ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
27 հուլիսի 2000 թվականի թիվ 31
29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին (կցվում է):
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման
Սույն հայեցակարգը կանխորոշում է պետական գույքի կառավարման և մասնավորեցման արդյունավետության բարձրացման գործընթացում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական նպատակները, խնդիրները և սկզբունքները:
Հայեցակարգի դիտարկման օբյեկտներն են`
ա) պետական հիմնարկների գույքը.
բ) ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և պետական բաժնեմասերը.
գ) այլ պետական գույք:
I. Պետական գույքի կառավարում
Պետական գույքի կառավարման նպատակները, խնդիրները
և սկզբունքները
Սեփականության իրավահարաբերությունների կառավարման ներկա փուլում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու պետական սեփականության կառավարման արդյունավետության չափանիշների համակարգը և բարձրացնելու պետական գույքի կառավարման բարեփոխման, կարգավորման ու վերահսկման համակարգի հիմնական ուղղությունը` դրա տնօրինման, տիրապետման, օգտագործման արդյունավետության բարձրացումը, որը ենթադրում է կառավարման համակարգի նպատակների, խնդիրների և սկզբունքների ձևավորումն ու իրականացումը:
Նպատակներն են`
սեփականության ձևերի (պետական, ոչ պետական և համայնքային) օպտիմալ համամասնությունների ձևավորման աշխատանքներին աջակցելն ու նպաստելը` տնտեսական կայուն աճի նախադրյալներ ստեղծելու համար.
պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների զգալի ավելացումը` պետական սեփականության տնօրինման, տիրապետման և օգտագործման արդյունավետության բարձրացման հաշվին:
Նշված նպատակների իրագործումը ենթադրում է հետևյալ հիմնախնդիրները`
ա) պետական սեփականության ամբողջական հաշվառման իրագործում, դասակարգում, հաշվառման մատյանների վարում, սահմանված կարգով սեփականության իրավունքների պետական գրանցման ապահովում.
բ) պետական գույքի կառավարման միասնական քաղաքականության մշակում և իրականացում.
գ) պետական գույքի տարբերակային գնահատում` ելնելով գույքի գործառնական նշանակությունից.
դ) պետության գույքային իրավունքների և շահերի համակարգված ամբողջական իրացում.
ե) պետական գույքի օգտագործման գործընթացի կանոնակարգում և վերահսկում (վարձակալություն, լիզինգ, հավատարմագրային կառավարում, կոնցեսիա և այլն).
զ) պետական գույքի օտարման գործընթացի կանոնակարգում և վերահսկում.
է) բաժնետիրական ընկերություններում լիազոր ներկայացուցչական համակարգի կազմակերպում և վերահսկում.
ը) պետական ու պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների լուծարման և դրանց գույքի տնօրինման, ինչպես նաև սնանկացման ու ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում և իրականացում:
Հայեցակարգի հիմքում դրված են պետական գույքի կառավարման նպատակների և խնդիրների իրականացման ապահովման հետևյալ սկզբունքները`
ա) պետական գույքի` կառավարման յուրաքանչյուր օբյեկտի կամ օբյեկտների խմբի կառավարման նպատակի (նպատակների) որոշումը.
բ) նպատակին հասնելու մեխանիզմների ընտրությունը.
գ) կառավարման գործուն համակարգի ձևավորումը.
դ) արդյունավետ կառավարման կազմակերպումը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման լիազորված մարմինը տնօրինում է պետական գույքը, իսկ օգտագործման և տիրապետման իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմիններին:
II. Պետական գույքի մասնավորեցում
Պետական գույքի մասնավորեցման նպատակները, խնդիրներն ու
սկզբունքները
Սույն հայեցակարգով նախատեսված մասնավորեցման պետական քաղաքականության հիմնական նպատակն է մասնավորեցման արդյունքում ստեղծվող ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումը:
Այս նպատակի իրականացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`
ա) հանրապետության տնտեսության իրական հատվածում գործարարության զարգացման համար բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծումը.
բ) պետական սեփականության կառուցվածքի օպտիմալացումը` ներառյալ ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասերի.
գ) հանրապետության տնտեսության իրական հատվածում ընկերությունների երկարատև զարգացմամբ շահագրգիռ ռազմավարական ներդրողների ներգրավում.
դ) կառավարման (մենեջմենթ) գործընթացի էական բարելավումը.
ե) մասնավորեցման գործընթացի սոցիալական և ներդրումային ուղղվածության ուժեղացումը.
զ) մասնավորեցված ընկերության սեփականատիրոջ կողմից ձեռք բերված գույքի նկատմամբ պատասխանատվության բարձրացումը.
է) մասնավորեցված գույքի սեփականատերերի պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության ապահովումը:
Պետական գույքի մասնավորեցման հիմնական սկզբունքներն են`
ա) պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման առաջնահերթության որոշումը.
բ) մասնավորեցվող յուրաքանչյուր ընկերության համար մասնավորեցման արդյունավետ ձևի և համապատասխան գնահատման մեթոդի ընտրությունը.
գ) պետական գույքի մասնավորեցման արդյունավետության բարձրացումը` մեկ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ամբողջ գործընթացի համակարգման և կազմակերպման միջոցով:
եզրափակիչ դրույթներ
1. Սույն հայեցակարգի մշակումն ուղղված է ոչ միայն պետական գույքի տնօրինմանը և պետության լիազորությունների իրականացմանը, գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, տնտեսության պետական ոլորտում եկամուտների ավելացմանն ու ծախսերի օպտիմալացմանը, այլ նաև պետական գույքի գույքագրման հիման վրա գույքի հաշվեկշռի ձևավորմանը, ինչը կարևոր պայման է պետական գույքը որպես ակտիվներ երաշխիքների ձևով օգտագործելու արտասահմանյան ներդրումների ներգրավման համար:
2. Սույն հայեցակարգով նախատեսված միջոցառումների համակարգված իրականացումը, որը արդյունքում հանգեցնելու է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման և, այսպիսով, պետական եկամուտների զգալի ավելացման, պահանջում է այն զուգակցել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մշակման ու կատարման հետ:
3. Սույն հայեցակարգով նախատեսված միջոցառումներին կհաջորդի ծրագրերի մշակումը, գնահատումը և ընտրությունը, որոնք ֆինանսավորվելու են Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման բյուջեով, կամ էլ, որոնց ուղղությամբ տրվելու են բյուջեի ակտիվներով ապահովված պետական երաշխիքներ:
Սույն հայեցակարգի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը կներկայացնի համապատասխան ծրագրերի և օրենսդրական ակտերի նախագծեր, ինչպես նաև դրանց իրագործման նախապատրաստական աշխատանքների փուլերը` ըստ որոշակի գերակայությունների ու փուլային ժամանակացույցի: