Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0420.270700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2000 թվականի N 420

 

ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 12 հոդվածի «զ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով` 7-օրյա ժամկետում հաստատել նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման ժամանակ բացվող հաշվի վարման համար բանկի ընտրության չափանիշները.

բ) հաշվի առնելով սույն կետի «ա» ենթակետում նշված չափանիշները` մեկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթ` բանկի ընտրության համար:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հուլիսի 27-ի N 420 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգով կարգավորվում է նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման գործընթացը:

2. Սույն կանոնակարգի համաձայն թողարկվում են միայն սովորական բաժնետոմսեր (այսուհետև` բաժնետոմս), որոնք իրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող` մասնավորեցվող բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն)` նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, մասնավորապես, պետք է բովանդակի ընկերության վերակազմակերպման, նոր բաժնետոմսերի տեղաբաշխման (բաժանորդագրության) ժամկետների և ձևերի, ավելացվող կանոնադրական կապիտալի չափի, թողարկվող բաժնետոմսերի տեսակների, թողարկման ձևի և անվանական արժեքների, տեղաբաշխմանը մասնակցելու սահմանափակումների մասին և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

4. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման և այդ նպատակով նոր բաժնետոմսերի թողարկման անհրաժեշտության դեպքում` նաև վերակազմակերպման մասին:

5. Եթե ընկերությունն անցել է մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցում, և (կամ) պետական գույքը մասնավորեցվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, ապա այդ ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը սահմանելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցմանը մասնակցած անձանց տրվի առնվազն մեկ բաժնետոմս: Այն դեպքում, երբ բաժնեմասի մնացորդը կազմում է բաժնետոմսի անվանական արժեքի 50 տոկոսից ավելին, տվյալ բաժնետիրոջը տրվում է մեկ հավելյալ բաժնետոմս, հակառակ դեպքում հավելյալ բաժնետոմս չի տրվում: Եթե արդյունքում բաժնետոմսերի գումարային քանակը փոքր կամ մեծ է ընկերության բաժնետոմսերի ընդհանուր հանրագումարից, ապա որպես կլորացման նիշ ընդունվում է համապատասխանաբար 50-ից մեծ կամ փոքր մեծությունը:

Այն դեպքում, երբ բաժնեմասի մնացորդը կլորացման նիշից պակաս գումար է, ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ մեկ տարվա ընթացքում բաժնետիրոջն է վերադարձվում բաժնեմասի մնացորդը կազմող գումարը և հավելյալ բաժնետոմս չի տրվում:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետև` նախարարություն)`

ա) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո ընկերության հետ կնքում է պայմանագիր և դրան համապատասխան իրականացնում բաժնետոմսերի տեղաբաշխումը, ինչպես նաև որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում նախապատրաստում նոր բաժնետոմսերի թողարկման ազդագիրը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունում,

բ) բաժնետոմսերի թողարկման ազդագիրը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունում գրանցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում այն հրապարակում է 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում,

գ) պարբերաբար կազմակերպում է բաժնետոմսերի տեղաբաշխման մասին տեղեկատվության հրապարակումը,

դ) մրցույթով ընտրված բանկի հետ կնքում է հաշվի սպասարկման մասին պայմանագիր,

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կամ վերապահված այլ լիազորություններ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բաժնետոմսերի տեղաբաշխման լիազորությունները կարող է վերապահվել այլ կազմակերպության (անդերռայթեր), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել արժեթղթերի տեղաբաշխման գործունեություն:

Այս դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն այդպիսի կազմակերպության ընտրության չափանիշները:

8. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բաժնետոմսերի տեղաբաշխման լիազորությունները վերապահվել են այլ կազմակերպության, ապա այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է սույն կարգի 6-րդ կետում նշված գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը` համաձայն նախարարության և կազմակերպության միջև կնքվող պայմանագրի:

 

II. Բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցելու պայմանները

 

9. Բաժնետոմսերի տեղաբաշխմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնավորեցման սուբյեկտները:

10. Ընկերության բաժնետոմսերն ունեն իրենց բաժնեմասին համապատասխան նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք:

Ընկերության` բաժնետոմսեր ձեռք բերելու նախապատվության իրավունք տվող արժեթղթերի սեփականատերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում:

11. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է նոր բաժնետոմսերի (կամ դրանց մի մասի) մրցույթի տեղաբաշխում, ապա մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նոր բաժնետոմսերի (կամ դրանց մի մասի) փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումը մրցույթով անցկացնելու դեպքում մրցույթի մասնակիցներ կարող են լինել միայն նախարարության կողմից նախապես որակավորված անձինք:

 

III. Նոր բաժնետոմսերի տեղաբաշխումը

 

12. Բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ տեղաբաշխումն սկսվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10-րդ օրվանից և տևում 30 օր:

13. Բաժնետոմսերի փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումն սկսվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10-րդ օրվանից և տևում 30 օր:

14. Բաժնետոմսերի բաց և փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումներն անցկացվում են զուգահեռ:

15. Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվում է բաժանորդագրության հայտերի (այսուհետև` հայտ) ընդունման միջոցով: Մասնակիցների կամ նրանց լիազորած անձանց կողմից լրացվում են հայտերը (NN 1, 2, 3 ձևերը) և ներկայացվում նախարարություն:

16. Հայտի հետ մասին ներկայացվում է նաև հայտում նշված գումարի վճարման անդորրագիրը:

17. Նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նոր բաժնետոմսերի փակ տեղաբաշխմանը մասնակցելու նպատակով ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բաժնետերերի ծանուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում ընկերության ղեկավարը կամ պետական սեփականություն չհանդիսացող բաժնետոմսերի սեփականատերերի (այսուհետև` ոչ պետական բաժնետերեր) կողմից լիազորված անձը հրավիրում է ոչ պետական բաժնետերերի ժողով` իրենց բաժնեմասերին համապատասխան նոր բաժնետոմսերի փակ բաժանորդագրությանը մասնակցելու հարցը քննարկելու համար:

19. Ժողովի որոշմամբ հաստատված ոչ պետական բաժնետերերից յուրաքանչյուրին հասանելիք բաժնետոմսերի քանակի նշումով անվանացանկը, որի բոլոր էջերն ստորագրվում են ժողովի նախագահի, քարտուղարի կողմից, հանձնվում է նախարարություն: Ոչ պետական բաժնետերերի ժողովի որոշումը պետք է պարունակի տվյալներ յուրաքանչյուր ոչ պետական բաժնետիրոջը հասանելիք բաժնետոմսերի քանակի մասին:

(19-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

20. Հայտը ներկայացնելու ժամկետ է համարվում նախարարության կողմից հայտի ստացման օրը:

Ստացված հայտերը գրանցվում են բաժնետոմսերի տեղաբաշխման գրանցամատյաններում` ըստ հայտերը ներկայացնելու ժամկետների հաջորդականության:

21. Նախարարությունը բաց և փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումների համար վարում է առանձին գրանցամատյաններ: Գրանցամատյանների բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված, վերջին էջը` ստորագրված գրանցամատյանները վարող պատասխանատու անձանց կողմից (նշելով էջերի ընդհանուր թիվը) և հաստատված նախարարության կնիքով: Գրանցամատյանների վարումն իրականացվում է դրամարկղային գրքերի վարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Հայտերը գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, որոնցում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) հայտը ներկայացնելու ժամկետը,

բ) մասնակցի անվանումը և հասցեն,

գ) բաժնետոմսերի ընդհանուր թիվը (հատ),

դ) հայտում նշված բաժնետոմսերի թիվը (հատ),

ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը (դրամ),

զ) գրանցամատյանները վարող պատասխանատու անձի ստորագրությունը,

է) հայտի համարը:

23. Ներկայացված հայտը մերժվում է, եթե հայտ ներկայացնող անձը`

ա) խախտել է սույն կանոնակարգով սահմանված` հայտերը ներկայացնելու ժամկետները և կարգը,

բ) չի հանդիսանում մասնավորեցման սուբյեկտ,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

24. Մերժված հայտերը գրանցվում են մեկ ընդհանուր առանձին գրանցամատյանում, որում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) ընկերության անվանումը,

բ) հայտի համարը,

գ) հայտը ներկայացնելու ժամկետը,

դ) հայտատուի անվանումը և հասցեն,

ե) բաժնետոմսերի թիվը (հատ),

զ) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը (դրամ),

է) մերժման հիմքերը,

ը) գրանցամատյանները վարող պատասխանատու անձի ստորագրությունը:

25. Բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է կայացած, եթե պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարի տեսակարար կշիռը նոր ձևավորվող կանոնադրական կապիտալի չափի մեջ կազմում է 50 տոկոսից պակաս`

ՊԲԱԳ/ԿԿ < 1/2,

 

որտեղ`

ՊԲԱԳ-ն պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարն է,

ԿԿ-ն ընկերության նոր ձևավորվող կանոնադրական կապիտալի չափն է, որը հաշվարկվում է սույն կարգի 27-րդ կետի համաձայն:

26. Տեղաբաշխման արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը որոշում է հետևյալ բանաձևով`

 

ԲԳՔ=ԲԳԳ+ՓԳԳ,

 

որտեղ`

ԲԳՔ-ն տեղաբաշխման արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակն է,

ԲԳԳ-ն` բաց տեղաբաշխման գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի քանակը,

ՓԳԳ-ն` փակ տեղաբաշխման գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի քանակը:

27. Ընկերության կանոնադրական կապիտալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԿԿ=(ՊԲՔ+ՈՊԲՔ+ԲԳՔ)xԲԱԱ+ԱԲԱ,

 

որտեղ`

 

ԿԿ-ն ընկերության կանոնադրական կապիտալն է,

ՊԲՔ-ն` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի քանակը,

ՈՊԲՔ-ն` պետական սեփականություն չհանդիսացող բաժնետոմսերի քանակը,

ԲԳՔ-ն` բաց և փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխման գրանցամատյաններում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր քանակը,

ԲԱԱ-ն` մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը,

ԱԲԱ-ն` արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների հանրագումարը:

28. Բաժնետոմսերի տեղաբաշխումը չկայանալու դեպքում նախարարությունը, սույն կարգի դրույթներին համապատասխան, իրականացնում է բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխում (տեղաբաշխումներ):

29. Բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման գործընթացը, սույն կարգի դրույթներին համապատասխան, սկսվում է նախորդ տեղաբաշխման ավարտից մեկ շաբաթ հետո և կարող է տևել մինչև 6 ամիս:

30. Բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման գործընթացը չկայանալուց և ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդագրության արդյունքում վաճառվել են բաժնետոմսեր, ապա ընկերության կանոնադրական կապիտալի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կարգի 27-րդ կետի:

31. Չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են ընկերության տնօրինության տակ և համարվում են հայտարարված բաժնետոմսեր:

32. Բաժնետոմսերի բաժանորդագրությամբ տեղաբաշխման (լրացուցիչ տեղաբաշխումների) արդյունքում բաժնետոմս չվաճառվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով մասնավորեցնելու վերաբերյալ:

33. Բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների ամփոփումը

 

34. Նախարարությունը բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն է ներկայացնում իր կողմից հաստատված բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը (N 4 ձևը կցվում է)` 3 օրինակից:

Արձանագրությանը կցվում է բաժանորդագրությամբ տեղաբաշխման արդյունքներով կազմված բաժնետոմսերի սեփականատերերի գրանցամատյանից քաղվածք (բաժնետոմսերի սեփականատերերի կազմը և յուրաքանչյուր սեփականատիրոջը պատկանող բաժնետոմսերի քանակը), որը հանդիսանում է արձանագրության անբաժան մասը և որի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված նախարարության կողմից:

35. Տեղաբաշխմանը մեկ հայտատուի մասնակցությունը այն չկայացած համարելու հիմք չի հանդիսանում:

36. Բանկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում տվյալներ մուտքագրված վճարների մասին:

Սահմանված կարգով կազմվում է բաժանորդագրությունը կայանալու մասին ակտ, որի մեկ օրինակը նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն:

37. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը սույն կարգի 34-րդ կետում և 36-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին արձանագրությունը և 2 օրինակը վերադարձնում նախարարություն` տալով արժեթղթերի գրանցման վկայական (տեղաբաշխումը կայացած համարվելու դեպքում):

38. Ընկերությունը բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին արձանագրության հաստատումից և գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցում է փոփոխությունները և վկայականի պատճենը ներկայացնում բանկին, որը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարը փոխանցել ընկերության հաշվին:

 

V. Նոր բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարված

գումարի բաշխման կարգը

 

39. Նոր բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից հանվում է բաժնետոմսերի տեղաբաշխման հետ կապված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չֆինանսավորված ծախսերի համար անհրաժեշտ գումարը, որով նախարարությունը փոխհատուցում է բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում իր կատարած ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցվում է ընկերության հաշվի համարին` դրա մասին տեղեկացնելով նշված ընկերությանը:

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

 

ֆիզիկական անձանց համար

 

Հայտատու

 

Ես ___________________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

______________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, N-ը, ամսաթիվը, տալու վայրը)

 

Հասցեն ______________________________________________________________,

 

ծանոթանալով __________________________________________________________

(մասնավորեցվող ընկերության անվանումը)

 

նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում են բաժանորդագրվել

 

_____________________________________________________________________,

(նոր բաժնետոմսերի քանակը` թվերով և տառերով)

 

այդ նպատակով կցում են վճարման անդորրագիրը`____________________________

 

________________________________________________________ դրամ` մուծված

(վճարման անդորրագրում նշված գումարը` թվերով և տառերով)

 

_______________________________________________________ հաշվի համարին:

 

    _____________200  թ.                Հայտատու ____________________

                                                   (ստորագրությունը)

 

Ձև 2

 

ՀԱՅՏ

 

իրավաբանական անձանց համար

 

Հայտատու _____________________________________________________________

(առևտրային կազմակերպության անվանումը)

Իրավաբանական հասցեն __________________________________________________

 

Գրանցման համարը և վայրը _____________________________________________

 

Ի դեմս ______________________________________________________________,

(անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը)

ծանոթանալով __________________________________________________________

(մասնավորեցվող ընկերության անվանումը)

 

նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում ենք բաժանորդագրվել

 

_____________________________________________________________________,

(նոր բաժնետոմսերի քանակը` թվերով և տառերով)

 

այդ նպատակով կցում ենք վճարման անդորրագիրը ____________________________

 

________________________________________________________ դրամ`

(վճարման անդորրագրում նշված գումարը` թվերով և տառերով)

 

մուծված _______________________________________________ հաշվի համարին:

 

    ___________ 200  թ.     Հայտատու _____________________________________

                                     (լրացված անձի ստորագրությունը,

                                     անունը, ազգանունը)

 

Ձև 3

 

ՀԱՅՏ

 

մասնավորեցվող ընկերության ոչ պետական բաժնետերերի համար

 

    Համաձայն            բաժնետերերի ժողովի             որոշման           

 

______________________________________________________________________

        (բաժնետերերի ժողովի արձանագրությունից քաղվածքը կցվում է)

 

Ես ___________________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

_____________________________________________________________________,

(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, N-ը, ամսաթիվը, տալու վայրը)

 

ծանոթանալով __________________________________________________________

(մասնավորեցվող ընկերության անվանումը)

 

նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում են բաժանորդագրվել

 

_____________________________________________________________________,

(նոր բաժնետոմսերի քանակը` տառերով և թվերով)

 

այդ նպատակով կցում են վճարման անդորրագիրը ___________________________`

 

________________________________________________________ դրամ`

(վճարման անդորրագրում նշված գումարը` տառերով և թվերով)

 

մուծված _______________________________________________ հաշվի համարին:

(հաշվի համարը)

 

    ___________ 200  թ.            Հայտատու ______________________________

                                                  (ստորագրությունը)

 

Ձև 4

 

     «Գրանցում եմ»                                     «Հաստատում եմ»

ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության              ՀՀ պետական գույքի կառավարման

պետ                                           նախարարություն

 

_____________________________                 _____________________________

________________________200  թ.               ______________________200  թ.

 

___________________________________________________________________ ԲԲԸ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

տեղաբաշխման արդյունքների ամփոփման

 

______________________200 թ.

 

Հանձնաժողովի կազմը

Նախագահ _______________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

Քարտուղար _____________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

Բաժանորդագրության իրականացման հիմքերը`

տեղաբաշխումն իրականացվել է համաձայն

 

ՀՀ կառավարության ___________________________________________ որոշման

(որոշման ամսաթիվը և համարը)

 

և 200 թ. ________________________________________ թողարկման ազդագրի:

(թողարկման ազդագրի հրապարակման ամսաթիվը)

 

    Տեղաբաշխման սկիզբը    200  թ., ավարտը         200  թ.

 

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տեղաբաշխման ենթակա նոր

բաժնետոմսերի ընդհանուր քանակը ________________________________________:

(քանակը` թվերով և տառերով)

 

Տեղաբաշխման արդյունքների համաձայն բաժանորդագրված նոր բաժնետոմսերի

ընդհանուր քանակը _____________________________________________________:

(քանակը` թվերով և տառերով)

 

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը ______________________________________:

(քանակը` թվերով և տառերով)

 

Բաժնետոմսերի համար վճարված ընդհանուր գումարը _________________________`

 

_________________________________________________________________ դրամ:

(գումարը` թվերով և տառերով)

 

Տեղաբաշխման մասնակիցների կազմը և հասանելիք բաժնետոմսերի քանակը`

 

Ֆիզիկական անձինք` ____________________________________________________:

(քանակը` թվերով և տառերով)

 

Իրավաբանական անձինք` _________________________________________________:

(քանակը` թվերով և տառերով)

 

Մասնավորեցվող ընկերության ոչ պետական բաժնետերեր`

 

_______________________________________________________________________

                                  (քանակը` թվերով և տառերով)

 

Տեղաբաշխման արդյունքում ձևավորված ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը

 

_______________________________________________________________________

                                 (թվերով և տառերով)

 

________________________________________________________________ դրամ:

    Համաձայն ՀՀ կառավարության 200  թ.               N     որոշման

 

_______________________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

 

բաժանորդագրությունը __________________________________________________:

 

Տեղաբաշխման արդյունքների հիման վրա կազմված բաժնետերերի գրանցամատյանից

քաղվածքը (բաժնետերերի կազմը, յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի

քանակը) (կցվում է):

 

    Հանձնաժողովի նախագահ __________________      __________________________

                          (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

    Հանձնաժողովի քարտուղար __________________      ________________________

                            (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.2000
N 420
Որոշում