ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2020 թվականի N 1688-Ա
«ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, 85-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Եղվարդի համայնք, Չարենցի փողոց 196/12 հասցեում գտնվող` 2692,1 քառ. մետր մակերեսով ծննդատան մասնաշենքը` 54,920,000 դրամ գնահատված շուկայական արժեքով, և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,834 հեկտար հողամասը` 42,117,000 դրամ գնահատված շուկայական արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը` 27122014-07-0070) (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով ներդնել «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
(1-ին կետը փոփ. 16.11.2020 թիվ 1796-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գնահատված անշարժ գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների իրականացումը:
(2-րդ կետը փոփ. 16.11.2020 թիվ 1796-Ա որոշում)
3. Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման` «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի
Երևան
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ թե երբ է սույն
որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց
ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի
մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել
------------------------------------------------------------------