Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐ Է ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐ Է ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                       ԵԴ/0392/11/19

դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0392/11/19

Նախագահող դատավոր` Ա. Նիկողոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2020 թվականի սեպտեմբերի 11-ին              ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատախազ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է թիվ 13207118 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2019 թվականի փետրվարի 28-ին Հովհաննես Փայլակի Թորոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 29-ի որոշմամբ Հովհաննես Թորոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Հայկ Ալումյանի բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի` 2019 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ մերժվել է:

2. Դիմող Հ.Ալումյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ բողոքը բավարարել է, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դիմող Հ.Ալումյանի իրավունքների խախտումը:

3. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1): Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

_______________________

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է առնվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքի փաստարկները և հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ փաստել է. «(...) Ելնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից` օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես` վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի` անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանն է հենց հանդիսանում իր` 2018 թվականի ապրիլի 25-ի բողոքը մերժելու մասին որոշման անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք` ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանը (...)»(2):

_______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 99-102:

 

5.1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի` 2019 թվականի հունիսի 11-ի գրության համաձայն` նույն վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանը լիազորվել է մասնակցելու դիմող Հ.Ալումյանի կողմից ներկայացված բողոքի քննությանը(3):

_______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 15:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել է չհիմնավորված դատական ակտ:

Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի` վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն իր վերլուծությունների հիմքում, ըստ էության, դրել է այն տրամաբանությունը, համաձայն որի` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու չէ մինչդատական քրեական վարույթն ավարտող` քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության վիճարկման ընթացակարգում մասնակցելու, քանի որ այդ որոշման դեմ բերված բողոքը վերադաս դատախազի կողմից մերժվել է, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների տրամաբանությունից:

Հակառակը` եթե վերադաս դատախազը մերժել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 7-օրյա ժամկետում օրինական համարված որոշման դեմ բերված բողոքը, ապա վերջիններս` տվյալ դատախազը և իր վերադաս դատախազը համակարծիք են քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինական և հիմնավոր լինելու հարցում: Տվյալ դեպքում, ըստ բողոքաբերի, գործառութային տարանջատման սկզբունքի խախտման մասին խոսք լինել չի կարող:

7. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշումը, և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ:

9. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

(...)

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

(...)

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

(...)

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (...) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (...)»:

10. Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումների մեկնաբանմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին(4):

_______________________

4) Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:

 

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմնի` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ դիմող Հ.Ալումյանի բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի` 2019 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ մերժվել է(5),

_______________________

5) Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ դիմող Հ.Ալումյանի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնելու բողոքաբերի իրավունքների խախտումը(6): Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի կողմից Առաջին ատյանի դատարանում բողոքի քննությանը մասնակցելու համար լիազորվել է ու մասնակցել նույն վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանը(7),

_______________________

6) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

7) Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ(8):

_______________________

8) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը կամ քրեական գործի ըստ էության քննության ընթացքում մեղադրանքը դատարանում պաշտպանող մեղադրողը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի` սահմանադրորեն ամրագրված` դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Գրիգորյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ:

13. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշումը պետք է բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության(9): Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:

_______________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատախազ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Միասնական կայքում հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.09.2020
N ԵԴ/0392/11/19
Որոշում