Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(1-ին մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/8961/05/18

    դատարանի որոշում                       2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8961/05/18

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Սարգիս Ղշյանի ներկայացուցիչ Սերգեյ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ Սարգիս Ղշյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սարգիս Ղշյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2019 թվականի որոշմամբ Սարգիս Ղշյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Ղշյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել բողոքում բարձրացված այն հարցին, թե արդյոք տվյալ դեպքում առկա է եղել զանցակազմի սուբյեկտիվ կողմը` հայցվորի մեղքը, թե` ոչ` նկատի ունենալով նաև, որ վիճելի ճանապարհային նշանը երկու առանձին ճանապարհային նշանների համակցություն է, որը չի կարող հստակ և օրինաչափ ռեժիմ սահմանել, իսկ վարորդն իր հերթին պարտավոր չէ գիտակցել իր կողմից իրավախախտում թույլ տալը, որի պայմաններում բացակայում է նրա մեղավորությունը:

2) Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված հետևյալ հարցերի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր`

- արդյո՞ք ներկայացված տեսանյութում առկա ճանապարհային նշանը համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման (այսուհետ` Որոշում 1) Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1 ճանապարհային նշանին,

- այդ նշանն ինքնին ձախ շրջադարձն արգելու՞մ է, թե` ոչ,

- այդպիսի նշանի պահանջը չկատարելն իրենից ենթադրու՞մ է վարչական զանցանք, ու կատարված արարքում առկա է անձի մեղավորություն, թե` ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, ինչպես նաև դատական ծախսերում ներառել ներկայացուցչի վճարը դատական բոլոր ատյաններում հայցվորի շահերը ներկայացնելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սարգիս Ղշյանը, 07.06.2018 թվականին վարելով «OPEL» մակնիշի 35QN125 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 4 և 19).

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սարգիս Ղշյանի նկատմամբ Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Սարգիս Ղշյանը, 07.06.2018 թվականին վարելով «OPEL» մակնիշի 35QN125 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սարգիս Ղշյանի նկատմամբ Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Սարգիս Ղշյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ հայցվորը թույլ է տվել վիճարկվող որոշմամբ արձանագրված իրավախախտումը», «արձանագրված խախտման փաստն ակնհայտորեն հաստատվում է նույն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած տեխնիկական սարքի տեսանյութով», գտել է, որ «հայցվորի հայցն անհիմն է ու այն ենթակա է մերժման, քանի որ սույն գործով առկա չէ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավական հիմք»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««OPEL» մակնիշի 35QN125 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 07.06.2018 թվականին` ժամը 08:53-ին, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը` երթևեկելով «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ», «հայցվորի կողմից մուտք գործած երթևեկելի գոտում առկա է եղել նաև հետադարձ թույլատրող ճանապարհային նշան, ինչը ևս վկայում է այն մասին, որ տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում», «ամեն դեպքում, վարորդը պարտավոր է ենթարկվել ճանապարհային նշաններին, եթե նույնիսկ գտնի, որ դրանք հակասում են երթևեկության այլ կանոններին», գտել է, որ «28.06.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808214832 որոշումը կայացվել է օրենքի պահպանմամբ և առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի ուժով անվավեր ճանաչման հիմքեր», և Սարգիս Ղշյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է` Դատարանի 06.11.2018 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, Սարգիս Ղշյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Սարգիս Ղշյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի` անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Սարգիս Ղշյանն ինչպես սույն գործով հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, հետևաբար հայցապահանջը բավարարվելու դեպքում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:

Նման պայմաններում սույն գործով հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Ծառայությունից հօգուտ Սարգիս Ղշյանի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների համաձայն, ենթակա է բռնագանձման գործի քննության հետ կապված այլ ծախսի` Սարգիս Ղշյանի ներկայացուցչի վճարի հատուցման գումարը: Ընդ որում, հատուցման չափը որոշելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համաձայն, տվյալ դեպքում հիմք ընդունելով սույն գործի բարդությունը, ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացում), Սարգիս Ղշյանի և Սերգեյ Հովհաննիսյանի միջև 20.08.2018 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` ներկայացուցչին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարի չափի հարաբերակցությունը` կարող է կազմել հենց պայմանագրում նշված 50.000 ՀՀ դրամը: Հետևաբար Ծառայությունից հօգուտ Սարգիս Ղշյանի անհրաժեշտ է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն. Սարգիս Ղշյանի հայցը բավարարել` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը ճանաչել անվավեր:

2. Պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Սարգիս Ղշյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

03.07.2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/8961/05/18 վարչական գործով 03.07.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.07.2020 թվականին քննելով Սարգիս Ղշյանի ներկայացուցիչ Սերգեյ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ Սարգիս Ղշյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն. Սարգիս Ղշյանի հայցը բավարարել` Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը ճանաչել անվավեր:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանս և Մամիկոն Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սարգիս Ղշյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2019 թվականի որոշմամբ Սարգիս Ղշյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Ղշյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել բողոքում բարձրացված այն հարցին, թե արդյոք տվյալ դեպքում առկա է եղել զանցակազմի սուբյեկտիվ կողմը` հայցվորի մեղքը, թե` ոչ` նկատի ունենալով նաև, որ վիճելի ճանապարհային նշանը երկու առանձին ճանապարհային նշանների համակցություն է, որը չի կարող հստակ և օրինաչափ ռեժիմ սահմանել, իսկ վարորդն իր հերթին պարտավոր չէ գիտակցել իր կողմից իրավախախտում թույլ տալը, որի պայմաններում բացակայում է նրա մեղավորությունը:

2) Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված հետևյալ հարցերի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր`

- արդյո՞ք ներկայացված տեսանյութում առկա ճանապարհային նշանը համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման (այսուհետ` Որոշում 1) Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1 ճանապարհային նշանին,

- այդ նշանն ինքնին ձախ շրջադարձն արգելու՞մ է, թե` ոչ,

- այդպիսի նշանի պահանջը չկատարելն իրենից ենթադրու՞մ է վարչական զանցանք, ու կատարված արարքում առկա է անձի մեղավորություն, թե` ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, ինչպես նաև դատական ծախսերում ներառել ներկայացուցչի վճարը դատական բոլոր ատյաններում հայցվորի շահերը ներկայացնելու համար:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Սարգիս Ղշյանը, 07.06.2018 թվականին վարելով «OPEL» մակնիշի 35QN125 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 4 և 19).

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սարգիս Ղշյանի նկատմամբ Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն` Սարգիս Ղշյանը, 07.06.2018 թվականին վարելով «OPEL» մակնիշի 35QN125 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սարգիս Ղշյանի նկատմամբ Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Սարգիս Ղշյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ հայցվորը թույլ է տվել վիճարկվող որոշմամբ արձանագրված իրավախախտումը», «արձանագրված խախտման փաստն ակնհայտորեն հաստատվում է նույն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած տեխնիկական սարքի տեսանյութով», գտել է, որ «հայցվորի հայցն անհիմն է ու այն ենթակա է մերժման, քանի որ սույն գործով առկա չէ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավական հիմք»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««OPEL» մակնիշի 35QN125 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 07.06.2018 թվականին` ժամը 08:53-ին, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը` երթևեկելով «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ», «հայցվորի կողմից մուտք գործած երթևեկելի գոտում առկա է եղել նաև հետադարձ թույլատրող ճանապարհային նշան, ինչը ևս վկայում է այն մասին, որ տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում», «ամեն դեպքում, վարորդը պարտավոր է ենթարկվել ճանապարհային նշաններին, եթե նույնիսկ գտնի, որ դրանք հակասում են երթևեկության այլ կանոններին», գտել է, որ «28.06.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808214832 որոշումը կայացվել է օրենքի պահպանմամբ և առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի ուժով անվավեր ճանաչման հիմքեր», և Սարգիս Ղշյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է` Դատարանի 06.11.2018 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը, Սարգիս Ղշյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Սարգիս Ղշյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի` անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն. Սարգիս Ղշյանի հայցը բավարարել` Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը ճանաչել անվավեր:

 

5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

5.1. Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե տեղադրված ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:

5.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանների վերը նշված խմբերը սահմանված են նաև Որոշում 2-ով հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետով:

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն հավելվածի Ձև 1-ով սահմանված է նաև 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Որոշում 1-ում այդ նշանը պատկերված է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

Միևնույն ժամանակ Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

5.3. Վերոգրյալից հետևում է, որ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հաստատված համարել վերջինիս կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու փաստը:

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանները սահմանված են Որոշում 1-ով: Մասնավորապես` նշված որոշմամբ հաստատված Հավելված 1-ում առանձնացվում են թվով 8 խումբ ճանապարհային նշաններ, այդ թվում` «Հատուկ թելադրանքի նշանները»: Վերջիններս մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Սպառիչ կերպով սահմանվում են հատուկ թելադրանքի նշանները, այդ թվում նաև` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Փաստորեն, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը կոչված է ճանապարհային երթևեկության մասնակիցներին ցույց տալու հետևյալը.

- երթևեկության գոտիների թիվը,

- երթևեկության թույլատրելի ուղղությունները երթևեկության գոտիներից յուրաքանչյուրով:

Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը Որոշում 1-ով սահմանել է նաև ճանապարհային նշանների պատկերները: ՀՀ կառավարության կողմից ճանապարհային նշանների պատկերների սահմանումը կոչված է ապահովել դրանց ճանաչողական գործառույթի իրականացումը, քանի որ այդ պատկերների միջոցով է ճանապարհային երթևեկության մասնակիցը կարողանում ճանաչել տեղադրված ճանապարհային նշանը, ընկալել դրա բնույթը, կարգավորման առարկան և դրանով ներկայացվող պահանջը: 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը ՀՀ կառավարության կողմից պատկերվել է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

5.4. Գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի` վերը նկարագրված պատկերն ընդամենն օրինակ է, որը ճանապարհային երթևեկության մասնակիցներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այդ նշանի ընդհանուր տեսքի, հիմնական բնութագրիչների վերաբերյալ: Սակայն ՀՀ կառավարության կողմից 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի` միայն վերը նկարագրված պատկերի սահմանումը չի նշանակում, որ այդ նշանը ցանկացած պարագայում պետք է ունենա հենց այդ տեսքը, այսինքն` ցույց տա երեք գոտուց կազմված ճանապարհ, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Մեր կարծիքով` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով կարող են սահմանվել նաև երթևեկության գոտիների այլ քանակ և (կամ) դրանցով երթևեկության այլ ուղղություններ: Նման դատողության հիմքում ընկած են երկու հիմնական փաստարկներ: Այսպես`

5.5. Առաջին, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» (...) նշանները կիրառվում են խաչմերուկում յուրաքանչյուր գոտիով երթևեկության թույլատրելի ուղղությունները նշելու համար, որտեղ պահանջվում է գոտիների օգտագործումն ապահովել տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան (...):

Վերոգրյալից պարզ է դառնում, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի կիրառումը պայմանավորված է երթևեկության գոտիների օգտագործումը տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան ապահովելու անհրաժեշտությամբ: Միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը բոլոր ճանապարհներին միատեսակ չէ: Դա նշանակում է, որ իրավասու մարմինը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության կիրառել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը: Այսինքն` քննարկվող նշանի վրա սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ:

Երկրորդ, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն` (...) 5.15.1 նշանը բնակավայրերից դուրս խաչմերուկից առաջ` տվյալ ուղղությամբ երթևեկության երեքից ոչ ավելի, բնակավայրերում` ոչ ավելի, քան երկու գոտիներ ունեցող ճանապարհներին թույլատրվում է տեղակայել ճանապարհի աջ կողմում (...):

Վերոգրյալից հետևում է, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը և դրա պատկերը սահմանած մարմինը` ՀՀ կառավարությունը, առնվազն թույլատրելի է համարել քննարկվող նշանը նաև բնակավայրերում երեքից պակաս գոտիներ ունեցող ճանապարհներին տեղակայելը` սահմանելով դրա կարգը (տեղակայման թույլատրելի վայրը): Նման պայմաններում (5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, օրինակ, երկու երթևեկության գոտի ունեցող ճանապարհին տեղակայելու դեպքում) օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել այդ նշանի կիրառումը հենց ՀՀ կառավարության կողմից սահմանած պատկերով, քանի որ այդ պատկերը նախատեսված է երթևեկության երեք գոտիների համար: Փաստորեն, ՀՀ կառավարությունը, սահմանելով 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը և դրա պատկերը, այդ նշանի կիրառումը չի սահմանափակել միայն իր կողմից սահմանված պատկերով: Հետևաբար, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը սլաքների այլ ուղղություններով տեղադրելու հնարավորության բացառումը չի բխում նաև այն սահմանող մարմնի` ՀՀ կառավարության կամքից:

Այսպիսով, գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները կարող են չհամընկնել Որոշում 1-ով սահմանված` այդ նշանի պատկերում ներկայացված սլաքների ուղղություններին, և նման ճանապարհային նշանի պահանջը չկատարելու դեպքում ևս անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/8961/05/18
Որոշում