ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-68-Ն-15
2020 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԳԼՈՒԽ 13. |
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
128. Խորհրդի կողմից ընդունման ենթակա որոշման և այլ իրավական փաստաթղթերի նախագծերը կազմվում են Նախագահի հանձնարարությամբ` Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:
129. Նախագծերի կազմման և նախագիծը Խորհրդի քննարկմանը ներկայացնելու գործընթացների համակարգումը Խորհրդի որոշմամբ կարող է դրվել Խորհրդի անդամի վրա` վերջինիս համաձայնությամբ:
130. Խորհրդի որոշմամբ նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալու համար, այն կարող է ուղարկվել շահագրգիռ անձանց և տեղադրվել դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
131. Խորհրդի կողմից շրջանառության մեջ դրված որոշման և այլ իրավական փաստաթղթերի նախագծերի առնչությամբ գրավոր առաջարկներն ամփոփում և Խորհուրդ է ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմինը: Ամփոփաթերթում հերթական համարով նշվում է առաջարկությունը և առաջարկության հեղինակը: Ամփոփաթերթն առաջարկությունների առնչությամբ իր եզրակացություններով, լրացնում է նախագիծը համակարգած Խորհրդի անդամը կամ անդամները: Խորհրդի նախագահի հանձնարարությամբ առաջարկությունների առնչությամբ եզրակացություն մշակելու աշխատանքներին կարող են ներգրավվել Խորհրդի այլ անդամներ, Դեպարտամենտի աշխատակիցներ, ինչպես նաև փորձագետներ:
132. Շրջանառության մեջ դրված որոշման նախագծի վերաբերյալ կազմված ամփոփաթերթը փոխանցվում է Խորհրդի անդամներին:
133. Այն առաջարկը, որին Խորհրդի անդամներից որևէ մեկը չի առարկում, համարվում է ընդունված` առանց քվեարկության: Նախագծի միևնույն մասի վերաբերյալ իրարամերժ առաջարկները քվեարկվում են մրցակցության սկզբունքով` հետևյալ կարգով.
1) եթե քվեարկության է դրվել երկու առաջարկ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած առաջարկը նորից է դրվում քվեարկության,
2) եթե քվեարկության են դրվել երկուսից ավելի առաջարկներ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու առաջարկները,
3) եթե մեկից ավելի առաջարկ ստացել է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած առաջարկը,
4) եթե մեկից ավելի առաջարկ ստացել է ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ «կողմ» ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած առաջարկը:
Սույն կետով սահմանված կանոնը կիրառելի է նաև Խորհրդի կողմից ընդունվող մյուս որոշումների քվեարկության պարագայում:
134. Օրենքով սահմանված լիազորությունն իրականացնելիս` դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից կոնկրետ առաջարկների մշակումը` Խորհրդի արձանագրային որոշմամբ կարող է հանձնարարվել Խորհրդի մեկ կամ մի քանի անդամների:
135. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից առաջարկները նախապես քննարկվում են Խորհրդի նիստում: Քննարկման արդյունքներով կայացվում է արձանագրային որոշում, որով առաջարկը` «Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու մասին» Խորհրդի որոշմանը համապատասխան, դրվում է շրջանառության մեջ կամ մերժվում է շրջանառության մեջ դնելը կամ վերադարձվում է լրամշակման: Խորհրդի նիստին ներկայացվող առաջարկներին կցվում է նախագծերի հիմնավորվածության վերաբերյալ Դեպարտամենտի կենտրոնական մարմնի եզրակացությունը:
136. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից առաջարկների մշակման համար պատասխանատու անդամի կամ անդամների կողմից նախապես քննարկվում են ստացված առաջարկությունները և եզրակացությունները, որոնց վերաբերյալ ամփոփաթերթը կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը: Քննարկման արդյունքներով լրացված ամփոփաթերթը ներկայացվում է Խորհուրդ` նիստում քննարկելու համար: Ամփոփաթերթում ներառված առաջարկությունը չընդունելու դեպքում մերժումը պետք է ուղեկցվի հստակ ու սպառիչ հիմնավորումներով:
137. Իրավասու պետական մարմիններին դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից ներկայացվող առաջարկները ներկայացվում են Խորհրդի նախագահի կողմից իրավասու պետական մարմնին ուղղված համապատասխան գրությամբ, որին կցվում են համապատասխան նախագծերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը: Իրավասու պետական մարմիններին ուղարկվող փաստաթղթերի փաթեթում կարող են ներառվել նաև միջազգային կամ ներպետական կառույցների փորձագիտական եզրակացությունները, նորմատիվ իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումները և այլն:
138. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Խորհուրդ մուտք լինելուց հետո 15-օրյա ժամկետում, եթե նախագիծն ուղարկողն օրենքով սահմանված կարգով այլ ժամկետ չի նշել, կազմակերպվում է դրանց քննարկումն ու պաշտոնական կարծիք կազմելը: Առանձին դեպքերում, Խորհրդի հիմնավորված որոշմամբ, կարող է միջնորդություն ներկայացվել նախագիծն ուղարկած իրավասու պետական մարմին` ժամկետը երկարացնելու համար:
139. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը քննարկվում և պաշտոնական կարծիք է կազմվում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից կոնկրետ առաջարկների մշակման և ներկայացման համար` Աշխատակարգով նախատեսված կարգով:
ԳԼՈՒԽ 14. |
ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ |
140. Աշխատակարգով կամ Խորհրդի որոշումներով սահմանված ժամկետները հաշվարկվում են օրացուցային տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային): Տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը:
141. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
142. Ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
143. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:
144. Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսին: Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է` բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների:
145. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Եթե այդ գործողությունը պետք է կատարվի Խորհրդում կամ Դեպարտամենտում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ նշված մարմիններում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները: Եթե փաստաթղթերը կապի կազմակերպությանն են տրվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը համարվում է պահպանված: Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
146. Ժամերով որոշվող ժամկետն սկսվում է այն իրադարձության վրա հասնելու հաջորդ ժամից, որով որոշված է ժամկետի սկիզբը: Ժամերով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ժամի վերջին վայրկյանին:
147. Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի, օրվա կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
148. Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:
149. Սույն գլխով նախատեսված ժամկետների կասեցումը, ժամկետները բաց թողնելու դեպքում` դրանց վերականգնումը, ինչպես նաև ժամկետների երկարաձգումը կատարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխի նորմերով:
ԳԼՈՒԽ 15. |
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
150. Խորհրդի նիստերից Խորհրդի անդամների բացակայությունները հաշվառում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը:
151. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը յուրաքանչյուր նիստի ավարտից հետո` 5-օրյա ժամկետում, Խորհրդի որևէ անդամի բացակայության դեպքում, վերջինիս պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկում է համապատասխան ծանուցում` նիստից բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ հիմքերը Խորհրդի նախագահին ներկայացնելու մասին: Բացակայությունը հարգելի կամ անհարգելի ճանաչելու հարցի առնչությամբ որոշում է կայացնում Խորհուրդը:
152. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը տարվա ընթացքում Խորհրդի նիստերին առերևույթ անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու փաստը արձանագրելու պահից` 5-օրյա ժամկետում, Խորհրդի նախագահին է ներկայացնում նիստերից բացակայած Խորհրդի անդամի վերաբերյալ տեղեկանք, որին կցվում են բացակայություններն անհարգելի համարելու հիմքերը: Տեղեկանքը քննարկվում և որոշում է կայացվում Խորհրդում:
ԳԼՈՒԽ 16. |
ԴԱՏԱՎՈՐԻՆ ՄԵԿ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
153. Այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
154. Մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին:
155. Դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցի քննարկման համար Դեպարտամենտի կենտրոնական մարմինը Խորհուրդ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) գործուղման անհրաժեշտությունը հիմնավորող միջնորդությունները կամ փաստաթղթերը` դրանց առկայության դեպքում,
2) Դեպարտամենտի կենտրոնական մարմնի տեղեկանքը` դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով համապատասխան դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու հնարավորության վերաբերյալ,
3) գործուղվելու առնչությամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման` գործուղման ենթակա դատավորի գրավոր համաձայնությունը,
4) տեղեկանք` այն մասին, որ գործուղման ենթակա դատավորը նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին չի գործուղվել:
156. Գործուղման համար մեկից ավելի դատավորների դիմումների դեպքում Խորհուրդն ընտրում է թեկնածուներից մեկին` հաշվի առնելով դատավորի փորձառությունը, վարույթում առկա գործերի ծավալը և այլ հանգամանքներ, որոնք կապահովեն դատարանի բնականոն գործունեությունը:
ԳԼՈՒԽ 17. |
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
157. Արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և Աշխատակարգով:
158. Խորհրդի անդամներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրվում է Խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան: Խորհրդի դատավոր անդամների մասով հերթական արձակուրդի ժամանակացույցը համաձայնեցվում է Խորհրդի նախագահի հետ: Առանձին հրատապ ու անհետաձգելի դեպքերում, Խորհրդի նախագահի կողմից Խորհրդի անդամը` իր համաձայնությամբ, կարող է հետ կանչվել հերթական արձակուրդից: Արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:
159. Առանձին հրատապ աշխատանքների կատարման անհրաժեշտությունից ելնելով` Խորհրդի նախագահի կողմից կարող են կատարվել արձակուրդի ժամանակացույցից շեղումներ:
160. Խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամն ունի ամենամյա հերթական արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, որը կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան` երեք մասով:
161. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով` Խորհրդի նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ` տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ:
162. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին կարող է հատկացվել մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:
ԳԼՈՒԽ 18. |
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ |
163. Խորհրդի անդամի կողմից գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքի կատարումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կանոնակարգմանը համապատասխան: Այդպիսի աշխատանքը պետք է լինի ողջամիտ ծավալով, որպեսզի չխոչընդոտի Խորհրդի անդամի լիազորությունների իրականացմանը: Այդպիսի աշխատանքում ներգրավված լինելը չի կարող հարգելի պատճառ համարվել Խորհրդի նիստերից բացակայելու համար:
164. Խորհրդի բնականոն աշխատանքն ապահովելու համար Խորհրդի անդամը Խորհրդի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող աշխատանքի մասին: Խորհրդի նախագահը Խորհրդի նիստերը կազմակերպում է այնպիսի ժամանակացույցով, որպեսզի հնարավորինս գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքների իրականացման համար Խորհրդի անդամների համար սահմանված ժամանակացույցը չխաթարվի:
ԳԼՈՒԽ 19. |
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԵՏ |
165. Խորհրդի անդամը սահմանված կարգով իրեն տրված կոնկրետ հանձնարարականի շրջանակներում անմիջականորեն փոխհարաբերվում է Դեպարտամենտի այն ծառայողների հետ, որոնք, տրված հանձնարարականով կամ իրենց պարտականությունների բնույթից ելնելով, պատասխանատու են նշված հանձնարարականի կատարմանն օժանդակելու համար:
166. Կոնկրետ հանձնարարականի բացակայության դեպքում Խորհրդի անդամը` իր լիազորությունների բնականոն իրականացման նպատակով համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հանձնարարությամբ դիմում է Դեպարտամենտի ղեկավարին: Տրված հանձնարարության իրավաչափության առնչությամբ Դեպարտամենտի ղեկավարը իրազեկում է Խորհրդի անդամին, եթե վերջինս պնդում է տրված հանձնարարության իրավաչափությունը, ապա հարցը քննարկվում է Խորհրդի նախագահի կողմից:
ԳԼՈՒԽ 20. |
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ |
167. Ազգային ժողովի կողմից ընտրված Խորհրդի անդամին պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար ծառայողական վկայականը տրվում է Ազգային ժողովի նախագահի կողմից:
168. Խորհրդի դատավոր անդամին պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար, որպես Խորհրդի անդամի, ծառայողական վկայականը տրվում է Հանրապետության նախագահի կողմից:
169. Հանրապետության նախագահի կողմից նշանակված Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար ծառայողական վկայականը տրվում է Հանրապետության նախագահի կողմից:
ԳԼՈՒԽ 21. |
ՀՐԱՏԱՊ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ |
170. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասով, 52-րդ հոդվածի 1-ին մասով, 53-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 91-րդ հոդվածի 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 8-րդ մասով, 161-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված և այլ անհետաձգելի դեպքերում Խորհրդին ուղղված հրատապ ծանուցումները Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից անհապաղ տրամադրվում են Խորհրդի նախագահին և անդամներին:
171. Ծանուցումներն ուղարկվում են Խորհրդի նախագահի և անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներով, որոնք ստանալիս` վերջիններս անհապաղ ուղարկում են ստանալու փաստը հավաստող հաղորդագրություն: Խորհրդի նախագահին և անդամներին հրատապ ծանուցումներ ուղարկելու պահից առնվազն 1 ժամվա ընթացքում ծանուցումն ստանալու փաստը հավաստող հաղորդագրություններ չստանալու դեպքում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից իրազեկումը կատարվում է բջջային հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 22. |
ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
172. Խորհրդի կողմից ընդունված որոշումների և արձանագրությունների հաշվառման գործընթացն ապահովում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը:
173. Խորհրդի կողմից ընդունված որոշումների և արձանագրությունների գրանցման հերթական համարը տվյալ բնույթի որոշումների և արձանագրությունների ժամանակագրական առումով հաշվառվող աճողական հերթական համարն է: Օրացուցային տարին ավարտվելուց հետո տարեսկզբին նոր կայացված որոշումների և արձանագրությունների գրանցման հերթական համարը սկսվում է 1-ից:
174. Խորհրդի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև նիստերի արձանագրությունները, քվեաթերթիկները, ներկայացված հատուկ կարծիքները (առկայության դեպքում) և այլ փաստաթղթերը պահվում են Դեպարտամենտում:
175. Քվեաթերթիկները պահպանվում են 1 տարի ժամկետով, որից հետո Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից կազմված հանձնաժողովի կողմից ոչնչացվում են:
ԳԼՈՒԽ 23. |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԸ |
176. Օտարերկրյա պետություն կամ միջազգային կազմակերպություն գործուղման մեկնած Խորհրդի անդամը և պատվիրակությունները վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում`
1) Խորհրդին ներկայացնում են գրավոր հաղորդում, որը տեղադրվում է դատական իշխանության պաշտոնական կայքում,
2) արդյունքները լուսաբանում են զանգվածային լրատվության միջոցներով:
177. Խորհուրդը յուրաքանչյուր տարվա ավարտին` մեկ ամսվա ընթացքում, ամփոփում և պաշտոնական կայքում տեղադրում է միջազգային կապերի վերաբերյալ տեղեկանք:
ԳԼՈՒԽ 24. |
ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԽՈՐՀՐԴՈՒՄ |
178. Խորհրդում գործավարությունն իրականացվում է Օրենքով, այլ օրենսդրական ակտերով, Աշխատակարգով և Խորհրդի որոշումներով:
ԳԼՈՒԽ 25. |
ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ |
179. Խորհրդի դռնբաց նիստերը կարող են հեռարձակվել դատական իշխանության պաշտոնական կայքում: Առցանց հեռարձակումը կազմակերպում է Դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Զանգվածային լրատվության միջոցներով Խորհրդի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը` Խորհրդի կողմից հաստատված «Զանգվածային լրատվության միջոցների հետ իր և դատարանների փոխհարաբերության կանոններին» համապատասխան:
180. Խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումն ապահովում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am)»:
Պաշտոնական հրապարակման օրը` 26 նոյեմբերի 2020 թվական: