Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 151-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/1269/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1269/02/17   2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ա. Հունանյան

                       Ա. Պետրոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ռուբեն Բալասանյանի և գործին մասնակից չդարձված անձ Տիգրան Կարապետյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադ Հայրապետյանի ընդդեմ «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձինք «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի, «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` գրավի իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վլադ Հայրապետյանը պահանջել է ճանաչել իր` որպես Յուրի Հայրապետյանի իրավահաջորդի գրավի իրավունքը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 4/5 հասցեով գտնվող շենքի վերգետնյա 2-րդ հարկից 100 քմ մակերեսով և վերգետնյա 3-րդ հարկից 100 քմ մակերեսով տարածքների նկատմամբ:

Փոփոխելով հայցապահանջը` Վլադ Հայրապետյանը պահանջել է ճանաչել իր` որպես Յուրի Հայրապետյանի իրավահաջորդի գրավի իրավունքը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 4/5 հասցեում գտնվող շենքի նկատմամբ` հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ` 734.288.625 ՀՀ դրամի չափով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.05.2018 թվականի որոշմամբ Դատարանի 05.12.2017 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Տիգրան Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել Դատարանի 05.12.2017 թվականի վճիռը` գրավի առարկան որոշելու և գումարի չափի հաշվարկի մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` որոշմամբ նշված ծավալով նոր քննության, իսկ Դատարանի 05.12.2017 թվականի վճիռը` Վլադ Հայրապետյանի գրավի իրավունքը ճանաչելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Բալասանյանը և գործին մասնակից չդարձված անձ Տիգրան Կարապետյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Վլադ Հայրապետյանի ներկայացուցիչ Անի Հակոբյանը:

Սույն գործով Վլադ Հայրապետյանի ներկայացուցիչ Անի Հակոբյանը, «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը, երրորդ անձինք «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ն, «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Լատինո» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Սիմոնյանը 25.06.2019 թվականին Վճռաբեկ դատարան են ներկայացրել միջնորդություն, որով միջնորդել են հաստատել հաշտության համաձայնությունը` կցելով հաշտության համաձայնության տեքստը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում` գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե`

1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.

2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.

3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.

4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

Ուսումնասիրելով Վլադ Հայրապետյանի ներկայացուցիչ Անի Հակոբյանի, «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձինք «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի, «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Լատինո» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Սիմոնյանի կողմից ներկայացրած հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, չի պարունակում այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, չի պարունակում այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վլադ Հայրապետյանի ներկայացուցիչ Անի Հակոբյանի, «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձինք «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի, «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Լատինո» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Սիմոնյանի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել Վլադ Հայրապետյանի ներկայացուցիչ Անի Հակոբյանի, «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձինք «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի, «Ինվեսթմենտ Սթրատեջիք» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Լատինո» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Սիմոնյանի միջև կնքված 24.06.2019 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

    ք. Երևան                                   24.06.2019 թ.

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի (նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան, զեկուցող դատավոր` Վ. Ավանեսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/1269/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2018թ. որոշման դեմ գործին մասնակից չդարձած անձ Տիգրան Կարապետյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքների քննությունը, ըստ Վլադ Հայրապետյանի հայցի ընդդեմ «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձինք` «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ի, «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` գրավի իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Թիվ ԵԿԴ/1269/02/17 քաղաքացիական գործով գործին մասնակցող անձինք`

Գործով հայցվոր` Վլադ Հայրապետյանը (ԳԴՀ քաղաքացի, ծնված 10.11.1975թ., անձնագիր` C3FLFVLC, տրված 25.06.2009թ. Բեռլինի Ֆրիդրիխսխայն-Կրոոյցբերգի շրջանային բաժնի կողմից, բնակության հասցեն` ք. Երևան, Ալեք Մանուկյան 7, բն. 55), ի դեմս ներկայացուցիչ փաստաբան Անի Միքայելի Հակոբյանի (ծնված` 04.03.1976թ., անձնագիր` AM0847160, տրված 27.08.2012թ. 008-ի կողմից, հաշվառման հասցեն` ՀՀ, ք. Երևան, Բ. Մուրադյան 7 շենք, բն. 20, 3, փաստաբանական գործունեության արտոնագիր 2093), ով հանդես է գալիս 29.03.2017թ. լիազորագրի հիման վրա,

Գործով պատասխանող` «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Լևոն Համբարձումի Պետրոսյանը (ծնված` 14.05.1951թ., անձնագիր` AK0483215, տրված` 13.04.2010թ. 008-ի կողմից, հաշվառվման հասցե` ՀՀ, ք. Երևան, Մոլդովական 7 շ., բն. 18),

Գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ն (գրանցման համար` 286.120.68356, ՀՎՀՀ` 02605327, հասցե` ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5), ի դեմս սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի (ծնված` 05.07.1971թ., անձնագիր` AS0444838, տրված` 05.12.2018թ. 025-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի),

Գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը (ծնված` 05.07.1971թ., անձնագիր` AS0444838, տրված` 05.12.2018 թ-ին 025-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի),

Գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն, որի փոխարեն 18.04.2019թ. Պահանջը զիջելու պայմանագրի և 25.04.2019թ. Պահանջի իրավունքի փոխանցման ակտի հիմքով հանդես է գալիս իրավահաջորդ` «Լատինո» ՓԲԸ-ն (գրանցման համար` 269.120.02397, ՀՎՀՀ` 02205079, գտնվելու վայրը` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 1/2, 305-307 տարածք), ի դեմս տնօրեն` Ռուզաննա Գարեգինի Սիմոնյանի (նույնականացման քարտ` 000268722, տրված 2012-11-13, 004-ի կողմից, հաշվառման վայրը` ք. Երևան, Մամիկոնյանց փ. 49շ., բն. 46),

Գործին մասնակից չդարձած անձ` Տիգրան Սերյոժայի Կարապետյան (ծնված` 15.04.1971թ., անձնագիր թիվ AK0551866, տրված` 07.07.2010թ.-ին, 001-ի կողմից, վավերական է մինչև` 07.07.2020թ.) հաշվառվման հասցե` ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան փ. 8 շենք, բն. 34), բոլորը միասին այսուհետ` Կողմեր,

Իրականացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հաշտության համաձայնություն կնքելու դատավարական իրենց իրավունքները, ցանկանալով ավարտել սույն գործով առկա վեճը, կնքում են սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ` նաև Համաձայնություն) հետևյալի մասին.

 

1. Համաձայնության կնքման նախադրյալները

1.1 Վլադ Հայրապետյանն իր հարուցած հայցերով և սնանկության վարույթներում ներկայացված դիմումներով հավակնել է ճանաչվել ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքի (ներառյալ դրանից առանձնացած առանձին գույքային միավորների) նկատմամբ իբրև օրենքի ուժով ծագած և հետագա օտարման գործարքներով նոր սեփականատերերի համար պահպանված գրավի իրավունք ունեցող անձ, որպես տարաժամկետ վճարման/հատուցման պայմանով իր իրավանախորդ Յուրի Հայրապետյանից և համասեփականատեր Վլադիմիր Հայրապետյանից Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետի, կառուցապատող Մելիք Գասպարյանի և Յուրի ու Վլադիմիր Հայրապետյանների միջև 12.09.2005թ. կնքված պայմանագրով ք. Երևան Ամիրյան 4/18 հասցեով 142.7 քմ մակերեսով 162,000,000 /հարյուր վաթսուներկու միլիոն/ դրամ արժեքով հօգուտ պետությանը իրացված տարածքի դիմաց տեղում կառուցվելիք շենքից 100 քմ երկրորդ հարկում և 100 քմ երրորդ հարկում տեղակայված հասարակական նշանակության տարածքների տրամադրման եղանակով փոխհատուցման կետանցված պարտավորության կատարման ապահովման միջոց:

1.2 Գրավի իրավունքի ճանաչման պահանջատիրության հարուցումից հետո ներկայացված` Վլադ Հայրապետյանի ընդդեմ կառուցապատող Մելիք Գասպարյանի իրավահաջորդ-ժառանգների հայցերով հրապարակված և օրինական ուժի մեջ մտած վճիռներով Մելիք Գասպարյանի իրավահաջորդ-ժառանգներին պարտավորեցվել է Վլադ Հայրապետյանին սեփականության իրավունքով հանձնել ք. Երևան, Ամիրյան փողոց 4/4 շենք, շինություն թիվ 4 հասցեում 1-ին հարկում տեղակայված հասարակական նշանակության 199,2 քմ մակերեսով տարածքը` առկա վճարային ծանրաբեռնումներով հանդերձ, որի շուկայական արժեքը առնվազն 2.5 անգամ գերազանցում է 12.09.2005թ. կնքված պայմանագրով նախատեսված` 2-րդ և 3-րդ հարկերում տեղակայված տարածքների արժեքից, ըստ այդմ` Վլադ Հայրապետյանն ընդունում է, որ դրանով բավարարվում է 12.09.2005թ. կնքված պայմանագրից ծագած հատուցման պարտավորության ոչ միայն հիմնական գումարը լրիվ ծավալով, այլև կետանցի համար իր հաշվարկած տուժանքների ու վնասների էական մասը: Մասնավորապես`

1.2.1 Թիվ ԵԴ/16797/02/18 քաղաքացիական գործով 15.10.2018թ հրապարակված և օրինական ուժի մեջ մտած վճռով որոշված է Վլադ Հայրապետյանին սեփականության իրավունքով հանձնել ք. Երևան, Ամիրյան փողոց 4/4 շենք, շինություն թիվ 4 հասցեում 1-ին հարկում տեղակայված հասարակական նշանակության 199,2 քմ մակերեսով տարածքի Անահիտ Մնացականյանին պատկանող 9/10 բաժինը.

1.2.2 Թիվ ԵԴ/2165/02/19 քաղաքացիական գործով 25.04.2019թ. հրապարակված և օրինական ուժի մեջ մտած վճռով որոշված է Վլադ Հայրապետյանին սեփականության իրավունքով հանձնել ք. Երևան, Ամիրյան փողոց 4/4 շենք, շինություն թիվ 4 հասցեում 1-ին հարկում տեղակայված հասարակական նշանակության 199,2 քմ մակերեսով տարածքի Ալեքս Մելիքի Գասպարյանին պատկանող 1/10 բաժինը.

1.3 Վլադ Հայրապետյանի հարցումներով ստացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանին վերաբերող 2002թ. կատարված օդալուսանկարահանային հանույթի հատվածից և Կենտրոն վարչական շրջանին վերաբերող 2004թ. դրությամբ կադաստրային քարտեզից չի հաստատվել ք. Երևան, Ամիրյան 4/18 հասցեով բնակելի տունը մինչև իրացվելը ներկայիս ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքով զբաղեցրած 490 քմ հողամասի սահմաններում լրիվ կամ մասնակի տեղակայված լինելու փաստը, ինչից ելնելով`

1.3.1 Վլադ Հայրապետյանը հրաժարվել է ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքից առանձնացած առանձին գույքային միավորների սեփականատերերի (ներառյալ Տիգրան Կարապետյանի) դեմ թիվ ԵԴ/0944/02/18, թիվ ԵԴ/0947/02/18, թիվ ԵԱՔԴ/0250/02/18, թիվ ԵԱԴԴ/0281/02/18 քաղաքացիական գործերով ներկայացված հայցերից;

1.3.2 Վլադ Հայրապետյանը հրաժարվել է ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքի նախկին սեփականատեր «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0391/04/16 սնանկության վարույթով առաջնային գրավով ապահովված պահանջատեր գրանցվելու իր 31.03.2017 թ. դիմումից:

1.4 ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում Վլադ Հայրապետյանի ընդդեմ «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձինք «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ի, «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` գրավի իրավունքը ճանաչելու մասին թիվ ԵԿԴ/1269/02/17 քաղաքացիական գործը, որով երրորդ անձ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և գործին մասնակից չդարձված անձ Տիգրան Կարապետյանի վճռաբեկ բողոքները ընդունվել են վարույթ:

1.5 Ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքի գրանցված գրավառու «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Լատինո» ՓԲԸ-ի հետ 18.04.2018թ.-ին կնքված Պահանջը զիջելու պայմանագրով զիջել է (փոխանցել է), իսկ «Լատինո» ՓԲԸ-ն ընդունել է վարկառու «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի նկատմամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ապահովված պահանջի իրավունքները, ինչի կապակցությամբ սկզբնական պարտատեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ծանուցել է բոլոր առկա դատավարություններով դատարաններին, և մասնավորապես «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0313/04/16 սնանկության գործով դատարանի 02.05.2019թ. «Պարտատիրոջը իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ» որոշմամբ պարտատեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն փոխարինվել է «Լատինո» ՓԲԸ-ով, ինչպես նաև «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0391/04/16 սնանկության վարույթով դատարանի 29.04.2019թ. «Կողմին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշմամբ պարտատեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն փոխարինվել է «Լատինո» ՓԲԸ-ով:

 

2. Կողմերի միջև իրավահարաբերությունների կարգավորումը

2.1 Ելնելով այն հանգամանքներից, որ ք. Երևան, Ամիրյան 4/18 հասցեով բնակելի տունը մինչև իրացվելը և քանդվելը ներկայիս ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքով զբաղեցրած 490 քմ հողամասի սահմաններում լրիվ կամ մասնակի տեղակայված լինելու փաստը չի հաստատվել, ինչպես նաև այն, որ որպես 12.09.2005թ. կնքված պայմանագրից ծագած փոխհատուցման պարտավորության (ակնկալված գրավի ակցեսոր իրավունքի համար հիմնական պարտավորություն) կատարում` Մելիք Գասպարյանի իրավահաջորդ-ժառանգներին ք. Երևան, Ամիրյան փողոց 4/4 շենք, շինություն թիվ 4 հասցեում 1-ին հարկում տեղակայված հասարակական նշանակության 199,2 քմ մակերեսով տարածքը Վլադ Հայրապետյանին սեփականության իրավունքով հանձնելն օրինական ուժի մեջ մտած վճիռներով արդեն իսկ պարտավորեցված է, Վլադ Հայրապետյանը ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքով զբաղեցրած 490 քմ հողամասի, դրա վրա տեղակայված շենքի և շենքից առանձնացված որևէ առանձին գույքային միավորի նկատմամբ 12.09.2005թ. պայմանագրի հիմքով գրավի իրավունքի ճանաչման հավակնություն և իրավական պահանջ այլևս չունի:

 

3. Եզրափակիչ դրույթներ

3.1 Սույն Համաձայնությունը սպառում է 12.09.2005թ. կնքված պայմանագրի հիմքով ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 հասցեով շենքով զբաղեցրած 490 քմ հողամասի նկատմամբ գրավի իրավունքի ճանաչման Կողմերի միջև առկա վեճը: Միաժամանակ հայցվոր Վլադ Հայրապետյանը հավաստում է, որ որևէ հավակնություն, իրավունք կամ պահանջ չունի ք. Երևան, Ամիրյան փողոց 4/5 տարածք 2 հասցեում գտնվող և վճռաբեկ բողոք բերած անձ Տիգրան Կարապետյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ:

3.2 Հայցվոր Վլադ Հայրապետյանը պարտավորվում է փոխհատուցել գործին մասնակից չդարձած` վճռաբեկ բողոք բերած անձ Տիգրան Կարապետյանին ներկայացուցչի փաստաբանական ծախսերը 480,000 դրամի չափով, և Տիգրան Կարապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքերի ծախսերը 30,000 դրամի չափով:

3.3 Սույն Համաձայնությունում նկարագրվածից բացի Կողմերը միմյանց միջև այլ պարտավորություններ ու պահանջներ չունեն:

3.4 Կողմերը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը հաստատում են, որ Վլադ Հայրապետյանի գրավի ճանաչման հայցադիմումի, «Լատինո» ՓԲԸ-ի իր իրավանախորդ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքերի մասով փոխհատուցման հարցը Կողմերը համարում են լուծված:

3.5 Կողմերը հավաստում են, որ սույն Համաձայնությունը չի հակասում ՀՀ գործող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

3.6 Սույն Համաձայնությունը ուժի մեջ է մտնում այն հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

3.7 Կողմերը սույնով հավաստում են, որ գիտակցում են Համաձայնության կնքման բոլոր դատավարական հետևանքները:

3.8 Համաձայնությունը հաստատող վճիռը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Կողմերի ստորագրությունները

 

    Հայցվոր                  Պատասխանող                  Երրորդ անձ

    Վլադ Հայրապետյանի լ/ա    «Հոթել Փենշն»              «Ինվեսթմենտ

    Անի Հակոբյան         ՍՊԸ-ի սնանկության գործով       Սթրատեջիկ» ՓԲԸ,

                         կառավարիչ` Լևոն                սնանկության գործով

                         Համբարձումի Պետրոսյան          կառավարիչ Կամո

                                                        Հարոյան

                         

    ստորագրություն         ստորագրություն              ստորագրություն

 

    Երրորդ անձ              Երրորդ անձ                 Գործին մասնակից

                                                        չդարձած անձ

 

    «Ինվեսթմենտ            «ՎՏԲ-Հայաստան բանկ»        Տիգրան Սերյոժայի

    Սթրատեջիկ» ՓԲԸ-ի       ՓԲԸ-ի իրավահաջորդ`         Կարապետյան

    սնանկության գործով     «Լատինո» ՓԲԸ տնօրեն`

    կառավարիչ Կամո         Ռ. Սիմոնյան

Հարոյան

 

    ստորագրություն         ստորագրություն             ստորագրություն»

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2018 թվականի որոշումը բեկանել և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված` այն հաշտության համաձայնության մեջ նախատեսված լինելու հիմքով:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ԵԿԴ/1269/02/17
Որոշում