Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ Կ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող, զեկուցող), Վ. Գրիգորյանի, Ա. Դիլանյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ա. Ավանեսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հուլիսի 30-ի N 1281-Ա որոշմամբ 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 6-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի օգոստոսի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում:

Համաձայնագիրը նպատակ ունի տնտեսական և սոցիալական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորման միջոցով զարգացնել Ճապոնիայի հետ ընդլայնվող տնտեսական համագործակցությունը և խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացումը:

2. Համաձայնագրի 1-ին պարբերության համաձայն` Ծրագրի իրականացմանը նպաստելու համար Ճապոնիայի օրենքներին, կանոնակարգերին և բյուջետային հատկացումներին համապատասխան, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը (այսուհետ` Ստացող) տրամադրում է չորս հարյուր միլիոն ((400 000 000) ճապոնական իենի դրամաշնորհ (այսուհետ` Դրամաշնորհ):

3. Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո տասնչորս օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ճապոնիայում գտնվող բանկում Հայաստանի Հանրապետության անունով բացում է իեն արժույթով սովորական դեպոզիտային հաշիվ (այսուհետ` Հաշիվ) և Հաշվի բացման օրվանից յոթ օրվա ընթացքում Հաշվի բացման ընթացակարգի ավարտման մասին գրավոր տեղեկացնում է Ճապոնիայի կառավարությանը (3-րդ պարբերություն, ենթակետ 1):

Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի Դրամաշնորհը նշված գրավոր ծանուցումը ստանալու օրվանից մինչև 2021 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում` նշված գումարից Հաշվին ճապոնական իենով վճարում կատարելու միջոցով: Ժամանակահատվածը կարող է երկարաձգվել երկու Կառավարությունների պետական մարմինների միջև փոխադարձ համաձայնությամբ (4-րդ պարբերություն):

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ Դրամաշնորհը և դրա հաշվարկված տոկոսադրույքը պատշաճ կերպով և բացառապես օգտագործվի Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման համար, որոնք թվարկված են երկու Կառավարությունների պետական մարմինների միջև փոխադարձաբար համաձայնեցված ցանկում, ինչպես նաև Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այդպիսի վճարների կատարման համար, պայմանով, որ Ապրանքներն արտադրվում են թույլատրելի աղբյուր համարվող երկրներում, իսկ Ծառայությունները մատուցվում են իրավասու աղբյուրի երկրների քաղաքացիների կողմից (2-րդ պարբերություն, ենթակետ 1),

- ապահովել, որ Դրամաշնորհը և դրա հաշվարկված տոկոսը բացառապես հատկացվի Հաշվից` Դրամաշնորհի տրամադրումից հետո 12 ամիս ժամանակահատվածում, եթե ժամանակահատվածը չի երկարաձգվել երկու կառավարությունների պետական մարմինների միջև փոխադարձ համաձայնությամբ, Ապրանքների և/կամ Ծառայությունների ձեռքբերմանը և 2-րդ պարբերության 1-ին ենթապարբերությամբ նշված վճարների վճարմանը և Ծրագրի ավարտից հետո Ճապոնիայի կառավարությանը մնացյալ գումարը վերադարձնելուն պատրաստ լինելու համար (5-րդ պարբերություն, ենթապարբերություն 1, ենթակետ «ա»),

- ապահովել, որ Ապրանքների և (կամ) Ծառայությունների գնումներն ազատվեն մաքսատուրքերից, ներքին հարկերից և այլ հարկային վճարներից` առանց օգտագործելու Դրամաշնորհն ու դրա հաշվարկված տոկոսները (5-րդ պարբերություն, ենթապարբերություն 1, ենթակետ «բ»),

- ապահովել, որ Ապրանքները և (կամ) Ծառայությունները պահպանվեն և օգտագործվեն պատշաճ և արդյունավետ կերպով` Ծրագրի իրականացման համար, և դրանք չօգտագործվեն ռազմական նպատակներով (5-րդ պարբերություն, ենթապարբերություն 1, ենթակետ «ե»),

- ապահովել, որ Ապրանքները և (կամ) Ծառայությունները սկզբունքորեն օգտագործվեն վերջնական օգտագործողների կողմից (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը)` ոչ առևտրային նպատակներով (5-րդ պարբերություն, ենթապարբերություն 1, ենթակետ «զ»),

- Ճապոնիայի կառավարության պահանջով վերջինիս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Դրամաշնորհի և հաշվարկված տոկոսների վերաբերյալ (5-րդ պարբերություն, ենթապարբերություն 2) և այլն:

5. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության` նման Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումը Ճապոնիայի կառավարության կողմից ստանալու ամսաթվին:

6. Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Խաչատրյան

 

2 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1550

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 06 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.10.2020
N ՍԴՈ-1550
Որոշում