նախագահ      Ս. Մարաբյանի,

 

Տավուշի մարզի առաջին

ատյանի ընդհանուր

իրավասության

                         դատարանի դատավոր          Ս. Ուլիխանյանի,

 

                         քարտուղարությամբ`         Թ. Ղուկասյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի հունիսի 29-ի N-Կ-9/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի (այսուհետ` Դատարանի նախագահ) կողմից 23.04.2020 թվականին Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Դատարանի նախագահը 10.04.2020 թվականին նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանին, որը վերջինիս 11.05.2020 թվականի թիվ Ե-3269 գրությամբ վերահասցեագրվել է Հանձնաժողովին:

Հանձնաժողովի 18.05.2020 թվականի N-Կ-9/2020 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հանձնաժողովի 29.06.2020 թվականի N-Կ-9/2020 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

i

Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, պնդել է, որ նշված հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը: Օրինականության սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա, այլ խոսքով, Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու: Հետևաբար պաշտոնատար անձը պետք է բացառապես գործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Այլ կերպ ասած` տվյալ դեպքում պաշտոնատար անձի իրավասության մասին խոսելիս, անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ ի տարբերություն մասնավոր անձի, որն իրավունք ունի անելու այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով, պաշտոնատար անձը կարող է անել միայն այն, ինչն ուղղակի նախատեսված է օրենքով:

Դիմողը շեշտել է, որ Դատավորը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով պետաիշխանական լիազորություններով, սահմանափակված է իրեն վերապահված լիազորություններն իրականացնել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով: Նշվածի հիման վրա դիմողը եզրահանգել է, որ Դատավորը, 19.02.2020 թվականից մինչև 02.07.2020 թվականը գտնվելով նպատակային արձակուրդում, իրավասու չէր իր պաշտոնեական պարտականություններից բխող որևէ գործողություն իրականացնել, տվյալ դեպքում 25.02.2020 թվականին և նույն թվականի մարտի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տալ իր վարույթում քննված քաղաքացիական գործերով թվով 15 կատարողական թերթ:

i

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորելու նպատակով վկայակոչել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ, 172-րդ հոդվածների 1-ին մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

Այսպիսով` դիմողը գտել է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վարքագծի կանոնի խախտում, որը թույլ է տրվել դիտավորությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն հոդվածով սահմանված դատավորի վարքագծի կանոնների իմացությունը, գիտակցումը և կիրառությունը հանդիսանում է դատավորի պարտավորությունը: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը գտել է, որ Դատավորի կողմից իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը չգիտակցելու պարագայում, վերջինս տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել, որպիսի պայմաններում էլ կասկած չի առաջացնում կոպիտ անփութության առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալները` Հանձնաժողովն արձանագրել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնների խախտումը կոպիտ բնույթ է կրում: Ավելին` Հանձնաժողովի գնահատմամբ Դատավորի կողմից արձակուրդում գտնվելու ընթացքում թվով 15 կատարողական թերթ տալը վկայում է դատավորի կողմից թույլ տրված խախտումների պարբերականության մասին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը:

03.09.2020 թվականին Բարձրագույն դատական խորհրդի նիստում Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ չի պնդում մինչև 31.07.2020 թվականը գործող Դատավորների ընդհանուր ժողովի կարգապական հարցերի հանձնաժողովի կողմից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և նշեց, որ բնավ չի ցանկանում նախկին հանձնաժողովի միջնորդությունը կասկածի տակ դնել:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Հանձնաժողովին` հայտնելով, որ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում` 2020 թվականի փետրվարի 25-ին, մարտի 9-ին և 10-ին իր կողմից տրված թվով 15 կատարողական թերթերի հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ և արգելանք է դրվել քաղաքացիների գույքի վրա կամ իրականացվել են գումարի բռնագանձմանն ուղղված կատարողական գործողություններ: Նշել է, որ կատարողական թերթերը տրվել են հայցի ապահովման մասին որոշումների և օրինական ուժի մեջ մտած վճիռների հիման վրա, ու թեև այդ ժամանակ ինքը գտնվել է արձակուրդում, այնուամենայնիվ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով են տրվել համապատասխան կատարողական թերթերը, որի արդյունքում չի կարող կասկածի տակ դրվել կատարողական վարույթների հարուցման և կատարողական գործողությունների կատարման հիմքերի օրինականությունը:

Դատավորն ավելացրել է, որ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում կատարողական թերթ տալը չի կարող բացասաբար անդրադառնալ դատական իշխանության հեղինակության և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության վրա, քանի որ դրա նպատակն է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումն ապահովելը, որպեսզի դրանք չլինեն վերացական և հնարավորություն ընձեռեն դրանց հասցեատերերին` ապահովելու հետագայում կայացվելիք դատական ակտի կատարումը կամ արդեն իսկ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ստանալ համապատասխան հատուցումը:

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ Դատավորը պնդեց Հանձնաժողովին ներկայացրած պատասխանը: Միաժամանակ հավելեց, որ Հանձնաժողովի կողմից իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը չպնդելու մասով ոչինչ չունի ասելու:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին Դատարանի նախագահի 19.02.2020 թվականի N 05-Ա հրամանի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ` 19.02.2020 թվականից մինչև 02.07.2020 թվականը:

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի պետի 20.03.2020 թվականի թիվ Ե-10248-11 գրությամբ Դատարանի նախագահին են ներկայացվել Դատավորի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժին ստացված թվով 15 կատարողական թերթերի պատճենները:

3) Դատավորը 2020 թվականի փետրվարի 25-ին, մարտի 9-ին և 10-ին տվել է թվով 15 կատարողական թերթ, որոնցից`

- թվով 1-ը` 25.02.2020 թվականին` թիվ ՏԴ/0127/02/20 քաղաքացիական գործով,

- թվով 4 կատարողական թերթ` 09.03.2020 թվականին` թիվ ՏԴ/1574/02/19, թիվ ՏԴ/1592/02/19, թիվ ՏԴ/1569/02/19 և թիվ ՏԴ/1578/02/19 քաղաքացիական գործերով,

- թվով 10 կատարողական թերթ` 10.03.2020 թվականին` թիվ ՏԴ/0330/02/20, թիվ ՏԴ/0333/02/20, թիվ ՏԴ/0336/02/20, թիվ ՏԴ/0327/02/20, թիվ ՏԴ/0323/02/20, թիվ ՏԴ/0326/02/20, թիվ ՏԴ/0344/02/20, թիվ ՏԴ/0345/02/20, թիվ ՏԴ/0351/02/20 և թիվ ՏԴ/0348/02/20 քաղաքացիական գործերով:

- Ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդի` ապացույց պահանջելու մասին գրության` Դատական դեպարտամենտի ղեկավարի 31.08.2020 թվականի թիվ ԴԴ-Ե-6111 գրությամբ տեղեկացվել է, որ Դատավորի կողմից 14.02.2020 թվականի դրությամբ տրամադրման ենթակա այլ կատարողական թերթեր առկա չեն եղել:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

- արդյո՞ք Դատավորն արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում իրավասու է իր պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ իրականացնել, մասնավորապես իր կողմից քննած քաղաքացիական գործերով տալ կատարողական թերթեր:

- արդյո՞ք Դատավորի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում կատարողական թերթեր տալու հանգամանքը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման:

- արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունների իրացման շրջանակը` բացառելու համար իշխանության չարաշահումը կամ իշխանազանցությունը: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն` հանգստի ժամանակը սույն օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:

Նույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 5-րդ կետով հանգստի ժամանակի տեսակ է ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ն կետի համաձայն` նպատակային է համարվում հղիության և ծննդաբերության արձակուրդը:

Ըստ Սահմանադրության 57-րդ հոդվածի 3-րդ մասի` յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ արձակուրդի, այդ թվում` նպատակային համարվող հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը հանդիսանում է աշխատանքից ազատ ժամանակ, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:

Նշվածի տրամաբանությունը հանգում է նրան, որ Օրենսդիրը երաշխավորել է աշխատողի հանգստի իրավունքը և նրա հայեցողությանը թողել աշխատանքից ազատ ժամանակի օգտագործման եղանակների ընտրությունը: Ըստ էության, իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից այդ հայեցողությունն աշխատողի կողմից չպետք է ընկալվի որպես բացարձակ հայեցողություն, ընդհուպ մինչև աշխատանքային պարտականություններ կատարելը, իսկ դատավորների դեպքում հատկապես իրավական հետևանքներ առաջացնող ակտերի ընդունումը, քանի որ օրենքով ամրագրված իրավունքներից բխող գործողություններն իրավական, տվյալ դեպքում վարչաիրավական հարաբերությունների մասնակիցների և բոլոր շահագրգիռ անձանց համար պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

Պետության նպատակն է բացառել ցանկացած այլ հնարավորություն, որը կարող է խաթարել Սահմանադրությամբ երաշխավորված անձի հանգստի իրավունքը, ինչն էլ իր հերթին առաջ է բերում աշխատողի պարտականությունը արձակուրդում գտնվելու դեպքում այդ ժամանակահատվածն օգտագործել իր հայեցողությամբ` ըստ նպատակային նշանակության, ինչը ենթադրում է, որ նա իրավասու չէ արձակուրդում գտնվելու ժամանակ իրականացնել օրենքով որպես դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ:

Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ արձակուրդում գտնվող դատավորն իրավունք չունի գործել ի պաշտոնե, այն է` իրականացնել իր պաշտոնեական պարտականություններից բխող որևէ գործունեություն, այդ թվում` իր կողմից մինչև արձակուրդում գտնվելը քննած գործերով տալ կատարողական թերթեր:

Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավորի արձակուրդում գտնվելուց որոշ ժամանակ առաջ և արձակուրդի ընթացքում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելով ու նրան մակագրված գործը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում և կարգով վերաբաշխելով ևս երաշխավորված է ինչպես դատավորի հանգստի իրավունքը, այնպես էլ իրավական որոշակիության սկզբունքի իմաստով նրա` հանգստի իրավունքի իրացման ժամանակահատվածում գործառութային վարքագծի կանխատեսելիությունը:

Քննարկվող պարագայում Դատավորը, 19.02.2020 թվականից մինչև 02.07.2020 թվականը գտնվելով նպատակային համարվող արձակուրդում` թիվ ՏԴ/0127/02/20 քաղաքացիական գործով 20.01.2020 թվականին ներկայացված հայցադիմումի մեջ ներառված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը 03.02.2020 թվականին բավարարելու պայմաններում էլեկտրոնային եղանակով կատարողական թերթը տվել է 25.02.2020 թվականին, իսկ թիվ ՏԴ/0330/02/20, ՏԴ/0333/02/20, ՏԴ/0336/02/20, ՏԴ/0327/02/20, ՏԴ/0323/02/20, ՏԴ/0326/02/20, ՏԴ/0344/02/20, ՏԴ/0345/02/20, ՏԴ/0351/02/20, ՏԴ/0348/02/20 քաղաքացիական գործերով 01.02.2020 թվականին ներկայացված հայցադիմումների մեջ ներառված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունները 12.02.2020 թվականին բավարարելու պայմաններում էլեկտրոնային եղանակով կատարողական թերթերը տվել է 10.03.2020 թվականին, ավելին` թիվ ՏԴ/1574/02/19, ՏԴ/1592/02/19, ՏԴ/1569/02/19, ՏԴ/1578/02/19, քաղաքացիական գործերով 11.11.2019 թվականին կայացված և 03.12.2019 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռների հիման վրա պարտատիրոջ կողմից 24.01.2020 թվականին ներկայացված կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումների հիմքով էլեկտրոնային եղանակով կատարողական թերթերը տվել են 09.03.2020 թվականին` նպատակային արձակուրդի ժամանակահատվածում:

Հիմք ընդունելով վերը նշվածը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը տվյալ դեպքում խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնը, քանի որ դուրս է եկել իր իրավասության շրջանակներից, այն է` արձակուրդում գտնվելով իրականացրել է իր պաշտոնեական պարտականություններից բխող գործողություններ:

Բարձրագույն դատական խորհուրդը նաև գտնում է, որ Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ նա չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ, Դատավորի կողմից արձակուրդում գտնվելու ընթացքում կատարողական թերթեր տալու արդյունքում բացասական հետևանքներ չեն առաջացել, Խորհրդի կողմից լրացուցիչ ապացույց պահանջելու արդյունքում պարզվել է, որ Դատավորը տրամադրման ենթակա այլ կատարողական թերթեր չի ունեցել, իսկ նշված 15-ը տվել է` նպատակ ունենալով ապահովել դատավարության կողմերի իրավունքների իրացումը, ուստի հաշվի առնելով նշվածը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի նկատմամբ ենթակա է կիրառման կարգապահական տույժ` նախազգուշացման տեսքով:

Վերոգրյալներից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ                        Ռ. Վարդազարյան

 

    Անդամներ`                              Գ. Բեքմեզյան

 

Ա. Հայկյանց

 

Հ. Հովհաննիսյան

 

Մ. Մակյան

 

Լ. Մելիքջանյան

 

Ա. Մխիթարյան

 

Վ. Քոչարյան

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումը չունի ոչ ընդունման և ոչ էլ բարձրագույն

դատական խորհրդի կողմից հրապարակման օր:

ԻՐՏԵԿն այդ օրերը դրել է որոշման տեքստից ելենելով:

 

Հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
22.09.2020
N ԲԴԽ-44-Ո-Կ-124
Որոշում