Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ` ԺԱՄԿԵՏԱՆՑ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԱՐԱԴ/0008/06/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0008/06/19

Նախագահող դատավոր` Լ. Աբգարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2020 թվականի հոկտեմբերի 9-ին               ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Աշոտ Կամոյի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 24101319 քրեական գործը: Նշված գործի նյութերով նախաքննության մարմինը հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` թիվ 24101419, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` թիվ 24101519, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` թիվ 24101619 քրեական գործերը, որոնք միացվել են թիվ 24101319 քրեական գործին` նախաքննությունը շարունակելով 24101319 համարի ներքո:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 7-ի որոշումներով Աշոտ Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.1. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Աշոտ Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

1.2. 2019 թվականի օգոստոսի 9-ին Աշոտ Կիրակոսյանը հայտնաբերվել է և ձերբակալվել: 2019 թվականի օգոստոսի 10-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է: Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 4-ի, դեկտեմբերի 4-ի և 2020 թվականի փետրվարի 4-ի որոշումներով մեղադրյալ Ա.Կիրակոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` յուրաքանչյուր անգամ երկու ամիս ժամկետով:

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Կիրակոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` երկու ամիս ժամկետով: Պաշտպան Կ.Քալանթարյանի միջնորդությունը` կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, մերժվել է:

3. Վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի մայիսի 6-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մեղադրյալ Ա.Կիրակոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի ապրիլի 4-ով թվագրված որոշումը` դատական նիստի արձանագրության համաձայն, կայացվել է 2020 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած դատական նիստում և նույն օրն առձեռն, ստորագրությամբ հանձնվել է պաշտպան Կ.Քալանթարյանին(1):

________________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 123-127, 136:

 

6. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշումը մեղադրյալ Աշոտ Կամոյի Կիրակոսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը, այդ մասին ստորագրությամբ հավաստելով, ստացել է 2020 թվականի ապրիլի 3-ին: Այլ կերպ` բողոքարկվող որոշումը պաշտպանին փաստացի հասու է դարձել 2020 թվականի ապրիլի 3-ին, հետևաբար դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2020 թվականի ապրիլի 13-ը, մինչդեռ մեղադրյալի պաշտպան Կարեն Քալանթարյանն Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 2020 թվականի ապրիլի 14-ին:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (...) պաշտպան Կարեն Քալանթարյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետի խախտմամբ, հետևաբար բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու հիմքերը բացակայում են:

(...) Պաշտպան Կարեն Քալանթարյանը, վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հանգամանքի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, հետևաբար ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության` բողոքը ժամկետանց լինելու հիմքով (...)»(2):

________________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթեր 15-18:

 

7. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքն էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2020 թվականի ապրիլի 13-ին ժամը 18:59-ին(3): Նշված բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 14-ին(4):

________________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթ 58:

4) Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթ 1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա և որի արդյունքում խախտվել են մեղադրյալ Ա.Կիրակոսյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման:

Բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային եղանակով` 2020 թվականի ապրիլի 13-ին: Բացի այդ, ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի որոշումը թվագրված է 2020 թվականի ապրիլի 4-ով: Ամփոփելով վերոշարադրյալը` բողոքաբերը եզրահանգել է, որ իր կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ իր վերաքննիչ բողոքը համարելով ժամկետում ներկայացված:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (...)

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1.Վերաքննիչ բողոք բերվում են` (...)

3) առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

12. Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը: Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով(5):

________________________

5) Տե՛ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Կ.Քալանթարյանն առձեռն ստացել է 2020 թվականի ապրիլի 3-ին(6):

________________________

6) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքն էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2020 թվականի ապրիլի 13-ին(7):

________________________

7) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը պաշտպան Կ.Քալանթարյանի բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2020 թվականի ապրիլի 13-ը, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացվել է 2020 թվականի ապրիլի 14-ին(8):

________________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

14. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոք ներկայացնելու եղանակի և ժամկետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման: Այսպես` Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Կ.Քալանթարյանն առձեռն ստացել է 2020 թվականի ապրիլի 3-ին, որպիսի պայմաններում դրա վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում է 2020 թվականի ապրիլի 4-ից, հետևաբար պաշտպան Կ.Քալանթարյանը, վերաքննիչ բողոքն ապրիլի 13-ին էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան ուղարկելով, այն ներկայացրել է սահմանված ժամկետում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության` փաստելով, որ պաշտպան Կ.Քալանթարյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է առձեռն 2020 թվականի ապրիլի 14-ին:

15. Նախորդ կետում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է մեղադրյալի` դատարանի մատչելիության իրավունքը, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման ժամկետի պահպանմամբ:

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար(9): Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը:

________________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Աշոտ Կամոյի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Միասնական կայքում հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.10.2020
N ԱՐԱԴ/0008/06/19
Որոշում