Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱ ...

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-64-Ո-Կ-17

10 դեկտեմբերի 2020 թ.

 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ԲԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

Նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի անդամ               Մ. Մակյանի,

մասնակցությամբ`

    անդամներ                                        Գ. Բեքմեզյանի,

                                                    Ա. Հայկյանցի,

                                                    Լ. Մելիքջանյանի,

                                                    Ս. Միքայելյանի

                                                    Ս. Չիչոյանի,

                                                    Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարար                         Ռ. Բադասյանի,

 

    Արդարադատության նախարարի ներկայացուցիչ          Դ. Գասպարյանի,

 

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի

    ընդհանուր իրավասության դատարանի դատավոր         Գ. Բալյանի,

 

    քարտուղարությամբ`                               Մ. Թելոյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 95-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Գևորգ Դավթյանի կողմից 22.06.2020 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը:

Արդարադատության նախարարի 22.07.2020 թվականի թիվ 76-Ա որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Գևորգ Բալյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 18.09.2020 թվականի թիվ 95-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 313-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, վճարման կարգադրության արձակման վարույթի թույլատրելիության չափանիշների հաշվառմամբ, վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելու դեպքում դատարանի և պարտապանի համար սահմանում է հստակ ժամկետներ որոշակի գործողություններ կատարելու համար: Այսպես` վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում դատարանի համար սահմանված է երկշաբաթյա ժամկետ դիմումը քննելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երեք դատական ակտերից մեկը կայացնելու համար: Եթե վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը բավարարում է օրենքով սահմանված պահանջներին, և դատարանը արձակում է վճարման կարգադրություն, ապա պարտավոր է ոչ ուշ, քան վճարման կարգադրությունն արձակելու հաջորդ օրը վճարման կարգադրությունը, վճարման կարգադրությունն արձակելու վերաբերյալ դիմումի և դրան կից փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել պարտապանին: Նշված փաստաթղթերը ստանալուց հետո ծագում է պարտապանի` երկշաբաթյա ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դիմումի դեմ առարկություն ներկայացնելու իրավունքը: Ընդ որում, սահմանված ժամկետում ներկայացված առարկությունը հիմք է հանդիսանում դատարանի կողմից վճարման կարգադրությունը վերացնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Իսկ վճարման կարգադրությունը վերացնելու վերաբերյալ որոշում կայացվելու արդյունքում ծագում է դիմողի` իր պահանջներն ընդհանուր հայցային վարույթի կարգով դատարան ներկայացնելու իրավունքը:

Տվյալ դեպքում Դատարանը վճարման կարգադրությունն արձակել է 06.02.2020 թվականին, սակայն պարտապանին ուղարկել է ոչ թե նույն կամ հաջորդ օրը, այլ` 17.06.2020 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերջնաժամկետից` 07.02.2020 թվականից, 4 ամիս 10 օր անց: Արդյունքում, խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Ընդ որում, հաշվի առնելով փոստային ծառայության կողմից պարտապանին ուղարկված ծրարը «չպահանջված» նշումով Դատարան վերադարձվելու արդյունքում դրա վերացումը, դիմողը զրկվել է գումարի բռնագանձման պահանջն ընդհանուր հայցային վարույթի կարգով ներկայացնելու իրավունքն ավելի վաղ իրացնելու հնարավորությունից:

Վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ, կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնների խախտման: Քննարկվող պարագայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման: Մասնավորապես վճարման կարգադրություն արձակելուց հետո համապատասխան իրավական հետևանքների (պարտապանի կողմից սահմանված ժամկետում վճարման կարգադրության դեմ առարկություն չներկայացվելու դեպքում վճարման կարգադրության օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալը, իսկ առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում` դատարանի կողմից վճարման կարգադրությունը վերացնելու վերաբերյալ որոշում կայացնելը) առաջացումը պայմանավորված է օրենքով սահմանված ժամկետում դատարանի կողմից վճարման կարգադրությունը պարտապանին ուղարկելու հանգամանքով: Հետևաբար, հաշվի առնելով վճարման կարգադրությունը սեղմ ժամկետում պարտապանին ուղարկելու վերաբերյալ պահանջի առկայությունը` Դատարանի կողմից վճարման կարգադրության բավականին երկար ժամանակ պարտապանին չուղարկելն ըստ էության իմաստազրկում է վճարման կարգադրության արձակման վարույթի նպատակային նշանակությունը: Այս առումով Դատավորն իր կողմից դրսևորած տևական անգործությամբ խոչընդոտներ է հարուցել առ այն, որպեսզի վճարման կարգադրության արձակման վարույթը ծառայի իր նպատակին: Արդյունքում, Դատարանի նման վարքագծի դրսևորումը վարկաբեկում է դատական իշխանությունը, միաժամանակ նկատի ունենալով, որ դեռևս 08.05.2020 թվականին Դատարան մուտքագրված դիմումով փաստաբան Գևորգ Դավթյանը Դատարանի ուշադրությունն է հրավիրվել սույն վճարման կարգադրության արձակման վարույթով առկա խախտմանը` Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Ինչ վերաբերում է բացատրությամբ Դատավորի հայտնած այն դիրքորոշմանը, որ վճարման կարգադրության վարույթով ձգձգումները պայմանավորված են եղել նաև Դատավորի գերծանրաբեռնվածությամբ, ապա նշվածին անդրադարձել է Բարձրագույն դատական խորհուրդն իր 25.06.2020 թվականի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-8 որոշման շրջանակներում:

Բացի վերոգրյալը, գերծանրաբեռնված լինելու պատճառով վճարման կարգադրությունը ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրը պարտապանին չուղարկելու վերաբերյալ փաստարկը համոզիչ չէ, քանի որ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգի միջոցով ուսումնասիրելով 23.01.2020 թվականից մինչև 30.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Դատավորին մակագրված վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների և դրանց հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը` պարզվել է, որ մի շարք դատական գործերով Դատավորին ավելի ուշ (փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներ) մակագրված` վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների հիման վրա արձակված վճարման կարգադրությունները նույն օրն իսկ ուղարկվել են պարտապաններին: Դատավորի վարույթում գտնվող այդ գործերով վճարման կարգադրությունները փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ուղարկված լինելու փաստի առկայության պայմաններում չի հիմնավորվում նաև Դատավորի փաստարկն առ այն, որ դատավարական ժամկետի խախտումը միաժամանակ պայմանավորված է եղել համաճարակի տարածման հետևանքով 2020 թվականի մարտ ամսից տրանսպորտային սահմանափակումների և 2020 թվականի մայիս ամսին Դատարանի աշխատակազմի մեկուսացված լինելու հանգամանքով: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման համաձայն` սույն դատական գործով վճարման կարգադրությունը Դատարանի կողմից պետք է ուղարկվեր ոչ ուշ քան 07.02.2020 թվականը, հետևաբար 2020 թվականի մարտից ի հայտ եկած հանգամանքները չեն կարող պայմանավորել կամ պատճառ հանդիսանալ դրանից առաջ ծագած պարտականությունը չկատարելու համար:

Վերը ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է թիվ ԱՎԴ/0098/03/20 դատական գործով Դատավորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջների խախտումներ թույլ տալու փաստը: Տվյալ պարագայում Դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում թույլ են տրվել վերոգրյալ դատավարական իրավունքի նորմի և վարքագծի կանոնների խախտումները: Հաշվի առնելով բացատրությունը և խախտումները դիտավորությամբ կատարված լինելը հիմնավորող փաստական տվյալների բացակայությունը, միաժամանակ հիմք ընդունելով վճարման կարգադրության, թեև 4 ամիս 10 օր անց, բայց պարտապանին ուղարկված լինելու հանգամանքը` վարույթ հարուցող մարմինը գտել է, որ դատավարական իրավունքի նորմի և վարքագծի կանոնների խախտումները Դատավորի կողմից թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին` հայտնելով, որ թիվ ԱՎԴ/0098/03/20 դատական գործով ձգձգումները պայմանավորված են բացառապես Դատարանի ծանրաբեռնվածությամբ և թագավարակ համաճարակի հետևանքներով: Մասնավորապես 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Դատարանի վարույթում եղել է 645 վճարման կարգադրություն և 2318 քաղաքացիական գործ: 2020 թվականի մարտ ամսվա սկզբից համաճարակի տարածմամբ պայմանավորված` հասարակական տրանսպորտի գործունեության սահմանափակումների և գործավարի հղիության պատճառով դժվարություններ են եղել աշխատավայր ներկայանալու հետ կապված: 2020 թվականի մայիս ամսին երկու շաբաթով մեկուսացվել է Դատարանի Վեդի քաղաքի նստավայրի աշխատակազմը, իսկ հունիսի սկզբին մեկուսացվել են ցրիչը և մի քանի այլ ծառայողներ: Անկանոն է աշխատել նաև փոստը: Վերոնշյալ հանգամանքներն ազդել են Դատարանի բնականոն աշխատանքի վրա:

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ Դատավորը հայտնեց, որ տեղի ունեցածը բացթողման արդյունք է, միաժամանակ խնդրեց ըմբռնումով մոտենալ հարցին:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Քաղաքացի Գրիգոր Դավթյանը (այսուհետ` Դիմող) 23.01.2020 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` Վարդան Թարոյանի (այսուհետ` Պարտապան) նկատմամբ 1.631.000 ՀՀ դրամի չափով վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ, որը նույն օրը մակագրվել է Դատավորին (թիվ ԱՎԴ/0098/03/20 դատական գործ):

2) Դատավորը 06.02.2020 թվականին արձակել է վճարման կարգադրություն: Կարգապահական վարույթի հարուցման պահին վճարման կարգադրություն արձակելու մասին տեղեկատվությունը «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված չի եղել:

3) Փաստաբան Գևորգ Դավթյանի կողմից առկա խախտման վերացման պահանջով 31.03.2020 թվականին դիմում է ներկայացվել Դատարանի «ararat@court.am» էլեկտրոնային հասցեին, որը մնացել է անհետևանք: Բացի այդ, փոստի միջոցով ևս նույնաբովանդակ պահանջով 30.04.2020 թվականին դիմում է ներկայացվել Դատարան: Դիմումը Դատարանում մուտքագրվել է 08.05.2020 թվականին և կրկին մնացել է անհետևանք:

4) Վճարման կարգադրությունը, վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը և կից փաստաթղթերը Պարտապանին ուղարկվել են 17.06.2020 թվականին, սակայն փոստային ծառայության կողմից Պարտապանին ուղարկված ծրարը «չպահանջված» նշումով 23.07.2020 թվականին վերադարձվել է Դատարան:

5) Ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում զետեղված տեղեկատվության` վճարման կարգադրությունը 14.08.2020 թվականին վերացվել է:

6) Ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում թիվ ԱՎԴ/2317/02/20 քաղաքացիական գործով զետեղված տեղեկատվության` Դիմողի կողմից 03.09.2020 թվականին հայց է ներկայացվել Դատարան ընդդեմ Պարտապանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 03.09.2020 թվականին մակագրվել է Դատարանի դատավոր Սամվել Մատինյանին:

7) Հայաստանի Հանրապետության Կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն` կապված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Ըստ նույն հոդվածի 4-րդ մասի` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, իսկ ըստ 5-րդ մասի` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք Դատավորը, թիվ ԱՎԴ/0098/03/20 գործով վճարման կարգադրությունը, դիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակները վճարման կարգադրությունն արձակելու հաջորդ օրը Պարտապանին չուղարկելով, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը բոլոր դեպքերում կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանը վճարման կարգադրություն արձակելու դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու ձեռնարկում է հետևյալ գործողություններից մեկը`

1) արձակում է վճարման կարգադրություն.

2) ամբողջովին մերժում է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը.

3) մասամբ մերժում է վճարման կարգադրություն արձակելու դիմումը` մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

Վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում դատարանն արձակում է վճարման կարգադրություն, որը դիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակների հետ մեկտեղ ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրն ուղարկվում է պարտապանին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մաս):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին, եթե`

1) պարտապանի կողմից դիմումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում ներկայացվել է առարկություն.

2) պարտապանը կատարել է վճարման պահանջը.

3) անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը:

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու որոշմամբ առաջին ատյանի դատարանը դիմողին պարզաբանում է իր պահանջները ընդհանուր հայցային վարույթի կարգով ներկայացնելու իրավունքի մասին:

Հատկանշական է, որ դատարանը վերացնում է վճարման կարգադրությունը, եթե անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 314-րդ հոդվածի համաձայն` արձակված վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ, եթե պարտապանի կողմից վճարման կարգադրությունն ստանալու օրվանից հետո` երկու շաբաթվա ընթացքում, դատարանը չի ստանում առարկություն: Ակնհայտ է, որ վճարման կարգադրության դեմ առարկելու իրավունքն իրացնելու կարևորագույն նախապայմանը պարտապանի կողմից արձակված կարգադրությունը ստանալն է, դրա մասին պատշաճորեն իրազեկված լինելը: Եթե ինչ-ինչ պատճառներով դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքել չի հաջողվում, և որպես հետևանք` պարտապանը չի տեղեկացվում իր վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու մասին, զրկված է լինում դրա դեմ առարկելու իրավունքն իրացնելու հնարավորությունից, արձակված վճարման կարգադրությունն օրինական ուժի մեջ մտնել չի կարող: Վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության փաստը դատարանին հայտնի դառնալու պահից վերջինս իր նախաձեռնությամբ պետք է որոշում կայացնի այն վերացնելու մասին: Բնականաբար, որպես քննարկվող հանգամանքը հաստատող ապացույց կարող է դիտարկվել փոստի մարմիններից ստացված հետադարձ ծանուցումն այն մասին, որ նշված հասցեում նման անձ չի բնակվում, նման հասցե գոյություն չունի, այն թերի է և այլն:

Քննարկվող պարագայում Դատարանը Դիմողի կողմից 23.01.2020 թվականին Դատարան ներկայացված` Պարտապանի նկատմամբ 1.631.000 ՀՀ դրամի չափով վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ դիմումի հիման վրա, 06.02.2020 թվականին արձակել է վճարման կարգադրություն: Վճարման կարգադրությունը, վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը և կից փաստաթղթերը Պարտապանին ուղարկվել են 17.06.2020 թվականին, սակայն փոստային ծառայության կողմից վերջինիս ուղարկված ծրարը «չպահանջված» նշումով 23.07.2020 թվականին վերադարձվել է Դատարան: Ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում զետեղված տեղեկատվության` վճարման կարգադրությունը 14.08.2020 թվականին վերացվել է:

Բարձրագույն դատական խորհուրդը, արձանագրելով, որ վճարման կարգադրության վարույթում դատավարական ժամկետների սահմանումն ինքնանպատակ չէ, այլ միտված է առավել արդյունավետ դարձնելու իրավունքի պաշտպանությունը, փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` 06.02.2020 թվականին արձակված վճարման կարգադրությունը, այն արձակելու մասին դիմումը և կից փաստաթղթերի կրկնօրինակներն օրենքով սահմանված ժամկետում, այն է` ոչ ուշ, քան 07.02.2020 թվականը, Պարտապանին ուղարկելու պարտականությունը, ինչը հանգեցրել է դատավարության մասնակիցների համար բացասական հետևանքների առաջացման, մասնավորապես փոստային ծառայության կողմից Պարտապանին ուղարկված ծրարը «չպահանջված» նշումով Դատարան վերադարձվելու արդյունքում վճարման կարգադրությունը վերացվել է ավելի ուշ քան այն կարվեր, եթե պահպանվեին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետները, ինչի արդյունքում Դիմողը զրկվել է գումարի բռնագանձման պահանջն ընդհանուր հայցային վարույթի կարգով ներկայացնելու իրավունքն ավելի վաղ իրացնելու հնարավորությունից (Դիմողի կողմից միայն 03.09.2020 թվականին է հայց ներկայացվել Դատարան ընդդեմ Պարտապանի` գումարի բռնագանձման պահանջի մասին):

Միաժամանակ վերը նշված ժամկետի խախտման մասին են վկայում փաստաբան Գևորգ Դավթյանի կողմից 31.03.2020 թվականին և 30.04.2020 թվականին Դատարան ներկայացված և անհետևանք մնացած դիմումները:

Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի խախտումը հանդիսանում է բացթողում` պայմանավորված աշխատակազմի գործողություններով, մասնավորապես աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և թագավարակի համաճարակով` Բարձրագույն դատական խորհուրդը, վերահաստատում է իր 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը և արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար», նույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը` ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ»:

Բարձրագույն դատական խորհուրդը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դատավորը հանդիսանում է իր աշխատակազմի անմիջական ղեկավարը, հետևաբար պարտավոր է նաև վերահսկել վերջիններիս գործունեությունը` դատարանի բնականոն գործունեության ապահովման համար, ուստի վճարման կարգադրությունը մյուս կողմին ժամանակին չուղարկելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է Դատավորը:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի գործողություններում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման:

Սակայն, սույն գործի առանձնահատկությամբ պայմանավորված Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում գործն ամբողջական և օբյեկտիվ քննելու համար անհրաժեշտ է պարզել, թե արձակված վճարման կարգադրությունն օրենքով սահմանված ժամկետում կողմին չուղարկելն արդյո՞ք պայմանավորված է եղել արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումների հետևանքով աշխատանքային պայմանների խաթարմամբ, և ի՞նչ հետևանքներ է առաջացրել թույլ տված խախտումը: Այս առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Դատավորի կողմից վճարման կարգադրությունը կողմին ուղարկելու պարտականությունը ծագել է մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ նույն ժամանակահատվածում կամ դրանից հետո արձակված այլ վճարման կարգադրություններ պատշաճ ուղարկվել են կողմերին: Այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից վճարման կարգադրության փաստացի չուղարկումը եղել է անփութության և ոչ թե դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունք: Դատավորի գործողություններում կոպիտ անփութություն կարելի է դիտարկել փաստաբան Գևորգ Դավթյանի կողմից գրություններն ուղարկելուց հետո վճարման կարգադրությունը չուղարկելու հանգամանքը, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ առաջին գրությունը Դատարանին ուղարկվել է 31.03.2020 թվականին էլեկտրոնային փոստով, արդեն իսկ արտակարգ դրության ժամանակ, ինչի պայմաններում Դատավորն իր մասնագիտական գործունեությունն իրականացրել է արտակարգ ռեժիմում, ինչը չէր կարող օբյեկտիվորեն չազդել իրականացվող արդարադատության որակի վրա:

Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, կարևոր է համարում նաև արձանագրել, որ համաձայն ներկայացված նյութերի` Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի հանգեցրել ծանր հետևանքների:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թեև ձևական առումով առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն վերը նշված հիմնավորումների հաշվառմամբ գտնում է, որ դրանք կասկածի տակ չեն դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն հանգեցնում դատական իշխանության հեղինակազրկմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ` Մ. Մակյան

Գ. Բեքմեզյան

Հ. Հայկյանց

Լ. Մելիքջանյան

Ս. Միքայելյան

Ս. Չիչոյան

Վ. Քոչարյան

 

Հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
10.12.2020
N ԲԴԽ-64-Ո-Կ-17
Որոշում