ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ԵԷԴ/0057/04/17
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0057/04/17 2020 թ.
Նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան
Դատավորներ` Ն. Կարապետյան
Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի հուլիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Խաչիկ Կոսյանի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ Խաչիկ Կոսյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Խաչիկ Կոսյանին ճանաչել սնանկ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 18.07.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Նույն դատարանի 21.07.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 05.09.2017 թվականի «Խաչիկ Հակոբի Կոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Կ. Հակոբյան) 02.11.2017 թվականի որոշմամբ պարտապանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2017 թվականի «Խաչիկ Հակոբի Կոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` բեկանված մասով նոր քննության:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) (այսուհետ` Դատարան) 21.05.2019 թվականի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշմամբ պարտապանի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պարտապանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 350-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ, 403-րդ և 432-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իրավահաջորդության հետևանքով պարտատիրոջ փոփոխությունից հետո անհնարին է եղել մարում կատարելը` նշված փոփոխության վերաբերյալ բողոքաբերի իրազեկվածության բացակայության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` կայացնելով նոր դատական ակտ:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և այն բեկանելու հիմքեր առկա չեն, քանի որ ինչպես պայմանագրով, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ Բանկը որևէ պարտավորություն չի ունեցել պարտապանին տեղեկացնելու իր իրավահաջորդ հանդիսանալու հանգամանքի մասին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2017 թվականի վճռի պատճենի համաձայն` Խաչիկ Կոսյանի և Բանկի իրավանախորդ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի միջև 28.06.2013 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որով «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն Խաչիկ Կոսյանին տրամադրել է 7.000.000 ՀՀ դրամի չափով վարկ, իսկ վարկի մարման ժամկետ է սահմանվել 28.06.2018 թվականը (գործի հավելված 1-ին, գ.թ. 6).
2) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2017 թվականի վճռի պատճենի համաձայն` «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն 2016 թվականին վերակազմակերպվել է` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ին միանալու եղանակով, և վերջինս շարունակել է իր գործունեությունը որպես իրավահաջորդ (գործի հավելված 1-ին, գ.թ. 6).
3) Իրավահաջորդության մասին պարտապանին տեղեկացնելու փաստը հաստատող որևէ ապացույց սույն գործում առկա չէ:
4) Բանկի կողմից ներկայացվել է դիմում` պահանջի գրանցման մասին, որով խնդրել է Խաչիկ Կոսյանի նկատմամբ իր` 4.285.629,92 ՀՀ դրամի չափով պահանջը հաստատել և գրանցել որպես ապահովված պահանջ (գործի հավելված 1-ին, գ.թ. 12-13).
5) Բանկի պահանջին կից ներկայացված թիվ 0127-է/2013 է վարկային պայմանագրի գրաֆիկի համաձայն` վճարումներ են կատարվել 2013 թվականի հուլիսից մինչև 10.10.2016 թվականը, իսկ 18.07.2017 թվականի դրությամբ վարկի մնացորդը կազմել է 3.351.291,90 ՀՀ դրամ (գործի հավելված 1-ին, գ.թ. 14-15).
6) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2017 թվականի «Խաչիկ Հակոբի Կոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման պատճենի համաձայն` սնանկության գործով կառավարչի կողմից 30.08.2017 թվականին ներկայացվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը (գործի հավելված 1-ին, գ.թ. 29).
7) Խաչիկ Կոսյանի ներկայացուցչի կողմից 05.09.2017 թվականին ներկայացվել է առարկություն, որով հայտնվել է, որ Խաչիկ Կոսյանը զրկված է եղել ««Զարգացման հայկական բանկ»» ԲԲԸ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունից` իրավահաջորդության մասին ծանուցված չլինելու հետևանքով: Հաշվի առնելով, որ «»Զարգացման հայկական բանկ»» ԲԲԸ-ի նկատմամբ 05.09.2016 թվականի դրությամբ ունեցել է 3.351.299,50 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն` ընդունել է Բանկի պահանջը միայն վարկի մայր գումարի մասով և խնդրել է Բանկի պահանջը գրանցել 3.351.299,50 ՀՀ դրամի չափով (գործի հավելված 1-ին, գ.թ. 40-42):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավահաջորդության հետևանքով պահանջի զիջման մասին պարտապանին իրազեկելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաբանական անձանց միացման հետևանքով պահանջի իրավունքը փոխանցվելու դեպքում նոր պարտատերը պարտավոր է այդ մասին իրազեկել պարտապանին` առաջացած կետանցի հետևանքով տոկոսներ հաշվեգրելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:
Վերլուծելով վերոգրյալ իրավադրույթները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է այն կառուցակարգերը, որոնք թույլ են տալիս իրավաբանական անձանց վերակազմակերպվել: Այդ կառուցակարգերի թվին է դասվում նաև իրավաբանական անձանց միացումը: Այս դեպքում` իրավաբանական անձինք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից: Միաժամանակ իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն` սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոնշյալ իրավանորմերը, նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ պարտավորական հարաբերություններում պարտատիրոջ փոփոխվելու դեպքում զիջվող իրավունքները նոր պարտատիրոջն են անցնում (փոխանցվում) որոշակի` անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով (տե՛ս, «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի թիվ ԿԴ/0197/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 402-րդ հոդվածի համաձայն` օրենքի հիման վրա և դրանում նշված հանգամանքների ի հայտ գալով, պարտատիրոջ իրավունքներն այլ անձի են անցնում`
1) պարտատիրոջ իրավունքների համընդհանուր իրավահաջորդության հետևանքով.
(...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ հոդվածի համաձայն` պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին, ապա նոր պարտատերը կրում է իր համար դրանից բխող անբարենպաստ հետևանքների ռիսկը: Այդ դեպքում պարտավորության կատարումն սկզբնական պարտատիրոջը համարվում է կատարված պատշաճ պարտատիրոջը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտատերը կարող է իր պահանջի իրավունքը զիջել այլ անձի, և դրա համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում: Իսկ ահա պարտքի փոխանցման դեպքում, օրենսդիրը սահմանել է պարտատիրոջ համաձայնության առկայության իմպերատիվ պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանված նման մոտեցումը ինքնանպատակ չէ: Տարբերակված մոտեցման էությունը կայանում է նրանում, որ պարտավորության մեջ պարտատիրոջ համար միշտ կարևոր է, թե ով է պարտապանը, քանի որ հաճախ պարտապանի անձից է կախված պարտավորության ժամանակին և պատշաճ կատարումը: Մինչդեռ պարտապանի համար, ըստ էության, կարևոր է ոչ թե պարտատիրոջ անձը, այլ իր պարտավորության պատշաճ կատարումը` հետագա անբարենպաստ հետևանքներից զերծ մնալու համար: Նշված հիմնավորմամբ է, որ պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ փոխվելու համար օրենսդիրը չի սահմանել պարտապանի համաձայնությունը ստանալու պահանջ, բացառությամբ, երբ նման բան նախատեսված է օրենքով կամ պայմանագրով:
Անդրադառնալով պահանջի զիջման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը սկզբնական կամ նոր պարտատիրոջ համար չի սահմանել պարտապանի համաձայնության առկայության կամ վերջինիս ծանուցելու իմպերատիվ պահանջ: Այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին (պահանջը զիջելու մասին), նոր պարտատերն է կրում դրա բացասական հետևանքը:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել երկու իրավիճակ: Առաջին դեպքում խոսքը գնում է պահանջի զիջման այն դեպքերի մասին, երբ սկզբնական պարտատերը, շարունակելով իր գործունեությունը, զիջում է իր պահանջի իրավունքը մեկ այլ անձի և պարտապանին չի տեղեկացնում պահանջի զիջման մասին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` տվյալ դեպքում պարտապանի տեսանկյունից որևէ խնդիր չի առաջանում պարտավորության կատարման համար: Ավելին, տվյալ դեպքում պարտապանը կարող է պարտավորությունը կատարել սկզբնական պարտատիրոջ հանդեպ, որը գործող օրենսդրական կարգավորման համաձայն կհամարվի պարտավորության պատշաճ կատարում: Փաստորեն այս դեպքում ռիսկը կրում է նոր պարտատերը և նա պետք է շահագրգռված լինի պարտապանին տեղեկացնելու պահանջի զիջման մասին: Նշված հիմնավորմամբ է նաև, որ օրենսդիրը չի սահմանել պահանջի զիջման դեպքում պարտապանին տեղյակ պահելու պարտադիր պահանջ:
Երկրորդ դեպքում բոլորովին այլ է իրավիճակը, երբ պահանջի իրավունքը իրավահաջորդության (սկզբնական պարտատիրոջ այլ իրավաբանական անձի միանալու) հետևանքով սկզբնական պարտատիրոջից փոխանցվում է նոր պարտատիրոջը: Նման իրավիճակում սկզբնական պարտատերը, որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալուց, իսկ նրա պահանջի իրավունքը անցնում է վերջինիս իրավահաջորդին: Այս պայմաններում, եթե ոչ սկզբնական պարտատերը, ոչ էլ նրա իրավահաջորդը, պարտապանին չեն տեղեկացնում իրավահաջորդության հիմքով պարտավորության պարտատիրոջ փոփոխության մասին, ապա պարտապանի համար ստեղծվում է անորոշ իրավիճակ: Մասնավորապես, պարտապանի համար անորոշ է դառնում, թե հօգուտ ում պետք է կատարի պարտավորությունը, քանի որ սկզբնական պարտատերն այլևս գոյություն չունի: Ավելին, պարտապանը ողջամտորեն կարող է կարծել, թե պարտատերը լուծարվել է, իսկ պարտավորությունը դադարել է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 435-րդ հոդվածի հիմքով:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առաջին իրավիճակում պարտապանը, անտեղյակ լինելով պահանջի զիջման մասին, կարող էր պարտավորությունը կատարել սկզբնական պարտատիրոջ հանդեպ և դա կհամարվեր պարտավորության պատշաճ կատարում, ապա երկրորդ իրավիճակում պարտապանը զրկված է նման հնարավորությունից, քանի որ սկզբնական պարտատերն այլևս գոյություն չունի:
Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ իրավահաջորդությամբ (սկզբնական պարտատիրոջ այլ իրավաբանական անձի միանալու) պարտատիրոջ անձի փոփոխության դեպքում պարտավորությունը խախտելիս պարտապանի համար անբարենպաստ հետևանքները կարող են վրա հասնել այն դեպքում, երբ պարտապանն իրազեկված է եղել պարտատիրոջ փոփոխության մասին: Այլ կերպ ասած` տվյալ դեպքում նոր պարտատերը պարտապանից կարող է պահանջել պարտավորությունը խախտելու համար համապատասխան պայմանագրով նախատեսված տոկոսները և/կամ տույժերը կամ օրենքով սահմանված տոկոսները, եթե սկզբնական պարտատերը (կամ իրավահաջորդը) պարտապանին տեղեկացրել է իրավահաջորդության մասին:
Սույն գործի փաստերի համաձայն` Խաչիկ Կոսյանի և Բանկի իրավանախորդ «Զարգացման հայկական բանկ»» ԲԲԸ-ի միջև 28.06.2013 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որով ««Զարգացման հայկական բանկ»» ԲԲԸ-ն Խաչիկ Կոսյանին տրամադրել է 7.000.000 ՀՀ դրամի չափով վարկ, իսկ վարկի մարման ժամկետ է սահմանվել 28.06.2018 թվականը: «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն 2016 թվականին վերակազմակերպվել է միանալու եղանակով «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ին, և վերջինս շարունակել է իր գործունեությունը որպես իրավահաջորդ: Այնուհետև Բանկի դիմումի հիման վրա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Խաչիկ Կոսյանը ճանաչվել է սնանկ: Բանկը` որպես պարտատեր, ներկայացված դիմումով խնդրել է Խաչիկ Կոսյանի նկատմամբ իր` 4.285.629,92 ՀՀ դրամի չափով պահանջը հաստատել և գրանցել որպես ապահովված պահանջ: Բանկի պահանջին կից ներկայացված թիվ 0127-է/2013 է վարկային պայմանագրի գրաֆիկի համաձայն` վերջին վճարումը եղել է 10.10.2016 թվականին, իսկ 18.07.2017 թվականի դրությամբ վարկի մնացորդը կազմել է 3.351.291,90 ՀՀ դրամ: Այնուհետև սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, որի դեմ Խաչիկ Կոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված առարկության համաձայն` Խաչիկ Կոսյանը զրկված է եղել «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունից` իրավահաջորդության մասին ծանուցված չլինելու հետևանքով: Հաշվի առնելով, որ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի նկատմամբ 05.09.2016 թվականի դրությամբ ունեցել է 3.351.299,50 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն` Խաչիկ Կոսյանն ընդունել է Բանկի պահանջը միայն վարկի մայր գումարի մասով և խնդրել է Բանկի պահանջը գրանցել 3.351.299,50 ՀՀ դրամի չափով:
Դատարանի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և Բանկի պահանջը 4.185.629,92 ՀՀ դրամի չափով գրանցվել է որպես ապահովված պահանջ: Նույն որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ վարկային պայմանագրում առկա չէ որևէ դրույթ, որով կհիմնավորվի «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի վերակազմակերպվելու կամ այլ իրավաբանական անձի միանալու պարագայում վերջինիս` Խաչիկ Կոսյանին տեղեկացնելու պարտականությունը:
Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի եզրահանգումն առ այն, որ Բանկը չի կրել իրավաբանական անձի վերակազմակերպման և այդ հիմքով պարտատիրոջ իրավունքներն իրեն անցնելու դեպքում պարտապանին ծանուցելու պարտականություն, վերաքննիչ բողոքը մերժել է:
Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 2016 թվականից իրավահաջորդության հիմքով «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն, որպես այդպիսին, դադարել է գոյություն ունենալուց. որպես իրավահաջորդ գործել է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն, ինչի մասին Խաչիկ Կոսյանը չի տեղեկացվել:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` տվյալ դեպքում պարտապան Խաչիկ Կոսյանի համար առաջացել է անորոշ իրավիճակ. գոյություն չի ունեցել ««Զարգացման հայկական բանկ»» ԲԲԸ-ն, որի հանդեպ նա ունեցել է չկատարված պարտավորություն, հետևաբար` Խաչիկ Կոսյանը չի իմացել, թե հօգուտ ում պետք է կատարի պարտավորությունը, որպիսի պայմաններում Խաչիկ Կոսյանն իրենից անկախ պատճառներով, չի կատարել վարկի մարման վճարումները:
Ավելին, Բանկի պահանջին կից ներկայացված պայմանագրի գրաֆիկի համաձայն` վարկային պարտավորության վճարումները 2013 թվականի հուլիսից մինչև 10.10.2016 թվականը կատարվել են, այսինքն` մինչև իրավահաջորդությունը Խաչիկ Կոսյանը չի խուսափել պարտավորությունը կատարելուց, ինչից ելնելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 10.10.2016 թվականից հետո հերթական վճարումները չեն կատարվել իրավահաջորդության մասին ծանուցված չլինելու հետևանքով:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստեղծված իրավիճակում Բանկը` պարտավորության կետանցի հիմքով տոկոսներ պահանջելու համար, նախ և առաջ պարտավոր էր իրավահաջորդության մասին տեղեկացնել Խաչիկ Կոսյանին: Իրավահաջորդության մասին վերջինիս ծանուցելուց հետո թույլ տրված պարտավորության կետանցի առկայության դեպքում միայն Բանկը կարող էր պահանջել համապատասխան տոկոսները:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս դեպքում Խաչիկ Կոսյանը չպետք է կրի իրավահաջորդության մասին ««Զարգացման հայկական բանկ»» ԲԲԸ-ի կամ Բանկի կողմից չծանուցվելու հետևանքով առաջացած անբարենպաստ հետևանքները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել լրիվ և բազմակողմանի քննություն, հետևաբար առկա է նոր քննության անհրաժեշտություն` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու համար:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված պահանջի մասով, ՀՀ սնանկության դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և գործը` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի պահանջի մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական: