Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԴ/0030/01/08

ԼԴ/0279/01/09

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Արթուր Սերժիկի Պապիկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արթուր Սերժիկի Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

2. Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 3-ի դատավճռով Ա.Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 271-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` պատիժների մասնակի գումարման սկզբունքով, Ա.Պապիկյանը դատապարտվել է ազատազրկման` 13 (տասներեք) տարի ժամկետով և տուգանքի` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 2.690.000 (երկու միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամից: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի փետրվարի 5-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և պատիժ է սահմանվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 2.690.000 (երկու միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամից:

3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով Արթուր Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` նախորդ դատավճռով սահմանված պատժի չկրած մասից` 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը գումարվել է նշանակված պատժին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ վերոնշյալ դատավճռի դեմ դատապարտյալ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Վերոնշյալ որոշման դեմ Ա.Պապիկյանի պաշտպան Գ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 3-ի դատավճիռը համապատասխանեցվել է ՀՀ օրենսդրությանը, Ա.Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի մասը կարճվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով մեղսագրված արարքները վերաորակվել են համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, Ա.Պապիկյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի փետրվարի 5-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և պատիժ է սահմանվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով սահմանված պատժի չկրած մասից` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը և գույքի բռնագրավումը գումարվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով նշանակված պատժին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

5. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճռով Ա.Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ նշանակված 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկմանը` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից, գումարվել է նշված դատավճռով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 10 (տասը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 2010 թվականի ապրիլի 19-ից:

Վերոնշյալ դատավճիռը Ա.Պապիկյանի մասով չի բողոքարկվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

6. Դատապարտյալ Արթուր Պապիկյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

7. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով Արթուր Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 3-ի դատավճռի հիման վրա «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժը կրելիս` 2009 թվականի հուլիսի 2-ին փորձել է առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել խոշոր չափերի` 0.261 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց(1):

____________________

1) Տես քրեական գործ, հատոր 1, թերթեր 502-505:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արթուր Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա`մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(2):

_________________________

2) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»(3):

___________________

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(4):

______________________

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

(...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.2 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արթուր Պապիկյանը դատապարտվել է` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի` 0.261 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար(5):

_________________________

5) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատական ակտով հաստատված` արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.261 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուտի` դատապարտյալ Ա.Պապիկյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասին:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Պապիկյանի կողմից կատարված արարքի վրա:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արթուր Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը: Ա.Պապիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:

20. Ա.Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 20-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը պետք է բեկանել ու փոփոխել: Նշված որոշմամբ Ա.Պապիկյանի նկատմամբ նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկման` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, չկրած մասից ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկմանը անհրաժեշտ է գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը` վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

21. Միևնույն ժամանակ վերանայման արդյունքում անհրաժեշտ է Ա.Պապիկյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել: Ա.Պապիկյանի նկատմամբ նշանակված` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկմանը` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ անհրաժեշտ է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարին` վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Արթուր Սերժիկի Պապիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 20-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

Նույն որոշմամբ Արթուր Սերժիկի Պապիկյանի նկատմամբ նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկման` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, չկրած մասից ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիսը, գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը` վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

4. Արթուր Սերժիկի Պապիկյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 15-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Արթուր Սերժիկի Պապիկյանի նկատմամբ նշանակված` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկմանը` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարին` վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

Պատժի սկիզբը հաշվել 2010 թվականի ապրիլի 19-ից:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյանի

Դատավորներ` Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

Միասնական կայքում հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.11.2019
N ՍԴ/0030/01/08
Որոշում