Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 367-ՐԴ, 368-ՐԴ, 371-ՐԴ, ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՇԴ/0029/04/13

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0029/04/13   2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի օգոստոսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի Գոհար Հովսեփյանի ընդդեմ Վարդգես Վարդանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Վարդգես Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գոհար Հովսեփյանը պահանջել է Վարդգես Վարդանյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 12.09.2014 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:

Դատարանի 09.03.2016 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանին թույլատրվել է հրապարակային սակարկություններով, երկու առանձին լոտով վաճառելու Վարդգես Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 368-րդ հոդվածները, 371-րդ հոդվածի 5-րդ և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո վերաքննիչ բողոքի օրինակները 18.08.2018 թվականին այդուհանդերձ ուղարկել եմ սնանկության վարույթի մասնակիցներին և այդ փաստը հաստատող ապացույցները ներկայացրել եմ Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքի օրինակները սնանկության վարույթի մասնակիցներին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո ուղարկելու փաստը որևէ բացասական հետևանքի չի հանգեցրել, քանի որ միևնույնն է վերաքննիչ բողոքը դատական կազմին է հանձնվել վերջինիս արձակուրդից վերադառնալուց հետո, այն է` 03.09.2018 թվականին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ բողոք բերած անձն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոքը` պահպանելով դրա ձևի և բովանդակության համար սահմանված պահանջները: Հետևաբար Վերաքննիչ դատարանը մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, խախտել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրաիրավական նորմերն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները (տե՛ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանված վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներին, միաժամանակ նշելով այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշվածին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: ՈՒստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 26.04.2018 թվականի «Վարդգես Գալուստի Վարդանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշման դեմ Վարդգես Վարդանյանի կողմից 09.07.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հավելված 5-րդ, գ.թ. 14):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է 3-օրյա ժամկետ` որոշումը ստանալուց հետո այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված 5, գ.թ. 95):

Վարդգես Վարդանյանը 14.08.2018 թվականին` փոստային ծառայության միջոցով, կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (հավելված 5-րդ, գ.թ. 98-139): Այնուհետև` 18.08.2018 թվականին Վարդգես Վարդանյանը` փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարան ներկայացրել է դիմում և հայտնել, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու պահին բողոքին կցված չեն եղել բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց, ինչպես նաև դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերը, ուստի 18.08.2018 թվականի թվագրմամբ ուղարկված փոստային անդորրագրերը ներկայացվում են նույն դիմումին կից: Մասնավորապես` նույն դիմումով Վարդգես Վարդանյանը Վերաքննիչ դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանին, գործին մասնակցող անձինք` սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանին, Գոհար Հովսեփյանին, Եղիա Դեգեմոնյանին, Սվետլաննա Արշակունուն, Արտուշ Բալյանին, Անտոն Հակոբյանին, Ստեփան Փիլոսյանին, Անուշավան Եղիկյանին, Գուրգեն Բալայանին, Անահիտ Հարությունյանին, ինչպես նաև վերաքննիչ բողոքը դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերը` իր վերաքննիչ բողոքին կցելու համար (հավելված 6-րդ, գ.թ 57-70):

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 06.09.2018 թվականի որոշմամբ մերժելով Վարդգես Վարդանյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով սույն գործում առկա բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին` պարտապանին և պարտատերերին ուղարկելու վերաբերյալ ապացույցներին, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել 18.08.2018 թվականին, իսկ կրկին բողոք ներկայացնելու ժամկետն ավարտվել է 14.08.2018 թվականին, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել (հավելված 6-րդ, գ.թ. 114):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին կից բողոքի պատճենները դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների երաշխավորմանը` ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը` իրենց իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտի` բողոքարկված լինելու վերաբերյալ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա 18.08.2018 թվականին ուղարկված փոստային անդորրագրերի և 21.08.2018 թվականին Վերաքննիչ դատարանում մուտքագրված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Վարդգես Վարդանյանը վերաքննիչ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները 18.08.2018 թվականին ուղարկել է գործին մասնակցող անձանց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելը նպատակ է հետապնդում դատարանին հավաստիացնել, որ վերաքննիչ բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները օրենքով սահմանված կարգով ուղարկվել են գործին մասնակցող անձանց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով Վարդգես Վարդանյանը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված իր պարտականությունը, այն է` վերաքննիչ բողոքի պատճեններն ուղարկել է գործին մասնակցող անձանց, որպիսի պարագայում Վարդգես Վարդանյանին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ` խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է` հաշվի առնելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ վերը շարադրված իրավական դիրքորոշումները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Վարդգես Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵՇԴ/0029/04/13 սնանկության գործով 21.08.2020

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, գրավոր ընթացակարգով քննելով Վարդգես Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Գոհար Հովսեփյանի ընդդեմ Վարդգես Վարդանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, 21.08.2020 թվականին որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ե. Խունդկարյանս, Ռ. Հակոբյանս և Ս. Անտոնյանս, համաձայն չլինելով նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գոհար Հովսեփյանը պահանջել է Վարդգես Վարդանյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 12.09.2014 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:

Դատարանի 26.04.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանին թույլատրվել է հրապարակային սակարկություններով, երկու առանձին լոտով վաճառելու Վարդգես Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 371-րդ հոդվածները և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է բողոք բերած անձի վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը չեն ուղարկվել գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարանին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքի օրինակներն ուղարկվել են գործին մասնակցող անձանց բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելուն հաջորդած շրջանում, ինչը բացասական հետևանքներ չի կարող առաջացնել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ բողոք բերած անձն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոքը` պահպանելով դրա ձևի և բովանդակության համար սահմանված պահանջները, և մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, խախտել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրաիրավական նորմերն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս կաշկանդված է բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետներով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք` դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով անձի` վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, միաժամանակ սահմանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն պահանջները, որին պետք է համապատասխանի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է նաև այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տալիս սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան: Ընդ որում, վճռի դեմ ներկայացված բողոքի պարագայում տրամադրվում է 15-օրյա ժամկետ, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքի դեպքում` եռօրյա ժամկետ: Նշված ժամկետները բողոք բերած անձին տրամադրվում են օրենքի ուժով և ենթակա չեն որևէ սահմանափակման:

Ամփոփելով վերոգրյալը` հարկ է արձանագրել, որ օրենսդիրը, սահմանելով բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, վերաքննիչ բողոքարկման ընդհանուր ժամկետը երկարաձգել է մի դեպքում 15 օրով, իսկ մեկ այլ դեպքում` 3 օրով: Օրենսդրի կողմից սահմանված` նշված ժամկետներն այն անհրաժեշտ ժամանակահատվածն են, որի շրջանակներում անձը կարող է բողոքում թույլ տրված խախտումները վերացնել և բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան` դրանով իսկ հնարավորություն ունենալով իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Այլ կերպ ասած` բողոք բերած անձը բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի ցանկացած պահին` մինչև դրա ավարտը, իրավազոր է կատարել բողոքում թույլ տրված խախտումների վերացում և բողոքը կրկին ներկայացնել դատարան (տե՛ս, նաև թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018թ. որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 26.04.2018 թվականի «Վարդգես Գալուստի Վարդանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշման դեմ Վարդգես Վարդանյանի կողմից 09.07.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հավելված 5-րդ, գ.թ. 14): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները, ինչպես նաև «բողոքաբերը բողոքում չի նշել նյութական կամ դատավարական որևէ նորմ, որի դրույթները խախտվել են կամ հանդիսացել են ստորադաս դատարանի դատական ակտի իրավական հիմք և ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա»: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է եռօրյա ժամկետ` որոշումը ստանալուց հետո այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված 5-րդ, գ.թ. 69):

Վարդգես Վարդանյանը 13.08.2018 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (հավելված 5-րդ, գ.թ. 98-139, հավելված 6-րդ, գ.թ. 78): Այնուհետև, 18.08.2018 թվականին Վարդգես Վարդանյանը փոստային առաքմամբ ներկայացրել է դիմում` հասցեագրված Վերաքննիչ դատարանին և հայտնել, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու պահին բողոքին կցված չեն եղել բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց, ինչպես նաև դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերը, ուստի 18.08.2018 թվականի թվագրմամբ ուղարկված փոստային անդորրագրերը ներկայացվում է նույն դիմումին կից (հավելված 6-րդ, գ.թ 57-70):

Վերաքննիչ դատարանը, 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ, մերժելով Վարդգես Վարդանյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ բողոքաբերը կրկին ներկայացրել է նոր բողոք, որում մասնակի է վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 31.07.2018 թվականի որոշման մեջ նշված խախտումը, մասնավորապես` վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին` պարտապանին և պարտատերերին ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Ավելին` բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունքին է հանձնել 18.08.2018 թվականին, որը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է մուտքագրվել 21.08.2018 թվականին (նոր բողոք ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվել է 14.08.2018 թվականին) (հավելված 6-րդ, գ.թ. 114):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` հարկ է արձանագրել հետևյալը.

Սույն գործով Վարդգես Վարդանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշումը ստացել է 10.08.2018 թվականին (հավելված 5-րդ, գ.թ. 81), իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 13.08.2018 թվականին: Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված եռօրյա ժամկետը լրացել է 16.08.2018 թվականին

(բողոքը կրկին ներկայացնելու վերջնաժամկետը 15.08.2018 թվականն է)` նկատի ունենալով, որ 11.08.2018 թվականը և 12.08.2018 թվականը ոչ աշխատանքային օրեր են, որպիսի պարագայում անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումը` կրկին բողոք ներկայացնելու ժամկետը 14.08.2018 թվականին ավարտված լինելու վերաբերյալ: Այդուհանդերձ, «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված թերություններից մեկը Վարդգես Վարդանյանը վերացրել է 18.08.2018 թվականին` փոստային առաքմամբ դատարան ներկայացված դիմումին կից ներկայացնելով գործին մասնակցող անձանց 18.08.2018 թվականին բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը: Այսինքն` տվյալ դեպքում բողոք բերած անձն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում խախտումը չի վերացրել, որպիսի պայմաններում իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել կրկին բողոք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումն ամբողջությամբ չի վերացվել: Հակառակ մեկնաբանության պարագայում վերաքննիչ բողոքի խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետի տրամադրումը կդառնա վերացական և կկրի ձևական բնույթ:

Միաժամանակ հարկ է նշել, որ սույն գործի փաստական հանգամանքները որոշակի ընդհանրություններ ունեն թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի փաստական հանգամանքների հետ, սակայն նույնատիպ չեն, հետևաբար թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները որևէ կերպ կիրառելի չեն սույն գործով` հետևյալ պատճառաբանությամբ.

Թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով Երևան քաղաքի դատախազությունը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2017 թվականի վճռի դեմ 06.07.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրա եզրափակիչ մասում նշելով, որ կից ներկայացնում է բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները` մեկ թերթից, մինչդեռ այն չի կցել: Դրա վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից կազմվել է համապատասխան ակտ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 14.07.2017 թվականին որոշում է կայացրել Երևան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն եղել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ սահմանվել է ժամկետ` այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Երևան քաղաքի դատախազությունը 17.07.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է մուտքագրել 03.07.2017 թվականի պատվիրված առաքանու և փոստային անդորրագրի պատճենները` հասցեագրված Արծրուն Նաջարյանին և Դատարանին: Երևան քաղաքի դատախազությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ստացել է 25.07.2017 թվականին, և 28.07.2017 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նշելով, որ չնայած առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է եղել, որ վերը նշված ապացույցի պատճենը կցված է վերաքննիչ բողոքին, սակայն այն առանձին գրությամբ 14.07.2017 թվականին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքին կից ներկայացվել է բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցների պատճենները: 24.08.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Երևան քաղաքի դատախազության կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես այդպիսին ներկայացվածին` արձանագրել է, որ այն պատճենի տեսքով է, ուստի չի կարող դիտվել որպես վերը նշված փաստաթղթերն ուղարկելու փաստը հաստատող ապացույց: Դրա հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգում է կատարել այն մասին, որ 14.07.2017 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները չեն վերացվել: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 07.02.2018 թվականի որոշմամբ վերացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոնշյալ որոշումն այն պատճառաբանությամբ, որ օրենսդրի կողմից պարտադիր է համարվել այնպիսի ապացույցի ներկայացումը, որից միանշանակորեն պարզ կլինի, որ բողոք բերող անձը բողոքի պատճեններն ուղարկել է դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց: Այսինքն` էականը տվյալ դեպքում բողոքի պատճեններն ուղարկված լինելու վերաբերյալ հավաստիանալն է:

Թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի և սույն գործի փաստական հանգամանքների տարբերությունն այն է, որ թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով Երևան քաղաքի դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում շտկել է արձանագրված թերությունը և բողոքը կրկին ներկայացրել դատարան, մինչդեռ սույն գործով նույնատիպ թերության շտկումն իրականացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի և սույն գործի փաստական հանգամանքների միջև գործի լուծման համար նշանակություն ունեցող առանցքային հարցի կապակցությամբ առկա է էական տարբերություն:

Վերոնշյալ հիմնավորմամբ գտնում ենք, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:

 

4. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

Գտնում ենք, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, ուստի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ սույն հատուկ կարծիքի 3-րդ կետում շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ:

 

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.08.2020
N ԵՇԴ/0029/04/13
Որոշում