Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 6-ՐԴ, 14-ՐԴ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Սնանկության գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵՇԴ/0221/04/16

    Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0221/04/16      2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Զոհրաբ Զոհրաբյանի ներկայացուցիչ Արուսյակ Լալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` Զոհրաբ Զոհրաբյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Զոհրաբ Զոհրաբյանին սնանկ ճանաչել:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 25.10.2016 թվականի վճռով Զոհրաբ Զոհրաբյանը ճանաչվել է սնանկ: Նույն Դատարանի որոշմամբ 31.10.2016 թվականին սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչատուր Ղահրամանյանը:

Կառավարիչը դիմել է Դատարան` միջնորդելով թույլատրել հրապարակային սակարկություններով, մեկ լոտով վաճառել Զոհրաբ Զոհրաբյանին և երրորդ անձ Սյուզաննա Խաչատրյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Բանկում գրավադրված` Երևանի Բայդուկովի փողոցի թիվ 17 հասցեի անշարժ գույքը, որի շուկայական արժեքը «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից 03.07.2017 թվականին տրված անշարժ գույքի գնահատման եզրակացության համաձայն, կազմում է 17.600.000 ՀՀ դրամ` մեկնարկային գին սահմանելով 17.600.000 ՀՀ դրամը:

Դատարանը 27.10.2017 թվականի որոշմամբ թույլատրել է հրապարակային սակարկություններով, մեկ լոտով վաճառել Զոհրաբ Զոհրաբյանին և երրորդ անձ Սյուզաննա Խաչատրյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Բանկում գրավադրված, 17.600.000 ՀՀ դրամ գնահատված` Երևան քաղաքի Բայդուկովի փողոցի թիվ 17 հասցեի անշարժ գույքը` մեկնարկային գին սահմանելով 17.600.000 ՀՀ դրամ:

Նշված որոշման դեմ 14.11.2017 թվականին Զոհրաբ Զոհրաբյանը ներկայացրել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2017 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ` միաժամանակ նույն որոշմամբ բավարարվել է դատական ակտը կասեցնելու մասին ներկայացված միջնորդությունը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2018 թվականի որոշմամբ Զոհրաբ Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.10.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զոհրաբ Զոհրաբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 14-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Դատարանի 27.10.2017 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել է որոշում կայացնելու ժամանակ օրինական ուժ ստացած դատական ակտը, այն է` սույն սնանկության գործով 02.11.2017 թվականին կայացված որոշումը, որն էլ հանգեցրել է Զոհրաբ Զոհրաբյանի արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ չի հետազոտել նոր երևան եկած հանգամանք հանդիսացող թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով 02.11.2017 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, չի հետազոտել սույն սնանկության գործում առկա դատավարական փաստաթղթերը, որը հնարավորություն կտար պարզել, որ որպես նոր երևան եկած հանգամանք իր կողմից վկայակոչված դատական ակտը չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2018 թվականի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, բավարարել «Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» 27.10.2017 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 օրինական ուժի մեջ մտած որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ պարտապանի բողոքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2016 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 վճռով Զոհրաբ Զոհրաբյանը ճանաչվել է սնանկ (հավելված հատոր 1-ին գ.թ. 34-35):

2) 24.03.2017 թվականին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է պարտապանի կողմից ներկայացված առարկությունը պահանջների և նախնական ցուցակի դեմ` Բանկի սնանկության գործով պարտատերերի ցուցակում որպես ապահովված պահանջատեր և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին սնանկության գործով պարտատերերի ցուցակում որպես չապահովված պահանջատեր գրանցվելու մասին, և Դատարանը 24.03.2017 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 որոշմամբ հաստատել է Զոհրաբ Զոհրաբյանի սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը, որով Բանկի պահանջը գրանցել է 10.046.955,1 ՀՀ դրամ` որպես ապահովված պահանջ և 100.000 ՀՀ դրամ` որպես չապահովված պահանջ, իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի պահանջը հաստատել է 1.243.243,7 ՀՀ դրամ, որպես չապահովված պահանջ` «է» հերթում (հավելված հատոր 1-ին գ.թ. 75-76):

3) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2017 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2017 թվականի որոշմամբ բավարարվել է: Բեկանվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով 09.08.2017 թվականի կայացրած «Զոհրաբ Զոհրաբյանի սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին» որոշումը և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության (հավելված հատոր 3-րդ գ.թ. 66-69):

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2017 թվականի որոշմամբ հաստատվել են հետևյալ փաստերը.

- Պարտապան Զոհրաբ Զոհրաբյանի կողմից 18.07.2017 թվականին ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագիր կից երեք հավելվածներով, միաժամանակ ներկայացվել է միջնորդություն` ԵՇԴ/0221/04/16 ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ:

- Դատարանը 09.08.2017 թվականի որոշմամբ թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժել է` ֆինանսական առողջացման ծրագիրը թողնելով առանց քննարկման (հավելված հատոր 3-րդ գ.թ. 66-69):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտած լինելու փաստը պետք է լրացուցիչ հաստատվի նույն վարույթի շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 5-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:

Նախկին օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նախկին օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր 01.07.2011 թվականի թիվ ԱՐԱԴ/0274/02/08 որոշմամբ նշել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Վերաքննիչ դատարանը «Զոհրաբ Վահանի Զոհրաբյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» 27.10.2017 թվականի դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոքը մերժել է պատճառաբանելով որ. «... ապացույց չի ներկայացվել այն մասին, որ վերաքննիչ դատարանի այն որոշումը, որ ներկայացվել է որպես նոր երևան եկած հանգամանք մտել է օրինական ուժի մեջ»: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իր այս եզրահանգումը կատարելիս անտեսել է այն իրողությունը, որ Վերաքննիչ դատարանի 02.11.2017 թվականի որոշմամբ Դատարանի թիվ ԵՇԴ/0221/04/16 գործով 09.08.2017 թվականի որոշումը բեկանվելուց և նոր քննության ուղարկվելուց հետո սնանկության գործը գտնվում է սնանկության դատարանի վարույթում, որպիսի պայմաններում բողոքաբերի վրա չէր կարող դրվել այնպիսի փաստի ապացուցման պարտականություն, որի վերաբերյալ ապացույցները գտնվում են Դատարանի վարույթում գտնվող սնանկության նույն գործում և հետևաբար Վերաքննիչ դատարանի այդ պատճառաբանությունն իրավաչափ չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` սույն գործով չի իրականացվել ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով ներկայացված բոլոր ապացույցները չեն գնահատվել իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կայացվել է ոչ իրավաչափ դատական ակտ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով 04.09.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի և եզրափակիչ մասի վերաբերյալ

 

04.09.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի սեպտեմբերի 04-ին գրավոր ընթացակարգով քննելով Զոհրաբ Զոհրաբյանի ներկայացուցիչ Արուսյակ Լալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` Զոհրաբ Զոհրաբյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի և եզրափակիչ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Զոհրաբ Զոհրաբյանին սնանկ ճանաչել:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 25.10.2016 թվականի վճռով Զոհրաբ Զոհրաբյանը ճանաչվել է սնանկ: Նույն Դատարանի որոշմամբ 31.10.2016 թվականին սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչատուր Ղահրամանյանը:

Կառավարիչը դիմել է Դատարան` միջնորդելով թույլատրել հրապարակային սակարկություններով, մեկ լոտով վաճառել Զոհրաբ Զոհրաբյանին և երրորդ անձ Սյուզաննա Խաչատրյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Բանկում գրավադրված` Երևանի Բայդուկովի փողոցի թիվ 17 հասցեի անշարժ գույքը, որի շուկայական արժեքը «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից 03.07.2017 թվականին տրված անշարժ գույքի գնահատման եզրակացության համաձայն, կազմում է 17.600.000 ՀՀ դրամ` մեկնարկային գին սահմանելով 17.600.000 ՀՀ դրամը:

Դատարանը 27.10.2017 թվականի որոշմամբ թույլատրել է հրապարակային սակարկություններով, մեկ լոտով վաճառել Զոհրաբ Զոհրաբյանին և երրորդ անձ Սյուզաննա Խաչատրյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Բանկում գրավադրված, 17.600.000 ՀՀ դրամ գնահատված` Երևան քաղաքի Բայդուկովի փողոցի թիվ 17 հասցեի անշարժ գույքը` մեկնարկային գին սահմանելով 17.600.000 ՀՀ դրամ:

Նշված որոշման դեմ 14.11.2017 թվականին Զոհրաբ Զոհրաբյանը ներկայացրել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2017 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ` միաժամանակ նույն որոշմամբ բավարարվել է դատական ակտը կասեցնելու մասին ներկայացված միջնորդությունը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2018 թվականի որոշմամբ Զոհրաբ Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.10.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զոհրաբ Զոհրաբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 14-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Դատարանի 27.10.2017 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել է որոշում կայացնելու ժամանակ օրինական ուժ ստացած դատական ակտը, այն է` սույն սնանկության գործով 02.11.2017 թվականին կայացված որոշումը, որն էլ հանգեցրել է Զոհրաբ Զոհրաբյանի արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ չի հետազոտել նոր երևան եկած հանգամանք հանդիսացող թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով 02.11.2017 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, չի հետազոտել սույն սնանկության գործում առկա դատավարական փաստաթղթերը, որը հնարավորություն կտար պարզել, որ որպես նոր երևան եկած հանգամանք իր կողմից վկայակոչված դատական ակտը չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2018 թվականի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, բավարարել «Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» 27.10.2017 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 օրինական ուժի մեջ մտած որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ պարտապանի բողոքը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2016 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 վճռով Զոհրաբ Զոհրաբյանը ճանաչվել է սնանկ (հավելված հատոր 1-ին գ.թ. 34-35):

2) 24.03.2017 թվականին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է պարտապանի կողմից ներկայացված առարկությունը պահանջների և նախնական ցուցակի դեմ` Բանկի սնանկության գործով պարտատերերի ցուցակում որպես ապահովված պահանջատեր և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին սնանկության գործով պարտատերերի ցուցակում որպես չապահովված պահանջատեր գրանցվելու մասին, և Դատարանը 24.03.2017 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 որոշմամբ հաստատել է Զոհրաբ Զոհրաբյանի սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը, որով Բանկի պահանջը գրանցել է 10.046.955,1 ՀՀ դրամ` որպես ապահովված պահանջ և 100.000 ՀՀ դրամ` որպես չապահովված պահանջ, իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի պահանջը հաստատել է 1.243.243,7 ՀՀ դրամ, որպես չապահովված պահանջ` «է» հերթում (հավելված հատոր 1-ին գ.թ. 75-76):

3) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2017 թվականի թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2017 թվականի որոշմամբ բավարարվել է: Բեկանվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով 09.08.2017 թվականի կայացրած «Զոհրաբ Զոհրաբյանի սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին» որոշումը և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության (հավելված հատոր 3-րդ գ.թ. 66-69):

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2017 թվականի որոշմամբ հաստատվել են հետևյալ փաստերը.

- Պարտապան Զոհրաբ Զոհրաբյանի կողմից 18.07.2017 թվականին ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագիր կից երեք հավելվածներով, միաժամանակ ներկայացվել է միջնորդություն` ԵՇԴ/0221/04/16 ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ:

- Դատարանը 09.08.2017 թվականի որոշմամբ թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժել է` ֆինանսական առողջացման ծրագիրը թողնելով առանց քննարկման (հավելված հատոր 3-րդ գ.թ. 66-69)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտած լինելու փաստը պետք է լրացուցիչ հաստատվի նույն վարույթի շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 5-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:

Նախկին օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նախկին օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր 01.07.2011 թվականի թիվ ԱՐԱԴ/0274/02/08 որոշմամբ նշել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Վերաքննիչ դատարանը «Զոհրաբ Վահանի Զոհրաբյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» 27.10.2017 թվականի դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոքը մերժել է պատճառաբանելով որ. «... ապացույց չի ներկայացվել այն մասին, որ վերաքննիչ դատարանի այն որոշումը, որ ներկայացվել է որպես նոր երևան եկած հանգամանք մտել է օրինական ուժի մեջ»: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իր այս եզրահանգումը կատարելիս անտեսել է այն իրողությունը, որ Վերաքննիչ դատարանի 02.11.2017 թվականի որոշմամբ Դատարանի թիվ ԵՇԴ/0221/04/16 գործով 09.08.2017 թվականի որոշումը բեկանվելուց և նոր քննության ուղարկվելուց հետո սնանկության գործը գտնվում է սնանկության դատարանի վարույթում, որպիսի պայմաններում բողոքաբերի վրա չէր կարող դրվել այնպիսի փաստի ապացուցման պարտականություն, որի վերաբերյալ ապացույցները գտնվում են Դատարանի վարույթում գտնվող սնանկության նույն գործում և հետևաբար Վերաքննիչ դատարանի այդ պատճառաբանությունն իրավաչափ չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` սույն գործով չի իրականացվել ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով ներկայացված բոլոր ապացույցները չեն գնահատվել իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կայացվել է ոչ իրավաչափ դատական ակտ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասում և եզրափակիչ մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 09.08.2017 թվականին որոշում է կայացրել «Զոհրաբ Զոհրաբյանի սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու ու ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին»:

Դրանից հետո Դատարանը 27.10.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչին թույլատրել է հրապարակային սակարկություններով վաճառել Զոհրաբ Զոհրաբյանին և երրորդ անձ Սյուզաննա Խաչատրյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Բանկում գրավադրված Երևան քաղաքի Բայդուկովի փողոցի թիվ 17 հասցեի անշարժ գույքը: Նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.11.2017 թվականի որոշմամբ բավարարել է պարտապան Զոհրաբ Զոհրաբյանի բողոքը` Դատարանի 09.08.2017 թվականի վերը նշված որոշումը բեկանել է, և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության: Այդ որոշման մեջ որպես դատական ակտի բողոքարկման ժամկետ նշվել է, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

14.11.2017 թվականին պարտապան Զոհրաբ Զոհրաբյանը ներկայացրել է Դատարանի 27.10.2017 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոք` որպես իրավական հիմք վկայակոչելով մինչև 09.04.2018 թվականը գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, իսկ որպես այդ կետերում նշված հանգամանք` սույն գործով 02.11.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված վերը նշված որոշումը:

Վերաքննիչ դատարանը 27.11.2017 թվականին որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու և դատական ակտի գործողությունը լրիվ կասեցնելու մասին, իսկ 03.05.2018 թվականի որոշմամբ Զոհրաբ Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 27.10.2017 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերողը չի ներկայացրել ապացույց այն մասին, որ Վերաքննիչ դատարանի 02.11.2017 թվականի որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, որպիսի պայմաններում այդ որոշումը, որպես նոր երևան եկած հանգամանք, չի կարող դրվել Դատարանի «Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» դատական ակտի վերանայման և բեկանման հիմքում»:

Կարծում ենք, որ Զոհրաբ Զոհրաբյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացնելու օրվա` 14.11.2017 թվականի դրությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից սույն գործով 02.11.2017 թվականին կայացված որոշումը չէր կարող մինչև 09.04.2018 թվականը գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի իմաստով հանդիսանալ նոր երևան եկած հանգամանք, իսկ դրա արդյունքում` 27.11.2017 թվականին հարուցվեր դատական ակտի վերանայման վարույթ հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշումը կայացրել է 02.11.2017 թվականին` որոշման մեջ որպես դատական ակտի բողոքարկման ժամկետ նշելով, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան: Գործում առկա փաստաթղթերի, ինչպես նաև «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից պարզվեց, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2017 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան չի բողոքարկվել:

Նման պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, հիմք ընդունելով բացառապես վերջինիս կողմից նշված ժամկետը և մինչև 09.04.2018 թվականը գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կարգավորումները, ուժի մեջ է մտել 04.12.2017 թվականին: Այսինքն` պարտապան Զոհրաբ Զոհրաբյանի կողմից Դատարանի 27.10.2017 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոք ներկայացնելու օրվա` 14.11.2017 թվականի դրությամբ տվյալ դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել, քանի որ լրացած չի եղել դատարանի կողմից նշված` դրա հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետը, որպիսի հանգամանքը, մեր կարծիքով, խոչընդոտում էր ինչպես մինչև 09.04.2018 թվականը գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի իմաստով նոր երևան եկած տվյալ հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունքի իրացմանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելուն:

Տվյալ իրավիճակում, կարծում ենք, որ Վերաքննիչ դատարանը, ստանալով վերը նշված դիմումը, ղեկավարվելով նույն օրենսգրքի 204.37-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերով, պետք է բողոքը վերադարձներ` հնարավորություն տալով այն ներկայացրած անձին բողոքը կրկին ներկայացնել համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ եթե արդեն իսկ հարուցել էր նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ, ապա բողոքը մերժեր ոչ թե իր իսկ կողմից կայացված որոշման մեջ նշված պատճառաբանությամբ, այն է` բողոք բերողի կողմից համապատասխան դատական ակտը բողոքարկված և այն օրինական ուժի մեջ մտած չլինելու վերաբերյալ ապացույց ներկայացված չլինելու հիմքով, այլ մեր կողմից հայտնված կարծիքում նշված պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: (...)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է դիտել սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` սույն գործով չի իրականացրել ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով ներկայացված բոլոր ապացույցները չի գնահատել իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ: Նման հետևության հանգելու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն, որ «իր եզրահանգումները կատարելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է այն իրողությունը, որ Վերաքննիչ դատարանի 02.11.2017 թվականի որոշմամբ Դատարանի թիվ ԵՇԴ/0221/04/16 գործով 09.08.2017 թվականի որոշումը բեկանվելուց և նոր քննության ուղարկվելուց հետո սնանկության գործը գտնվում է սնանկության դատարանի վարույթում, որպիսի պայմաններում բողոքաբերի վրա չէր կարող դրվել այնպիսի փաստի ապացուցման պարտականություն, որի վերաբերյալ ապացույցները գտնվում են Դատարանի վարույթում գտնվող սնանկության նույն գործում»:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները, համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասի այն մասի հետ, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որն արտահայտվել է բողոք բերած անձի վրա վերը նշված պատճառաբանությամբ համապատասխան փաստի ապացուցման պարտականություն դնելով, այնուամենայնիվ գտնում ենք, որ դատավարական իրավունքի տվյալ նորմի խախտումը չի հանգեցրել գործի սխալ լուծման, քանի որ սույն գործի փաստերի և մեր կողմից հայտնված հատուկ կարծիքում նշված դիրքորոշումների համատեքստում դատական ակտի վերանայման վարույթ հարուցված լինելու պայմաններում, ինչպես արդեն իսկ վերը նշեցինք, վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման, իսկ դրա հետևանքով` Դատարանի 27.10.2017 թվականի որոշումը` օրինական ուժի մեջ թողնման, որպիսի դատական ակտը և կայացրել է Վերաքննիչ դատարանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանությունը բավարար չէր Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ բացակայում է բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում թույլ տալու փաստը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերը նշվածի հիման վրա գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի, 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը մերժել և դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ` սույն հատուկ կարծիքում հայտնված պատճառաբանություններով:

 

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.09.2020
N ԵՇԴ/0221/04/16
Որոշում