Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/8961/05/18

    դատարանի որոշում                       2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8961/05/18

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

 

5.6. Սույն հատուկ կարծիքով, վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև Որոշում 2-ի Հավելված 3-ի 7-րդ կետով սահմանված իրավակարգավորմանը, որն ըստ էության ընկած է Վճռաբեկ դատարանի դատողությունների հիմքում: Մասնավորապես` նշված իրավանորմի համաձայն` (...) նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գտնում ենք, որ այս դրույթը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել ճանապարհային նշանների պատկերները ՀՀ կառավարության կողմից սահմանելու նպատակը: Ինչպես նշվեց, ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումը: Այդ տեսանկյունից ՀՀ կառավարության կողմից պետք է հաստատման ենթակա լինեն նշանի պատկերում այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են նշանի այն բնութագրերին, որոնց փոփոխությունը կարող է անձանց մոտ անորոշություն, շփոթ առաջացնել այդ նշանի բնույթի, դրա կարգավորման առարկայի, դրանով ներկայացվող պահանջի վերաբերյալ: Մինչդեռ սլաքներով սահմանված երթևեկության ուղղությունները չեն կարող համարվել Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի էական հատկանիշ, քանի որ ակնհայտ է, որ այդ նշանը կարող է օգտագործվել ոչ միայն երեք (ինչպես պատկերված է Որոշում 1-ում), այլև այլ թվով գոտիներ ունեցող ճանապարհների վրա երթևեկությունը կարգավորելու նպատակով: Բացի այդ, ինչպես նշվեց, դրանում պատկերված սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ: ՈՒստի Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանում երթևեկության ուղղությունները պայմանական բնույթ են կրում և ըստ անհրաժեշտության ենթակա են փոփոխման, ինչի համար ՀՀ կառավարության կողմից հաստատում չի պահանջվում:

Ավելին` Որոշում 1-ում առկա են նաև այլ նշանների խիստ որոշակիացված պատկերներ, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանների պատկերների վրա գրված է «Ապարան» բառը, 5.25 «Բնակավայրի սկիզբ» և 5.26. «Բնակավայրի վերջ» նշանների վրա` «Թալին» բառը և այլն:

Եթե վերը նշված նշանների` սահմանված պատկերները համարվում են այդ նշանների միակ թույլատրելի պատկերները, և դրանցում ցանկացած փոփոխություն ենթակա է հաստատման ՀՀ կառավարության կողմից, ստացվում է` ՀՀ կառավարությունը պետք է հաստատի, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանները` Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի անվանումներով, քանի որ հակառակ դեպքում տեղադրվող նշանը չի համապատասխանի սահմանված նշանի հատկանիշներին:

Գտնում ենք, որ նման մոտեցումը խիստ մեխանիկական է և չի բխում ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումն ապահովելու` ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակից: Կարծում ենք, որ ինչպես 5.23.1, 5.23.1, 5.25 և 5.26 նշանների պատկերներում նշված բնակավայրերի անվանումները, այնպես էլ 5.15.1 նշանի պատկերում արտացոլված սլաքների ուղղությունները պայմանական են և ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել:

Ամփոփելով վերոգրյալը` եզրակացնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջի խախտում կարող է առկա լինել ոչ միայն այն դեպքում, երբ տեղադրված ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը` դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, լիովին համապատասխանում է այդ նշանի` ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, այլև այն դեպքում, երբ տեղադրված նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:

 

5.7. Սույն գործի փաստերի համաձայն` Սարգիս Ղշյանը, 07.06.2018 թվականին վարելով «OPEL» մակնիշի 35QN125 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սարգիս Ղշյանի նկատմամբ Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Սարգիս Ղշյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 28.06.2018 թվականի թիվ 1808214831 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ հայցվորը թույլ է տվել վիճարկվող որոշմամբ արձանագրված իրավախախտումը», «արձանագրված խախտման փաստն ակնհայտորեն հաստատվում է նույն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած տեխնիկական սարքի տեսանյութով», գտել է, որ «հայցվորի հայցն անհիմն է ու այն ենթակա է մերժման, քանի որ սույն գործով առկա չէ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավական հիմք»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««OPEL» մակնիշի 35QN125 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 07.06.2018 թվականին` ժամը 08:53-ին, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը` երթևեկելով «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ», «հայցվորի կողմից մուտք գործած երթևեկելի գոտում առկա է եղել նաև հետադարձ թույլատրող ճանապարհային նշան, ինչը ևս վկայում է այն մասին, որ տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում», «ամեն դեպքում, վարորդը պարտավոր է ենթարկվել ճանապարհային նշաններին, եթե նույնիսկ գտնի, որ դրանք հակասում են երթևեկության այլ կանոններին», գտել է, որ «28.06.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808214832 որոշումը կայացվել է օրենքի պահպանմամբ և առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի ուժով անվավեր ճանաչման հիմքեր», և Սարգիս Ղշյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է` Դատարանի 06.11.2018 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:

5.8. Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ այն նշանը, որի պահանջը չկատարելու համար հայցվորը ենթարկվել է պատասխանատվության, ունի հետևյալ տեսքը. առկա են երթևեկության երեք գոտիներ, աջ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, ձախ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ: Ըստ տեսանյութի` հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը ձախ եզրային գոտուց կատարել է ձախ շրջադարձ:

Ինչպես վերը նշվեց, այն հանգամանքը, որ տեսանյութում առկա ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը` դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, ամբողջությամբ չի համապատասխանում 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի` ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, դեռևս չի նշանակում, որ տեսանյութում առկա նշանը Որոշում 1-ի համաձայն գոյություն չունեցող ճանապարհային նշան է: Մեր գնահատմամբ տեսանյութում առկա նշանը 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 6.3.1. «Հետադարձի տեղ» (որով ձախ շրջադարձն արգելվում է) ճանապարհային նշանների համակցություն է, ուստի այն պարունակում է նաև 5.15.1 նշանի հատկանիշները: Դա իր հերթին նշանակում է, որ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է ենթարկվեն տեղադրված ճանապարհային նշանին` կատարելով դրա պահանջը: ՈՒստի տվյալ դեպքում հայցվորը, ձախ եզրային գոտուց կատարելով ձախ շրջադարձ, խախտել է 5.15.1 նշանի պահանջը` հաշվի առնելով, որ տեղադրված նշանը ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ կատարելու հնարավորություն չէր տալիս:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ եթե տեսանյութում առկա ճանապարհային նշանի պահանջները հայցվորի համար ամբողջությամբ հասկանալի չէին, քանի որ տեղադրված նշանի պատկերն ամբողջությամբ չէր համապատասխանում 5.15.1 նշանի` Որոշում 1-ում սահմանված պատկերին, ապա հայցվորը պետք է կատարեր այդ նշանի` իր համար հասկանալի պահանջը, այսինքն` ընտրեր երթևեկության` տեղադրված նշանով թույլատրված այն ուղղությունը, որը համապատասխանում է 5.15.1 նշանի` Որոշում 1-ում սահմանված պատկերում նշված ուղղությանը, այսինքն` երթևեկեր ուղիղ: Այսպիսով, գտնում ենք, որ տեսանյութում տեսանելի ճանապարհային նշանի առկայության պայմաններում հայցվորն ամեն դեպքում իրավունք չուներ ձախ եզրային գոտուց կատարել ձախ շրջադարձ:

Միաժամանակ գտնում ենք, որ 6.3.1 նշանի առկայությունը տվյալ դեպքում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար անորոշություն չի առաջացնում, քանի որ առկա կարգավորումը հստակ է. ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ, միաժամանակ այդ գոտուց թույլատրվում է նաև կատարել հետադարձ: Իսկ այն հարցը, թե արդյոք իրավաչափ է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցումը, թե` ոչ, վերաբերում է տեղադրված ճանապարհային նշանի` որպես վարչական ակտի իրավաչափությանը, ինչը սույն գործով քննության առարկա չէ, ուստի տվյալ դեպքում պետք է ելնել չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից (վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ, տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Նման պայմաններում իրավաչափ ենք համարում Ծառայության կողմից հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելը` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար: Նման իրավաչափ եզրահանգման է եկել նաև Վերաքննիչ դատարանը` հայցը մերժելու մասին Դատարանի վճռի դեմ Սարգիս Ղշյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով:

 

5.9. Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, ուստի գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը` սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/8961/05/18
Որոշում