Սեղմել Esc փակելու համար:
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տ. Ստեփանյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 11-ի N 938-Ա որոշմամբ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունում (այսուհետ` Արձանագրություն) ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 19-ին:

Գործի քննության առիթը Կառավարության` 2020 թվականի հունիսի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է: Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը պարզեց.

 

i

1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու-Յորքում, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2010 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին:

i

2. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների (կից առարկությամբ) Սահմանադրությանը համապատասխանությունը Սահմանադրական դատարանը հաստատել էր 2009 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-846 որոշմամբ:

3. Սույն գործով քննության առարկա Արձանագրությունն ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի հետ համատեղ` 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու-Յորքում: Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությունը ստորագրել է 2007 թվականի մարտի 30-ին:

4. Արձանագրությամբ սահմանվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) ճանաչել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը` ստանալ և քննարկել իր իրավասության շրջանակում գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից` Հայաստանի Հանրապետության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտման զոհ լինելու մասին ներկայացվող հաղորդումները (հոդված 1, կետ 1),

բ) Արձանագրության 2-րդ հոդվածի դրույթների համաձայն` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի իրեն գաղտնի ներկայացված ցանկացած հաղորդմանը վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ պաշտոնական հայտարարություններ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե` պարզաբանելով հարցը և իրավական պաշտպանության այն միջոցը, եթե այդպիսին առկա է, որը կարող էր ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության կողմից (հոդված 3):

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունները, լինելով հաշմանդամություն ունեցող անձանց` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված իրավունքները և հիմնական ազատություններն իրացնելուն ուղղված պաշտպանության մեխանիզմներ, լիովին համահունչ են Սահմանադրությանը:

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

27 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1556

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում` 29 հոկտոմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.10.2020
N ՍԴՈ-1556
Որոշում