Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԿԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ) 129-ՐԴ, 132 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԿԴ/2110/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2110/02/17    2020 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անդրեյ Գրիգորյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` խախտված իրավունքները վերականգնելու համար կատարվելիք ծախսի` վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անդրեյ Գրիգորյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 200.000 ՀՀ դրամ, որպես խախտված իրավունքները վերականգնելու համար կատարվելիք ծախս` վնասի հատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 10.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. Ընկերությունից հօգուտ Անդրեյ Գրիգորյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ` որպես թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործով փաստաբանի խելամիտ վարձատրություն: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2018 թվականի որոշմամբ որոշվել է. «Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2110/02/17 քաղաքացիական գործով 10.05.2018 թվականին կայացված վճիռը` փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասով բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. «Անդրեյ Գրիգորյանից հօգուտ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»: Մնացած մասով դատական ակտը թողնել անփոփոխ` սույն որոշմամբ տրված պատճառաբանությունով»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 129-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Անդրեյ Գրիգորյանին վճարում կատարելու պարտականությունն առաջացել է Ընկերության կողմից թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործով դատարան հայց ներկայացնելու պատճառով: Նշված փաստից հետևում է, որ վնասի առկայության համար պարտադիր համարվող ոչ իրավաչափ գործողությունը բացակայում է, քանի որ Ընկերությունը ոչ իրավաչափ գործողություն չի կատարել, այլ իրացրել է իր ամենաիրավաչափ իրավունքներից մեկը` դատական պաշտպանության իրավունքը:

Հայցվորի դեմ վնասի հատուցման պահանջ պատասխանողը կարող է ներկայացնել միայն այն դեպքում, եթե հայցը մերժված լինի ակնհայտ անհիմն լինելու պատճառով, որի դեպքում միայն առկա կլինի հայցվորի ոչ իրավաչափ վարքագիծը` արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը:

Սույն դեպքում առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հայցը չի մերժվել ակնհայտ անհիմն լինելու հիմքով, այսինքն` Ընկերության ոչ իրավաչափ գործողության բացակայությունը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, հետևաբար Ընկերությունից վնասի փոխհատուցում պահանջելու Անդրեյ Գրիգորյանի իրավունքն առկա չէ:

Վերոգրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ դատարան դիմելու հետևանքով պատասխանողը կրել է ծախս` վճարել կամ պարտավորվել է վճարել ներկայացուցչին, ապա այդ ծախսը չի կարող դիտվել որպես վնաս, բացառությամբ այն դեպքի, երբ հայցը մերժվում է ակնհայտ անհիմն լինելու հիմքով, հետևաբար նաև հայցվորի դեմ վնասի հատուցման պահանջ դատարան կարող է ներկայացվել բացառապես այն դեպքում, երբ հայցը մերժված լինի որպես ակնհայտ անհիմն:

Սույն գործով Անդրեյ Գրիգորյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես իրեն պատճառված վնասի հատուցում, և գտել է, որ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վնասի հատուցմանը վերաբերող կանոնակարգումները, իսկ Դատարանը վճռել է` գումարը բռնագանձել որպես փաստաբանին վճարվելիք գումար, և կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դատական ծախսերին վերաբերող կանոնակարգումները:

Դատարանը, վճիռը կայացնելիս, դուրս է եկել հայցի իրավական հիմքի շրջանակներից, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վճիռը, նորովի է պատճառաբանել դատական ակտը` կիրառելով վնասի հատուցման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը, որոնք չպետք է կիրառեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.09.2018 թվականի որոշումը և բեկանված մասով գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2016 թվականի թիվ ԿԴ1/1864/02/15 վճռով վճռվել է. ««Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Անդրեյ Սամվելի Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվարկել և բռնագանձել պետական տուրք` 16.11.2015 թվականից սկսած մինչև վճռի կայացման օրը 621.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի 2 (երկու) տոկոսի չափով: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին» (գ.թ.5-11):

2) Փաստաբան Ա/Ձ Նաիրա Թորոսյանի և Անդրեյ Գրիգորյանի միջև 11.12.2015 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ որի` 1.1 կետով սահմանվել է, որ սույն պայմանագրով կատարողը պարտավորվել է պատվիրատուի հանձնարարությամբ մատուցել նույն պայմանագրի 2.1 կետով սահմանված փաստաբանական ծառայությունները, իսկ պատվիրատուն պարտավորվել է վճարել ծառայության դիմաց նույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված պայմանագրի գինը: Փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի 4.1 կետի համաձայն` պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 200.000 ՀՀ դրամ (գ.թ.12):

3) Անդրեյ Գրիգորյանը սույն գործով Դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է Ընկերությունից բռնագանձել թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում կատարվելիք փաստաբանի վարձատրության գումարը, այն դիտարկելով որպես Ընկերության կողմից իրեն պատճառված վնաս (գ.թ. 3-4):

4) Ընկերության` ի դեմս տնօրեն Գագիկ Գրիգորյանի և «Արատտա Քընսալթինգ» ՍՊԸ-ի միջև 01.09.2017 թվականին կնքվել է համաձայնագիր` իրավաբանական ծառայությունների մատուցման 02.03.2016 թվականի պայմանագրի, որով կողմերը որոշել են թիվ ԵԿԴ/2110/02/17 գործով պայմանագրի շրջանակներում Ծառայության մատուցման գինը սահմանել 200.000 ՀՀ դրամ, որի վճարումը կատարվում է գործի դրական ելքի դեպքում, այն է` հայցադիմումը մերժելու կամ վարույթը կարճելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պարագայում: Եթե գործով դրական ելքի դեպքում նշված գումարը, որպես փաստաբանի վարձատրության ծախս, բավարարվում է ավելի քիչ չափով համաձայն դատական ակտի, ապա սույն համաձայնագրի գինն ինքնըստինքյան նվազում է հաստատված դատական ծախսի չափով (գ.թ.70-71):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք քաղաքացիական գործով կողմի կրած դատական ծախսերը կարող են հատուցվել մեկ այլ գործի շրջանակներում, որպես պատճառված վնաս:

Նախկին օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար (...):

Նախկին օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Նախկին օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը (...):

Նույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ նույն օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրությունը դատական ծախսերի մեջ ընդգրկելու հարցին, արձանագրել է, որ փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև Նախկին օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ծախսերի բռնագանձման հիմքը նույնական չէ վնասի պատճառման հետևանքով առաջացած պարտավորությունների ընդհանուր հիմքերի հետ, քանի որ դատական ծախսերի կազմի և բաշխման հետ կապված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերն այն ծախսերն են, որոնք կողմը կատարում է դատական կարգով իր իրավունքները պաշտպանելու համար, իսկ դատական ծախսերի բաշխման ընդհանուր սկզբունքն այն է, որ անձը, ում օգտին կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտը, պետք է դատական ծախսերի հատուցում ստանա մյուս կողմի հաշվին: Մինչդեռ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը:

Այս երկու ինստիտուտների տարբերությունը դրսևորվում է նաև վրա հասնող հետևանքների առումով` դատական ծախսերը հատուցվում են խելամտության սահմաններում, այսինքն` դրանց իրական ծավալը կարող է ավելի մեծ լինել, քան փաստացի հատուցման չափը, սակայն վնասի ինստիտուտի առնչությամբ այս սկզբունքը կիրառելի չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` վնասները ենթակա են հատուցման ամբողջ ծավալով: Բացի այդ, դատական ծախսերը վնաս չեն կարող դիտարկվել, քանի որ դատավարության սուբյեկտները, իրացնելով իրենց դատական պաշտպանության իրավունքը, չեն դրսևորում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծ (տե՛ս, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքն ընդդեմ Գյուլնարա Սարգսյանի թիվ ԿԴ2/0189/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ միակ բացառությունն օրենսդիրը կատարել է Նախկին օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Նախկին օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում (տե՛ս, Շուշանիկ Գրիգորյանն ընդդեմ Արարատ Մովսիսյանի թիվ 3-2431(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Անդրեյ Գրիգորյանը Դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է Ընկերությունից բռնագանձել թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում կատարված փաստաբանի վարձատրության գումարը, այն դիտարկելով որպես Ընկերության կողմից իրեն պատճառված վնաս:

Սույն գործի փաստերի համաձայն` փաստաբան Ա/Ձ Նաիրա Թորոսյանի և Անդրեյ Գրիգորյանի միջև 11.12.2015 թվականին կնքվել է թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագիրը: Փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի 4.1 կետի համաձայն` պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 200.000 ՀՀ դրամ: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2016 թվականի թիվ ԿԴ1/1864/02/15 վճռով Ընկերության հայցն ընդդեմ Անդրեյ Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասով, մերժվել է:

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, արձանագրել է, որ թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում Անդրեյ Գրիգորյանի ներկայացուցիչ Նաիրա Թորոսյանը 08.04.2016 թվականի, 04.05.2016 թվականի ժամը 15:55-ի, 04.05.2016 թվականի ժամը` 16:00-ի, 09.06.2016 թվականի, 14.07.2016 թվականի, 29.09.2016 թվականի դատական նիստերի վերաբերյալ արձանագրությունների համաձայն` մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերին: Թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործը հանդիսացել է միջին բարդության գործ, իսկ փաստաբանի կողմից կատարված աշխատանքի ծավալի մասին (գրավոր տեսքով փաստաթղթեր կազմելու, ապացույցներ ձեռք բերելու և ներկայացնելու) որևէ գործողություն կատարված լինելու մասին ապացույց Դատարանին չի ներկայացվել, ուստի հայցվորի կողմից ներկայացված փաստաբանի վարձատրության գումարի չափը խելամիտ է մասնակի և ենթակա է բավարարման մասնակի` 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, որպիսի չափը գտնվում է ողջամիտ հարաբերակցության մեջ թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործի հայցային պահանջի հետ, և փաստաբանի մասնակցած դատական նիստերի ծավալի հետ: Դատարանը հանգել է եզրակացության, որ հայցվորի պահանջը` պատասխանողից գումար բռնագանձելու մասին, հիմնավորված է մասնակի, հետևաբար ենթակա է բավարարման մասնակի և որպես վնասի փոխհատուցում բռնագանձել է 100.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության բողոքը բավարարելով մասնակիորեն, պատճառաբանել է, որ Անդրեյ Գրիգորյանը, որպես խախտված իրավունքի պաշտպանության եղանակ, ընտրել է կատարված դատական ծախսը վնասի հատուցման պահանջի տեսքով ներկայացնելու իր հնարավորությունը, հետևաբար Դատարանի կողմից տվյալ դեպքում կիրառելի են նախևառաջ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` դատական ծախսերի բռնագանձմանը վերաբերող նորմերը, ապա նաև` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի հատուցմանը վերաբերող հոդվածները: Ըստ էության հայցվորի պահանջն ուղղված է եղել որպես վնաս գնահատված դատական ծախսի բռնագանձմանը, որի հիմքում դրվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2016 թվականի թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցվորը հայցադիմումում հստակ նշել է, որ պահանջում է թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործով իր կատարած` փաստաբան ներգրավվելու հետ կապված ծախսերը, որտեղ հանդես է եկել որպես պատասխանող և այն դիտարկել է որպես վնաս:

Այսպիսով, ուսումնասիրելով Անդրեյ Գրիգորյանի կողմից ներկայացված հայցադիմումի բովանդակությունը, պարզ է դառնում, որ վերջինս պահանջել է բռնագանձել թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործով (որտեղ վերջինս հանդես է եկել որպես պատասխանող) կատարված դատական ծախսերը, այն է` իր շահերի պաշտպանության նպատակով փաստաբանին վճարված դատական ծախսերը: Ընդ որում` հայցի հիմքում դրվել են Նախկին օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածները: Պարզապես հայցադիմումում փաստաբանի խելամիտ վարձատրության և իր խախտված իրավունքները վերականգնելու համար կատարված ծախս` վնաս եզրույթները նույնականացվել են և հայցվորը խնդրել է բռնագանձել խախտված իրավունքները վերականգնելու համար կատարված ծախս` վնասի հատուցում, իսկ դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` 100.000 ՀՀ դրամի չափով, այն բռնագանձել որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ միայն հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժվելու դեպքում է հնարավոր վնասների հատուցումը, Վերաքննիչ դատարանն այն գնահատել է անհիմն` այն պատճառաբանությամբ, որ «(...) անկախ հայցի ակնհայտ հիմնավոր կամ անհիմն լինելուց, անձն իրավունք ունի փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումները առանձին հայցով բռնագանձելու պահանջ ներկայացնել դատարան»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ծախսերի բռնագանձման հիմքը նույնական չէ վնաս պատճառելու հետևանքով առաջացած պարտավորությունների ընդհանուր հիմքերի հետ, և որևէ քաղաքացիական գործով կողմի կրած դատական ծախսերը չեն կարող մեկ այլ գործի շրջանակներում բռնագանձվել որպես այդ կողմին պատճառված վնաս (բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված դեպքի):

Փաստորեն, տվյալ դեպքում թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործով հայցվորի կրած դատական ծախսերը, մասնավորապես, փաստաբանին վճարվելիք վարձատրության գումարները, սույն գործի շրջանակներում չեն կարող դիտարկվել որպես հայցվորին պատճառված վնաս, քանի որ դատական ծախսերի և վնասի ինստիտուտներն ունեն էական տարբերություններ և որևէ ձևով չեն նույնանում, ինչն անտեսվել է ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ թիվ ԿԴ1/1864/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր վճռով անդրադառնալ փաստաբանի խելամիտ վարձատրության կողմերի միջև բաշխման հարցին, որը չանելու դեպքում Անդրեյ Գրիգորյանը զրկված չէր կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար Նախկին օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռ կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով կամ վերաքննության կարգով բողոքարկելու տվյալ դատական ակտը, ինչը չի արել, որպիսի փաստն էլ անտեսվել է Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը մասնակի բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակի բեկանել և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի` դատական ակտն ուժի մեջ թողնելու մասով բեկանելով և փոփոխելով` հայցը մերժելով, Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքը պետք է բռնագանձել Անդրեյ Գրիգորյանից` 4.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Անդրեյ Գրիգորյանից հօգուտ Ընկերության պետք է բռնագանձել վերջինիս կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարները` 13.000 ՀՀ դրամի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2018 թվականի որոշումը մասնակի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասով բեկանել և փոփոխել` Անդրեյ Գրիգորյանի հայցն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի` խախտված իրավունքները վերականգնելու համար կատարվելիք ծախսի` վնասի հատուցման պահանջների մասին, մերժել ամբողջությամբ:

2. Անդրեյ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ, որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Անդրեյ Գրիգորյանից հօգուտ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի բռնագանձել 13.000 ՀՀ դրամ` որից 3.000 ՀՀ դրամը, որպես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 10.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.07.2020
N ԵԿԴ/2110/02/17
Որոշում