ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
30 հոկտեմբերի 2020 թվականի N 3822-Ա
ԱՐՑԱԽԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով, Արցախից ժամանած քաղաքացիների շրջանում կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման և կայուն համաճարակային իրավիճակի ապահովման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանին, գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին` սահմանված կարգով ապահովել Արցախից ժամանած քաղաքացիների կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը և անհրաժեշտ պատվաստանյութերի տրամադրումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:
2. Երևանի քաղաքապետարանի առողջապահության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետերին և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին` Արցախից ժամանած քաղաքացիների կանխարգելիչ պատվաստումների իրականացումը կազմակերպել հետևյալ սկզբունքով`
1) Փաստագրված պատվաստումների առկայության դեպքում կանխարգելիչ պատվաստումները շարունակել համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի,
2) Անհայտ պատվաստումային կարգավիճակի դեպքում կանխարգելիչ պատվաստումները կատարել հետևյալ սկզբունքով.
ա. Մինչև 1 տարեկան երեխաներին կատարել 1 դեղաչափ վեցավալենտ համակցված, 1 դեղաչափ` պնևմակոկային վարակի դեմ պատվաստում,
բ. 1 տարեկանից 2 տարեկան երեխաներին` 1 դեղաչափ ԿԿԽ համակցված պատվաստում,
գ. 6 տարեկաններին` 1 դեղաչափ ԿԿԽ համակցված, 1 դեղաչափ ԱԴՓ-Մ, 1 դեղաչափ ԻՊՊ պատվաստում,
դ. 15-16 տարեկաններին` 1 դեղաչափ ԱԴՓ-Մ պատվաստում,
ե. Նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումները կատարվում են համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի,
զ. Ռիսկի խմբերի (հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, փակ կոլեկտիվներում գտնվող անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք) անձանց` սեզոնային գրիպի դեմ պատվաստում,
3) Տրամադրել քաղվածք (տեղեկանք)` կատարված պատվաստումների վերաբերյալ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ