Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 367-ՐԴ, 371-ՐԴ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Սնանկության գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵՇԴ/0029/04/13

    Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0029/04/13     2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 21-ին

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 371-րդ հոդվածները և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է բողոք բերած անձի վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը չեն ուղարկվել գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարանին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքի օրինակներն ուղարկվել են գործին մասնակցող անձանց բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելուն հաջորդած շրջանում, ինչը բացասական հետևանքներ չի կարող առաջացնել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ բողոք բերած անձն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոքը` պահպանելով դրա ձևի և բովանդակության համար սահմանված պահանջները, և մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, խախտել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրաիրավական նորմերն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս կաշկանդված է բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետներով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք` դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով անձի` վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, միաժամանակ սահմանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն պահանջները, որին պետք է համապատասխանի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է նաև այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տալիս սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան: Ընդ որում, վճռի դեմ ներկայացված բողոքի պարագայում տրամադրվում է 15-օրյա ժամկետ, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքի դեպքում` եռօրյա ժամկետ: Նշված ժամկետները բողոք բերած անձին տրամադրվում են օրենքի ուժով և ենթակա չեն որևէ սահմանափակման:

Ամփոփելով վերոգրյալը` հարկ է արձանագրել, որ օրենսդիրը, սահմանելով բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, վերաքննիչ բողոքարկման ընդհանուր ժամկետը երկարաձգել է մի դեպքում 15 օրով, իսկ մեկ այլ դեպքում` 3 օրով: Օրենսդրի կողմից սահմանված` նշված ժամկետներն այն անհրաժեշտ ժամանակահատվածն են, որի շրջանակներում անձը կարող է բողոքում թույլ տրված խախտումները վերացնել և բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան` դրանով իսկ հնարավորություն ունենալով իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Այլ կերպ ասած` բողոք բերած անձը բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի ցանկացած պահին` մինչև դրա ավարտը, իրավազոր է կատարել բողոքում թույլ տրված խախտումների վերացում և բողոքը կրկին ներկայացնել դատարան (տե՛ս, նաև թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018թ. որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 26.04.2018 թվականի «Վարդգես Գալուստի Վարդանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի կողմից 25.07.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հավելված 5-րդ, գ.թ. 28-29): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին` պարտապանին և պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է եռօրյա ժամկետ` որոշումը ստանալուց հետո այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված 5-րդ, գ.թ. 64):

Գայանե Հայրապետյանը 13.08.2018 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (հավելված 6-րդ, գ.թ. 2-19, 42, 73): Այնուհետև, 18.08.2018 թվականին Գայանե Հայրապետյանը ներկայացրել է դիմում` հասցեագրված Վերաքննիչ դատարանին և հայտնել, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու պահին բողոքին կցված չեն եղել բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց, ինչպես նաև դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերը, ուստի 18.08.2018 թվականի թվագրմամբ ուղարկված փոստային անդորրագրերը ներկայացվում է նույն դիմումին կից (հավելված 6-րդ, գ.թ 43-56):

Վերաքննիչ դատարանը, 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ, մերժելով Գայանե Հայրապետյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով սույն գործում առկա բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցներին, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել 18.08.2018 թվականին, իսկ կրկին բողոք ներկայացնելու ժամկետն ավարտվել է 14.08.2018 թվականին, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել (հավելված 6-րդ, գ.թ. 81):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` հարկ է արձանագրել հետևյալը.

Սույն գործով Գայանե Հայրապետյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշումն ստացել է 10.08.2018 թվականին (հավելված 5-րդ, գ.թ. 54), իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 13.08.2018 թվականին: Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված եռօրյա ժամկետը լրացել է 16.08.2018 թվականին (բողոքը կրկին ներկայացնելու վերջնաժամկետը 15.08.2018 թվականն է)` նկատի ունենալով, որ 11.08.2018 թվականը և 12.08.2018 թվականը ոչ աշխատանքային օրեր են, որպիսի պարագայում անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումը` կրկին բողոք ներկայացնելու ժամկետը 14.08.2018 թվականին ավարտված լինելու վերաբերյալ: Այդուհանդերձ, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված թերությունը Գայանե Հայրապետյանը վերացրել է 18.08.2018 թվականին` դատարան մուտքագրված դիմումին կից ներկայացնելով գործին մասնակցող անձանց 17.08.2018 թվականին բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը: Այսինքն, տվյալ դեպքում բողոք բերած անձն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում խախտումը չի վերացրել, որպիսի պայմաններում իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել կրկին բողոք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել: Հակառակ պարագայում, վերաքննիչ բողոքի խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետի տրամադրումը կդառնա վերացական և կկրի ձևական բնույթ:

Միաժամանակ հարկ է նշել, որ սույն գործի փաստական հանգամանքները որոշակի ընդհանրություններ ունեն թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի փաստական հանգամանքների հետ, սակայն նույնատիպ չեն, հետևաբար թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները որևէ կերպ կիրառելի չեն սույն գործով հետևյալ պատճառաբանությամբ.

Թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով Երևան քաղաքի դատախազությունը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2017 թվականի վճռի դեմ 06.07.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրա եզրափակիչ մասում նշելով, որ կից ներկայացնում է բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները` մեկ թերթից, մինչդեռ այն չի կցել: Դրա վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից կազմվել է համապատասխան ակտ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 14.07.2017 թվականին որոշում է կայացրել Երևան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն եղել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ սահմանվել է ժամկետ` այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Երևան քաղաքի դատախազությունը 17.07.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է մուտքագրել 03.07.2017 թվականի պատվիրված առաքանու և փոստային անդորրագրի պատճենները` հասցեագրված Արծրուն Նաջարյանին և Դատարանին: Երևան քաղաքի դատախազությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ստացել է 25.07.2017 թվականին, և 28.07.2017 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նշելով, որ չնայած առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է եղել, որ վերը նշված ապացույցի պատճենը կցված է վերաքննիչ բողոքին, սակայն այն առանձին գրությամբ 14.07.2017 թվականին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքին կից ներկայացվել է բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցների պատճենները: 24.08.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Երևան քաղաքի դատախազության կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես այդպիսին ներկայացվածին` արձանագրել է, որ այն պատճենի տեսքով է, ուստի չի կարող դիտվել որպես վերը նշված փաստաթղթերն ուղարկելու փաստը հաստատող ապացույց: Դրա հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգում է կատարել այն մասին, որ 14.07.2017 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները չեն վերացվել: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 07.02.2018 թվականի որոշմամբ վերացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոնշյալ որոշումն այն պատճառաբանությամբ, որ օրենսդրի կողմից պարտադիր է համարվել այնպիսի ապացույցի ներկայացումը, որից միանշանակորեն պարզ կլինի, որ բողոք բերող անձը բողոքի պատճեններն ուղարկել է դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց: Այսինքն` էականը տվյալ դեպքում բողոքի պատճեններն ուղարկված լինելու վերաբերյալ հավաստիանալն է:

Թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի և սույն գործի փաստական հանգամանքների տարբերությունը կայանում է նրանում, որ թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով Երևան քաղաքի դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում շտկել է արձանագրված թերությունը և բողոքը կրկին ներկայացրել դատարան, մինչդեռ սույն գործով նույնատիպ թերության շտկումն իրականացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի և սույն գործի փաստական հանգամանքների միջև գործի լուծման համար նշանակություն ունեցող առանցքային հարցի կապակցությամբ առկա է էական տարբերություն:

i

Վերոնշյալ հիմնավորմամբ գտնում եմ, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:

 

4. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

Գտնում եմ, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, ուստի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ սույն հատուկ կարծիքի 3-րդ կետում շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ:

 

Դատավոր Ե. Խունդկարյան

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.02.2020
N ԵՇԴ/0029/04/13
Որոշում