Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 190-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 190-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵԿԴ/0161/01/15

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0161/01/15

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

    Դատավորներ`        Մ. Պետրոսյան

                       Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   մասնակցությամբ դատախազներ` Դ. Մելքոնյանի

                                              Հ. Ենոքյանի

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Հովհաննես Էդիկի Գևորգյանի և Հրաչյա Օնիկի Չանախչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 83188113 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել նույն մարմնի քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Հրաչյա Չանախչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2014 թվականի հունիսի 20-ին մեղադրյալ Հ.Չանախչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.1 2014 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58209014 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Հովհաննես Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հուլիսի 7-ի որոշումներով Հ.Չանախչյանի և Հ.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

1.2 2014 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ թիվ 83188113 քրեական գործը միացվել է 58209014 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 58209014 համարի ներքո:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի մայիսի 25-ի որոշումներով առաջադրված մեղադրանքները փոփոխվել են և նոր մեղադրանք է առաջադրվել Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2015 թվականի հունիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գևորգյանը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել: Նույն դատավճռով Հ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Հ.Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` 349.062.120 ՀՀ դրամից ոչ ավել գույքի բռնագրավմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով:

Նույն դատավճռով Հ.Չանախչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել: Հ.Չանախչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը բավարարել են, և որոշվել է ամբաստանյալ Հ.Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 349.062.120 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, ամբաստանյալներ Հ.Գևորգյանից և Հ.Չանախչյանից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, համապարտության կարգով բռնագանձել 233.000.926 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել անփոփոխ: Ամբաստանյալներ Հ.Գևորգյանի և Հ.Չանախչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Հովհաննես Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, հանդիսանալով «Մշո-Լայֆ» ՍՊԸ հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում փաստացի ղեկավարելով այդ ընկերության գործունեությունը, 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` 2012-2014թթ. ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ հարկերը վճարելուց:

Բացի դրանից, Հովհաննես Գևորգյանը «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ի ծավալած գործունեության արդյունքում առաջացող պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, կազմակերպել է իր ծանոթ` Հրաչյա Օնիկի Չանախչյանի կողմից առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպության ստեղծումը և այդ կազմակերպության անունից առանց ապրանքների մատակարարման «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ին կեղծ փաստաթղթերի տրամադրումը:

Հովհաննես Գևորգյանի հանցակցությամբ 2013 թվականի ապրիլի 16-ին Հրաչյա Չանախչյանը հիմնադրել է «Չանախչյան» ՍՊ ընկերությունը, և էլեկտրոնային հարկային հաշիվներ ձևակերպելու համար անհրաժեշտ, հարկային մարմնի կողմից իրեն հատկացված «Այ-Դի» կարդացող սարքը տվել է Հովհաննես Գևորգյանին, ով կազմակերպել է չպարզված անձի օժանդակությամբ տեխնիկական այդ սարքի գործադրմամբ, 2013-2014 թթ. ընթացքում «Չանախչյան» ՍՊԸ-ի անունից «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ին, ԱԱՀ-ն ներառյալ, 1.220.198.124 ՀՀ դրամ արժողության ապրանքներ իրացնելու վերաբերյալ 129 կեղծ էլեկտրոնային հաշիվներ դուրս գրելը: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա Հովհաննես Գևորգյանը «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության 2013 թվականի շահութահարկի և 2013-2014թթ. ԱԱՀ-ի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 233.000.926 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ վերջինի հանցակցությամբ իրականացված կեղծ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է նույնքան գումարի չափով գույքային վնաս:

Հանցավոր գործունեության իրականացման ընթացքում ստացված գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու նպատակով 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև 2014 թվականի հունիսի 03-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղում բացված «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ի բանկային հաշվից, նույն մասնաճյուղում սպասարկվող «Չանախչյան» ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին, ապրանքներ ձեռք բերելու պատրվակով, մաս-մաս փոխանցվել է 1.423.011.587 ՀՀ դրամ, այդ թվում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու և կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով հիշյալ գույքը` 582.063.046 ՀՀ դրամը: Նշված գումարը, փոխանցումներ կատարելու կամ դրան հաջորդող օրերին «Չանախչյան» ՍՊԸ-ի գործունեության համար անհրաժեշտ ծախսեր կատարելու կեղծ հիմնավորմամբ, Հրաչյա Չանախչյանի կողմից կանխիկացվել և առձեռն տրվել է Հովհաննես Գևորգյանին»(1):

_______________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 79-83:

 

6. Նախաքննության մարմնի կողմից Հրաչյա Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա ծանոթի` Հովհաննես Էդիկի Գևորգյանի կազմակերպմամբ, կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով իր կողմից ստեղծված առևտրային կազմակերպության անունից առանց ապրանքների մատակարարման տրամադրել է կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս, և օժանդակել է Հ.Գևորգյանին օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Այսպես.

Հովհաննես Գևորգյանը, հանդիսանալով «Մշո-Լայֆ» ՍՊԸ հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում փաստացի ղեկավարելով այդ ընկերության գործունեությունը, 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` 2012-2014թթ. ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ, հարկերը վճարելուց:

Բացի այդ, Հովհաննես Գևորգյանը «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ի ծավալած գործունեության արդյունքում առաջացող պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, կազմակերպել է իր ծանոթ` Հրաչյա Օնիկի Չանախչյանի կողմից առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպության ստեղծումը և այդ կազմակերպության անունից առանց ապրանքների մատակարարման «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ին կեղծ փաստաթղթերի տրամադրումը:

Հովհաննես Գևորգյանի հանցակցությամբ, 2013 թվականի ապրիլի 16-ին, Հրաչյա Չանախչյանը հիմնադրել է «Չանախչյան» ՍՊ ընկերությունը և էլեկտրոնային հարկային հաշիվներ ձևակերպելու համար անհրաժեշտ, հարկային մարմնի կողմից իրեն հատկացված «Այ-Դի» կարդացող սարքը տվել է Հովհաննես Գևորգյանին, ով կազմակերպել է չպարզված անձի օժանդակությամբ տեխնիկական այդ սարքի գործադրմամբ, 2013-2014 թթ. ընթացքում «Չանախչյան» ՍՊԸ-ի անունից «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ին, ԱԱՀ-ն ներառյալ, 1.220.198.124 ՀՀ դրամ արժողության ապրանքներ իրացնելու վերաբերյալ 129 կեղծ էլեկտրոնային հաշիվներ դուրս գրելը: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա Հովհաննես Գևորգյանը «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության 2013 թվականի շահութահարկի և 2013-2014թթ. ԱԱՀ-ի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 233.000.926 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ վերջինի հանցակցությամբ իրականացված կեղծ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է նույնքան գումարի չափով գույքային վնաս:

Հանցավոր գործունեության իրականացման ընթացքում ստացված գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու նպատակով 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև 2014 թվականի հունիսի 03-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղում բացված «Մշո-Լայֆ» ՍՊԸ-ի բանկային հաշվից, նույն մասնաճյուղում սպասարկվող «Չանախչյան» ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին, ապրանքներ ձեռք բերելու պատրվակով, մաս-մաս փոխանցվել է 1.423.011.587 ՀՀ դրամ, այդ թվում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու և կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով հիշյալ գույքը` 582.063.046 ՀՀ դրամը: Նշված գումարը, փոխանցումներ կատարելու կամ դրան հաջորդող օրերին «Չանախչյան» ՍՊԸ-ի գործունեության համար անհրաժեշտ ծախսեր կատարելու կեղծ հիմնավորմամբ, Հրաչյա Չանախչյանի կողմից կանխիկացվել և առձեռն տրվել է Հովհաննես Գևորգյանին»(2):

_______________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 86-90:

 

7. Ամբաստանյալ Հրաչյա Չանախչյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ կատարել է անապրանք գործարքներ` «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության տնօրեն Հ.Գևորգյանի հետ, ում առաջարկով 2013 թվականի ապրիլի 16-ին հիմնադրել է «Չանախչյան» ՍՊ ընկերությունը: «Չանախչյան» և «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությունների միջև ինքն ու Հովհաննեսը կնքել են պայմանագիր, թե իբր իր ընկերությունը նրա ընկերությանը մատակարարելու է ապրանքներ: Նշված ժամանակվանից մինչև 2014 թվականի մայիսը, բազմաթիվ դեպքերով, Հ.Գևորգյանն իր ընկերության հաշվին է փոխանցել տարբեր չափերի գումարներ, որպես փոխանցման հիմք նշելով, թե իբր «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությունն իր ընկերությունից ձեռք է բերել ապրանքներ: Փոխանցված գումարները եղել են տարբեր չափերի` 30 միլիոն, 50 միլիոն, 70 միլիոն դրամ կամ ավելի քիչ չափով: Այդ գումարները, իր ընկերության հաշվին նստելու օրերին կամ էլ դրանց հաջորդող օրերին, կանխիկացրել է, ու Հովհաննեսի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, առձեռն տվել է վերջինիս: Գործը սկսելուց, Հովհաննեսն ասել է, որ իր գործողությունների համար իրեն գումար է տալու, սակայն ստույգ չափ կամ տոկոսավճար տալու շուրջ պայմանավորվածություն չի եղել, և յուրաքանչյուր դեպքում Հովհաննեսն իրեն տվել է տարբեր գումարներ` 100.000-200.000 դրամի չափով: «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությունից իր ընկերության հաշվին փոխանցվել է մոտ մեկ միլիարդ դրամ, որն էլ ինքը կանխիկ ստացել է իր ընկերության հաշվեհամարից: Իր ստացած գումարները տվել է Հ.Գևորգյանին(3):

_______________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 126-128:

 

7.1 Վկա Ռազմիկ Գևորգյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է հոր` Հ.Գևորգյանի կողմից: 2013 թվականի նոյեմբերի 11-ից դադարել է զբաղեցնել «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, բայց հոր խնդրանքով շարունակել է գնալ բանկ և կատարել ընկերության բանկային հաշվին գումարների համալրումներ, կանխիկացումներ, բազմաթիվ անգամ ընկերության հաշվեհամարներից գումարներ է փոխանցել այլ ընկերության հաշվեհամարներին, այդ թվում նաև «Չանախչյան» ՍՊ ընկերության հաշվեհամարին` որպես գումարների փոխանցման նպատակ նշելով ապրանքների մատակարարման դիմաց վճարումներ կատարելը: Գումարները, որոնք մուտքագրել է հոր ընկերության հաշվեհամարին, հայրը իրեն տվել է իրենց տանը, որպեսզի տանի Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող «Հայբիզնեսբանկ», և դրանք մուտքագրի ընկերության հաշվեհամարին` որպես հիմք նշելով «հաշվի համալրում»-ը: Նաև հոր ասելով գնացել է բանկ և թղթերի վրա նշված ընկերությունների տվյալների համաձայն, ընկերությունների հաշվեհամարներին փոխանցել է գումարներ: Կանխիկացված գումարները տվել է հորը(4):

_______________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 163, հատոր 9, թերթեր 237-239:

 

7.2 Վկա Գևորգ Միլիտոնյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի նոյեմբերի վերջին, հորեղբոր որդին` Հովհաննես Գևորգյանը, ասելով, որ ունի հիմնադրված «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերություն, խնդրել է ձևակերպվել որպես այդ ընկերության տնօրեն և օգնելով մի շարք հարցերում` գնալ բանկ, կատարել գումարային գործարքներ: Հովհաննեսն իրեն սովորեցրել է, թե բանկում «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության հաշվից ինչպես կանխիկացնի գումարներ և այլ ընկերությունների հաշվեհամարներին կատարի բանկային փոխանցումներ: Որպես այդ ընկերության տնօրեն, ինքն այլ գործողություններ չի կատարել(5):

_______________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 112-114:

 

7.3 Վկա Աշոտ Բարսեղյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ Հովհաննես Գևորգյանն իր ծանոթն է, նրան ճանաչում է 2011 թվականից: 2013 թվականի մարտի 1-ից ինքը դարձել է «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության տնօրենը: Մեկ ամսվա ընթացքում, ինքը Հովհաննեսի խնդրանքով գնացել է բանկ, ստորագրել է գումարներ կանխիկացնելու չեկեր, ու կանխիկացված գումարներն ամբողջությամբ տվել է նրան: Պայմանագրերի կնքմանը չի մասնակցել, հարկային հաշիվներ չի ձևակերպել ու չի ստորագրել: Բանկային չեկերը Հովհաննեսը բերել է բանկ, լրացված վիճակում, և ինքը ստորագրել է դրանք: Թե ինչ նպատակով են գումարները կանխիկացվել ու հետո ինչպես և ում կողմից են տնօրինվել, չգիտի:

7.4 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկից առգրավվել են «Մշո-Լայֆ» ՍՊ և «Չանախչյան» ՍՊ ընկերությունների հաշիվների քաղվածքները, որոնց համաձայն` 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև 2014 թվականի հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությունը «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում բացված ՀՀ դրամի 12866460100 բանկային հաշվից «Չանախչյան» ՍՊ ընկերության` նույն բանկում բացված ՀՀ դրամի 11500197985100 բանկային հաշվին փոխանցել է ընդհանուր 1.423.011.587 ՀՀ դրամ, որը Հ.Չանախչյանի կողմից տարբեր դեպքերով կանխիկացվել է(6):

_______________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 52, հատոր 4, թերթեր 118-192, հատոր 13, թերթեր 70-77:

 

7.5 Դատահաշվապահական և տնտեսագիտական փորձաքննության 2015 թվականի փետրվարի 26-ի` թիվ 14-3593 և 2015 թվականի մարտի 19-ի` թիվ 15-0499 եզրակացությունների համաձայն` «Չանախչյան» ՍՊ ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման ԱԱՀ-ի հետ հաշվարկված 1.220.198.124 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությանն իբր իրացնելու վերաբերյալ թվով 129 կեղծ հարկային հաշիվներ կազմելու, դրանք հարկային մարմնին ներկայացնելու և «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության կողմից դրանց վերաբերյալ հարկային հաշվետվություններ ներկայացնելու հետևանքով «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությանը վերաբերող մասով պետությանը պատճառած վնասի չափը կազմում է` 233.000.926 դրամ:

2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում 2012-2014 թվականների ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառվել են ակնհայտ խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ հարկերը վճարելուց(7):

_______________________

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 45-89, հատոր 9, թերթեր 250-287:

 

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Մեղադրանքի հիմքում նախաքննական մարմնի կողմից դրված (...) ապացույցները որևէ կերպ չեն հիմնավորում և ապացուցում, որ ամբաստանյալ Հովհաննես Էդիկի Գևորգյանը օրինականացրել է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, այսինքն հանցավոր ճանապարհով ստացված գույքը փոխարկել է կամ փոխանցել է` նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը:

Դատարանի վերոգրյալ եզրահանգումը բխում է հետևյալից.

Ամբաստանյալ Հ.Գևորգյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ ինչպես նախաքննության ընթացքում այնպես էլ դատաքննության ընթացքում` մեղադրող ցուցմունքներ չեն տրվել, ինչպես նաև քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց չի հիմնավորում Հ.Գևորգյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ:

Բացի այդ նախաքննության ընթացքում Հովհաննես Էդիկի Գևորգյանը իրեն առաջադրված մեղադրանքի վեաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում չի ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատարանն անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հովհաննես Էդիկի Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված (...) ապացույցներին արձանագրում է, որ (...) նշված ապացույցներով հաստատվում է միայն այն, որ Հովհաննես Էդիկի Գևորգյանը հանդիսանալով Մշո-Լայֆ ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում փաստացի ղեկավարելով այդ ընկերության գործունեությունը, 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` 2012-2014թ.թ. ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ հարկերը վճարելուց: Ինչպես նաև Դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Գևորգյանն ընդունել է այն փաստը, որ ինքը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց, այսինքն ընդունել է իրեն վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հովհաննես Էդիկի Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: Այլ խոսքով` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար չէ Հովհաննես Էդիկի Գևորգյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: (...)

Ստուգելով ամբաստանյալ Հրաչյա Օնիկի Չանախչյանի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահատելով դրանց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով` դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Հրաչյա Օնիկի Չանախչյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքի կատարման մեջ և այդ մեղադրանքի մասով նա ենթակա է արդարացման` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: (...)

Ամբաստանյալ Հ.Չանախչյանը մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ ինչպես նախաքննության ընթացքում այնպես էլ դատաքննության ընթացքում մեղադրող ցուցմունքներ չեն տվել, ինչպես նաև քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց չի հիմնավորում Հ.Չանախչյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ:

Բացի այդ նախաքննության ընթացքում Հրաչյա Օնիկի Չանախչյանը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել և հայտնել է, որ չի ընդունում ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը նույնը հայտնել է դատաքննության ընթացքում:

Դատարանը անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հրաչյա Օնիկի Չանախչյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված (...) ապացույցներին արձանագրում է, որ (...) ապացույցներով հաստատվում է միայն այն, որ Հրաչյա Օնիկի Չանախչյանը ծանոթի Հովհաննես Էդիկի Գևորգյանի կազմակերպմամբ, կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով իր կողմից ստեղծված առևտրային կազմակերպության անունից առանց ապրանքների մատակարարման տրամադրել է կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հրաչյա Օնիկի Չանախչյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: Այլ խոսքով` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար չէ Հ.Չանախչյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: (...)»(8):

_______________________

8) Տե՛ս քրեական գործ, հատոր 23, թերթեր 68-145:

 

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված, նաև Վերաքննիչ դատարանի կողմից թույլատրելի ճանաչված ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալների` Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալներ Հովհաննես Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հրաչյա Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքները հաստատող ապացույցների բավարար ամբողջություն չի ստեղծվում (...):

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հովհաննես Գևորգյանի գործողությունները չեն կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հ.Չանախչյանինը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերաքննիչ դատարանը հանգում է նման հետևության հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Գևորգյանը հստակ գիտակցել է վերը նշված 582.063.046 ՀՀ դրամի գոյացման աղբյուրը, այն հանցավոր ճանապարհով ձեռքբերելը, սակայն որևէ տվյալ Հ.Գևորգյանի` այն օրինական շրջանառության մեջ ներգրավվելու նպատակի վերաբերյալ առկա չէ: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոնշյալ փաստական հանգամանքները չեն վկայում «լվանալուն» ուղղված դիտավորության առկայության մասին:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարվել են հենց 582.063.046 ՀՀ դրամի չափով հարկերից խուսափելու նպատակով և հստակ գիտակցելով դրանց ձեռքբերման եղանակը և աղբյուրը` ամբաստանյալ Հովհաննես Գևորգյանին չի կարող վերագրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարում: Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում նաև Հրաչյա Չանախչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը: (...)»(9):

_______________________

9) Տե՛ս քրեական գործ, հատոր 23, թերթեր 1-66:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերը նշել է, որ Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, չեն հետևել Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումներին` թույլ տալով գործի ելքի վրա ազդած դատական սխալ, ուստի` դատական ակտերն այդ մասով ենթակա են բեկանման:

Բողոքաբերն ընդգծել է, որ գործով ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ Հ.Գևորգյանի ծավալած հանցավոր գործունեության (այն է` կեղծ ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու) արդյունքում առաջացել են դրամական միջոցներ` 582.063.046 ՀՀ դրամի չափով, և նշված ապօրինի դրամական միջոցներն ընկերության ակտիվներում ներառելով, այլ միջոցների հետ միախառնելով և օրինական ձեռնարկատիրական գործունեության պատրանք ստեղծելով, դրանք փոխանցվել են հանցավոր նպատակով ստեղծված այլ առևտրային կազմակերպություն, որից հետո կանխիկացվել և վերադարձվել են փոխանցողին:

Բողոքաբերը շեշտել է, որ իրավաբանական անձի հաշվեկշռում հանցավոր ճանապարհով գոյացած դրամական միջոցներն արհեստական գործարքների արդյունքում օրինական կարգով կանխիկացվել են, դուրս բերվել կազմակերպությունների հաշվեկշիռներից և հանձնվել մասնավոր անձի: Բողոքաբերն ընդգծել է, որ նշված հանցավոր սխեման այլ կերպ, քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում հնարավոր չէ որակել: Բողոքի հեղինակը սույն գործի փաստական տվյալները համադրելով Արսեն Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշմամբ արտահայտած դիրքորոշումների հետ` փաստել է, որ Հ.Գևորգյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հ.Չանախչյանի գործողությունները` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը մասնակի` Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու մասով բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ամբաստանյալ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով ստորադաս դատարաններն արդյո՞ք պատշաճ իրավական գնահատականի են արժանացրել գործում առկա փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(...) Սույն օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածների իմաստով գույք են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն` «1.Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`

(...)

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

(...)

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում»:

15. Փողերի լվացման հանցակազմի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արսեն Սարգսյանի վերաբերյալ գործով որոշմամբ` արձանագրելով` «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը դասվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, ուստի նշված քրեաիրավական արգելքի հիմնական նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների կամ այլ գույքի չվերահսկվող շրջանառությունից պաշտպանել պետության տնտեսական համակարգը, ինչպես նաև պայքարել ոչ օրինաչափ եղանակով դրամական միջոցների (գույքի) ձեռքբերմանն ու դրանց օրինական (լեգալ) տեսք հաղորդելուն ուղղված հանցագործությունների դեմ:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման տեսակային օբյեկտն է բնականոն տնտեսական գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների համակցությունը: Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտն է օրինական գույքային և դրամավարկային շրջանառության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Քննարկվող հանցագործության լրացուցիչ օբյեկտները բազմատեսակ են: Այդպիսիք կարող են լինել հասարակական անվտանգության շահերը (եթե հանցավոր եկամուտների օրինականացումը կապված է կազմակերպված հանցավոր խմբավորումների գործունեության հետ), բնակչության առողջությունը (եթե հանցագործության առարկա են զենքը, թմրանյութերը և այլն), պետական ծառայության շահերի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները (եթե առկա է պաշտոնեական դիրքի օգտագործում) և այլն:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում հանցագործության առարկա կարող են լինել դրամական միջոցները, արժեթղթերը, ցանկացած գույք կամ գույքային իրավունք, որը ձեռք է բերվել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է գույքի ստացման եղանակը` հանցավոր ճանապարհով, այսինքն` քրեական օրենքով արգելված արարքի կատարման արդյունքում: Ընդ որում, հոդվածի 5-րդ մասը սպառիչ թվարկում է այն հանցագործությունները, որոնց կատարման արդյունքում ձեռք բերված գույքը կամ գույքային իրավունքը կարող է հանդիսանալ փողերի լվացման հանցակազմի առարկա:

Հետևաբար, արարքը կարող է որակվել որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված հանցագործություններից որևէ մեկի առկայության դեպքում: Ընդ որում, վերջինս պետք է ժամանակային առումով նախորդի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը, և դրա արդյունքում ձեռք բերված գույքը պետք է հանդիսանա նշված հանցակազմի առարկա: Նախորդող հանցագործության բացակայությունը բացառում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի գոյությունը, ուստի նմանատիպ գործերով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նախ պետք է հաստատված համարի նախորդող հանցագործության դեպքը, ինչպես նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ տվյալ դեպքում պարտադիր չէ նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, ինչպես նաև պարտադիր չէ, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող անձը որևէ առնչություն ունենա նախորդող հանցագործության հետ: Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս պետք է ապացուցվի, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով և որ անձը գիտակցել ու նախատեսել է դրա` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը:

(...)

Քննարկվող հանցակազմն ունի բարդ և այլընտրանքային օբյեկտիվ կողմ: Արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելու հիմքում ընկած է այն նախապայմանը, որ գույքի և գույքային իրավունքների հետ կապված գործողությունները կատարվում են` գիտակցելով դրանց` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը և հետապնդելով հատուկ նպատակ` թաքցնել կամ քողարկել գույքի (գույքային իրավունքի) հանցավոր ծագումը կամ օժանդակել հանցակցին խուսափելու իրավական հետևանքներից:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից հետևում է, որ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ գործողություններով.

ա) հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից,

բ) գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնել կամ խեղաթյուրել (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում),

գ) գույք ձեռք բերել կամ տիրապետել կամ օգտագործել կամ տնօրինել (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում):

Փողերի լվացման հանցակազմը ձևական է, այն ավարտված է համարվում վերը նշված գործողություններից որևէ մեկի կատարման պահից:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում լիարժեք հստակեցված չէ այս հանցագործության սուբյեկտիվ կողմի գլխավոր, էական հատկանիշը` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նկարագրված գործողությունների արդյունքում համապատասխան միջոցների ծագման իրական աղբյուրի քողարկման կամ խեղաթյուրման նպատակը:

Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի գործնական կիրառումը պետք է կառուցվի այն եզրահանգման վրա, որ քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշն իրենում պարունակում է հատուկ նպատակ` հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրները քողարկել, թաքցնել և այդ միջոցներն օրինական շրջանառության մեջ ներգրավել: Այդպիսի նպատակի բացակայությունը բացառում է այս հանցագործության հանցակազմի առկայությունը:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն իր կողմից օրինականացնելու փաստը և ցանկանում է դա:

Փողերի լվացման սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած, մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ է կատարում կամ տվյալ նյութական արժեքները օգտագործում է ձեռնարկատիրական կամ այլ տնտեսական գործունեության համար (ընդհանուր սուբյեկտ): Որպես նշված հանցակազմի հատուկ սուբյեկտ կարող է հանդես գալ միայն պաշտոնատար անձը (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)»(10):

_______________________

10) Տե՛ս Արսեն Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշումը:

 

16. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցագործությունը, ունենալով բարձր լատենտայնություն, կրում է անդրազգային (տրանսնացիոնալ) բնույթ, որի կանխումը և բացահայտումը շարունակում է համարվել պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկը` հանցավորության դեմ պայքարում: Այդ մասին նշված է` ՀՀ կառավարության` 2014 թվականի մարտի 22-ի որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում»(11), ինչպես նաև «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2019-2021թթ. ազգային ռազմավարությունում»(12):

_______________________

11) Տե՛ս ՀՀ կառավարության` 2014 թվականի մարտի 22-ի թիվ 422-Ն որոշմամբ հաստատված` «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», կետ 665, ենթակետ 4:

12) Հաստատվել է Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի` 2018 թվականի նոյեմբերի 30-ի` 34-րդ նիստում:

 

16.1 ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանցագործության կատարմամբ հանցավորն օրինական գործունեության շղարշի ներքո նպատակ է հետապնդում լեգիտիմացնել ստացված անօրինական գույքն ու եկամուտները, քողարկելու և թաքցնելու դրանց ծագման հանցավոր աղբյուրը, վերացնելու դրանց հանցավոր հետքերը: Այլ կերպ, այս հանցագործությունն արտահայտվում է անօրինական ճանապարհով ստացված «կեղտոտ» փողերի օրինականացմամբ, որով էական վնաս է պատճառվում պետության տնտեսությանը: Այսինքն` տվյալ հանցագործության կատարմամբ` փողերի լվացմանն ուղղված գործողություններ կատարելու, անօրինական գույքն ու եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում դրանց օրինական տեսք հաղորդելուն և քրեական պատասխանատվությունից ազատվելուն: Հետևաբար, անձի արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելիս` պետք է համակողմանի ուշադրության արժանացնել այն գործողությունների շղթան, անօրինական գույքի և եկամուտների քաղաքացիական շրջանառությունը` իր շրջափուլերով հանդերձ, որոնք ընդհանուր առմամբ կարող են վկայել հանցավորի` փողերի լվացմանն ուղղված դիտավորության առկայության մասին:

Այսպես, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների առկայությունը և փողերի լվացմանն ուղղված անձի դիտավորությունը որոշելիս` անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների պատշաճ իրավական գնահատմամբ պարզել ստացված անօրինական գույքի և եկամուտների ծագման աղբյուրը, նշված գույքն ու եկամուտներն օրինական շրջանառության մեջ ներդնելուն ուղղված գործողությունների ամբողջությունը, այդ նյութական միջոցների շարժընթացն ու շրջապտույտն օրինական քաղաքացիական շրջանառության մեջ, ձեռնարկված գործողությունների շղթան, որի վերջնաարդյունքում այդ գույքն ու եկամուտները ստացել են օրինական տեսք: Ընդ որում, վերջին դեպքում հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կոնկրետ ո՞ր օրինական քաղաքացիաիրավական գործարքի կատարման արդյունքում են օրինական տեսք ստացել ձեռքբերված նյութական միջոցները: Պայմանավորված տվյալ հանցագործության լատենտային բնույթով` հանցավոր գույքի ու եկամուտների օրինականացումը կարող է ունենալ բազմապիսի դրսևորում: Սակայն, բոլոր դեպքերում այն պետք է սերտորեն փոխկապակցված լինի ենթադրյալ հանցանքը կատարած անձի` «փողերի լվացման» դիտավորության հետ` հիմնավորելով վերջինիս առկայությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքում է հնարավոր հաստատապես որոշել անձի արարքում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների առկայությունը:

16.2 Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մասնակցել միջազգային այն կազմակերպությունների ու կառույցների աշխատանքներին, որոնք ներգրավված են «փողերի լվացման» ոլորտում միջազգային չափանիշների մշակման, պետությունների կողմից դրանց ներդրման ու իրականացման գործընթացում: Ավելին, նշված միջազգային մարմինների հանձնարարականների կատարման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը, հետամուտ լինելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարում միջազգային չափանիշներն ազգային օրենսդրության հետ ներդաշնակեցմանը և միատեսակ քաղաքականության ապահովմանը` փոփոխություններ է կատարել համապատասխան իրավակարգավորումներում:

Այսպես, 1989 թվականին Փարիզում հիմնադրված` «Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (այսուհետ` ՖԱԹՖ) հանձնարարությունների հիման վրա 2014 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-114 օրենքի ընդունմամբ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` նախորդող հանցակազմերի շրջանակի համար որդեգրվել է նոր` «բոլոր հանցագործություններ» մոտեցումը, որով այսուհետ նախորդող են համարվում բոլոր այն հանցագործությունները, որոնց կատարման արդյունքում առաջացել կամ ստացվել է հանցավոր եկամուտ(13):

_______________________

13) Տե՛ս օրենքի հիմնավորումները` www.parliament.am կայքում:

 

Այսինքն, այս առումով անհրաժեշտ է զարգացնել սույն որոշման 15-րդ կետում վկայակոչված` Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, փաստելով, որ եթե մինչև 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-114 օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասի խմբագրությամբ սահմանվում էր որոշակի հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնց արդյունքում պետք է ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լիներ գույքը, որպեսզի համարվեր փողերի լվացման առարկա, ապա նշված օրենքի ընդունումից հետո ցանկացած հանցագործության արդյունքում ստացված գույքը կարող է լինել փողերի լվացման առարկա: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ նույն օրենքի ընդունմամբ նաև հստակեցվել է փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի հասկացությունը, որոշակիացվել են այդ հասկացության մեջ նախկինում ներառվող «ցանկացած գույք» և «քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ» ձևակերպումները: Այսպես, այժմ գույք են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանն անմեղ ճանաչելով Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, իսկ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, նշել է, որ քրեական գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն հիմնավորում նրանց մեղավորությունը, բավարար չեն ամբաստանյալների անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու նրանց արարքները:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին` դատարանն արձանագրել է, որ նշված ապացույցներով հաստատվում է միայն, որ Հ.Գևորգյանը, հանդիսանալով «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում փաստացի ղեկավարելով այդ ընկերության գործունեությունը, 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` 2012-2014թ.թ. ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ հարկերը վճարելուց: Ինչպես նաև դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Հովհաննես Գևորգյանն ընդունել է այն փաստը, որ ինքը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց, այսինքն ընդունել է իրեն վերագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հ.Չանախչյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին` դատարանն արձանագրել է, որ այդ ապացույցներով հաստատվում է միայն այն, որ Հ.Չանախչյանը ծանոթի` Հ.Գևորգյանի կազմակերպմամբ, կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով, իր կողմից ստեղծված առևտրային կազմակերպության անունից, առանց ապրանքների մատակարարման, տրամադրել է կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս(14),

_______________________

14) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` նշել է, որ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալների, հանգում է հետևության, որ առաջադրված մեղադրանքները հաստատող ապացույցների բավարար ամբողջություն չի ստեղծվում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հ.Գևորգյանի գործողությունները չեն կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հ.Չանախչյանինը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քանի որ Հ.Գևորգյանը հստակ գիտակցել է վերը նշված 582.063.046 ՀՀ դրամի գոյացման աղբյուրը, այն հանցավոր ճանապարհով ձեռքբերելը, սակայն որևէ տվյալ Հ.Գևորգյանի` այդ գումարն օրինական շրջանառության մեջ ներգրավելու նպատակի վերաբերյալ առկա չէ: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նշված փաստական հանգամանքները չեն վկայում «լվանալուն» ուղղված դիտավորության առկայության մասին: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հ.Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարվել են հենց 582.063.046 ՀՀ դրամի չափով հարկերից խուսափելու նպատակով` հստակ գիտակցելով դրանց ձեռքբերման եղանակը և աղբյուրը, որպիսի պայմաններում ամբաստանյալ Հ.Գևորգյանին չի կարող վերագրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարում: Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարել նաև Հ.Չանախչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը(15):

_______________________

15) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 7-7.6-րդ կետերում վկայակոչված ապացույցների, 14-16.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ամբաստանյալ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով, իրավական վերլուծության չեն ենթարկել գործում առկա մի շարք առանցքային փաստական հանգամանքներ: Մասնավորապես, հաստատված համարելով 582.063.046 ՀՀ դրամ գումարը հանցավոր ճանապարհով ստացված լինելու հանգամանքը` ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, թե հանցավոր ճանապարհով ստացված գումարը շրջանառության մեջ դնելը և կատարված շրջապտույտի արդյունքում այն ձեռքբերելն արդյո՞ք ուղղված չի եղել գումարի իրական ծագումը քողարկելուն:

Այսպես, գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ սույն որոշման 7-7.6-րդ կետերում վկայակոչված ապացույցների, այդ թվում` Հ.Չանախչյանի նախաքննական ցուցմունքների, փորձագիտական եզրակացությունների, ՀՀ կենտրոնական բանկից առգրավված տվյալների համաձայն`

ա) «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության տնօրեն Հ.Գևորգյանի առաջարկով 2013 թվականի ապրիլի 16-ին Հ.Չանախչյանը հիմնադրել է «Չանախչյան» ՍՊ ընկերությունը: Այդ ընկերության և «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության միջև վերջիններս կնքել են պայմանագիր, թե իբր «Չանախչյան» ՍՊ ընկերությունը «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությանը մատակարարելու է ապրանքներ,

բ) կեղծ հարկային հաշիվներ կազմելու և օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունքում հանցավոր ճանապարհով ձևավորված գումարի չափը կազմել է 582.063.046 ՀՀ դրամ (233.000.926 և 349.062.120 ՀՀ դրամի չափով գումարների հանրագումարը),

գ) «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության տնօրեն և փաստացի ղեկավար Հ.Գևորգյանի կողմից կամ նրա նախաձեռնությամբ ընկերության բանկային հաշվից, ապրանքներ ձեռք բերելու պատրվակով, ընդհանուրը 1.423.011.587 ՀՀ դրամ գումար է փոխանցվել նույն մասնաճյուղում սպասարկվող «Չանախչյան» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին,

դ) գումարը փոխանցելու, կամ դրան հաջորդող օրերին «Չանախչյան» ՍՊ ընկերության գործունեության համար անհրաժեշտ ծախսեր կատարելու հիմնավորմամբ, Հ.Չանախչյանն այն մաս-մաս կանխիկացրել և առձեռն հանձնել է Հ.Գևորգյանին` այն դեպքում, երբ նշված ընկերությունը, ըստ գործի փաստական տվյալների, ձեռնարկատիրական գործունեություն չի ծավալել:

Մասնավորապես, վերը վկայակոչված փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է, որ հանցավոր ճանապարհով ձեռքբերված 582.063.046 ՀՀ դրամ գումարը, այլ գումարի հետ շրջանառության մեջ դնելու, ապրանքներ ձեռք բերելու պատրվակով իրականացված շրջապտույտի արդյունքում, «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերությունից փոխանցվել է «Չանախչյան» ՍՊ ընկերությանը: Այնուհետև, «օրինական» դրամական միջոցները մաս-մաս կանխիկացնելու արդյունքում, Հ.Չանախչյանի կողմից դրանք վերադարձվել են նույն «Մշո-Լայֆ» ՍՊ ընկերության տնօրեն և փաստացի ղեկավար Հ.Գևորգյանին:

Նման պայմաններում «փողերի լվացմանն» ուղղված դիտավորության բացակայության մասին ստորադաս դատարանների դատողությունները փաստարկված չեն` հաշվի առնելով, որ վերը նկարագրված գործընթացը պատշաճ վերլուծության չի ենթարկվել կայացված դատական ակտերում: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, այն ուներ առանցքային նշանակություն` ամբաստանյալների արարքներում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների առկայությունը որոշելիս:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «փողերի լվացմանն» ուղղված դիտավորության բացակայության մասին հետևություններ անելիս, ստորադաս դատարանները համակողմանի անդրադարձ չեն կատարել վերոնշյալ փաստական հանգամանքներին` իրենց դատական ակտերն առավելապես պատճառաբանելով ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշների առկայության մասին դատողություններով: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ձեռնարկատիրական գործունեություն իրականում չծավալող ընկերության հիմնադրմամբ, հանցավոր ճանապարհով 582.063.046 ՀՀ դրամ գումարի ձևավորմանը հաջորդող ամբաստանյալների գործողությունները վերը նշված հոդվածների քրեաիրավական որակումից դուրս են և պետք է արժանանան ինքնուրույն իրավական գնահատականի:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ամբաստանյալ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել գործում առկա փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ:

19. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, բողոքարկված դատական ակտերը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու հիմք է, որի պայմաններում միայն կարող է ապահովվել Հ.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հ.Չանախչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով գործում առկա ապացույցների գնահատման հարցերի ողջ ծավալով քննությունը:

20. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Հ.Գևորգյանի և Հ.Չանախչյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը մասնակիորեն` ամբաստանյալ Հովհաննես Էդիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ամբաստանյալ Հրաչյա Օնիկի Չանախչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Հովհաննես Գևորգյանի և Հրաչյա Չանախչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Միասնական կայքում հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.11.2019
N ԵԿԴ/0161/01/15
Որոշում