ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԿԴ/0847/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0847/02/16 2020 թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ` Տ. Նազարյան
Ս. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի հոկտեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գառնիկ Ագանիկյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գառնիկ Ագանիկյանի ընդդեմ Վարդան, Ֆլորա և Ռազմիկ Էլիզբարյանների և Նադեժդա Բաղդասարյանի` ընդհանուր գույքից Վարդան Էլիզբարյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի 1/2 և Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասերն առանձնացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գառնիկ Ագանիկյանը պահանջել է Վարդան, Ֆլորա և Ռազմիկ Էլիզբարյանների և Նադեժդա Բաղդասարյանի ընդհանուր գույքից առանձնացնել Վարդան Էլիզբարյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի 1/2 և Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2018 թվականի որոշմամբ Ռազմիկ Էլիզբարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Ագանիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 365-րդ, 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմանում և չի կարող քննության առարկա դարձնել և որոշում կայացնել ստորադաս դատական ատյանի դատական ակտի այն մասի վերաբերյալ, որը չի բողոքարկվել: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի համասեփականատերերն են Վարդան Էլիզբարյանը և Նադեժդա Բաղդասարյանը, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան համասեփականատերերն են` Վարդան, Ֆլորա, Ռազմիկ Էլիզբարյանները, իսկ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Ռազմիկ Էլիզբարյանը: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Ռազմիկ Էլիզբարյանը, հետևաբար Վերաքննիչ դատարանը Ռազմիկ Էլիզբարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա պետք է վերանայեր և բեկաներ միայն վճռի` նրա կողմից բողոքարկված մասը, իսկ Դատարանի վճիռը` մնացած մասով, մտել է օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է նաև պատասխանողի` դատավարական իրավունքներից օգտվելու և պարտականությունները ոչ բարեխղճորեն կատարելու փաստը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը ծանուցված չլինելու հիմքին անդրադառնալիս նախ պետք է պարզեր, թե արդյոք դատավարությանը մասնակից կողմը դատական նիստից բացակայել է ոչ պատշաճ ծանուցման հետևանքով, թե` ծանուցվելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, արհեստականորեն ձգձգել է գործի քննությունն ու ձևական հիմքեր ստեղծել վերաքննիչ բողոք բերելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը կամ Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանել և Ռազմիկ Էլիզբարյանի մասով գործն ուղարկել նոր քննության, իսկ Վարդան Էլիզբարյանի և Նադեժդա Բաղդասարյանի մասով Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 29.07.2015 թվականին տրված թիվ ԱՏ-27/07/2015-2-0142 տեղեկանքի համաձայն` ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ գրանցված է Ֆլորա Էլիզբարյանի (2/4), Վարդան Էլիզբարյանի (1/4), Ռազմիկ Էլիզբարյանի (1/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 12):
2. 24.07.2014 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24072014-01-0119 վկայականի համաձայն` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աղայան փողոց, 11ա շենք, թիվ 7 բնակարանի նկատմամբ գրանցված է Վարդան Էլիզբարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 13):
3. Ռազմիկ Էլիզբարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
- Դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 78-րդ հոդվածների խախտումներ, այն է` խախտվել է անձի ծանուցված լինելու և դատավարությանը մասնակից դարձվելու իրավունքը, անտեսվել է, որ թեև Ռազմիկ Էլիզբարյանը հանդիսանում է Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան համասեփականատեր, սակայն վերջինս չի բնակվում նշված հասցեում, այլ բնակվում է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում:
- Դատարանը չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, հաշվի չի առել, որ սույն գործում բացակայում է ապացույցը` Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 բնակելի տան 1/4 բաժնեմասի առանձնացման անհնարինության վերաբերյալ (հատոր 3-րդ, գ. թ. 8-11):
4. Ֆլորա Էլիզբարյանի կողմից 14.06.2018 թվականին տրված, նոտարական կարգով հաստատված հայտարարության համաձայն` վերջինս հայտնել է, որ ինքն է ստացել Մասիս քաղաք 4-րդ փողոցի թիվ 157 հասցեով ուղարկված դատական որոշումները, ծանուցագրերը և վճիռը, սակայն դրանք չի հանձնել Ռազմիկ Էլիզբարյանին, քանի որ Ռազմիկ Էլիզբարյանը շուրջ 20 տարի է չի բնակվում նշված հասցեում և հաշվառված է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում, իսկ Դատարանի վճռի մասին նրան հայտնել է 08.06.2018 թվականին (հատոր 3-րդ, գ. թ. 23):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կարող է բեկանվել ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի այն մասը (բացառությամբ անվերապահ բեկանման հիմքերի առկայությամբ դեպքերի), որի դեմ բողոք չի ներկայացվել և որը չի վերաբերում վերաքննիչ բողոք բերած անձի իրավունքներին և պարտականություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված` դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին:
Վճռաբեկ դատարանը հավելում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածն ամրագրում է վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում: Սույն հոդվածի վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ դատարանը սահմանափակված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, առաջին ատյանի դատարանում կողմերի հայտնած դիրքորոշումներով և գործում առկա ապացույցներով, ուստի և չի կարող դուրս գալ դրա սահմաններից, եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ: Այսինքն` ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում, ինչպես վերաքննիչ բողոքի քննությունը պետք է իրականացվի միայն այն անձանց մասով, որոնց իրավունքներին և պարտականություններին ուղղակիորեն առնչվում է բողոքարկվող դատական ակտը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ սույն գործում բացակայում են ապացույցներն այն մասին, որ համասեփականատերերից մեկը ցանկանում է օգտվել նախապատվության իրավունքից և գնել Վարդան Էլիզբարյանի բաժնեմասը: Մասնավորապես` Գառնիկ Ագանիկյանի կողմից 12.05.2017 թվականին Ռազմիկ և Ֆլորա Էլիզբարյաններին ուղարկվել են պարտապան Վարդան Էլիզբարյանին պատկանող` Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասը գնելու առաջարկներ, որոնք Ռազմիկ և Ֆլորա Էլիզբարյանների կողմից ստացվել են 17.05.2017 թվականին (...):
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ գործի նյութերով հիմնավորվել է, որ Դատարանի ծանուցագրերը և վճռի օրինակը Ռազմիկ Էլիզբարյանին ուղարկվել են քաղաք Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 տուն հասցեով: Ծանուցագրերի մեծ մասը ստացվել և ստորագրվել են, իսկ մի մասը վերադարձվել են փոստային ծառայության կողմից «Բացակայում է Հայաստանից» նշումով, ինչը հիմք ընդունելով` Դատարանն իրականացրել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, այն է` դատական ծանուցագրերն ուղարկել է Մասիս համայնքի ղեկավարին` միաժամանակ դրանք տեղադրելով ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Մասիս համայնքի ղեկավարը 10.10.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ Ռազմիկ և Ֆլորա Էլիզբարյանները բնակվում են Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 հասցեում, սակայն տանը չեն եղել, իսկ 15.03.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ Ֆլորա Էլիզբարյանը 03.04.2018 թվականին ստացել է դատական ծանուցագիրը, որոշումը և հայցադիմումը: Դատարանը, փաստելով պատասխանող կողմի գործի քննության ժամանակի և վայրի մասին ծանուցված լինելը, շարունակել է գործի քննությունը վերջիններիս բացակայությամբ: Ռազմիկ Էլիզբարյանը վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ մասնակից չի դարձվել գործի քննությանը, իրազեկված չի եղել իր դեմ ներկայացված պահանջի մասին և զրկվել է այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, քանի որ իրեն հասցեագրված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են հայցվորի կողմից նշված սխալ հասցեով` քաղաք Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 տուն հասցեով: Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության կողմից տրված տեղեկանքով հիմնավորվում է, որ Ռազմիկ Էլիզբարյանը 01.01.2012 թվականից հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարան հասցեում:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի պատշաճ ծանուցված չլինելու փաստարկներին, գտել է, որ թեև Դատարանը կողմի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով պահպանել է օրենքով սահմանված ընթացակարգը, իսկ Ռազմիկ Էլիզբարյանն էլ ծանուցագրերի մի մասը ստորագրել և ստացել է, սակայն հնարավոր չէ միանշանակ հետևության հանգել, քանի որ վերջինիս իրական մասնակցությունը գործի քննությանն այնուամենայնիվ չի ապահովվել: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև Ֆլորա Էլիզբարյանի կողմից 14.06.2018 թվականին տրված նոտարական կարգով հաստատված հայտարարությունը, որի համաձայն` վերջինս հայտնել է, որ ստացել է քաղաք Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 հասցեով ուղարկված դատական որոշումները, ծանուցագրերը և վճիռը, հայցվորի գրությունը, սակայն դրանք չի հանձնել Ռազմիկ Էլիզբարյանին, քանի որ Ռազմիկ Էլիզբարյանը շուրջ 20 տարի է չի բնակվում նշված հասցեում և հաշվառված է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում, իսկ վճռի մասին նրան հայտնել է 08.06.2018 թվականին:
Վերոնշյալ հիմնավորումները հիմք ընդունելով և չանդրադառնալով վկայակոչած նյութական իրավունքի մյուս նորմերին` Վերաքննիչ դատարանը որոշել է Ռազմիկ Էլիզբարյանի վերաքննիչ բողոքը բավարարել և գործն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն պատասխանողներից մեկի` Ռազմիկ Էլիզբարյանի կողմից այն հիմքերով և հիմնավորումներով, որ Դատարանը խախտել է անձի ծանուցված լինելու իրավունքը, այսինքն` անձը զրկվել է իր դեմ ներկայացված հայցապահանջին ծանոթանալու, դատական նիստերին մասնակցելու և իր դեմ ներկայացված նյութաիրավական պահանջի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Մյուս պատասխանողները` Նադեժդա Բաղդասարյանը, Ֆլորա և Վարդան Էլիզբարյանները, Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը չեն բողոքարկել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել է և գործն ամբողջ ծավալով ուղարկել է նոր քննության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ գործառույթը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին` դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, բողոքարկված դատական ակտը բեկանել է ամբողջությամբ` անտեսելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը բողոքարկվել է պատասխանողներից միայն Ռազմիկ Էլիզբարյանի կողմից` գործի քննությանը ծանուցված չլինելու հիմքով, ինչպես նաև գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չիրականացնելու հիմքով: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստերը, որ Ռազմիկ Էլիզբարյանը Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան բաժնային սեփականատերն է` 1/4 բաժնեմասի չափով, իսկ վեճի առարկա անշարժ գույքերից մյուս` Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Էլիզբարյանին և Նադեժդա Բաղդասարյանին, մինչդեռ վերջիններս վերաքննության կարգով չեն բողոքարկել Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պարտապան Վարդան Էլիզբարյանին պատկանում են երկու անշարժ գույքերից` Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասը, մնացածը պատկանում են` Ֆլորա Էլիզբարյանին` 2/4 բաժնեմասի չափով, Ռազմիկ Էլիզբարյանին` 1/4 բաժնեմասի չափով, իսկ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Էլիզբարյանին և Նադեժդա Բաղդասարյանին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը պետք է վերանայեր միայն Ռազմիկ Էլիզբարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններում` հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է միայն վեճի առարկա գույքի` Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնի սեփականատերը և Դատարանի վճիռը բեկաներ միայն նշված անշարժ գույքի մասով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ռազմիկ Էլիզբարյանը վերաքննիչ բողոքում պահանջել է բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության, մինչդեռ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ դատական ակտը բողոքարկվել է միայն Ռազմիկ Էլիզբարյանի կողմից, ուստիև գործը նոր քննության պետք էր ուղարկել միայն այն մասով, որը վերաբերում է այն գույքին, որի 1/4 բաժնեմասի սեփականատերն է վերջինս: Այլ կերպ ասած` վեճի առարկա գույքերից Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի համասեփականատերերը` Վարդան Էլիզբարյանը և Նադեժդա Բաղդասարյանը, դատական ակտը չեն բողոքարկել, իսկ Ռազմիկ Էլիզբարյանը նշված գույքի սեփականատերը չէ, հետևաբար այդ մասով Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը պետք է մնար օրինական ուժի մեջ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է նաև Ռազմիկ Էլիզբարյանի դատավարական իրավունքներից օգտվելու և պարտականությունները ոչ բարեխղճորեն կատարելու փաստը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքն այդ մասով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Ֆլորա Էլիզբարյանի կողմից 14.06.2018 թվականին տրված նոտարական կարգով հաստատված հայտարարության համաձայն` վերջինս հայտնել է, որ ինքն է ստացել Մասիս քաղաք 4-րդ փողոցի թիվ 157 հասցեով ուղարկված դատական որոշումները, ծանուցագրերը և վճիռը, սակայն դրանք չի հանձնել Ռազմիկ Էլիզբարյանին, քանի որ Ռազմիկ Էլիզբարյանը շուրջ 20 տարի է չի բնակվում նշված հասցեում և հաշվառված է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում, իսկ Դատարանի վճռի մասին նրան հայտնել է 08.06.2018 թվականին, հետևաբար վճռաբեկ բողոքի նշված փաստարկը չի բխում սույն գործի փաստերից:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտմամբ դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից, որի արդյունքում թույլ է տվել այնպիսի դատավարական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` մասնակիորեն վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու` մասնակիորեն առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործը մասով ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշման` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2018 թվականի վճիռը` հայցը` Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև` իրենց բաժիններին համամասնորեն բաշխելու պահանջը բավարարելու մասով բեկանելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2018 թվականի վճռին:
Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան