ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ` ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 դեկտեմբերի 2020 թ. |
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի` մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 25-ի N 1071-Ա որոշմամբ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի` մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 3-ին:
Գործի քննության առիթը Կառավարության` 2020 թվականի հուլիսի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի` մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 1989 թվականի դեկտեմբերի 15-ին:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (այսուհետ` Դաշնագիր) ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևով և ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին: Հայաստանի Հանրապետությունը «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին միացել է 1993 թվականի հունիսի 23-ին:
2. Սույն Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 29-ին:
3. Սույն Արձանագրությամբ նախատեսված է, մասնավորապես, որ`
ա) Արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի (հոդված 1, մաս 1),
բ) Արձանագրության յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար (հոդված 1, մաս 2):
4. Հաջորդիվ, Արձանագրությամբ նախատեսված են նաև Արձանագրությամբ ստանձնվող պարտավորություններից վերապահման թույլատրելի շրջանակը (հոդված 2, մաս 1) և վերապահում կատարելու ընթացակարգը (հոդված 2, մասեր 2 և 3): Արձանագրությամբ նախատեսված է նաև, որ Դաշնագրով կողմ պետության կողմից ստանձնված պարտավորություններից` նույն Դաշնագրի 4-րդ հոդվածով նախատեսված` Դաշնագրով ստանձնված պարտավորություններից շեղման հնարավորությունը չի վերաբերվելու Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված մահապատժի արգելքին (հոդված 6, մաս 1):
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ արդեն իսկ ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է, մասնավորապես, մահապատիժը վերացնելու պարտավորություն, երաշխավորելով, որ ոչ ոք չդատապարտվի կամ չենթարկվի մահապատժի:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը 2007 թվականի ապրիլի 17-ին ընդունել էր դրանց` Սահմանադրությանը համապատասխանելու մասին ՍԴՈ-694 որոշումը:
6. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների բնույթը, գտնում է, որ դրանք բխում են Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթից, որով նախատեսված` կյանքի իրավունքի պաշտպանության սահմանափակումը բացառված է Սահմանադրության 76-րդ հոդվածով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի` մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
8 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴՈ-1570
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում` 9 դեկտեմբերի 2020 թվական: