Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 21-ՐԴ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/6661/05/15

    դատարանի որոշում                       2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6661/05/15

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.12.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քրիստինա Գևորկյանի ընդդեմ Ծառայության` Ծառայության 31.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503545128 որոշումն (այսուհետ` նաև Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Քրիստինա Գևորկյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 24.11.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի 1-ին և 21-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Տվյալ դեպքում ստորադաս դատարաններն անտեսել են, որ հայցվորի կողմից թույլ տրված խախտումը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նշվածին, քանի որ նրա կողմից չի պահպանվել «Կանգառն արգելվում է» 3.27 ճանապարհային նշանի պահանջը:

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի 21-րդ մասով պատասխանատվություն է նախատեսված կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորին վերագրվել է ճանապարհային նշանների պահանջների խախտում, որը չի կարող նույնացվել կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտման հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1) Ծառայության 31.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503545128 որոշմամբ Քրիստինա Գևորկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «LAND ROVER» մակնիշի «23 US 603» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 14.08.2015 թվականին ժամը 18:24-ին Երևան քաղաքի Մաշտոց/Իսահակյան խաչմերուկի հատվածում չի կատարել ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը (գ.թ. 10).

2) Ծառայության պետի 25.09.2015 թվականի թիվ 17-4-18829 որոշմամբ Որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը` առանց բավարարման (գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ` Կանոններ) 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու արարքի որակման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե Կանոնների 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին և 21-րդ մասերով նախատեսված իրավախախտումներից որի հատկանիշներն է պարունակում:

Կանոնների 1-ին կետի համաձայն` Կանոններով սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում` կարգավորելով (...) կանգառ և կայանում, (...) իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:

Կանոնների «ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ» վերտառությամբ IX բաժնի 78-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նաև մայթեզրին:

Կանոնների 79-րդ կետի համաձայն` բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`

1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.

2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):

Կանոնների 80-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:

Կանոնների 81-րդ կետի համաձայն` երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները` 6.4` «Կայանման տեղ» նշանի և 8.6.2, 8.6.3, 8.6.6-8.6.9` «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:

Կանոնների 82-րդ կետի համաձայն` բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:

Կանոնների` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 84-րդ կետի համաձայն` կանգառն արգելվում է`

1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.

2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.

3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.

4) հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.

5) երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.

6) խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).

7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.

8) այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:

Կանոնների 85-րդ կետի համաձայն` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս` բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:

Կանոնների 86-րդ կետի համաձայն` կայանումն արգելվում է`

1) կանգառն արգելված վայրում.

2) բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.

3) երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:

Միևնույն ժամանակ Կանոնների XXI բաժնով նախատեսվել են նաև ճանապարհային նշանները և գծանշումները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոնների 167-րդ կետով սահմանված են նաև արգելող նշանները, որոնք, ըստ թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի Ձև 1-ի, բնորոշվում են որպես երթևեկության որոշակի սահմանափակումներ մտցնող կամ վերացնող նշաններ: Դրանցից է նաև 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը, որով արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:

Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոններով հստակ սահմանվել են այն վայրերը, որտեղ թույլատրվում և արգելվում են կանգառը և (կամ) կայանումը: Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ դեպքերում կարող է անհրաժեշտություն առաջանալ Կանոններով ուղղակիորեն չարգելված վայրերում բացառել տրանսպորտային միջոցների կանգառը և (կամ) կայանումը, Կանոններով սահմանվել է հնարավորություն ճանապարհային նշանների, այդ թվում` 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի, և գծանշումների կիրառմամբ արգելել կանգառն այն վայրերում, որտեղ կանգառ և (կամ) կայանում կատարելու արգելք Կանոններով նախատեսված չէ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թե՛ կանգառի և կայանման կանոններով, թե՛ ճանապարհային նշաններով, այդ թվում` 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանով, և գծանշումներով սահմանված` որոշակի վայրում կանգառի և (կամ) կայանման արգելքի չպահպանումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վկայակոչված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը վարչական պատասխանատվություն է սահմանում ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները չկատարելու համար, որոնք սահմանված են թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի Ձև 1-ի և Ձև 2-ի դրույթներով, մինչդեռ նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 21-րդ մասը վարչական պատասխանատվություն է սահմանում կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար, որոնք սահմանված են Կանոնների 78-86-րդ կետերով: Այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարորդը չի ենթարկվել ճանապարհային նշանների (այդ թվում` 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի) կամ գծանշումների պահանջներին, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 21-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել, երբ վարորդը խախտել է կանգառի և (կամ) կայանման կանոնները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ կանգառի և (կամ) կայանման կանոններն իրավական նորմեր են, այսինքն` նորմատիվ իրավական ակտով (թիվ 955-Ն որոշում) անորոշ թվով անձանց համար սահմանված վարքագծի պարտադիր կանոններ, որոնց պահանջները չկատարելու հետևանքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված պատասխանատվություն կիրառելն է, մինչդեռ Կանոնների 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը ոչ թե կանգառի և (կամ) կայանման կանոն (իրավական նորմ) է, այլ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այլ ձևի վարչական ակտ, որի պահանջը չկատարելը պարունակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշները, ուստի վարչական պատասխանատվություն է առաջացնում հենց այդ մասի համաձայն:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Քրիստինա Գևորկյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը: Նշված վարչական ակտով Քրիստինա Գևորկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «LAND ROVER» մակնիշի «23 US 603» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 14.08.2015 թվականին` ժամը 18:24-ին, Երևան քաղաքի Մաշտոց/Իսահակյան խաչմերուկի հատվածում չի կատարել թիվ 955-Ն որոշմամբ սահմանված 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը:

Դատարանը բավարարել է Քրիստինա Գևորկյանի հայցը հետևյալ պատճառաբանություններով. նախ, Դատարանը գտել է, որ 12.08.2016 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված գրությամբ հաստատվում է այն փաստը, որ Երևան քաղաքի Մաշտոց/Իսահակյան խաչմերուկի հատվածը 14.08.2015 թվականին ժամը 18:24-ին հանդիսացել է վճարովի ավտոկայանատեղի` կարմիր գծանշմամբ, և որ 14.08.2015 թվականի դրությամբ Երևան քաղաքի Մաշտոց/Իսահակյան խաչմերուկի հատվածում առկա են եղել երկու իրարամերժ վարչական ակտեր` «կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի և «կանգառը թույլատրվում է` տեղական տուրքի վճարման պայմաններում» գետնանշման տեսքով: Դատարանի վճռի համաձայն` տվյալ պարագայում Քրիստինա Գևորկյանի կողմից կանգառի կատարումը չէր կարող գնահատվել որպես ճանապարհային երթևեկության կանոնի խախտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավասար իրավաբանական ուժ ունեցող մեկ այլ վարչական ակտով կանգառի կատարումը նույն վայրում հաստատվել էր որպես թույլատրելի և իրավաչափ վարքագիծ:

Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ «3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չպահպանելը չի համապատասխանում օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները կանոնները խախտելու հատկանիշին: Նշված արարքն առավել համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հատկանիշներին»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը, անփոփոխ է թողել Դատարանի 24.11.2016 թվականի վճիռը` հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումն առ այն, որ «վարչական մարմինը ենթադրյալ իրավախախտման համար սխալ հիմք է կիրառել: (...) 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չպահպանելը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները կանոնները խախտելու հատկանիշին»:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ 12.08.2016 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված գրությունն իր բովանդակությամբ ընդհանրական բնույթի է, և դրանով որևէ կերպ չի հաստատվում այն հանգամանքը, որ հայցվորի վարած տրանսպորտային միջոցի կայանման վայրը ևս գծանշված է վճարովի ավտոկայանատեղիի համար սահմանված գծանշմամբ: ՈՒստի Վերաքննիչ դատարանը թեպետ այդ առումով Ծառայության բողոքը հիմնավոր է համարել, սակայն արձանագրել է, որ այն չի կարող հիմք հանդիսանալ բողոքարկվող դատական ակտը բեկանելու համար:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Քրիստինա Գևորկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար` հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը: Ստորադաս դատարանների կողմից Ծառայության Որոշման անվավեր ճանաչման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չպահպանելը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջների կանոնները խախտելու հատկանիշին:

Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Որոշումն իրավաչափ է, քանի որ Երևան քաղաքի Մաշտոց/Իսահակյան խաչմերուկի այն հատվածում, որտեղ կատարվել է Քրիստինա Գևորկյանին վերագրվող իրավախախտումը, տեղադրված է 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը, և տվյալ տարածքում կանգառի արգելման հիմք է հանդիսանում հենց վերոնշյալ նշանը, այլ ոչ թե Կանոնների 78-86-րդ կետերը, ինչը նշանակում է, որ Քրիստինա Գևորկյանին վերագրվող իրավախախտումը կատարելու, այն է` 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու պարագայում, այդ արարքը պարունակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշներ, հետևաբար իրավախախտումը կատարած անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի հենց 1-ին մասի համաձայն: Այսինքն` Ծառայությունը, Քրիստինա Գևորկյանին վերագրվող արարքը որակելով որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի ոչ թե 21-րդ, այլ` 1-ին մասով նախատեսված իրավախախտում, գործել է իրավաչափորեն, որպիսի հանգամանքը վերը նշված իրավանորմերի սխալ մեկնաբանման արդյունքում անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից` դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից: Այլ կերպ ասած` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

i

Հաշվի առնելով, որ Քրիստինա Գևորկյանը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Քրիստինա Գևորկյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել. Քրիստինա Գևորկյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 31.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503545128 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/6661/05/15
Որոշում