Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                    Վարչական գործ

    դատարանի որոշում                         թիվ ՎԴ/1500/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/1500/05/17          2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Կ. Մաթևոսյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

2020 թվականի օգոստոսի 27-ին

 

Այսպես`

Աշոտ Իսկանդարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով վերացնել Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշումը:

Դատարանը 22.05.2017 թվականի վճռով հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «ուսումնասիրելով police. am կայքում տեղադրված իրավախախտումն ամրագրած տեսանյութը և լուսանկարը, արձանագրում է, որ հիմնական և կրկնող լուսացույցերը չեն աշխատել միևնույն ժամանակահատվածի ռեժիմով, մասնավորապես, այն ժամանակ, երբ հայցվորի տրանսպորտային միջոցը, ընթանալով ճանապարհի երրորդ գոտով, չի ենթարկվում հիմնական լուսացույցի կարմիր ազդանշանին, հայցվորի համար առաջնային տեսանելի` կրկնող լուսացույցի վրա որևէ ազդանշան միացված չէ: Այսինքն, տեսանյութում արտացոլված տեղեկություններով հնարավոր չէ գալ այն միանշանակ եզրահանգման, որ քննարկվող իրավախախտման պահին կրկնող լուսացույցը նույնությամբ վերարտադրել է հիմնական լուսացույցի ազդանշանները, ինչն էլ վկայում է, որ հայցվորի` լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը կասկած է հարուցում: Վերոգրյալից հետևում է, որ տեսանյութում և լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, որն էլ ենթակա է մեկնաբանման հօգուտ հայցվորի»:

Վերաքննիչ դատարանը 25.04.2018 թվականին որոշում է կայացրել Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 22.05.2017 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու` Աշոտ Իսկանդարյանի հայցը մերժելու մասին այն պատճառաբանությամբ, որ «կից ներկայացված տեսանյութի, ինչպես նաև լուսանկարների ուսումնասիրությունից Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ենթադրյալ իրավախախտման կատարման վայրում առկա է կլոր ազդանշաններով լուսացույց, իսկ նախքան լուսացույցին մոտենալը` հստակ երևացող «Կանգ-գիծ» գծանշում, որպիսի պարագայում լուսացույցի կարմիր ազդանշանը արգելում է երթևեկություն և հետևաբար դրա միացման պարագայում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման առջև: Տեսանյութի և լուսանկարների ուսումնասիրության հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում նաև, որ լուսացույցի կարմիր ազդանշանը միացած է 12:40:26-րդ վայրկյանի դրությամբ, որպիսի պահին առկա էր նաև նշված կարմիր արգելող ազդանշանին ենթարկված և «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոց: Նշված ժամանակահատվածում հայցվորը դեռևս չէր հատել առկա «Կանգ-գիծ» գծանշումը, ուստի կարմիր ազդանշանի պարագայում պարտավոր էր կանգ առնել տվյալ գծանշման դիմաց, մինչդեռ վերջինս, առաջ է անցնում լուսացույցի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից, մուտք է գործում խաչմերուկ և շարունակում երթևեկությունը, այսինքն` չի ենթարկվում լուսացույցի արգելող ազդանշանին` առաջ անցնելով լուսացույցի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից: Վերաքննիչ դատարանի համոզմամբ նշվածը բավարար էր հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվություն առաջադրելու համար: Ինչ վերաբերում է կրկնող և հիմնական լուսացույցերի միջև հակասությանը, Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը. ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման 13-րդ կետի համաձայն` Տ (T).1 և Տ (T).1. հ (N 2 հավելված) լուսացույցները խաչմերուկներում կիրառվում են տվյալ ճանապարհով խաչմերուկին մոտենալիս` բոլոր թույլատրված ուղղություններով տրանսպորտային միջոցների միաժամանակյա անցման դեպքում և խաչմերուկների միջև տեղաբաշխված կարգավորվող հետիոտնային անցումների վրա: Նույն որոշման 44-րդ կետի համաձայն` երթևեկելի մասի կողքին տեղակայված Տ (T).1 ցանկացած կատարման և Տ (T).2 լուսացույցները կրկնում են: Կրկնող լուսացույցը տեղակայվում է խաչմերուկում կամ անմիջապես դրանից հետո` հաշվի առնելով վարորդի կողմից լուսացույցի ազդանշանի տեսանելիությունը: Բաժանարար գոտու, ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների առկայության դեպքում կրկնող լուսացույցները (բացի Տ (T).1. ա, «դեպի աջ» սլաքով Տ (T).2) տեղակայվում են խաչմերուկում, դրանից հետո` երթևեկելի մասերի միջև կամ խաչմերուկից ձախ: Վերոգրյալից հետևում է, որ վկայակոչված իրավանորմում տեղ գտած «կրկնող» արտահայտությունը ինքնին նշանակում է խաչմերուկի աջ հատվածում տեղակայված լուսացույցի (Տ (T).1) ազդանշանների նույնությամբ արտացոլում: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ հնարավոր են իրավիճակներ, երբ լուսացույցերից որևէ մեկը կարող է խափանվել` չարտացոլելով լուսացույցի ազդանշաններից որևիցե մեկը, կամ բոլորը միաժամանակ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված պարագայում տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցով որը տվյալ արտացոլումն իրականացնում է անխափան: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ նախատեսված չէ որևէ իրավական հետևանք լուսացույցի չվառվող ազդանշանի համար (բացառությամբ թարթելու, ինչպես նաև սեկցիայի պարագայում, որը սույն պարագայում բացակայում է)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ լուսացույցի վրա որևէ ազդանշանի վառված չլինելու պարագայում (ինչը տվյալ պարագայում հաստատված է համարել Դատարանը) ողջամտորեն պետք է ենթադրել դրա խափանման մասին, հետևաբար տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցի ազդանշաններով, որը գործում է անխափան: Սույն գործով տեսանյութի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը գալիս է այն համոզման, որ առկա է եղել ոչ թե լուսացույցերի վրա առկայծող ազդանշանների հակասություն, այլ առավելագույնը նշվածը կարող էր մեկնաբանվել որպես ձախ կողմում տեղակայված լուսացույցի կարմիր ազդանշանի խափանում, քանի որ նշված երկու լուսացույցերի կանաչ և դեղին ազդանշանները վառվում և անջատվում են համաչափորեն, իսկ կարմիր ազդանշանի միացման ժամանակ ձախ լուսացույցի վրա որևէ առկայծում տեսանելի չէ ընդհանրապես, այսինքն` վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցով, որը գործում է անխափան (սույն պարագայում` աջ կողմում տեղադրված լուսացույցը), հետևաբար նշվածի համատեքստում անհիմն են Դատարանի փաստարկներն առ այն, որ «... տեսանյութում արտացոլված տեղեկություններով հնարավոր չէ գալ այն միանշանակ եզրահանգման, որ քննարկվող իրավախախտման պահին կրկնող լուսացույցը նույնությամբ վերարտադրել է հիմնական լուսացույցի ազդանշանները, ինչն էլ վկայում է որ հայցվորի լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը կասկած է հարուցում: (...) Ինչ վերաբերում է հայցվորի փաստարկներին` կապված լուսացույցի ոչ տեսանելի լինելու և դրանով պայմանավորված` մեղքի բացակայության հետ, ապա Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ տվյալ պարագայում իր կողմից վկայակոչված բարենպաստ հանգամանքի ապացուցման բեռը պետք է կրի հենց հայցվորը, մինչդեռ որևէ ապացույց ի հավաստումն իր կողմից վկայակոչված փաստարկի, ինչպես դատարանին, այնպես էլ Վերաքննիչ դատարանին չի ներկայացվել, ավելին, տեսանյութով լուսացույցը հստակ տեսանելի է, ուստի նշված փաստական հանգամանքը Վերաքննիչ դատարանը համարում է չհաստատված և անհիմն: Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում հայցվորի կողմից ի սկզբանե բերված փաստարկներին` կապված լուսացույցի` օրենսդրության պահանջների համապատասխանության հետ` հետևյալ հիմնավորմամբ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ` այլ ձևի վարչական ակտեր): Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ սույն պարագայում ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցն ըստ էության հանդիսանում է այլ ձևով ընդունված վարչական ակտ, որի կողմից միացված յուրաքանչյուր գույնի ազդանշանը որոշակի պարտականություն է սահմանում անձանց հատուկ կատեգորիայի (վարորդ, հետիոտն) համար, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված վարչական ակտը որևէ կերպ չի վերացվել, ուժը կորցրած չի ճանաչվել, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել վերջինիս` իրավաչափ լինելու կանխավարկածից, հետևաբար լուսացույցի` որպես վարչական ակտի, օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ փաստարկները հայցվորը կաշկանդված չէ ներկայացնելու նշված վարչական ակտի վիճարկման վարույթում, իսկ սույն հայցապահանջի շրջանակներում դրանք քննարկման առարկա չեն կարող դառնալ` համապատասխան պահանջի բացակայության պատճառով, ուստի հայցվորի փաստարկներն ամբողջության անհիմն են: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները և չի պարզել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, սխալ է մեկնաբանել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության` վկայակոչված որոշումների իրավադրույթները, որի արդյունքում եկել է գործի ելքի վերաբերյալ սխալ եզրահանգման, ինչը բավարար է վճիռն ամբողջությամբ բեկանելու համար: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` վերաքննիչ դատարանի լիազորությունը»:

Այժմ Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ`

1) պատասխանող կողմը վերաքննիչ բողոքում, իսկ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում անդրադարձել են խաչմերուկում տեղակայված լուսացույցի անխափան աշխատելու հարցին, մինչդեռ իրավական խնդիրը, ըստ ներկայացված հայցադիմումի, վերաբերել է խաչմերուկում ստեղծված իրավիճակում լուսացույցը վարորդին տեսանելի չլինելու հարցին,

2) սույն գործի փաստերից հետևում է, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել` հիմնական լուսացույցի կողքին` «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, և բնականաբար, վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակում,

3) լուսացույցն ըստ էության հանդիսանում է այլ ձևով ընդունված վարչական ակտ, որի յուրաքանչյուր գույնի միացված ազդանշանը որոշակի պարտականություններ է սահմանում անձանց հատուկ կատեգորիայի (վարորդ, հետիոտն) համար: (...) այլ ձևի վարչական ակտերը պետք է հասանելի (տեսանելի) լինեն այն անձանց (սուբյեկտների) համար, որոնց վրա դրվում են որոշակի պարտականություններ, հակառակ դեպքում պետք է բացառվի նաև պատասխանատվությունը դրա չկատարման համար, քանի որ այդ դեպքում բացակայում է անձի մեղքը,

4) սույն գործի համար իրավական խնդիրը ճանապարհային երթևեկությունը կարգավորող վարչական ակտի իրավաչափության հարցը չէ, այլ տվյալ տեսակի վարչական ակտի առանձնահատկությունից ելնելով` վարչական պատասխանատվության համար ելակետային նշանակության ունի վարչական ակտի հասցեատիրոջը դրա հասանելիության հարցը, որն էլ էական է վարչական պատասխանատվության համար առանցքային նշանակություն ունեցող պայմանի` մեղքի առկայությունը հաստատելու համար, որոշմամբ արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումներից ելնելով` եզրակացրել է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, գտնելով, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին:

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանությունները` գալիս եմ հետևության, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին և եզրահանգումներին չի համաձայնվել, ըստ էության, բացառապես այն շարժառիթից ելնելով, որ ըստ ներկայացված հայցադիմումի` իրավական խնդիրը վերաբերել է խաչմերուկում ստեղծված իրավիճակում լուսացույցը վարորդին տեսանելի չլինելու հարցին, իսկ սույն գործի փաստերից հետևում է, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը վերը նշված պատճառաբանությամբ չէր կարող օբյեկտիվորեն լինել տեսանելի, որի պայմաններում վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակել:

Գտնում եմ, որ վերը նշված շարժառիթը տվյալ դեպքում չէր կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել` հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, որից ելնելով էլ հետևություն է արել այն մասին, որ նման պայմաններում վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակում: Վճռաբեկ դատարանը տվյալ հետևությանը հանգել է` բացառապես նշելով, որ դա բխում է սույն գործի փաստերից:

Նման պայմաններում, կարծում եմ, որ նախ առաջնային է պարզելը, թե արդյո՞ք Վճռաբեկ դատարանի կողմից «Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» վերնագիրը կրող բաժնում վկայակոչվել է այնպիսի փաստ, որից կարող էր բխել վերը նշված հետևությունն անելու Վճռաբեկ դատարանի հնարավորությունը:

Այսպես, այդ բաժնում վկայակոչվել են ընդամենը երեք փաստ, այն է`

1) Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշման համաձայն` Աշոտ Իսկանդարյանը 04.02.2017 թվականին, ժամը 12:40-ին, ք. Երևան, Սեբաստիա/Ա. Վեգներ խաչմերուկի հատվածում խախտել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը, այն է` չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին` առաջ անցնելով արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության.

2) Կարգավորվող խաչմերուկում առկա են հիմնական և կրկնող լուսացույցներ.

3) Աշոտ Իսկանդարյանի և «ԽԱՉԱՏՈՒՐՈՎ» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Արտակ Խաչատրյանի միջև կնքվել է թիվ 299-17 փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի 4.1 կետի համաձայն պայմանագրի գին է սահմանվել 50.000 ՀՀ դրամը:

Կարծում եմ, որ միայն վերը նշված փաստերի առկայությունը չէր կարող հիմք հանդիսանալ հետևություն անելու այն մասին, որ «երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել` հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում», քանի որ դրանք վերաբերում են վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներին:

Միաժամանակ ցանկանում եմ հայտնել, որ եթե Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակում ներառեր անգամ գ. թ. 14-րդում առկա էլեկտրոնային կրիչը, որը պարունակում է համապատասխան տեսանյութը, ապա այն ևս չէր կարող բավարար հիմք հանդիսանալ հետևության հանգելու համար այն մասին, որ «երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել` հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում» հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով է պարզում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Այդպիսի ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին:

Կարծում եմ, որ այն փաստը, որ «երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել` հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում», չէր կարող հաստատվել միայն գործում առկա տեսանյութը դատարանի կողմից դիտվելու միջոցով, քանի որ նման հետևության հանգելու համար, անհրաժեշտ էր առնվազն երկու պայմանների միաժամանակյա առկայություն` գտնվել հայցվորի վարած մեքենայի ղեկին և տեսանյութում ճիշտ պատկերված իրավիճակում:

Ինչ վերաբերվում է առանց վերը նշված առնվազն երկու պայմանների միաժամանակյա առկայության նման հետևություն անելու հնարավորությանը, ապա կարծում եմ, որ այս դեպքում այդ հետևության մեջ նշված հանգամանքները կարող էին պարզվել (հաստատված համարվել) բացառապես փորձաքննություն նշանակելու միջոցով, քանի որ այդ հարցերի պարզաբանումը նման իրավիճակում պահանջում է հատուկ գիտելիքներ:

Նման պայմաններում անհրաժեշտ չեմ համարում անդրադառնալ այն հարցը պարզելուն, թե կրկնող լուսացույցը հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին լուսային որևէ ազդանշան արձակել է, թե` ոչ:

Վերը նշվածի հիման վրա հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի հետևության վերաբերյալ այն մասին, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը վերը նշված շարժառիթով բեկանելու, ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:

Դրանից ելնելով գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի 25.04.2018 թվականի որոշումը` անփոփոխ թողնման:

 

Դատավոր`  Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.08.2020
N ՎԴ/1500/05/17
Որոշում