Սեղմել Esc փակելու համար:
01.01.1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

01.01.1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵՎ 09.04.2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԴ/1284/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1284/02/18      2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

2020 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Քրիստինա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քրիստինա Մկրտչյանի ընդդեմ Ժաննա Խաչատրյանի, Արեն Մկրտչյանի օրինական ներկայացուցիչ Ժաննա Խաչատրյանի` առոչինչ` կեղծ, գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քրիստինա Մկրտչյանը պահանջել է 06.10.2017 թվականին կնքված` Երևան քաղաքի Նորք-Մարաշի Նորքի 8-րդ փողոցի թիվ 3 և թիվ 3/2 բնակելի տների նվիրատվության գործարքների նկատմամբ կիրառել առոչինչ` կեղծ, գործարքի անվավերության հետևանքներ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան)27.05.2019 թվականի վճռով Քրիստինա Մկրտչյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.11.2019 թվականի որոշմամբ Քրիստինա Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի 27.11.2019 թվականի որոշման վերաբերյալ դատավոր Հ. Ենոքյանը շարադրել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քրիստինա Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ժաննա Խաչատրյանը և Արեն Մկրտչյանի օրինական ներկայացուցիչ Ժաննա Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ, 148-րդ հոդվածները, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 13.05.2019 թվականին սույն գործի քննությունն ավարտելուց հետո որպես վճռի հրապարակման օր և ժամ է հայտարարել 27.05.2019 թվականը, ժամը 17:00: Այդ ժամին ներկայանալով վճռի հրապարակմանը` հայցվորի ներկայացուցիչը Դատարանի աշխատակազմի կողմից հեռախոսի միջոցով տեղեկացվել է, որ վճռի հրապարակում տեղի չի ունենալու, քանի որ դատավորը մասնակցում է դատավորների ընդհանուր ժողովին: Ընդ որում, ժողովը մինչև 18:00 ավարտված չի եղել, ուստի Դատարանի վճիռը չէր կարող 27.05.2019 թվականին հրապարակվել: Բացի այդ, գործի նյութերում առկա է տեղեկանք այն մասին, որ համակարգչային ծրագրի խափանման պատճառով 27.05.2019 թվականի նիստն արձանագրվել է թղթային եղանակով, սակայն գործում առկա չէ 27.05.2019 թվականին նշանակված դատական նիստի թղթային արձանագրությունը:

Ավելին, Դատարանի վճիռը մինչև 11.06.2019 թվականը պատրաստ չի եղել, քանի որ վճիռը «www. datalex. am» կայքում գեներացվել է միայն 11.06.2019 թվականին:

Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ 10.05.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի թղթային արձանագրությունը բացակայում է գործից, ինչը բոլոր դեպքերում դատական ակտի բեկանման հիմք է:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 57-րդ, 58-րդ, 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև գործարքի կողմ հանդիսացող նվիրառուն` Վարազդատ Մկրտչյանը, մահացել է, սակայն գործարքների կեղծ լինելու ապացուցման մասով կան որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, ի սկզբանե կնքվում է մի գործարք, որը չի համապատասխանում կողմերի կամքին և կամահայտնությանը: Հետևաբար գործարքի առերևույթ լինելու վերաբերյալ դատողությունները կարող են հիմնավորվել գործարքին նախորդած և հաջորդած վարքագծով և գործողություններով:

Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի կարող համարվել հիմնավորված և պատճառաբանված:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.11.2019 թվականի որոշումը և փոփոխել այն:

 

2.1 Ժաննա Խաչատրյանի և Արեն Մկրտչյանի օրինական ներկայացուցիչ Ժաննա Խաչատրյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները` դատավորների ընդհանուր ժողովի ավարտի կամ վճիռը «www. datalex. am» կայքում գեներացվելու հետ կապված, որևէ կերպ չէին կարող հանգեցնել գործի սխալ լուծման:

Գործի նյութերում արձանագրության բացակայության հիմքով հայցվորը վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

Բացի այդ, Դատարանը և Վերաքննիչ դատարանը կայացրել են օբյեկտիվ, հիմնավորված և արդարացի դատական ակտեր` ըստ էության մերժելով հայցվորի պահանջը, իսկ վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում 06.10.2017 թվականին նվիրատու Քրիստինա Մկրտչյանի և նվիրառու Վարազդատ Մկրտչյանի միջև կնքվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշի Նորքի 8-րդ փողոցի թիվ 3 և թիվ 3/2 բնակելի տների նվիրատվության պայմանագրեր (հատոր 1-ին, գ. թ 9-10):

2) Սույն գործով առաջին դատական նիստը նշանակվել է 10.05.2018 թվականին, որը կայացել է (հատոր 1-ին, գ. թ. 16-17, 18, «www. datalex. am» դատական տեղեկատվական համակարգ):

3) Սույն գործից բացակայում է 10.05.2018 թվականի դատական նիստի պարզ թղթային եղանակով իրականացված արձանագրությունը կամ հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով նիստն արձանագրված լինելու դեպքում` արձանագրման համառոտագրումը` թղթային կրիչի վրա:

4) Սույն գործում առկա` դատական նիստերի ձայնագրությունները պարունակող ձայնային կրիչը խոտանված է (մետաղական կարիչով կարված լինելու պատճառով հնարավոր չէ այն առանձնացնել գործից` ձայնագրությունները լսելու համար) (հատոր 1-ին, գ. թ. 160-ից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դրոշմակնիքով կնքված, սակայն չհամարակալված թերթ):

5) Դատական նիստերի քարտուղարի կողմից կազմված տեղեկանքի համաձայն` համակարգչի ծրագրի խափանման պատճառով 27.05.2019 թվականին նշանակված դատական նիստն արձանագրվել է թղթային եղանակով (հատոր 1-ին, գ. թ. 161):

6) Սույն գործից բացակայում է 27.05.2019 թվականի դատական նիստի արձանագրությունը:

7) Քրիստինա Մկրտչյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը որևէ փաստարկ չի պարունակում 10.05.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունը գործից բացակայելու վերաբերյալ: Ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքում նշվել է, որ Դատարանի աշխատակազմի կողմից հեռախոսի միջոցով բողոքաբերը տեղեկացվել է, որ վճռի հրապարակում տեղի չի ունենալու, քանի որ դատավորը մասնակցում է դատավորների ընդհանուր ժողովին, և քանի որ ժողովը մինչև 18:00 ավարտված չի եղել, ուստի Դատարանի վճիռը չէր կարող 27.05.2019 թվականին հրապարակվել (հատոր 2-րդ, գ. թ. 7-16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` նախկին և գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքերի կարգավորումներով դատական ակտի հրապարակման նշանակության, ինչպես նաև դատական նիստի արձանագրման եղանակների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտում, որով և խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում գործել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, իսկ վերաքննության փուլում` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ապա վերաքննիչ դատարանը ո՞ր օրենսգրքի նորմերը պետք է հիմք ընդունի` գնահատելու համար առաջին ատյանի դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տված լինելու հանգամանքը.

- նախկին և գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի կարգավորումների համատեքստում ի՞նչ եղանակով պետք է հրապարակվի դատական ակտը.

- դատական ակտը հրապարակված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայությունն արդյո՞ք կարող է գնահատվել որպես գործի ելքի վրա ազդեցություն չունեցող ձևական սխալ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական նիստի արձանագրման եղանակներին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

I. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն` նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի` իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի` հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն` իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում այդպիսի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 439-րդ հոդվածը նախատեսել է որոշակի իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են արդեն իսկ ուժը կորցրած` 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողությանը: Ըստ այդմ, օրենսդիրն անմիջականորեն նախատեսել է միայն երկու դեպք, որպիսի պարագայում կարող են կիրառվել ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Մասնավորապես` այդ նորմերը կիրառվում են 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը քննելիս, ինչպես նաև մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս: Այդ շրջանակներից դուրս 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը չեն կարող կիրառվել, քանի որ ընդհանուր կանոնի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ ակտի կամ դրա մի մասի դրույթներն իրավական ազդեցություն չեն կարող ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով 19.02.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վերաքննիչ բողոք ներկայացվել է 09.04.2018 թվականից հետո, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է իր լիազորությունները կիրառելիս առաջնորդվել գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով: Այդուհանդերձ, եթե առաջին ատյանի դատարանում գործը քննվել է նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա իր լիազորությունները կիրառելիս և առաջին ատյանի դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տված լինելու հանգամանքը պարզելիս Վերաքննիչ դատարանը պետք է գնահատի, թե առաջին ատյանի դատարանը որքանով է պահպանել հենց նախկին` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները:

2. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Այսպես, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանվում է գործերի քննության հրապարակայնության սկզբունքը: Նշված հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանվում է դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը, սակայն այն որոշակիորեն տարբերվում է նախորդ կարգավորումից: Մասնավորապես, նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

«Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատական ակտի հրապարակման հարցին` մասնավորապես արձանագրելով, որ եթե ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն վճռի հրապարակումը կատարվում էր դատական նիստով, ապա գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում այն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն` դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը (տե՛ս, թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 30.05.2019 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ դատական ակտի հրապարակումը, անկախ հրապարակման եղանակից, դատավարության հրապարակայնության սկզբունքի, անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների անբաժանելի բաղադրիչ է:

Այսպես, արդար դատաքննության իրավունքը ենթադրում է ինչպես դատարան դիմելու հնարավորությունը, այնպես էլ գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, ինչը նշանակում է, որ գործը հրապարակայնության սկզբունքի պահպանմամբ քննելու պահանջ ներկայացնելու հնարավորությունն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր է: Ինչպես նշել է ՀՀ սահմանադրական դատարանը 11.04.2012 թվականի ՍԴՈ-1020 որոշմամբ` «...այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են` հրապարակային դատաքննությունը (մասնավորապես` գործը քննող դատարանի, քննության առարկա գործի, քննության վայրի, ժամանակի, դատաքննության կարգի և այլնի մասին հրապարակային տեղեկությունները), ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը»:

Անդրադառնալով հրապարակայնության սկզբունքին` ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է. «...դատավարության հրապարակայնությունն առաջին հերթին նշանակում է հասարակական վերահսկողության իրականացման հնարավորություն դատավարության և դատարանի ընդունած ակտերի նկատմամբ»:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2019 թվականի թիվ ՍԴՈ-1452 որոշմամբ արձանագրել է. «Հրապարակային դատաքննության պահանջի սահմանադրական կարգավորման հետ միասին Սահմանադրությունը 63-րդ հոդվածով ամրագրում է նաև այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում հնարավոր է հրապարակային դատաքննության սահմանափակում: Մասնավորապես, Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հրապարակայնության սկզբունքը ենթադրում է, նախ և առաջ, դռնբաց դատաքննություն և դատական ակտի հրապարակում:

(...) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշյալ սահմանադրական դրույթի տրամաբանության համատեքստում հրապարակային դատաքննությունը ենթադրում է դռնբաց դատական նիստի առկայություն և (կամ) դատական ակտի հրապարակում, ինչը նշանակում է, որ դռնբաց դատական նիստը կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգի կիրառմամբ (...):

Սահմանադրական դատարանը հարկ է համարում հրապարակայնության, ինչպես նաև գործերի բանավոր և գրավոր քննության ընթացակարգերի առնչությամբ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք, մասնավորապես, հանգում են հետևյալին.

- հրապարակային դատաքննության (անկախ իրականացման ընթացակարգային ձևից) առաջնահերթ բաղադրիչներն են գործի հանգամանքների քննության (կամ «բանավոր լսումների») անցկացումը և որոշման հրապարակումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն` «ԵԽ անդամ բոլոր պետությունները ճանաչում են հրապարակայնության սկզբունքը, սակայն նրանց օրենսդրական համակարգերը և դատական պրակտիկան ունեն որոշակի տարբերություններ ինչպես դրա ծավալի, այնպես էլ իրականացման եղանակի առումով` կապված լսումների անցկացման և դատական որոշումների հրապարակման հետ: Հարցի ձևական կողմը, այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հրապարակայնության պահանջների հիմքում ընկած նպատակի համեմատությամբ ունի երկրորդական նշանակություն» (Sutter v. Switzerland Judgment of 22 February 1984, p. 27, Adolf v. Austria Judgment of 26 March 1982, para. 30, Pretto and others v. Italy Judgment of 8 December 1983, para. 23, and Axen v. Germany Judgment of 8 December 1983, para. 25)» (...)»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ անձի դատական պաշտպանության իրավունքը չի կարող լիարժեք իրացվել` առանց հրապարակայնության սկզբունքի և դրա տարր հանդիսացող դատական ակտի հրապարակման պահանջի պահպանման: ՈՒստի դատական ակտի հրապարակումը, լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բաղադրիչ, արդարադատության իրականացման առանցքային տարր է: Հետևաբար դատական ակտն ընդհանրապես չհրապարակելը (այդ թվում` դատական ակտի հրապարակման վերաբերյալ պատշաճ ապացույցի բացակայությունը) չի կարող գնահատվել որպես գործի ելքի վրա չազդող ձևական դատական սխալ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանում գործի քննության ընթացքում դատական նիստերի քարտուղարի կողմից կազմված տեղեկանքի համաձայն` համակարգչի ծրագրի խափանման պատճառով 27.05.2019 թվականին նշանակված դատական նիստն արձանագրվել է թղթային եղանակով: Սույն գործից բացակայում է 27.05.2019 թվականի դատական նիստի արձանագրությունը: Քրիստինա Մկրտչյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում նշվել է, որ Դատարանի աշխատակազմի կողմից հեռախոսի միջոցով բողոքաբերը տեղեկացվել է, որ վճռի հրապարակում տեղի չի ունենալու, քանի որ դատավորը մասնակցում է դատավորների ընդհանուր ժողովին, և քանի որ ժողովը մինչև 18:00 ավարտված չի եղել, ուստի Դատարանի վճիռը չէր կարող 27.05.2019 թվականին հրապարակվել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի դատական նիստերի ձայնագրությունները պարունակող ձայնային կրիչը խոտանված է (մետաղական կարիչով կարված լինելու պատճառով հնարավոր չէ այն առանձնացնել գործից` ձայնագրությունները լսելու համար):

Վերաքննիչ դատարանը, քննելով Քրիստինա Մկրտչյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից Դատարանին վերագրած մի շարք դատավարական նորմերի խախտումներին, այդ թվում` վճռի հրապարակման օրվա կապակցությամբ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերջինս որևէ կերպ չի պարզաբանել ու հիմնավորել, թե Դատարանի կողմից թույլ տրված դատավարական նորմերի խախտումներն ինչպես են ազդել սույն գործի ելքի վրա և հանգեցրել սխալ դատական ակտի կայացման:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնք կհիմնավորեին վիճելի գործարքների կեղծ լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Դատարանը, հայցը մերժելով, որևէ խախտում թույլ չի տվել և, թեև թերի պատճառաբանությամբ, սակայն եկել է ճիշտ եզրահանգման և կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, իսկ բողոքարկվող դատական ակտը բողոքաբերի կողմից նշած հիմքերով և հիմնավորումներով ենթակա չէ բեկանման, քանի որ գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում ուղղակիորեն նշվել է դատական ակտը հրապարակված չլինելու դատական սխալի մասին, որը Վերաքննիչ դատարանը պարտավոր էր գնահատել դատական ակտի հրապարակման վերաբերյալ դատավարական կանոնների հաշվառմամբ: Ընդ որում, նկատի ունենալով, որ թեև վերաքննիչ բողոք ներկայացվել էր գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, սակայն Դատարանում գործը քննվել էր նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում, պարտավոր էր գնահատել, թե պահպանվել են արդյոք նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատական ակտի հրապարակմանը ներկայացվող պահանջները:

Այսպես, ինչպես արդեն իսկ նշվել է, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության ընթացքում դատական ակտը պետք է հրապարակվեր դատական նիստում:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: (...) Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում, ի թիվս այլնի, նշվում է վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Ընդ որում, համանման կարգավորումներ սահմանված են նաև գործող` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական նիստում գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստերի դահլիճում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով: (...) Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության կամ դրա օգտագործման անհնարինության դեպքում արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի օգտագործման հնարավորությունը վերականգնվելու դեպքում արձանագրությունը վարվում է նույն հոդվածի 2-րդ մասում նշված ձևով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է ձեռագիր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է նախագահող դատավորի և դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ թղթային կրիչի վրա կատարված համառոտագրումը և ձայնային կրիչի վրա պահված արձանագրությունը կցվում են գործի նյութերին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական նիստ անցկացված լինելու վերաբերյալ ապացույցներ են կա՛մ պարզ թղթային եղանակով կատարված արձանագրությունը, կա՛մ դատական նիստի ձայնագրությունը պարունակող ձայնային կրիչը և դատական նիստի արձանագրման համառոտագրումը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը: Իսկ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրության ունեցած դերին և նշանակությանը` ընդգծելով, որ դատական նիստի արձանագրությունը` որպես դատավարական գործողությունների կատարման բոլոր էական հանգամանքները հաստատող փաստաթուղթ, ունի կարևոր ապացուցողական նշանակություն: Մասնավորապես` դատավարության կողմերը կարող են հիմնավորել իրենց վերաքննիչ և վճռաբեկ բողոքները` հղում կատարելով դատական նիստերի արձանագրությանը, իսկ վերադաս ատյանի դատարանները դատական նիստերի արձանագրությունների միջոցով կարող են ստուգել ստորադաս դատարաններում գործի քննության օրինականությունը, մասնավորապես, արդյո՞ք ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը համապատասխանում է այն փաստերին, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում կամ որևէ դատավարական գործողություն իրականացնելիս դատարանը պահպանել է սահմանված դատավարական կարգը: Այսպիսով, դատական նիստի արձանագրությունն անձի դատական պաշտպանության իրավունքի և հատկապես` բողոքարկման իրավունքի իրացումն ապահովող կարևորագույն միջոցներից է, ինչով էլ պայմանավորված է դատական նիստի արձանագրության բացակայության դեպքում օրենսդրի կողմից դատական ակտի բեկանման պարտադիր պահանջի սահմանումը (տե՛ս, Կարեն Ստեփանյանն ընդդեմ Ջուլետտա Սմբատյանի թիվ ԵԱՔԴ/2279/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշումն արտահայտվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի կապակցությամբ, որը, որպես վճռի պարտադիր բեկանման հիմք, միայն նախատեսում էր գործից դատական նիստի արձանագրության բացակայությունը: Մինչդեռ գործնականում հնարավոր էին իրավիճակներ, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել էր այնպիսի թերություններով, որոնք հնարավորություն չէին տալիս վերադաս դատական ատյանին լիարժեք ստուգելու ստորադաս դատական ատյանում կատարված գործողությունների իրավաչափությունը: Այս նկատառումով օրենսդիրը 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք սահմանել է նաև այն դեպքը, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:

Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում` ամրագրված լազերային կրիչի վրա, և համառոտագրում` արտատպված թղթի վրա: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձայնային արձանագրումը հանդիսանում է դատական նիստի բոլոր տվյալների անընդմեջ արձանագրման հիմնական միջոցը, հետևաբար նաև դատավարության հրապարակայնության ապահովման միջոցը: Ինչ վերաբերում է թղթային համառոտագրմանը, ապա վերջինս ուղղակի դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են, որն ունի ուղղորդիչ բնույթ, հետևաբար առանց ձայնային արձանագրման այն չի կարող բավարար պատկեր ստեղծել դատական նիստի ընթացքի վերաբերյալ, չի կարող բավարար չափով ապահովել դատավարության հրապարակայնությունը և ծառայել որպես անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիք:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում լազերային կրիչի վրա ամրագրված ձայնային արձանագրման և համակարգչային համառոտագրման միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է դատական նիստի արձանագրության բացակայություն: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ ոչ միայն լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների բացակայությունն է հանդիսանում դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, այլ նաև դատական նիստերի ձայնային արձանագրություններում առկա այն թերությունները, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Այսինքն` լազերային կրիչի վրա ամրագրված դատական նիստերի ձայնային արձանագրությունների միայն առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ դրանք լինեն պիտանի և բավարար բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Հետևաբար լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների խոտանումը, որն անհնարին է դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի անվերապահ բեկանման` անկախ բողոքում այդ հիմքի վերաբերյալ որևէ վկայակոչումից (տե՛ս, Անի Հովհաննիսյանն ընդդեմ «Սպուտնիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2080/02/16 քաղաքացիական գործով 26.07.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե նախկին քաղաքացիադատավարական օրենսդրության գործողության պայմաններում դատական ակտի պարտադիր բեկանման հիմք էր դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը գործից բացակայելը, ապա գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, նշված հիմքից բացի, որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` սահմանում է նաև դատական նիստի արձանագրումն այնպիսի թերություններով կատարված լինելը, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Ընդ որում, այս հիմքով դատական ակտը բեկանվում է` անկախ բողոքում նման հիմքի առկայությունից: ՈՒստի դատական նիստի արձանագրությունները գնահատելիս` վերաքննիչ դատարանը նախ պետք է պարզի կատարված արձանագրությունների որակը` անկախ բողոքում նման հիմքի առկայությունից, որից հետո նաև գնահատի որևէ նիստի արձանագրության առկայության կամ բացակայության հարցը` բողոքում նման հիմքի առկայության դեպքում:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, գնահատականի արժանացնելով Դատարանի կողմից կիրառված նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, պետք է պարզեր, թե արդյոք գործում առկա է դատական ակտի հրապարակում իրականացված լինելը հավաստող անհրաժեշտ ապացույցը` դատական նիստ անցկացված լինելու վերաբերյալ արձանագրությունը` իրականացված կա՛մ պարզ թղթային եղանակով, կա՛մ միաժամանակ հատուկ համակարգչային համակարգով ձայնագրմամբ և համակարգչային եղանակով համառոտագրմամբ: Փոխարենը վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքը որակելով միայն որպես ձևական խախտում` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ըստ դատական նիստերի քարտուղարի կազմած տեղեկանքի` դատական ակտի հրապարակման նիստի արձանագրումն իրականացվել է պարզ թղթային եղանակով: Մինչդեռ սույն գործում բացակայում է 27.05.2019 թվականի դատական նիստի պարզ թղթային արձանագրությունը, իսկ դատական նիստերի ձայնային արձանագրությունները պարունակող ձայնային կրիչը խոտանված է (մետաղական կարիչով կարված լինելու պատճառով հնարավոր չէ այն առանձնացնել գործից` ձայնագրությունները լսելու համար): Ընդ որում, եթե անգամ դիտարկվի, որ դատական նիստն արձանագրվել է հատուկ համակարգչային ծրագրով (թեև դա ուղղակիորեն հերքվում է 1-ին հատորի գ. թ. 161-ում առկա` դատական նիստերի քարտուղարի կազմած տեղեկանքով), ապա ոչ միայն ձայնային կրիչն է հնարավոր խոտանված վիճակում, այլ նաև բացակայում է նույն նիստի արձանագրության` համակարգչային եղանակով իրականացված համառոտագրումը: Հետևաբար սույն գործում բացակայում է ապացույց այն մասին, որ 27.05.2019 թվականին տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում հրապարակվել է Դատարանի վճիռը, ինչը, լինելով հրապարակայնության սկզբունքի, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հիմնարար խախտում, չէր կարող գնահատվել որպես ձևական սխալ:

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր լիազորությունները պետք է կիրառեր` հիմք ընդունելով գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ հիմնավորումներով Դատարանի վճիռը ենթակա էր բեկանման, որն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է 10.05.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունը (կամ թղթային եղանակով իրականացված համառոտագրումը) գործի նյութերից բացակայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասը (Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում) և հաշվի առնելով, որ նշված հիմքով վերաքննիչ բողոք չի ներկայացվել, Վճռաբեկ դատարանը բողոքի այս փաստարկին հնարավոր չի համարում անդրադառնալ:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկների մի մասը հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Միաժամանակ նկատի ունենալով սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի խախտումը, այդ թվում` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի առկայությունը` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին հնարավոր չի համարում անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես` հանգեցրել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների տարր հանդիսացող հրապարակայնության սկզբունքի փաստացի անիրացվելիության:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

Հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.08.2020
N ԵԴ/1284/02/18
Որոշում