ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 հոկտեմբերի 2020 թվականի N 3691-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.11-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերապրոֆիլավորել և սույն կազմակերպությունում կազմակերպել միայն նոր կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը, բացառությամբ գինեկոլոգիական, ծննդօգնության և հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության (emergency) ծառայությունների:
2. «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Հայկ Համբարձումյանին`
1) 2020 թվականի հոկտեմբերի 20-ից դադարեցնել Կազմակերպության կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները բացառությամբ գինեկոլոգիական, ծննդօգնության և հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության (emergency) ծառայությունների,
2) հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել` հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ,
3) Եռօրյա ժամկետում առողջապահության նախարարություն ներկայացնել Կազմակերպության հաստիքացուցակը և կառուցվածքը` վերապրոֆիլավորված գործառույթներին համապատասխան,
4) սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ,
5) սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը:
3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը` նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
4. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը` փոխհատուցման համար հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացված բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
6. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի հոկտեմբերի 20-ից ծագած հարաբերությունների վրա:
7. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան` հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
8. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ