Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական         Վարչական գործ

    և  վարչական պալատի որոշում               թիվ ՎԴ/3071/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/3071/05/08          2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող Ն. Տավարացյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի օգոստոսի 07-ին

գրավոր ընթացակարգով, քննելով Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Գագիկ Ջհանգիրյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի (այսուհետ` Նախագահ)` Նախագահի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ Ջհանգիրյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 01.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.10.2019 թվականի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու հիմքով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.01.2020 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` որոշումը ստանալու պահից վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով 18.09.2019 թվականին կայացված որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Գ. Ջհանգիրյանը, հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, բերման ենթարկվելուց մեկ օր առաջ` 2008 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Դրան անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին, և 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու զրկվել դասային աստիճանից (...)»:

Վերը նշված որոշմամբ հաստատված փաստական հանգամանքն իր էությամբ հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք: Մինչ թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2019 թվականին կայացված որոշումը որևէ դատական ակտով իրավական գնահատականի չի արժանացել այն փաստական հանգամանքը, թե ինչ պատճառահետևանքային կապ է առկա Գ. Ջհանգիրյանի 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելու, ելույթով հանդես գալու և դրան անմիջապես հաջորդած` նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ Նախագահին դիմումների ներկայացման և 23.02.2008 թվականին ընդունված վիճարկվող հրամանագրերի միջև:

Դատարանն անտեսել է, որ վիճարկվող հրամանագրերը հրապարակելիս կարգապահական վարույթ գոյություն չի ունեցել, այն հարուցվել է հետագայում, հետին ամսաթվով` այն հարմարեցնելով վիճարկվող հրամանագրերին և ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 14.11.2008 թվականի որոշումը, ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը` կայացնելով նոր դատական ակտ` անվավեր ճանաչելով Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետը և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 47-րդ հոդվածի 5-րդ մասերը (հատոր 1-ին, գ. թ. 43-57` Դատարանի 01.08.2008 թվականի վճիռ):

2) Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-29-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը (հատոր 1-ին, գ. թ. 43-57` Դատարանի 01.08.2008 թվականի վճիռ):

3) Դատարանի 01.08.2008 թվականի վճռով Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Նախագահի` Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ. թ. 43-57` Դատարանի 01.08.2008 թվականի վճիռ):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ. թ. 59-60):

5) Թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2009 թվականի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.05.2009 թվականի որոշումը բեկանվել են, որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գագիկ Ջհանգիրյանին ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նշված որոշմամբ հաստատվել է, որ «Գ. Ջհանգիրյանը, հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, բերման ենթարկվելուց մեկ օր առաջ` 2008 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով, դրան անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին (Վճռաբեկ դատարանի ընդգծում), և 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու զրկվել դասային աստիճանից» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առկա է նոր երևան եկած հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած հանգամանքները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում: Նշված հոդվածի 1-ին կետի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներկայումս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքը նախքան «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 21.06.2018 թվականի թիվ ՀՕ-364-Ն օրենքն ուժի մեջ մտնելը (05.07.2018 թվական) նախատեսված չէր որպես վարչական դատավարությունում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք:

ՀՀ սահմանադրական դատարանը, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ անդրադառնալով մինչև 05.07.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված իրավանորմերի սահմանադրականության հարցին, նշել է, որ այդ նորմերի իրավական բովանդակությունից հետևում է, որ անձը զրկված է որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունից, մասնավորապես` իրավաբանորեն փաստագրված հանցագործության հետ չկապված նոր երևան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որպիսիք տվյալ գործով դատական ակտի կայացման պահին գոյություն են ունեցել, գործի արդար լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել, դատարանին անհայտ են մնացել: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում, ի տարբերություն ՀՀ քրեական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների, օրենսդիրը չի նախատեսել որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտի վերանայման հնարավորություն: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման այնպիսի իրավակարգավորումը, համաձայն որի` էականորեն սահմանափակվում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական այլ հանգամանքների իրավագնահատման պատշաճ դատավարական գործընթացներն այն դեպքերում, երբ այդպիսի հանգամանքների օբյեկտիվ գոյությունն անխուսափելիորեն հանգեցնում է (կհանգեցնի) դատական այլ որոշման, քան մինչ այդ հանգամանքների երևան գալը կայացվել է, կամ որ նույնն է` արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետևաբար` նաև անձի խախտված իրավունքների վերականգնմանը, սահմանափակում է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված` անձի արդյունավետ և մատչելի դատաքննության իրավունքը, հակասում է արդարադատության բուն նպատակներին ու 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներում և 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը` այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Միևնույն ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 31.12.2015 թվականը` հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին վեճի առարկա վերոհիշյալ իրավակարգավորումը համապատասխանեցնելու նույն որոշման պահանջներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 21.06.2018 թվականի թիվ ՀՕ-364-Ն օրենքով կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշման պահանջները և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իրավակարգավորումը համապատասխանեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին:

Սույն գործի փաստերի համաձայն` Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետը և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 47-րդ հոդվածի 5-րդ մասերը: Նույն օրվա մեկ այլ` թիվ ՆՀ-29-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը:

Դիմելով դատարան` Գագիկ Ջհանգիրյանը խնդրել է անվավեր ճանաչել Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերը` ի թիվս այլնի, նշելով, որ խախտվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, չեն պահպանվել կարգապահական տույժ կիրառելու ընթացակարգերը, կարգապահական վարույթ հարուցելու մասին հայցվորը չի ծանուցվել, որի, ինչպես նաև վարույթին մասնակից չդարձվելու հետևանքով խախտվել են վարույթի ընթացքում արտահայտվելու և համապատասխան բացատրություն տալու իր իրավունքները, խախտման հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտություն չի կատարվել:

Դատարանը 01.08.2008 թվականի վճռով Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Նախագահի` Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել է, ի թիվս այլնի, այն հիմնավորմամբ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում կազմված թիվ 002-08 կարգապահական վարույթն իրականացվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգին լիակատար համապատասխան, մասնավորապես, 22.02.2008 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն ընդունել է որոշում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, նշված որոշումը կայացվել է կապված 22.02.2008 թվականին Երևանի Ազատության հրապարակում հայցվորի կողմից քաղաքական հայտարարություններ ու կոչեր անելու հետ, նշված որոշմամբ պահպանված են կարգապահական վարույթի հարուցման և տևողության ժամկետները: Իրականացված վարույթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 22.02.2008 թվականի որոշմամբ ստեղծված կարգապահական վարույթ իրականացնող հանձնախումբը նույնը օրը ներկայացրել է եզրակացություն, որով առաջարկվել է Հանրապետության գլխավոր դատախազին` Նախագահին ներկայացնել միջնորդություն. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված` «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու համար: Դատարանն արձանագրել է նաև, որ մի քանի անգամ հնարավոր բոլոր եղանակներով փորձ է կատարվել իրազեկել հայցվորին կարգապահական վարույթի և դրա վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու հայցվորի իրավունքների մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն վճռաբեկ բողոքին կից Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` վերջինիս վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2009 թվականի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.05.2009 թվականի որոշումը բեկանվել են, որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գագիկ Ջհանգիրյանին ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը փաստել է նաև, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «դատաքննությամբ հաստատված է համարել այն, որ Գագիկ Ջհանգիրյանը 2008 թվականի փետրվարի 23-ին (...) ապօրինի հրազեն կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ վարչության բակ բերման ենթարկվելուց հետո, նույն վարչության շենքի բակում` չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներ Արման Հարությունյանի և Տիգրան Աղվանյանի օրինական պահանջներին` չի կատարել ավտոմեքենայից իջնելու վերջիններիս պահանջը, ավտոմեքենայից իջնելիս փորձել է ոտքերով հարվածել նրանց: (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նշել է նաև, որ դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ «Գ. Ջհանգիրյանը, հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, բերման ենթարկվելուց մեկ օր առաջ` 2008 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Դրան անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին (Վճռաբեկ դատարանի ընդգծում), և 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու զրկվել դասային աստիճանից»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը սահմանում էր դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը: Այսպես` նշված հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում էր, որ կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կամ համապատասխան վերադաս դատախազի կողմից դատախազի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ (1-ին մաս), իսկ դատախազն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ (3-րդ մաս): Ընդ որում, կարգապահական վարույթի տևողությունը չէր կարող 3 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատախազի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող էր երկարաձգվել դատախազի բացակայության ժամանակահատվածով (5-րդ մաս):

Վերոգրյալ իրավանորմերից հետևում է, որ դատախազի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցվող կարգապահական վարույթն օրենսդրությամբ սահմանված հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է, որն օբյեկտիվորեն պահանջում է որոշակի ժամանակ: Տվյալ դեպքում Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար հիմք հանդիսացած արարքը կատարվել է 22.02.2008 թվականին, իսկ 23.02.2008 թվականին վերջինս իրավասու մարմնի կողմից բերման է ենթարկվել:

Սույն գործով կայացված վճռով Դատարանը Գագիկ Ջհանգիրյանի հայցի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ վերջինիս կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցված կարգապահական վարույթն իրականացվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգին լիակատար համապատասխան: Մինչդեռ վերը նշված փաստերի առկայության պայմաններում թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին Գագիկ Ջհանգիրյանի մասնակցելուն և ելույթով հանդես գալուն «անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին», էական նշանակություն ունի սույն գործով Գագիկ Ջհանգիրյանի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցված կարգապահական վարույթն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացված լինելու տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ թեև Գագիկ Ջհանգիրյանը սույն վարչական գործի քննության ընթացքում վկայակոչել է իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն էական ընթացակարգային խախտումներով իրականացված լինելու հանգամանքը, սակայն ելնելով նրանից, որ իր նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է միայն հանրահավաքում ելույթ ունենալու հաջորդ օրը, հայցվորին, հետևաբար նաև վարչական գործը քննող դատարանին գործի լուծման պահին օբյեկտիվորեն հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին, սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բոլոր պայմաններին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի և 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Դատարանի 01.08.2008 թվականի վճիռը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանվելու պարագայում սույն գործն ուղարկվում է նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ե. Խունդկարյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/3071/05/08 վարչական գործով 07.08.2020 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

07.08.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի օգոստոսի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու մասին` ըստ հայցի Գագիկ Ջհանգիրյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի (այսուհետ` Նախագահ)` Նախագահի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Ջհանգիրյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 01.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.10.2019 թվականի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու հիմքով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.01.2020 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` որոշումը ստանալու պահից վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմքում դրել է բողոք բերած անձի հետևյալ փաստարկները.

«ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով 18.09.2019 թվականին կայացված որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Գ. Ջհանգիրյանը, հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, բերման ենթարկվելուց մեկ օր առաջ` 2008 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Դրան անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին, և 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու զրկվել դասային աստիճանից (...)»:

Վերը նշված որոշմամբ հաստատված փաստական հանգամանքն իր էությամբ հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք: Մինչ թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2019 թվականին կայացված որոշումը որևէ դատական ակտով իրավական գնահատականի չի արժանացել այն փաստական հանգամանքը, թե ինչ պատճառահետևանքային կապ է առկա Գ. Ջհանգիրյանի 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելու, ելույթով հանդես գալու և դրան անմիջապես հաջորդած` նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ Նախագահին դիմումների ներկայացման և 23.02.2008 թվականին ընդունված վիճարկվող հրամանագրերի միջև:

Դատարանն անտեսել է, որ վիճարկվող հրամանագրերը հրապարակելիս կարգապահական վարույթ գոյություն չի ունեցել, այն հարուցվել է հետագայում, հետին ամսաթվով` այն հարմարեցնելով վիճարկվող հրամանագրերին և ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:

Որպես բողոք բերած անձի պահանջ նշվել է, որ վերջինս պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 14.11.2008 թվականի որոշումը, ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը` կայացնելով նոր դատական ակտ` անվավեր ճանաչելով Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետը և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 47-րդ հոդվածի 5-րդ մասերը (հատոր 1-ին, գ. թ. 43-57` Դատարանի 01.08.2008 թվականի վճիռ):

2) Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-29-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը (հատոր 1-ին, գ. թ. 43-57` Դատարանի 01.08.2008 թվականի վճիռ):

3) Դատարանի 01.08.2008 թվականի վճռով Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Նախագահի` Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ. թ. 43-57` Դատարանի 01.08.2008 թվականի վճիռ):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ. թ. 59-60):

5) Թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2009 թվականի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.05.2009 թվականի որոշումը բեկանվել են, որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գագիկ Ջհանգիրյանին ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նշված որոշմամբ հաստատվել է, որ «Գ. Ջհանգիրյանը, հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, բերման ենթարկվելուց մեկ օր առաջ` 2008 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով, դրան անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին (Վճռաբեկ դատարանի ընդգծում), և 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու զրկվել դասային աստիճանից» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումը, պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը`

1) արձանագրելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առկա է նոր երևան եկած հանգամանք,

2) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի, 181-րդ հոդվածի, 183-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ`

2.1) արձանագրելով, որ նոր երևան եկած հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն,

2.2) փաստելով, որ ներկայումս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքը նախքան «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 21.06.2018 թվականի թիվ ՀՕ-364-Ն օրենքն ուժի մեջ մտնելը (05.07.2018 թվական) նախատեսված չէր որպես վարչական դատավարությունում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք,

2.3) վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշումը, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը` այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր,

2.4) արձանագրելով, որ ՀՀ Ազգային ժողովը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 21.06.2018 թվականի թիվ ՀՕ-364-Ն օրենքով կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշման պահանջները և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իրավակարգավորումը համապատասխանեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին,

սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ պատճառաբանել է, որ «թեև Գագիկ Ջհանգիրյանը սույն վարչական գործի քննության ընթացքում վկայակոչել է իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն էական ընթացակարգային խախտումներով իրականացված լինելու հանգամանքը, սակայն ելնելով նրանից, որ իր նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է միայն հանրահավաքում ելույթ ունենալու հաջորդ օրը, հայցվորին, հետևաբար նաև վարչական գործը քննող դատարանին գործի լուծման պահին օբյեկտիվորեն հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին»:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտել է, որ «թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին, սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բոլոր պայմաններին»:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի և 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին»որոշումը վերանայելու, Դատարանի 01.08.2008 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և սույն գործը նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ` կապված ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերը նշված պատճառաբանությամբ նոր երևան եկած հանգամանքով վերանայելու շարժառիթների հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, (...):

Սույն գործի փաստերի համաձայն` Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետը և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 47-րդ հոդվածի 5-րդ մասերը: Նույն օրվա մեկ այլ` թիվ ՆՀ-29-Ա հրամանագրով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Հրամանագրի հրապարակման համար իրավական հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը:

Դիմելով դատարան` Գագիկ Ջհանգիրյանը խնդրել է անվավեր ճանաչել Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերը` ի թիվս այլնի, նշելով, որ խախտվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, չեն պահպանվել կարգապահական տույժ կիրառելու ընթացակարգերը, կարգապահական վարույթ հարուցելու մասին հայցվորը չի ծանուցվել, որի, ինչպես նաև վարույթին մասնակից չդարձվելու հետևանքով խախտվել են վարույթի ընթացքում արտահայտվելու և համապատասխան բացատրություն տալու իր իրավունքները, խախտման հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտություն չի կատարվել:

Դատարանը 01.08.2008 թվականի վճռով Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Նախագահի` Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել է, ի թիվս այլնի, այն հիմնավորմամբ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում կազմված թիվ 002-08 կարգապահական վարույթն իրականացվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգին լիակատար համապատասխան, մասնավորապես` 22.02.2008 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն ընդունել է որոշում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, նշված որոշումը կայացվել է կապված 22.02.2008 թվականին Երևանի Ազատության հրապարակում հայցվորի կողմից քաղաքական հայտարարություններ ու կոչեր անելու հետ, նշված որոշմամբ պահպանված են կարգապահական վարույթի հարուցման և տևողության ժամկետները: Իրականացված վարույթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 22.02.2008 թվականի որոշմամբ ստեղծված կարգապահական վարույթ իրականացնող հանձնախումբը նույնը օրը ներկայացրել է եզրակացություն, որով առաջարկվել է Հանրապետության գլխավոր դատախազին` Նախագահին ներկայացնել միջնորդություն` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված` «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու համար: Դատարանն արձանագրել է նաև, որ մի քանի անգամ հնարավոր բոլոր եղանակներով փորձ է կատարվել իրազեկել հայցվորին կարգապահական վարույթի և դրա վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու հայցվորի իրավունքների մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ Գագիկ Ջհանգիրյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն վճռաբեկ բողոքին կից Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` վերջինիս վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2009 թվականի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.05.2009 թվականի որոշումը բեկանվել են, որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գագիկ Ջհանգիրյանին ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը փաստել է նաև, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «դատաքննությամբ հաստատված է համարել այն, որ Գագիկ Ջհանգիրյանը 2008 թվականի փետրվարի 23-ին (...) ապօրինի հրազեն կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ վարչության բակ բերման ենթարկվելուց հետո, նույն վարչության շենքի բակում` չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներ Արման Հարությունյանի և Տիգրան Աղվանյանի օրինական պահանջներին` չի կատարել ավտոմեքենայից իջնելու վերջիններիս պահանջը, ավտոմեքենայից իջնելիս փորձել է ոտքերով հարվածել նրանց: (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նշել է նաև, որ դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ «Գ. Ջհանգիրյանը, հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, բերման ենթարկվելուց մեկ օր առաջ` 2008 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Դրան անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին (Վճռաբեկ դատարանի ընդգծում), և 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու զրկվել դասային աստիճանից»:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար որպես նոր երևան եկած հանգամանք է դիտել թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոհիշյալ հանգամանքը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բոլոր պայմաններին հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը սահմանում էր դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը: Այսպես` նշված հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում էր, որ կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կամ համապատասխան վերադաս դատախազի կողմից դատախազի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ (1-ին մաս), իսկ դատախազն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ (3-րդ մաս): Ընդ որում, կարգապահական վարույթի տևողությունը չէր կարող 3 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատախազի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող էր երկարաձգվել դատախազի բացակայության ժամանակահատվածով (5-րդ մաս):

Վերոգրյալ իրավանորմերից հետևում է, որ դատախազի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցվող կարգապահական վարույթն օրենսդրությամբ սահմանված հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է, որն օբյեկտիվորեն պահանջում է որոշակի ժամանակ: Տվյալ դեպքում Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար հիմք հանդիսացած արարքը կատարվել է 22.02.2008 թվականին, իսկ 23.02.2008 թվականին վերջինս իրավասու մարմնի կողմից բերման է ենթարկվել:

Սույն գործով կայացված վճռով Դատարանը Գագիկ Ջհանգիրյանի հայցի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ վերջինիս կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցված կարգապահական վարույթն իրականացվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգին լիակատար համապատասխան: Մինչդեռ վերը նշված փաստերի առկայության պայմաններում թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին Գագիկ Ջհանգիրյանի մասնակցելուն և ելույթով հանդես գալուն «անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին», էական նշանակություն ունի սույն գործով Գագիկ Ջհանգիրյանի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցված կարգապահական վարույթն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացված լինելու տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ թեև Գագիկ Ջհանգիրյանը սույն վարչական գործի քննության ընթացքում վկայակոչել է իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն էական ընթացակարգային խախտումներով իրականացված լինելու հանգամանքը, սակայն ելնելով նրանից, որ իր նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է միայն հանրահավաքում ելույթ ունենալու հաջորդ օրը, հայցվորին, հետևաբար նաև վարչական գործը քննող դատարանին գործի լուծման պահին օբյեկտիվորեն հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս գտնում եմ, որ թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին, սույն գործով նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պայմաններին հետևյալ պատճառաբանությամբ.

1) Արդյո՞ք սույն գործի լուծման համար էական նշանակություն կարող էր ունենալ այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին անմիջապես հաջորդել է նրան բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն:

Վճռաբեկ դատարանը վերոհիշյալ հանգամանքի` սույն գործի լուծման համար էական նշանակություն ունենալը հիմնավորել է նրանով, որ այդ հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործով Գագիկ Ջհանգիրյանի կողմից կատարված կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցված կարգապահական վարույթն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացված լինելու տեսանկյունից:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` եթե Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ Նախագահին դիմումներ են ներկայացվել անմիջապես այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանն իրեն բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին մասնակցել և ելույթով հանդես է եկել Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին, ապա այդ հանգամանքի հաշվառմամբ հնարավոր է գալ այնպիսի եզրահանգման, որ Գագիկ Ջհանգիրյանի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցված կարգապահական վարույթը չի իրականացվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Այլ կերպ ասած` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ դատախազի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցվող կարգապահական վարույթն օրենսդրությամբ սահմանված հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է, որն օբյեկտիվորեն պահանջում է որոշակի ժամանակ, գտել է, որ Գագիկ Ջհանգիրյանի կողմից` իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար հիմք հանդիսացած արարքը 22.02.2008 թվականին կատարելու, այնուհետև իրավասու մարմնի կողմից վերջինիս 23.02.2008 թվականին բերման ենթարկելու և նույն օրվա հրամանագրերով Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու և վերջինիս արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու պայմաններում հնարավոր է, որ վերջինիս կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ հարուցված կարգապահական վարույթն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան չի իրականացվել, մասնավորապես` հնարավոր է չեն պահպանվել համապատասխան ժամկետները և չի ապահովվել դատախազի` իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ բացատրություն տալու իրավունքը:

Նախևառաջ, հարկ եմ համարում արձանագրել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կամ համապատասխան վերադաս դատախազի կողմից դատախազի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ:

Սույն գործով Դատարանը 01.08.2008 թվականի վճռով արձանագրել է, որ 22.02.2008 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն ընդունել է որոշում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, ընդ որում` նշված որոշման կայացման հիմք է հանդիսացել 22.02.2008 թվականին Երևանի Ազատության հրապարակում Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից քաղաքական հայտարարություններ ու կոչեր անելը:

Վերոգրյալի հաշվառմամբ հարկ եմ համարում արձանագրել, որ սույն գործով հաստատվել են ինչպես Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու, այնպես էլ վերջինիս կողմից` կարգապահական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած` կարգապահական խախտում որակված արարք կատարված լինելու հանգամանքները, իսկ Գագիկ Ջհանգիրյանի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքում չի վկայակոչվել այնպիսի հանգամանք, որի հաշվառմամբ հնարավոր կլիներ կասկածի տակ առնել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելը կամ 22.02.2008 թվականին Երևանի Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանի կողմից քաղաքական հայտարարություններ ու կոչեր անելը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատախազն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:

Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ մի քանի անգամ հնարավոր բոլոր եղանակներով փորձ է կատարվել Գագիկ Ջհանգիրյանին իրազեկելու կարգապահական վարույթի և դրա վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու վերջինիս իրավունքների մասին: Այսինքն` Դատարանը Գագիկ Ջհանգիրյանի` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ բացատրություն տալու իրավունքից զրկված լինելը` որպես Նախագահի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերի անվավերության հիմք հանդիսացող հանգամանք, հաստատված չի համարել, իսկ Գագիկ Ջհանգիրյանի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքում չի վկայակոչվել այնպիսի հանգամանք, որի հաշվառմամբ հնարավոր կլիներ գալ այնպիսի եզրահանգման, որ հնարավոր է խախտվել է Գագիկ Ջհանգիրյանի` բացատրություն տալու իրավունքը: Իսկ ինչ վերաբերում է նոր երևան եկած հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքում վկայակոչված այն հանգամանքին, որ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին անմիջապես հաջորդել է նրան բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն, ապա գտնում եմ, որ բացատրություն տալու իրավունքից զրկված լինելը չի կարող կախվածության մեջ լինել կարգապահական վարույթի տևողությունից, քանի որ նման իրավունքի երաշխավորումը գնահատելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն այն հարցերի պատասխանները, թե արդյոք դատախազը տեղեկացված է եղել բացատրություն տալու իր իրավունքի մասին, և արդյոք այդ իրավունքից օգտվելու կամահայտնություն է դրսևորել, թե ոչ, իսկ ինչ վերաբերում է կարգապահական վարույթի տևողությանը, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, որ նույնիսկ առավելագույն ժամկետներում իրականացված կարգապահական վարույթի ընթացքում չապահովվի բացատրություն տալու իրավունքը, ուստի կարգապահական վարույթի տևողությունը չի կարող էական նշանակություն ունենալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը պահպանված լինել-չլինելը գնահատելու համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան 12 ամիս այն կատարելու օրվանից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` կարգապահական վարույթի տևողությունը չի կարող 3 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատախազի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատախազի բացակայության ժամանակահատվածով:

Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված են ինչպես կարգապահական խախտում հայտնաբերելուց հետո կարգապահական վարույթ հարուցելու, այնպես էլ կարգապահական վարույթի տևողության առավելագույն ժամկետները, իսկ կարգապահական խախտում հայտնաբերելուց հետո կարգապահական վարույթ հարուցելու կամ կարգապահական վարույթի տևողության նվազագույն ժամկետներ օրենքով նախատեսված չեն, ուստի գտնում եմ, որ սույն գործով հենց կարգապահական խախտում կատարելու օրը այդ խախտումը բացահայտելը և կարգապահական վարույթ հարուցելը, ինչպես նաև հաջորդ օրը կարգապահական տույժ նշանակելը իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված` դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի խախտում չեն կարող համարվել:

Վերոգրյալի հիման վրա արձանագրում եմ, որ թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չի հանդիսանում նոր երևան եկած հանգամանք, քանի որ այդ հանգամանքը սույն գործի լուծման համար չի կարող ունենալ էական նշանակություն:

2) Այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին անմիջապես հաջորդել է նրան բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն, արդյո՞ք հայտնի չէր եղել և չէր կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «թեև Գագիկ Ջհանգիրյանը սույն վարչական գործի քննության ընթացքում վկայակոչել է իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն էական ընթացակարգային խախտումներով իրականացված լինելու հանգամանքը, սակայն ելնելով նրանից, որ իր նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է միայն հանրահավաքում ելույթ ունենալու հաջորդ օրը, հայցվորին, հետևաբար նաև վարչական գործը քննող դատարանին գործի լուծման պահին օբյեկտիվորեն հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին»:

Մինչդեռ գտնում եմ, որ սույն գործով ինչպես Դատարանին, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանին չէր կարող հայտնի չլինել ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունում կազմված թիվ 002-08 կարգապահական վարույթի հարուցման առիթը, այն է` 22.02.2008 թվականին Երևանի Ազատության հրապարակում հայցվորի կողմից քաղաքական հայտարարություններ ու կոչեր անելը, այնպես էլ վիճարկվող ակտերի` Նախագահի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերի ամսաթիվը` 23.02.2008 թվականը: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ Նախագահին դիմումներ ներկայացնելու ժամանակին, ապա ակնհայտ է, որ այն պետք է ժամանակագրական առումով նախորդեր Նախագահի թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերի կայացմանը և հաջորդեր կարգապահական վարույթի հարուցման առիթ հանդիսացած իրադարձությանը` 22.02.2008 թվականին Երևանի Ազատության հրապարակում հայցվորի կողմից քաղաքական հայտարարություններ ու կոչեր անելուն: ՈՒստի, եթե Դատարանին և Գագիկ Ջհանգիրյանին հայտնի են եղել ինչպես կարգապահական խախտում որակված արարքի կատարման ամսաթիվը, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ Նախագահի թիվ ՆՀ-28-Ա և Գագիկ Ջհանգիրյանին արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու վերաբերյալ Նախագահի թիվ ՆՀ-29-Ա հրամանագրերի կայացման ամսաթվերը, ապա ակնհայտ է, որ Դատարանին և Գագիկ Ջհանգիրյանին հայտնի է եղել նաև թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին:

Վերոգրյալի հիման վրա արձանագրում եմ, որ թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելուց մեկ օր առաջ` 22.02.2008 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուն և ելույթով հանդես գալուն անմիջապես հաջորդել է նրան պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմումների ներկայացումը Նախագահին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չի հանդիսանում նոր երևան եկած հանգամանք, քանի որ, բացի նրանից, որ այդ հանգամանքը սույն գործի լուծման համար չի կարող ունենալ էական նշանակություն, գտնում եմ, որ այդ հանգամանքը հայտնի է եղել և չէր կարող հայտնի չլինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի և 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու, Դատարանի 01.08.2008 թվականի վճիռը բեկանելու և սույն գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Դատավոր`  ԷԴ. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.08.2020
N ՎԴ/3071/05/08
Որոշում