Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԴ1/0053/01/16

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`           Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի

                                             Ս. Ավետիսյանի

                                             Ե. Դանիելյանի

                                             Ա. Պողոսյանի

                                             Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`         Ն. Թումանյանի

                   դատապարտյալ`              Ա. Պողոսյանի

 

    2019 թվականի նոյեմբերի 7-ին                ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Ավետիս Ռաֆիկի Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճռով, Ավետիս Ռաֆիկի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է Ա. Պողոսյանի` 2016 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 22-ը կալանքի տակ գտնվելու 37 (երեսունյոթ) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ա. Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ: Փորձաշրջանի սկիզբը հաշվվել է` 2018 թվականի օգոստոսի 10-ից:

3. Դատապարտյալ Ա. Պողոսյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Ավետիս Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա առանց իրացնելու նպատակի 2016 թվականի հոկտեմբեր ամսին տնայնագործական եղանակով կանեփի թփից ապօրինի պատրաստել և պահել է խոշոր չափի 1.71 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները 2016 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 15-ին թմրանյութ պահելու կասկածանքով Ավետիս Պողոսյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին և հագին եղած բաճկոնի առջևի աջ գրպանից հայտնաբերել են նշված թմրամիջոցը փայլաթիթեղի մեջ փաթաթված»:(1)

_________________________________

1. Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 170:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և պատիժը մեղմացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

6. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ա. Պողոսյանի վերաբերյալ կայացված ստորադաս դատարանի դատական ակտը վերանայելու համար:

7. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

8. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն:(2)

___________________________

2. Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

9. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»:(3)

________________________

3. Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»:(4)

______________________

4. Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

10. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 491-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 1.0 գրամից մինչև 100.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով»հաշիշ» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 1.0 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 25.0 գրամը ներառյալ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Ավետիս Պողոսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 1.71 գրամ հաստատուն քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու համար:(5)

______________________

5. Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 7-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են դատապարտյալ Ա. Պողոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մտած դատական ակտերով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «հաշիշ» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.71 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: ՈՒստի` դատապարտյալ Ա. Պողսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին:

Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա. Պողոսյանի կողմից կատարված արարքի վրա:

14. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ա. Պողոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 18-ի որոշումը վերանայելու համար:

15. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Ա. Պողոսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

Ավետիս Ռաֆիկի Պողոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին պետք է հաշվակցել Ա. Պողոսյանի` 2016 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 22-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ավետիս Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի սկիզբը հաշվելով 2018 թվականի օգոստոսի 10-ից` այն պետք է համարել ավարտված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Ավետիս Ռաֆիկի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 18-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Ավետիս Ռաֆիկի Պողոսյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Ավետիս Ռաֆիկի Պողոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցել Ա. Պողոսյանի` 2016 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 22-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ավետիս Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի սկիզբը հաշվելով 2018 թվականի օգոստոսի 10-ից` այն համարել ավարտված:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.11.2019
N ԳԴ1/0053/01/16
Որոշում